Ի՞նչ նպատակով էր Բադեն-Բադեն ուղևորվում Սերժ Սարգսյանը․ ՀՔԾ-ն կպարզի
Ի՞նչ նպատակով էր գերմանական Բադեն-Բադեն մեկնում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Արդյո՞ք Բադեն-Բադեն ուղևորությունների համար պետական միջոցներ են վատնվել։
Բոլոր հանգամանքները կպարզի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ «Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրել են գլխավոր դատախազությունից՝ չմանրամասնելով, թե ով է հաղորդում ներկայացրել գերատեսչություն։
Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
- Հայաստանի խորհրդարան. իրական իշխանությո՞ւն, թե՞ բուտաֆորիա
- Կարծիք․ «Սարգսյանի Հայաստան» VS «Փաշինյանի Հայաստան»․ ո՞րն է ավելի լավ
- «Նորերի» քննադատություն, անցյալի արդարացում․ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Սեպտեմբերի 16-ին այս թեմայով հետաքննություն էր հրապարակել «Փաստերի ստուգման հարթակը»։ «Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն» վերնագրված ուսումնասիրության մեջ ներկայացված են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ինչպես նաև բաց աղբյուրներից ստացված տեղեկություններ։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի երրորդ նախագահը Բադեն-Բադեն է մեկնել ամեն տարի, որոշ դեպքերում՝ տարին երկու անգամ։ Այդ ուղևորությունների թիվն անցնում է 16-ից։ Ենթադրվում է, որ այս նպատակի համար պետական բյուջեից ծախսվել են հազարավոր դոլարներ։
Սերժ Սարգսյանին բազմիցս մեղադրել են Բադեն-Բադենի խաղատներում գումարներ վատնելու մեջ։ Նման մեղադրանքներ է հնչեցրել նաև ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ Սարգսյանը պատասխանել էր այս մեղադրանքներին։
Երրորդ նախագահը չէր հերքել, որ եղել է Բադեն-Բադենում, բայց ասել էր, թե՝ «մշտապես շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան»։
Երրորդ նախագահի գրասենյակը չի մեկնաբանել հետաքննությունը։ Սերժ Սարգսյանի փաստաբանն անդրադարձել է ավելի քան 16 այցերից միայն մեկին։ Ամրամ Մակինյանը հերքել է այն տեղեկությունը, թե Սարգսյանն Ապրիլյան պատերազմից հետո այցելել է Բադեն-Բադեն։
Ըստ հետաքննության՝ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է այցելել նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո․
«Ապրիլի 5-ին Սարգսյանը «Եռաբլուրում» հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնել է ոչ թե Բեռլին՝ պաշտոնական այցի, այլ Բադեն-Բադեն և մեկ օր անց միայն՝ ապրիլի 6-ին հայտնվել Բեռլինում»։
«Փաստերի ստուգման հարթակի» կատարած ուսումնասիրությանն անդրադարձել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է այն ուղարկել իրավապահ մարմիններին՝ խնդրելով տալ «քրեաիրավական գնահատական՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով»։