Մամեդով և Նավալնի․ առաջինն արդարության է հասել, արդյո՞ք երկրորդին կհաջողվի
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Եվրախորհրդի նախարարների կոմիտեին խնդրել է ՄԻԵԴ-ում քրեական գործ հարուցել քաղաքական գործչի վերաբերյալ եվրոպական դատարանի վճիռները Ռուսաստանի կողմից չկատարելու մասին։ Սակայն նման ընթացակարգ կոմիտեն կիրառել է միայն մեկ անգամ․ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ և բլոգեր Իլգար Մամեդովին բանտից ազատ արձակելու համար, գրում է Բի-Բի-Սի-ն։
- «Չէի կարողանում ճշմարտությունն ապացուցել»։ Ինքնասպան եղած վրացի աղջկա պատմությունը
- Սկանդալային դատական հայցերի շքերթ Ադրբեջանում
- Ադրբեջանում դատապարտվել է ֆուտբոլային մարզիչը, որն Արցախում պատերազմի կոչ է արել
Աղբյուրի համաձայն՝ Նավալնիի փաստաբանները Եվրախորհրդի նախարարների կոմիտեին հաղորդել են ՄԻԵԴ վճիռների կատարման պարտականության նկատմամբ Ռուսաստանի «բացարձակ անարգանքի» և «իշխանությունների կողմից նույնիսկ դրանց կատարումը ձևացնել չցանկանալու» մասին։
Իրենց հայտարարությունում նրանք նշել են, որ ««Իվ Ռոշեի» գործով ապօրինի դատապարտումն իշխանությունների ձեռքում գործիք է դարձել նրան հետապնդելու համար»։
Ի՞նչ է վճռել եվրոպական դատարանը Նավալնիի հարցով
2017 թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Նավալնին «Իվ Ռոշեի» գործով դատապարտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի վեցերորդ և յոթերորդ հոդվածների խախտմամբ․ դատավարությունն անարդար է եղել, իսկ դատավճիռն, ըստ դատարանի, կայացվել է առևտրային գործունեության համար, որը չէր կարող որակվել որպես քրեական հետապնդում։
ՄԻԵԴ-ն ուղղակիորեն մատնանշել է, որ Ռուսաստանում դատարանները պետք է շտկեն այդ գործում կոնվենցիայի հաստատված խախտումները։ Առանց դատավճռի չեղարկման՝ այս որոշումը կատարելն անհնար է, ընդգծում է Բի-Բի-Սի-ն։
Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է չեղարկել դատավճիռը, իսկ Մոսկվայի Սիմոնովյան շրջանային դատարանը փետրվարի 2-ին խստացրել է դրա կատարումը՝ պայմանական կալանքն իրական ազատազրկմամբ փոխարինելով։ Նավալնիի անունից կոմիտեին ուղղված դիմումներից ևս մեկը հունվարի 22-ին է կազմվել։ Նրա ներկայացուցիչները հաղորդում են քաղաքական գործչի նկատմամբ մահափորձի և հունվարի 17-ին օդանավակայանում նրա ձերբակալության մասին։
Մամեդովի գործը՝ որպես նախադեպ
ՄԻԵԴ քննությանը այն հարցը ներկայացնելը, թե արդյոք ազգային իշխանություններն իրականացրել են այդ որոշման կատարման պարտավորությունը, կոմիտեին 2010 թ-ից թույլ է տալիս Մարդու իրավունքների կոնվենցիայի 46-րդ հոդվածը։ Սակայն կոմիտեն այդ ընթացակարգը կիրառել է միայն մեկ անգամ՝ Ադրբեջանի դեմ ընդդիմադիր գործիչ և բլոգեր Իլգար Մամեդովի նմանատիպ գործում։
Մամեդովը 2013 թ-ին պատրաստվում էր նախագահի իր թեկնածությունն առաջադրել, սակայն կալանավորվել էր և յոթ տարվա ազատազրկման դատապարտվել։ 2014 թ-ին ՄԻԵԴ-ը պարզել է, որ նրան դատապարտել են «լռեցնելու կամ իշխանության վերաբերյալ քննադատության և նրա կարծիքով ճշմարիտ տեղեկությունների տարածման փորձի համար, որը կառավարությունը ցանկացել է թաքցնել»։
Այն բանից հետո, երբ նախարարների կոմիտեն ՄԻԵԴ է դիմել, Մամեդովին պայմանական-վաղաժամկետ ազատ են արձակել, սակայն դատվածությունը նրան թույլ չի տվել մասնակցել ընտրություններին։ Ադրբեջանի Գերագույն դատարանը չեղարկել է նրա բոլոր մեղադրանքները միայն այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ իր վճիռը չի կատարվել։ Նույն բանն է փորձում այժմ անել Նավալնին։
Իլգար Մամեդովի մեկնաբանությունը
Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի մասին նորությունը։
«Նավալնին արդարացիորեն ասում է․ «Իլգար Մամեդովն ինձնից լավ տղա չէ, և նրա նկատմամբ ԵՄ կիրառված կանոնը կարող է կիրառվել նաև իմ դեպքում»։ Այո, միակ նախադեպը, որը ստեղծել է Իլգար Մամեդովը, շատերին օգուտ կբերի։ Սակայն Նավալնին պետք է իմանա, որ այդ կանոնի կիրառման համար, լինելով ճաղերի հետևում, մենք նախարարների կաբինետի հետ երեք տարի նամակագրության մեջ ենք եղել։ Իմ վերջին նամակներում ես նույնիսկ մեծապես կշտամբում էի նրանց դիվանագիտական լեզվով։ Իսկ այդ գործով արդյունքների ամփոփումը երկուսուկես տարի է տևել։ Այլ կերպ ասած՝ դա շատ դանդաղ գործընթաց է, սակայն եթե նա իր իրավունքը պաշտպանելու ուժ ունի, թող պաշտպանի», — գրել է Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում։
Ադրբեջանի դեմ ևս երեք գործ՝ ՄԻԵԴ-ում
Հաջորդ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է որոշում կայացնի ևս երեք գործով, որոնք կապված են Ադրբեջանի հետ։
Դրանցից մեկը կապված է Ադրբեջանի դեմ Մամեդ Ազիզովի և Շահին Նովրուզլուի հայցի հետ։ Նրանք պահանջում են ապօրինի ճանաչել իրենց կալանքի և ազատազրկման ժամկետի երկարաձգման մասին տեղի դատարանների վճիռները։
Մյուս գործը կոչվում է «Ֆաթիմա Գանիևան ու ևս 17 մարդ՝ ընդդեմ Ադրբեջանի»։ Այն հարուցվել է 2009 թ-ին և վերաբերում է հայցվորների սեփականության իրավունքի խախտմանը։
Ադրբեջանի դեմ երրորդ հայցը ներկայացրել է Իլգար Ֆեյզովը։ Նա պնդում է, որ ձերբակալվել և կալանավորել է առանց որևէ հիմքի։