«Իմ անհասանելի օսական տունը Վրաստանում». պատմություններ Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանին գտնվող Տրուսո կիրճից
Այս պատմությունն օսերի համար կրկնվում է արդեն երկար տարիներ՝ յուրաքանչյուր հուլիս. նրանք ապրում են Հյուսիսային Օսիայում, սակայն ծնունդով Վրաստանից են՝ սահմանակից գյուղերից:
Յուրաքանչյուր տարի հուլիսի վերջին կիրակին օսերը նշում են կրոնական մեծ մի տոն՝ Ատընաեգտաեն (օսական դիցաբանությունում դա աստվածություն է, որը համարվում է հողագործության հովանավորը):
Ատընաեգին ազգականներն, ըստ ավանդույթի, պետք է միասին համաքվեն գյուղի իրենց ցեղական օջախում: Այդպես ձգտել են անել նաև օսերը, որոնք 1990-ականների կոնֆլիկտների հետևանքով կամ ավելի ուշ Վրաստանից տեղափոխվել են Հյուսիսային Օսիա՝ իրենց տները թողնելով ռուս-վրացական սահմանի մոտ գտնվող Կազբեգիի շրջանի Տրուսոյի կիրճի գյուղերում:
Սակայն Վրաստան մուտք գործելու բազմամյա արգելքից հետո այս հուլիս իրենց գյուղեր ոչ ոք արդեն չի էլ փորձում այցելել:
Քարտեզի վրա կարելի է տեսնել Տրուսոյի կիրճի դիրքը՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի, Կազբեկ հայտնի գագաթի և վրացական Գուդաուրի հայտնի լեռնադահուկային հանգստավայրիմիջև
Խնդրի արմատները
ԽՍՀՄ փլուզումից առաջ Վրաստանի Կազբեգիի շրջանում կյանքը եռում էր: Բնակչությունը մասնակիորեն ինտեգրված էր սահմանակից Հյուսիսային Օսիայի կյանքին, որտեղ նախընտրում էին ձմեռել և օսերը, և վրացիները Կազբեգիից և շրջանի գյուղերից. դա մոտակա քաղաքային գոտին էր այդ բարձր լեռների բնակիչների համար:
Կյանքի սովորական առօրյան և ռիթմիկ ընթացքը խախտեց քաղաքականությունը. 2000-ականների կեսերին բարդացան ռուս-վրացական հարաբերությունները, խզվեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն ու փակվեց վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» միակ ցամաքային անցակետը:
Երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցությունը վերականգնվեց 2010թ-ի աշնանը, երբ Վրաստանը միակողմանի կերպով չեղարկեց վիզաները ռուսաստանցիների համար: 2010թ-ի հուլիսին Վրաստանի օսական գյուղերում ծնվածները հույսով ուղևորվեցին դեպի սահման:
Մարդիկ ցանկանում են նախևառաջ այցելել Տրուսոյի կիրճի գյուղերում գտնվող իրենց տներ: Սակայն այնտեղ են գտնվում նաև հին օսական սրբավայրերը, այդ թվում՝ երեք ամենապաշտամունքային սրբավայրերից մեկը՝ Տարանջելոսը: Եվ այնտեղ են ուզում այցելել բազմաթիվ օս ուխտավորներ:
Սակայն նրանցից շատերին հիասթափություն էր սպասվում:
Վրացական իշխանությունները ստոպ-ցուցակներ են կազմել և սկսել են արգելել օսական գյուղերում հազարավոր ծնվածների այցելել իրենց տներ: Ոմանց կարճ ժամանակով թույլ են տվել հասնել միայն Չետըրս և Կոբ գյուղեր:
Մարդիկ, որոնց թույլ չեն տվել այցելել իրենց ցեղական գյուղեր Ատընաեգտաե տոնին, JAMnews-ին պատմել են, որ սահմանապահներից այսպիսի բացատրություն են ստացել. վրացական հատուկ ծառայությունները նրանց կասկածում են «Դարյալ» հասարակական կազմակերպության առաջնորդ Գայրբեկ Սալբիևի հետ կապերի համար, որը հանրային կերպով կողմ է արտահայտվում, որ այդ գյուղերն ու Տրուսոյի կիրճն ամբողջությամբ անցնեն Հյուսիսային Օսիա-Ալանիային: Սակայն գյուղացիները դա կտրականապես հերքում են:
2017թ-ի հուլիսին նրանք, ովքեր փորձել են Ատընաեգը հարազատ գյուղում և հարազատ տանը նշել և մերժում են ստացել, հատկապես շատ էին. ըստ տեղի իրավապաշտպանների՝ ավելի քան 50 մարդ:
70
—ամյա Գալինա Տուաևան JAMnews-ին պատմել է, որ Վրաստան է մեկնել 2017թ-ի հուլիսին 12 տարվա մեջ առաջին անգամ: Նա ծնվել, մեծացել, ամուսնացել և իր երեխաներին մեծացրել է Վրաստանի Կազբեգիի շրջանի Տրուսոյի կիրճի Բուր Մաեսըգ գյուղում:
«Մենք մեքենայով ազգականների հետ ճանապարհ ընկանք հուլիսի 23-ին: Եվ ես չէի էլ կարող ենթադրել, որ ինձ կարող են թույլ չտալ մուտք գործել այնտեղ, չէ՞ որ ես ողջ կյանքս Վրաստանում եմ ապրել: Սակայն վրացի սահմանապահներն ինձ կանգնեցրին «Դարիալի» անցակետում»: Հարցնում էին, թե որտեղ եմ ծնվել, որտեղ եմ ապրում, ուր եմ գնում և ինչու: Ես պատասխանեցի, որ Կոբ եմ մեկնում Ատընաեգտաե տոնը նշելու: Ինձ խնդրեցին սպասել:
Երկու ժամից քաղաքացիական հագուստով մեկը, որն ինձ հարցուփորձ էր անում, դուրս եկավ, ինձ տվեց անձնագիրս ու ասաց. «Ձեզ արգելվում է Վրաստան մուտք գործել»: Անձնագրիս մեջ սև կնիք դրեցին: Այժմ, ստացվում է, ես էլ երբեք չեմ կարող հայրենիք այցելել:
Ինձնից բացի ևս մի քանի մարդ, որոնք նույն ավտոբուսում էին, չկարողացան Կոբ գյուղ մեկնել, նրանց նույնպես արգելեցին:
Ողջ կյանքում Ատընաեգը մեզ համար ամենամեծ տոնն է եղել: Իսկ այժմ նույնիսկ աչքի պոչով թույլ չեն տալիս մեր տները տեսնել: Մենք վրացիների հետ չենք պատերազմել, ինչո՞ւ են մեզնից խլում մեր տներն ու հողերը»:
Նոր էջ
2018թ-ին Տրուսոյի կիրճի նախկին բնակիչներից ոչ ոք Ատընաեգ տոնը չի մեկնել նշելու, քանի որ մինչև սրբավայր, որը տեղակայված է Դեշ բնակավայրում, վրացական իշխանությունները նրանց թույլ չեն տալիս հասնել:
«Դարյալ» հասարակական կազմակերպության առաջնորդ Գայրբեկ Սալբիևը, որի հետ կապի պատճառաբանությամբ շատերին արգելել են մուտք գործել կիրճ, լրագրողներին ասել է, որ «Թբիլիսին օսերի համար արհեստականորեն խնդիրներ է ստեղծում սահմանին, փորձում է օսերին ստիպել հրաժարվել իրենց հայրենիքից: Այդպիսով Թբիլիսին խախտում է օս բնակչության իրավունքները՝ բնակարանի հասանելիության իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»:
Սալբիևի խոսքով՝ Ժնևում և Պրահայում կայացած բանակցություններին Ռուսաստանի և Հարավային Օսիայի դիվանագետները վրացական կողմի առջև դրել են Կազբեգիի շրջանի օս բնակչության խնդիրը:
Նրա հետ համաձայն չէ մեկ այլ հասարակական գործիչ՝ Սերգո Տուատին: Նա գլխավորում է «Կազբեկ» օս-վրացական բարեկամության հասարակական կազմակերպությունը և Սալբիևի հյատարարությունները սադրիչ է համարում, իսկ «Դարյալ» կազմակերպությունն՝ ապօրինի անվանում, որը ոչ մի տեղ գրանցված չէ:
«Գայրբեկ Սալբիևի հակավրացական հայտարարություններն, առաջին հերթին, հարվածում են Կազբեգիի շրջանի ազգությամբ օս բնակիչներին, որոնց համար վրացական իշխանություններն իրոք փակել են ճանապարհը դեպի հարազատ գյուղեր», — ասել է Տուատին «Էխո Կավկազա» առցանց պորտալին տված հարցազրույցում:
Սակայն Սերգո Տուատին նույնպես «սև ցուցակում» է: Նրա ողջ ընտանիքը Վրաստանի Կազբեգիի շրջանի Կոբ գյուղից է: Նրա հայրական տունն այնտեղ է, տան շուրջը մեծ այգի կա, ուր նա չի կարող այցելել 2015թ-ից:
Այդ ժամանակից ի վեր Տուատին մի քանի անգամ փորձել է պաշտոնական ճանապարհ անցնել և դիմել է Վրաստանի օմբուդսմենին՝ բացատրություններ պահանջելով: Նամակագրությունը երկար էր, սակայն ընդհանուր առմամբ, ասում է նա, նամակների բովանդակությունը խուսափողական էր. հաղորդվում էր, որ Վրաստանի ՆԳՆ-ն իրավունք ունի արգելելու երկիր մուտք գործել այն անձանց, որոնց համարում է պոտենցիալ սպառնալիք Վրաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Ավելի վաղ և մինչ այսօր «Կազբեկ» կազմակերպության բոլոր մասնակիցներն օրինապաշտ քաղաքացիներ են եղել, ինքնիշխան Վրաստանի և վրացական պետության անբաժանության կողմնակից”, — «Էխո Կավկազային» ասել է Սերգո Տաուտին:
«Մենք միշտ հստակ կարծիք ենք ունեցել Վրաստանի տարածքում անջատողականության ցանկացած ձևերի ապօրինի բնույթի մասին: Եվ այդ ֆոնին մեզ համար վիրավորական է մեր հանդեպ վրացական իշխանությունների նման վերաբերմունքը, քանի որ այն անարդար է և անհիմն:
Մենք կցանկանայինք, որպեսզի Վրաստանի պաշտոնական մարմիններն ինչ-որ կերպ ուշադրություն դարձնեին այս հարցին, աջակցեին և լուծեին այն», — նշել է նա: