Ինչո՞ւ են ադրբեջանական լողափերում մարդիկ խեղդվում
Առաջին անգամ հրապարակվել է 2018թ․ սեպտեմբերի 20-ին
2018-ի ամռանը Ադրբեջանում խեղդվել է 50 մարդ, բայց ոչ բոլորը՝ ծովում։ Ոմանք Քուր գետում են խորտակվել։
Յուրաքանչյուր լողափային սեզոն ավարտվում է զոհերի հաշվարկով, թեև բոլոր լողափերում, «ամենավայրիներից» բացի, ԱԻՆ փրկարարական ծառայություններ են գործում, իսկ անվտանգության կանոնները պարզ են, և, պետք է որ, բոլորն իմանային դրանք: Ուրեմն ինչո՞ւ է նման բան տեղի ունենում:
• Ադրբեջանի հարավում լողափերը բաժանել են ըստ սեռերի
• Ինչո՞ւ արժե հանգստանալ Եգիպտոսում։ Ինչպե՞ս չսխալվել ուղևորություն ընտրելիս
• Ինչպես է կառուցված Աբխազիայի հիմնական բիզնեսը՝ զբոսաշրջությունը
Ես անցյալ տարի քիչ էր մնում՝ խեղդվեի Բիլգա ավանի լողափում: Ափից համեմատաբար ոչ հեռու (իսկ Բաքվի լողափերում երկար ավազե ծանծաղուտներ են) մենք մարդու հասակից բարձր խորությամբ փոսի մեջ էինք ընկել: Հիշում եմ արևի լույսով լուսավորված ջուրը գլխավերևումս և այն միտքը, թե արդյո՞ք ամեն ինչ այսպես էլ վերջանալու է այստեղ և հիմա:
Ինքնե՞րս ենք մեղավոր
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամեն ինչում մեղադրում է խեղդվողներին: Ահա հիմնական պատճառներն, ըստ փրկարարների, թե ինչու են հաճախ մարդիկ մահանում ջրում.
- անտեսում են արգելող նշաններն ու շրջանցում դրանք,
- լողում են ուժեղ քամու ժամանակ,
- լողում են վայրի լողափերում,
- ջուրն են մտնում երեկոյան 9-ից հետո, երբ ավարտվում է փրկարարների աշխատանքային օրը,
- գերագնահատում են լողալու իրենց ունակություններն ու ֆիզիկական կարողությունները:
Տվյալ պահին փրկարարական կայաններ կան ադրբեջանական մոտ 40 լողափերում: Դրանք «պաշտոնական» կարգավիճակ ստացած լողափերն են, որոնք ատեստավորում են անցել: Մնացած լողափերը վայրի են, պետությունը դրանց համար պատասխանատու չէ: Եվ, որպես կանոն, հենց այդ վայրի լողափերն են ամենատարածվածը, դրանք մարդաշատ չեն:
Սակայն նույնիսկ «քաղաքակիրթ» լողափում լողալիս կարելի է խեղդվել: Օրինակ, «դինամիկ» հատակի պատճառով, երբեմն այդտեղ փոսեր են առաջանում, որոնք «դեռ երեկ չկային»: Մյուս վտանգը հակառակ կամ «հետահար» հոսանքներն են՝ հատակով ափից դեպի ծովը սահող ջրի հոսանքները, որոնք թույլ չեն տալիս դուրս գալ ափ: Դրանց բաժին է ընկնում աշխարհում խեղդվելու դեպքերի մեծ մասը:
Կենդանի մնացածները
Բաքվի գրեթե յուրաքանչյուր բնակիչ հիշողություն ունի այն մասին, թե ինչպես է մի անգամ խեղդվելիս եղել:
Լեյլա Ալին դեռահաս է եղել, երբ հոր և ավագ քրոջ հետ լողափ է գնացել:
«Հույսս դնելով նրա վրա, որ լողալ գիտեմ, շատ հեռու գնացի: Վախեցա, սկսեցի ջուր կուլ տալ և հուսահատ նշաններ անել հորս»:
Սակայն հայրս, որը վստահ է եղել, որ աղջիկը զվարճանում է, ի պատասխան միայն ձեռքով է արել: Լավ է, որ քույրն է գլխի ընկել, որ մի բան այն չէ, և օգնել է Լեյլային:
«Հայրս շատ շփոթվեց, ներողություն էր խնդրում, և տուն գնալու ողջ ճանապարհին ինձ խնդրում էր ոչինչ չպատմել մորս, թե չէ նա կսպանի իրեն»:
Եվ այսպիսի բան շատ հաճախ է տեղի ունենում. ափին կանգնածներին թվում է, թե մարդը չի խեղդվում, այլ պարզապես զվարճանում է, և ոչ ոք օգնության չի շտապում:
Այնուր Մեհթիևան վեցերորդ դասարանում էր սովորում, երբ մի քանի քայլ անելով փչովի փրկօղակի ետևից, «կորցրել է» հատակը: Նրա ճիչերի և ձեռքերի շարժումներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, շուտով սկսեց օդը չհերիքել: Այնուրը թուլացավ, մտովի բոլորին հրաժեշտ տվեց և սկսեց խոնարհաբար սուզվել: Ուշքի եկավ արդեն ափին:
«Պարզվեց, որ այդտեղով եփած եգիպտացորենի վաճառող էր անցնում, և նա նկատել էր, թե ես ինչպես եմ խեղդվում: Դեն էր գցել իր ապրանքն ու շտապել ինձ օգնության»:
Ինչպե՞ս չխեղդվել
Բորիս Նաջաֆովը բազմիցս Ադրբեջանը ներկայացրել է Challenge և Ironman 70.3 եռամարտի մրցաշարերին: 2016թ-ին նա և իր ակումբակից Ազեր Մամեդովն առաջին ադրբեջանցիներն են դարձել, որոնք լողալով անցել են Բոսֆորի նեղուցը:
«Խորհուրդներ այն մասին, թե ինչպես քեզ պահել, երբ խեղդվում ես, կարելի է համացանցում գտնել: Դրանք, ըստ էության, ճիշտ են, սակայն հազվադեպ են օգնում մարդկանց, որոնք լողալ չգիտեն. խանգարում է խուճապն ու սթրեսը: Այդ պատճառով էլ Ադրբեջանի (և ցանկացած) լողափերում չխեղդվելու համար խորհուրդ եմ տալիս չհայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ ստիպված կլինեք սուզվել ոլորանի մեջ կամ ասեղով ծակել բռնված մկանը:
Սկզբում ուսումնասիրեք այն վայրը, որտեղ պատրաստվում եք լողալ: Կարելի է տեղացիներին հարցնել, թե արդյոք այդտեղ քարեր կան (հատկապես՝ ստորջրյա), հոսանքներ, ցանցեր, ծովային բնակիչներ: Եթե վստահություն ներշնչող մարդ չկա, ինքնուրույն հետազոտեք տեղանքը:
Օրինակ, եթե ալիք կա (պարտադիր չէ, որ ուժեղ լինի) և այն անկյան տակ է խփում ափին, նշանակում է, որ ձեզ ափի երկայնքով դանդաղ քշելու է դեպի աջ կամ ձախ: Եթե մոտակայքում քարեր կան, կարող են նաև հետահար հոսանքներ լինել և անսպասելի փոսեր: Ալիքների դեպքում քարերի մոտ լողալն օբյեկտիվորեն վտանգավոր է:
Մենակ լող մի տվեք: Լավ է, եթե փորձառու մեկի հետ լինեք. նա կարող է օգնել, եթե հանկարծ սկսեք խեղդվել, կամ գոնե օգնության կանչել: Լավ է, եթե ափին ինչ-որ մեկը լինի, որ աչքի պոչով հետևի ձեզ: Նա նույնպես կարող է օգնության կանչել, և անգամ եթե դուք լրջորեն խեղդվում եք, փրկարարը, կամ փորձառու լողորդը կարող է հասնել մեկ-երկու րոպեում, և հենց այդ ժամանակն է որոշիչ:
Ահա թե ինչի մասին պետք է մարդկանց զգուշացնեն ադրբեջանցի փրկարարները. լողալ կարելի է լողազգեստով, այլ ոչ թե խալաթով, ջինսով և երկար շորտերով. անհամապատասխան հագուստը ոչ միայն սահմանափակելու է շարժումներն, այլ նաև ձեզ տանելու է դեպի հատակը:
Սակայն ջրում ամենավտանգավորը հենց ինքը մարդն է: Խուճապն ու սթրեսը կարող են հավասարակշռությունից հանել նույնիսկ ստաժավոր լողորդների. պատահական չէ, որ մարզումների լողավազանները սովորաբար խորը չեն անում: Ձեզ անսպասելիորեն ծածկած ալիքը կարող է ուժեղ վախեցնել, ինչպես նաև անսպասելիորեն ոտքի տակից փախած հատակը: Հիշեք, որ խուճապը միայն կարող է վնասել, ձգտեք հանգստանալ, հաշվել մինչև հինգը, կտրուկ շարժումներ չանել, իսկ հետո արդեն գործել՝ ըստ իրավիճակի:
Եթե լողալ չգիտեք, միշտ լողացեք ինչ-որ մեկի հետ և հեռուն մի գնացեք: Իսկ ավելի լավ է՝ լողալ սովորեք: Բաքվում լողավազաններն ու մարզիչների ծառայությունները գնային առումով հասանելի են: 5-6 դասը, որի ընթացքում մարզիչը ձեզ կսովորեցնի վստահ ջրի վրա մնալ, արժե ոչ ավել, քան էժան բջջային հեռախոսը. արժե՞ արդյոք տնտեսել, եթե դա կփրկի ձեր կյանքը»:
Երջանկություն ձեզ, աղջիկներ
Գրեթե յուրաքանչյուր բաքվեցի կարող է այս թեմայով առանց հեփի-էնդի գոնե մեկ պատմություն պատմել: Սակայն կա ևս մեկ պատմություն՝ բոլորի համար նույնը, որը տեղի է ունեցել շատ վաղուց՝ 50-ականների վերջին, և հասցրել քաղաքային լեգենդ դառնալ:
Թոֆիկ Հուսեյնով անունով մի դպրոցական հերթով փրկել է երեք խեղդվող աղջիկների, իսկ երբ փորձել է չորրորդին դուրս բերել, նրա հետ միասին խեղդվել է: Ավելի ուշ ռեժիսոր Էլդար Գուլիևը «Երջանկություն ձեզ, աղջիկներ» անվանումով ֆիլմ է նկարահանել. դա ենթադրություն է այն մասին, թե ինչպես է դասավորվել այդ աղջիկների կյանքը, և ինչպես է պահպանվել այն տղայի մասին հիշողությունը, որի շնորհիվ նրանք կենդանի են մնացել:
Թոֆիկ Հուսեյնովի անունով է կոչվել Բաքվի 134-րդ դպրոցը: Իսկ մի քանի տարի առաջ դպրոցը վերանորոգել են, վերանվանել Կրթական համալիրի, իսկ Թոֆիկ Հուսեյնովին «մոռացել»: Այնպես որ, ռեժիսորը կարծես մարգարե լիներ. նրա ֆիլմում փրկված աղջիկները նույնպես տարիներ անց արդեն աղոտ են հիշում իրենց փրկչին:
Ի դեպ, հատակի այն փոսի մեջ ես հայտնվել էի ոչ թե միայնակ, այլ էլի մի մարդու հետ: Այդ մարդը թերևս կարող էր դուրս գալ և ինձ էլ դուրս բերել, եթե ես նրան չգրկեի ոտքերով ու ձեռքերով՝ դեպի հատակը տանելով: Ահա այդպես է դրսևորվում ինքնապահպանման բնազդը, որը սաստկացնում է վախը: Այդ պատճառով էլ փորձառու փրկարարները երբեմն դժվարանում են առանց օգնության դուրս բերել խեղդվող մարդուն:
…Արդյունքում՝ մեր երկուսին էլ փրկեց մեր ընկերը, որը լավ լողորդ է և ֆիզիկապես ուժեղ մարդ: Դա հաջողվեց բնավ ոչ առաջին փորձից. ուժեղ հոսանքը նրան քշում էր դեպի հակառակ կողմ՝ թույլ չտալով բավականաչափ մոտենալ մեզ: Իսկ երբ մենք ափին հայտնվեցինք, երկու միտք անցավ գլխովս:
Առաջինը փիլիսոփայական էր. «Ահա այդպես մի քանի վայրկյանում կարող է ընդհատվել մարդու կյանքը»:
Երկրորդը ապուշ միտք էր. «Հետաքրքիր է, իսկ ի՞նչ տեսք ունեի, երբ խեղդվում էի: Ինչպես կինոյի աղջիկնե՞րը, թե՞…: Ի՞նչ տեսք»:
«Կատվի տեսք», — անգթաբար հայտնեց փրկիչ ընկերս:
Եվ ինձ մինչև հիմա ժամանակ առ ժամանակ տանջում է այն միտքը, որ ես տգեղ էի խեղդվում: Ոչ ինչպես կինոյում: