Ինչո՞ւ աշխարհը չի վստահում Huawei չինական ընկերությանը
Չինական Huawei ընկերությունն աշխարհում սմարթֆոնների և հեռահաղորդակցման այլ սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկն է, այն փորձում է արտաքին շուկաներ դուրս գալ 5G նոր սերնդի կապի ոլորտում իր արտադրանքով։ Սակայն նրա համար բարդ ժամանակներ են սկսվել։ Մանրամասները՝ CNN-ի նյութում։
Ի՞նչ է կատարվում
Միանգամից մի քանի երկիր՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ հրաժարվում են համագործակցել Huawei-ի հետ և արգելում են նրան աշխատել իրենց շուկաներում, կամ էլ մանրամասն ուսումնասիրելու են այդ հարցը։
Պատճառն այն է, որ Huawei-ն իր հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել՝ Չինաստանի կառավարության հետ իր համագործակցության և նրանից կախվածության պատճռով։ Ավելին՝ ընկերությունը կասկածվում է Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում մարդու իրավունքների խախտմանը մասնակից լինելու համար, որտեղ չինական իշխանությունները տեղի մուսուլման բնակչության հանդեպ կոշտ ռեպրեսիվ քաղաքականություն են վարում։
Քանի որ խոսքը գնում է կիբերանվտանգության մասին, գործին միջամտել են պետական մարմինները։
Գլխավոր հակառակորդը
Huawei-ի դեմ առավել ցավոտ միջոցներ են ձեռնարկվել ԱՄՆ-ում։
Հենց ամերիկյան իշխանությունների պահանջով է Կանադայում կալանվորվել ընկերության ֆինանսական տնօրենն ու հիմնադրի դուստրը։ Նրան մեղադրում են, որ Huawei-ի արտադրանքի վրա տեղադրվել են հետախույզ ծրագրեր։
Անցյալ շաբաթ Huawei—ի դեմ պատժամիջոցներ է մտցրել ամերիկյան ֆինանսների նախարարությունը։
Դրանից հետո Google ընկերությունը հրաժարվել է Huawei-ին տրամադրել իր Android օպերացիոն համակարգի թարմացումները, որն օգտագործվում է Huawei-ի արտադրանքում։ Դա կտրուկ նվազեցրել է Huawei-ի գաջեթների մրցունակությունը համաշխարհային շուկայում և նրա արժեթղթերի արժեքը։
Գլխավոր դաշնակիցը
Huawei-ը կարող է ռուսական «Ավրորա» օպերացիոն համակարգին անցնել։
Չինական սմարթֆոնների վրա ռուսական օպերացիոն համակարգ տեղադրելու հնարավորությունն են քննարկել Վլադիմիր Պուտինն և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։
«Ավրորա» օպերացիոն համակարգը ֆիննական Sailfish-ի ռուսական տարբերակն է։ Այն ստեղծողին՝ Jolla ընկերությանը, 2014թ-ին գնել է ռուս գործարար Գրիգորի Բերյոզկինը։ Ավելի ուշ նա պայմանավորվել է կապի և զարգացման նախարարության հետ դրա հիմքի վրա ռուսական օպերացիոն համակարգ զարգացնելու մասին։
«Ավրորան» ի վիճակի չէ մրցակցելու Android-ի հետ համաշխարհային շուկաներում։ Դրա միակ արժանիքն այն է, որ Ռուսաստանում ռուսական օպերացիոն համակարգի են զանգվածայնորեն անցնելու պաշտոնյաները, պետական ընկերությունների աշխատակիցներն ու բյուջետային ոլորտի աշխատակիցները։