Իլգար Մամեդովը ռեաբիլիտացվել է․ ադրբեջանցի ընդդիմադիր գործչի մեղադրանքը, որով նա բանտում է անցկացրել ավելի քան 5 տարի, չեղարկվել է
Ադրբեջանի իշխանությունները կատարել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 թ–ի վճիռը և ռեաբիլիտացրել են ընդդիմադիր առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին՝ չեղարկելով զանգվածային անկարությունների կազմակերպման մեղադրանքներն ու ամբողջությամբ վերականգնելով նրա բոլոր իրավունքները։
Ոմանց այս ռեաբիլիտացիան կասկածելի է թվում, և Իլգար Մամեդովի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նա «ծախվել է» կամ պատրաստվում է «ծախվել» իշխանություններին։
- Ի՞նչ է նշանակում Ադրբեջանում «դատապարտված է յոթ արով» արտահայտությունը
- Մարդիկ, որոնք չեն կարողանում վերադառնալ պատերազմից
Իլգար Մամեդովի գործը
Իլգար Մամեդովը չգրանցված «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է։
2013 թ–ին նա պատրաստվում էր մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, սակայն կալանավորվել էր երկրի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաք մեկնելուց հետո, որտեղ այն ժամանակ անկարգություններ էին տեղի ունենում։ Ի սկզբանե Մամեդովը մեղադրվում էր դրանց կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու համար, ավելի ուշ առաջին հոդվածը փոխարինվեց ավելի լուրջ հոդվածով՝ զանվածային անկարգությունների կազմակերպում, որոնք ուղեկցվել են հրդեհումներով և ջարդով։
2014 թ–ին Մամեդովը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման։ ՄԻԵԴ–ն այդ կալանքն ապօրինի էր ճանաչել և պահանջել ազատ արձակել ընդդիմադիր գործչին՝ չեղարկելով նրա բոլոր մեղադրանքները։ Ադրբեջանի իշխանությունները չէին կատարել դա։

Իլգար Մամեդովը բանտում է անցկացրել գրեթե հինգ տարի, և ազատ է արձակվել 2018 թ–ի օգոստոսին։ Սակայն նրա դատվածությունը չէր չեղարկվել, ինչը Մամեդովին խանգարում էր շարունակել լիարժեք զբաղվել քաղաքականությամբ, օրինակ՝ իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին։
Այսպիսով, Ադրբեջանը փաստացի անտեսել էր Եվրոպական դատարանի վճիռը։ Այն բանի հիման վրա, որ ՄԻԵԴ–ն արդարացնող վճիռ էր կայացրել Մամեդովի գործով, Եվրախորհուրդը պահանջել էր Ադրբեջանի իշխանություններին վերականգնել նրա իրավունքները։
Եվ ահա 2020 թ–ի ապրիլի 23–ին հայտնի է դարձել, որ Մամեդովը ռեաբիլիտացվել է։
Արդարությո՞ւն, թե՞ «կաշառք»
2020 թ–ի փետրվարին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայացան։ Դրանք անցան բազմաթիվ խախտումներով, և դրանց արդյունքում ընդդդիմադիր բոլոր թեկնածուներից պատգամավոր դարձավ միայն Էրքին Գադիրլին՝ «Հանրապետական այլընտրանքի» կառավարման անդամներից մեկը։
Շատ ընդդիմադիրներ և ակտիվիստներ վրդովված էին․ նրանք մեղադրում էին Գադիրլիին, որ նա «ծախվել է», անցել է իշխանության կողմն, ու պահանջում էին հրաժարվել մանդատից (ինչը նա չարեց)։ Այդ մեղադրանքներն ավտոմատ կերպով տարածվում էին նաև Իլգար Մամեդովի վրա՝ որպես կուսակցության առաջնորդ։
Մամեդովն իր դեմ ընդդիմությանն էլ ավելի տրամադրեց այն բանից հետո, երբ սկսեց խոսել իշխանությունների հետ հնարավոր երկխոսության մասին։
Դրա ֆոնին Մամեդովի ռեաբիլիտացիան բազմաթիվ վեճեր և կասկածներ է առաջացրել։ Մինչ ոմանք նրան շնորհավորում են և ասում, որ արդարությունը վերականգնվել է, մյուսներն այդտեղ իխանությունների հետ պայմանավորվածության արդյունք են տեսնում։
«Ամեն ինչ այլ կլիներ, եթե չլինեին ընտրություններն ու մնացած բաները, որոնք նախորդել են այդ ռեաբիլիտացիային։ Իսկ այժմ, թեկուզև ռեաբիլիտացիան վաստակած է, սակայն տպավորություն կա, թե դա կաշառք է», – գրում է լրագրող Խադիջա Իսմայիլը, որը նույնպես նախկին քաղբանտարկյալ է։
ՌԵԱԼ կուսակցությունն իր հայտարարությունում նույնպես խոստովանում է, որ կատարվածը կապված է այն բանի հետ, որ ինքը երկխոսության մեջ է մտել իշխանությունների հետ․
«Մեր ուշադրությունից չի վրիպում նաև այն, որ այդ արդարացնող որոշումները կայացվել են ընդդիմության հետ երկխոսություն սկսելու իշխանությունների առաջարկի, «ՌԵԱԼ»–ի կողմից դրա ընդունման և գործնական շփումների մեկնարկի ֆոնին»։
Իլգար Մամեդովի հետ միասին Իսմայիլիի անկարգությունների կազմակերպման մեղադրանքով կալանավորվել էր նաև «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամ Թոֆիկ Յագուբլուն։ Նա երեք տարի բանտում է անցկացրել, պայմանական ազատ է արձակվել, սակայն նրա մեղադրանքները դեռ չեն չեղարկվել։ Իսկ այս պահին Յագուբլուն կրկին կալանավորված է խուլիգանության մեղադրանքով։