Ինը բան, որոնք չի կարելի լուսանկարել Բաքվում
Ի՞նչ ընդհանրություն կա այդ բոլոր լուսանկարների միջև: Առաջինն այն է, որ այդ ամենը չէր կարելի լուսանկարել: Երկրորդ, հաճախ արգելքի մեջ ոչ մի իմաստ չկա: Կամ օրենքի համապատասխան հոդվածում: Ադրբեջանում ընդհանրապես ամեն ինչ արգելելու միտում կա, որը թույլատրված չէ հատուկ փաստաթղթով, և դա մեծապես բարդացնում է լուսանկարչի կյանքը:
Շուկա
Շուկայում տարածված իմաստով անվտանգության ծառայություն չկա: Եվ եթե ինչ-որ հեռուստաալիք գալիս է նյութ նկարահանելու (սովորաբար այն մասին, որ մրգերը տոնից առաջ ՉԵՆ թանկանալու), ապա ամեն ինչ կարգին է: Սակայն, Աստված մի արասցե, շուկայով քայլեք գունեղ կադրեր անելու նպատակով: Ձեզ կմոտենան անվտանգության աշխատակիցներն ու լավագույն դեպքում կխնդրեն ջնջել բոլոր նկարները: Կարող եք, իհարկե, հարցնել, թե ինչ իրավունքով են նրանք դա անում և ինչու չի կարելի լուսանկարել շուկան, սակայն ավելի լավ է՝ լսեք նրանց: Ձեր գլուխն ավելի քիչ կցավի, տեսախցիկն էլ չի կոտրվի:
Մետրո
Մետրոն հետխորհրդային տարածքում ոչ միայն «տեղաշարժվելու միջոց է», այլ նաև պոտենցիալ ռմբապաստարան: Սակայն ինչու հսկայական գումարներ տրամադրել վերականգնման համար, հպարտանալ, որ «Բաքվի մետրոն ամենագեղեցիկներից մեկն է», եթե չի կարելի այդ գեղեցկությունը լուսանկարել: Եվ եթե դա ռազմական օբյեկտ է, ապա ինչու են որոշ լրատվամիջոցների «ընտրյալ» լուսանկարիչներն այնուամենայնիվ լուսանկարում մետրոն: Այդ լուսանկարաներն, ի դեպ, շատ են և հասանելի:
Առևտրային կենտրոններ
Առևտրի կենտրոններում լուսանկարելու արգելքի մասին ես չէի էլ կասկածում: Անվտանգության աշխատակիցները կանգնած են միայն մուտքի մոտ, իսկ այնտեղ լուսանկարելու առանձնահատուկ ցանկություն ես չունեի: Իսկ երբ այն հայտնվեց, ինձ կանգնեցրեց անվտանգության աշխատակիցն ու կոտրտված անգլերենով ասաց՝ «No photo! No photo!» ինձ արտասահմանցու տեղ դնելով (ինչը զարմանալի չէր. Ֆորմուլա1-ի ամենաթեժ օրերն էին):
Օդակայան
Այստեղ ոչ միայն չի կարելի լուսանկարել, այստեղ չի կարելի գտնվել: Դա, իհարկե, ճիշտ է: Սակայն թե ինչու ինձ թույլ չտվեցին լուսանկարել թռչող ինքնաթիռը, երբ ես մայրուղու եզրին էի կանգնած, այնքան էլ չեմ հասկանում:
Ավտոկայան
Ես խնդիրների հանդիպեցի նաև ավտոկայանում: Ձնառատ օր էր, այդ պատճառով էլ ես ֆոտոխցիկս հանեցի պատյանից այն սպասումով, որ ինչ-որ հետաքրքիր բան կհանդիպի. Բաքվում ձյունը տարեկան մոտ յոթ օր է լինում: Իսկ ինքը ավտոկայանը ոչ մի արժեք չի ներկայացնում. խոժոռ, տգեղ շենք է: Այնուամենյանիվ, ինձ մոտեցավ ոստիկանն ու շատ տարօրինակ հարց տվեց. «Ինչո՞ւ եք այստեղ նկարում: Արգելված է»: Ես զարմացած էի, սակայն, չցանկանալով սրել իրավիճակը, ցույց տվեցի նրան բոլոր արած կադրերս: Ոստիկանը ներողություն խնդրեց, սակայն խնդրեց բարձրանալ անվտանգության ծառայության կաբինետ: Այնտեղ էլ միանգամից հարցաքննություն սկսվեց՝ «իսկ դուք ո՞ր մարմնից եք»: Կարող էի պատասխանել՝ մսից, բայց խոհեմաբար լռեցի: Դրան այլ հարցեր հետևեցին: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ լուսանկարեցին ինձ, իմ ֆոտոխցիկն ու անձը հաստատող փաստաթուղթը: Սակայն բաց թողեցին, քանի որ ավտոկայանի լուսանկարներ այդպես էլ չգտան: Այնուամենայնիվ, առանց պատտյանի տեխնիկայով ես ավտոկայանին անգամ կես կիլոմտր մոտ չեմ գնա:
Երկաթգիծ
Իրեն հարգող յուրաքանչյուր լուսանկարչի պորտֆոլիոյում կարելի է երկաթուղու մի քանի լուսանկար գտնել: Երբեմն այնտեղ ամբողջ ֆոտոսեսիաներ են անում: Սակայն դրա համար ցանկալի է ընտրել լքված երկաթուղի, օրինակ Սաբունչինի կայարանը: Եթե երկաթուղին դեռևս շահագործվում է, ապա պահակը, որը սովորաբար ձանձրանում է փոքր խցում, մեծ ուրախությամբ կստուգի, թե որդյոք «պետական օբյեկտներ» չեք նկարել: Կարևոր չէ՝ կայարանի շենքն եք նկարում, թե ուղիները:
Մարմնամարզության մարզադաշտ
Ցուցակ կազմելիս ես երբեք չէի մտածի, որ այն այստեղ կներառեմ: Հսկայական մարզադաշտը կառուցվել է 2015թ-ի Եվրոպական խաղերի համար և տեղակայված է բաց տարածքում: Եվ ամեն ինչ հիանալի կլիներ, եթե ինձ չմոտենար պահակը (ես ոտքով էի իջել մարզադաշտին կից կամրջով) և չասեր, որ իրեն ռացիայով հաղորդել են, որ ինչ-որ մեկը մարզադաշտը լուսանկարում է կամրջից: Իմ «անմեղության» անհրաժեշտ ապացույցները նրան ներկայացնելուց հետո ես հանդգնեցի հարցնել. «Իսկ ինչո՞ւ այս մարզադաշտը չի կարելի նկարել: Ես կարող եմ մի փոքր հեռանալ և լուսանկարել այն սրտիս ուզածի չափ». Նրա պատասխանը հանճարեղ էր. «Դե, այնտեղ հեռու է: Իսկ այստեղ՝ մոտիկ: Մեկ էլ տեսար՝ ինչ-որ սխալ բան ես նկարում»: Փաստարկը լավն էր, ես լուռ հեռացա:
Ավտոկայանատեղի
Տեսեք Շատրվանների հրապարակի՝ Բաքվի «զբոսաշրջային զարկերակի» այս տեսարանը
Եվ այժմ մոռացեք: Արդեն գրեթե մեկ տարի է անցել, ինչ արգելել են ավտոկայանատեղիից լուսանկարել: Եվ եթե ավտոկայանի դեպքում վախենում էին, որ ես նկարում եմ օբյեկտը, ապա այստեղ այդ արգելքը ոչ մի իմաստ չունի. չէ՞ որ ես պատրաստվում էի լուսանկարել Բաքվի ամենալուսանկարվող վայրերից մեկը: Ինձ մոտ 18 տարեկան մի տղա մոտեցավ և ասաց, որ այդտեղ լուսանկարել չի կարելի, և եթե ես սկսեմ վիճել, ինձ կտանի ղեկավարության կաբինետ: Ես որոշեցի ռիսկի չդիմել, սակայն հարց տվեցի, որը տղային փակուղի մտցրեց. «Եթե ես մեքենայում տեսագրանցման սարք միացնեմ և անցնեմ կայանատեղիի մոլոր հարկերով, ինձ ո՞վ կկանգնեցնի»:
Մարդիկ
Բաքվում լուսանկարման ամենաբարդ օբյեկտը մարդիկ են: Իրենց գործերով շտապող պատահական անցորդները վախենում են տեսախցիկից որպես սատանան՝ խաչից: Դա ոչ թե այն պատճառով է, որ նրանք միանգամից գիտակցում են իրենց անձնական տարածքի արժեքը, պարզապես վախենում են, որ «մի բան այն չլինի»: Մարդիկ չափազանց կասկածամիտ են դարձել: Աղջիկներն ընդհանրապես կարծում են, որ փողոցում մեկի կադրում հայտնվելն անուղղելի բիծ է նրաց վարքի համար: Իսկ որ «ֆոտոշոփ անե՞ն (այդ բառը մեզ մոտ շատերն ընկալում են որպես ֆոտոշոփի միջոցով ձեր գլուխն ինչ-որ սարսափելի պոռնկագրական նկարի կպցնել): Այդ պատճառով «փողոցային լուսանկարի» ժանրն այդքան թույլ է զարգացած Բաքվում, այն աշխարհագրորեն էլ է աղքատ՝ միայն քաղաքի ամենակենտրոնը, որտեղ սովոր են փոտոխցիկներով մարդկանց տեսնել:
Այդ արգելքն արտացոլված է օրենքում և լիովին տրամաբանական է: Այնուամենյանիվ, ոգևորությունը, որով մարդիկ օգտվում են լուսանկարչի կադրում չհայտնվելու իրենց իրավունքից, երբեմն վերջինիս դեպրեսիայի մեջ է գցում: