Ի՞նչ է փոխվում Ադրբեջանում․ հասարակությո՞ւնը, կառավարությո՞ւնն, ընդդիմությո՞ւնը
Ընդդիմության հանրահավաքի ճնշում, բռնություն՝ բռնության դեմ ֆեմինիստական երթի ժամանակ, լրտեսական սկանդալ, հարկերի նախարարության լուծարում, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարական․ այս ամենն Ադրբեջանում տեղի է ունեցել ընդամենը հինգ օրում։
Ինչպե՞ս են կապված այս բոլոր իրադարձությունները և ի՞նչ են դրանք նշանակում։
Ընդդիմություն և իշխանություն․ ինչ-որ մեկի խորամանկ մտադրությո՞ւն, թե՞ «սեզոնային սրացում»
«Ես մի ամբողջ ժամ շրջում էի փողոցներում՝ փորձելով հասկանալ, թե որտեղ է անցկացվում հանրահավաքը։ Մարդկանց խմբեր էի տեսնում, ոմանց պարբերաբար հեռացնում էր ոստիկանությունը։ Սակայն ոչ պաստառ կար, ոչ կարգախոս։ Հետո ինչ-որ մեկից հարցրի, և ինձ ասացին, որ դա էր հենց հանրահավաքը։ Իսկ այդ բոլոր մարդիկ անբաններ չէին, ինչպես ես մտածում էի, այլ ընդդիմադիրներ», — պատմում է JAMnews-ի արտահաստիքային թղթակիցը։
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ), որում ներառված է մի քանի ընդդիմդիր կուսակցություն և ակտիվիստ, հոկտեմբերի 19-ին որոշել էր չարտոնված հանրահավաք անցկացնել քաղաքի կենտրոնում։ Նրանց զայրացրել էր, որ վերջին օրերին իշխանություններն ընդդիմությանը թույլ են տալիս հավաքվել միայն Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Լոքբաթան ավանում։
Հանրահավաքի կարգախոսները սովորական էին՝ ազատություն քաղբանտարկյալներին, ժողովրդավարական ընտրություններ, կոռուպցիայի դեմ պայքար և ընդհանուր դժգոհություն իշխանություններից։
Հանրահավաքի օրը կայարանի դիմացի ողջ հրապարակը, որտեղ այն պլանավորվում էր անցկացնել, և հարակից թաղամասերը շղթայել էր ոստիկանությունը։ Փակվել էին մետրոյի մոտակա կայարաններն, անջատվել էր ինտերնետը։ Դադարել էին աշխատել բանկոմատներն ու POS-տերմինալները:
Հանրահավաքը շատ շուտ և, շատերի կարծիքով, չափազանց կոպիտ ցրեցին։ Ընդդիմության առաջնորդները բողոքում էին ոստիկանների ծեծից։ Ձերբակալվել էր շուրջ 100 մարդ, շատերին միանգամից ազատ արձակեցին, սակայն ոմանք ազատազրկվեցին (30-50 օր)։
Ադրբեջանի փորձագետները և պարզապես քաղաքականությամբ հետաքրքրվողները հարցադրում են անում, թե քաղաքական իրավիճակի ի՞նչ փոփոխությունների մասին է խոսում ընդդիմադիրների անսովոր կտրականությունը և իշխանությունների բուռն արձագանքը։ Եվ ինչի՞ դա կարող է բերել։
Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» («ՌԵԱԼ») կուսակցությունը ԺՈՒԱԽ կազմի մեջ չի մտնում, այդ պատճառով էլ հանրահավաքի հետ որևէ կապ չուներ։ «ՌԵԱԼ»-ի անդամներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին, կարծում է, որ հանրահավաքի հիմնական նպատակն իշխանությունների վրա ազդելն ու «քաղաքի նորմալ վայրերում» նման ակցիաներ անցկացնելու թույլտվության հասնելն էր։ Ընդ որում, ըստ նրա, իշխանությունները կարող են զիջումների գնալ։
Ոստիկանության դաժանությունը Ջաֆարլին այսպես է մեկնաբանում․
«Դրանում ոչ մի անհրաժեշտություն չկար։ Հավանաբար, նրանք, ովքեր տվել են այդ հրամանը, ձգտել են քաոս կամ քաոսի տպավորություն ստեղծել երկրում։ Եվ իշխանությունները պետք է պարզեն, թե ովքեր էին նրանք»։
JAMnews-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը կարծում է, որ ընդդիմությունն ավանդաբար ակտիվանում է աշնանն ու գարնանը միայն այն պատճառով, որ ձմռանը շատ ցուրտ է, իսկ ամռանը բոլորն արձակուրդում են։ Այսինքն՝ ԺՈՒԱԽ հանրահավաքն ակտիվության նոր որակի մասին չի վկայում։ Այնուամենայնիվ, Ռզաևը համակարծիք է Ջաֆարլիի հետ էլի ինչ-որ քաղաքական ուժերի եթե ոչ միջամտության, ապա շահագրգռվածության հարցում․
«Մեզ մոտ պաթոլոլգիական կայունություն է, և, հնարավոր է, երկրում ազդեցիկ մարդիկ կան, որոնք դեմ չեն այն խաթարել։ Հանրահավաքները դրա համար հարմար գործիք են»։
Ադրբեջանական ֆեմինիզմի առաջին հաղթանակները
Բաքվի կենտրոնական հրապարակ՝ կին պոետ Նաթավանի հուշարձանի մոտ։ Շուրջ երկու տասնյակ երիտասարդներ շրջապատված են մոտ երկու տասնյակ ոստիկաններով։ Ամբոխի ամենակենտրոնում գտնվող աղջիկն էմոցիոնալ ժեստերով փորձում է ինչ-որ բան բացատրել տարեց ոստիկանին։ Վերջինս շատ հոգնած տեսք ունի, և նրա հարցերը չեն լսվում։ «Մենք բոլորս ենք կազմակերպիչներ։ Բոլորս գլխավոր ենք», — հանկարծ բղավում է աղջիկը։
• Տեսանյութ՝ կանանց նկատմամբ բռնության դեմ երթի մասին
Եվ իրոք, ադրբեջանցի ֆեմինիստները «պաշտոնական ղեկավար» չունեն։ Այդ շարժումը գոյություն ունի ընդամենը մի քանի տարի և ընդհանուր գաղափարների վրա է հիմնված, այլ ոչ թե առաջնորդի խարիզմայի։ Եվ, չնայած նման դրության բացասական կողմերին, շարժումը հաջողությամբ կատարում է իր գլխավոր խնդիրն՝ ուշադրություն է գրավում ընտանեկան բռնության և գենդերային անհավասարության խնդրի վրա։ Մարտի 8-ին կայացավ ադրբեջանական ֆեմինիզմի հանրային «դեբյուտը»՝ խաղաղ երթը, որը չէր արտոնվել իշխանությունների կողմից և ցրվեց ոստիկանների կողմից։
Հոկտեմբերի 20-ին մի քանի տասնյակ ակտիվիստներ որոշել էին կրկին խաղաղ երթ անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում և պետությունից պահանջել ստորագրել և վավերացնել Ստամբուլի կոնվենցիան՝ կենցաղային բռնության և կանանց նկատմամբ բռնության դեմ Եվրախորհրդի միջազգային համաձայնագիրը։
Քաղաքային իշխանությունները մերժեցին, սակայն երթն, այնուամենայնիվ, կայացավ։ Ակտիվիստները կին պոետ Նաթավանի արձանի մերձակայքից հասան մինչև «Կոլորիտ» սրճարան՝ ընդամենը 700 մետր։ Սակայն 15 րոպեի փոխարեն, որը սովորաբար զբաղեցնում է այդ ճանապարհը, երթը երկու ժամ տևեց ոստիկանության միջամտության հետևանքով։ Ոստիկանները նվազագույնը եռակի շատ էին ցուցարարներից և կարծես հատուկ ցուցադրում էին, թե ինչ է «բռնությունը կնոջ նկատմամբ»․ աղջիկներին քարշ էին տալիս գետնով, ձեռքերը ոլորում և այլն։
Դրա շնորհիվ փողոցներում մարդիկ հետաքրքրվեցին իրադարձությամբ․ ոմանք ցուցարարներին դատապարտող հայացքով էին նայում, ոմանք ժպտում էին նրանց։ Մոտ տասը տարեկան երկու տղա մոտեցան հարցնելու, «իսկ այս մարդիկ ադրբեջանցի՞ են» և «ի՞նչ են նրանք ուզում»։
Ո՞վ է մեղավոր
Մեծ մասամբ ապաքաղաքական ադրբեջանական հասարակությունը շոկի մեջ էր նրանից, որ քաղաքականությունը «փչացրեց հանգստյան օրերը»։ Սոցցանցերում և փողոցներում բուռն քննարկումներ սկսվեցին։
Հիմնական դիրքորոշումներն այսպիսին էին․
1. Ցուցարարները հիմարներ և անբաններ են, խանգարում են հանգստիս։ Բացի այդ, նրանց Արևմուտքն է վճարում։
Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովին թվացել էր, որ ոստիկանությունն իրեն նույնիսկ շատ մեղմ էր պահում։ Եվ շատերը նրա հետ համաձայնեցին։
«Այդ ֆեմինիստական երթը պարզապես ցուցադրական ելույթ և ինքնափիար էր»։
«Չեմ հասկանում, թե ինչու են բոլորն այդպես պաշտպանում ընդդիմությանը, եթե հենց նրանք են հանրահավաք կազմակերպել առանց գործադիր իշխանության թույլտվության։ Եվ ընդհանրապես, հանրահավաքը քաոս է, իսկ քաոսը լավ չէ։ Ուզում եք, որ Ուկրաինայի պե՞ս լինի։ Գնաս հացի և չիմանաս՝ տուն կվերադառնաս, թե ոչ, քանի որ բարձրանում է հանցավորության մակարդակը»։
«Եթե ինչ-որ մեկին այստեղ դուր չի գալիս, թող մեկնի։ Միամիտ է կարծել, որ հանրահավաքն ինչ-որ բան կփոխի։ Ինչո՞ւ ահա այսպիսի «մշտապես դժգոհների» պատճառով պետք է ուրիշները տանջվեն, որոնք առանց տրանսպորտի են մնացել»։
Միջին տարիքի երեք տղամարդ ֆեմինիստների երթի օրը փողոցում բարձր-բարձր խոսում էին, որ «անհասկանալի է, թե ինչ են այս կանայք ուզում, ոչ ոք նրանց չի կպնում»։ Համացանցում սեքսիստական մեկնաբանություններ հայտնվեցին, որ այդ բոլոր աղջիկները «փչացած են» և «իրենց պահել չգիտեն»։ Եվ որ երթը վճարված ներկայացում էր։ Վճարված հայտարաեցին նաև ընդդիմության հանրահավաքը։
Նմանատիպ դիրքորոշում ունեին նաև իշխանամետ լրատվամիջոցները։ Բանը հասավ նույնիսկ Արևմուտքի հասցեին բացահայտ մեղադրանքների, որոնք լրատվամիջոցները շտապողաբար «ապացուցել էին» եվրոպացի դիվանագետի և ընդդիմադիր ակտիվիստի հեռախոսազրույցի ձայնագրությամբ (նա պատմում էր երկրում առկա իրավիճակի և ձախողված հանրահավաքի մասին)։ Շուտով այդ ձայնագրություններն ամեն տեղից ջնջվեցին։
• Մանրամասներ՝ գաղտնալսման շուրջ սկանդալի մասին
2. Ինչպիսի՜ երջանկություն․ մեր հասարակությունը զարթնում է։ Ամո՛թ ոստիկանությանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ հանրահավաքին, խայտառակեց Ադրբեջանն աշխարհով մեկ»։
«Դիտելով բռնության դեմ ակցիայի տեսանյութը՝ հասկացա, որ մեր ոչ ամբողջ երիտասարդությունն է հետընթաց ապրում։ Ես չափազանց ուրախ եմ և լիահույս։ Ապրե՛ք, տղաներ և աղջիկներ»։
Սոցցանցերում շատերի համար անցած հանգստյան օրերի գլխավոր հակահերոսները ոստիկաններն էին։ Ոմանք հրապարակում էին նրանց լուսանկարներն ու անձնական տվյալները, որպեսզի բոլորը «թշնամուն դեմքով ճանաչեն»։
Եվրամիությունն ու այլ միջազգային կազմակերպություններ քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, պահանջել ազատ արձակել կալանավորվածներին, ընդունել Ստամբուլի կոնվենցիան։
Այդ ամենի հետևանքով գրեթե ոչ ոք ուշադրություն չդարձրեց հոկտեմբերի 21-ին երկու փոխվարչապետների հրաժարականին։
Նրանցից մեկը՝ Հաջիբալա Աբութալիբովը, գրեթե 20 տարի Բաքվի գործադիր իշխանության ղեկավարն էր և էքսցենտրիկ ու տարօրինակ մարդու համբավ էր ձեռք բերել, որը տարօրինակ և անիմաստ արարքներ է գործում (նա մի մարդ էր, որին մեղադրում էին յուրաքանչյուր անձրևից հետո ջրհեղեղի համար)։
Երկրորդ փոխվարչապետ Ալի Հասանովը նրանով է հիշվել, որ նրա թոռը վթարի պատճառ է դարձել։ Դրա հետևանքով երկու մարդ էր զոհվել, իսկ նա դրա համար բանտ էր նստել՝ ընդամենը երկու տարով։
Պաշտոնյաների խառնաշփոթ․ արձագանք հանրահավաքների՞ն, բարեփոխումների՞ն, թե՞ ուղղակի «պտուտակներն են ձգում»
Հոկտեմբերի 22-ին իր պաշտոնը լքեց էկոնոմիկայի տարեց նախարար Շահին Մուստաֆաևը։ Ճիշտ է, նա անմիջապես նշանակվեց փոխվարչապետ։
Չորեքշաբթի հարկերի նախարարությունը դադարել է գոյություն ունենալ և միացել է էկոնոմիկայի նախարարությանը գույքի պետական կոմիտեի և հակամոնոպոլիստական գործակալության հետ միասին։ Այսինքն՝ չորս տարբեր կառույցներ կային, իսկ հիմա մեկն է։ Այն գլխավորել է հարկերի նախկին նախարար Միքայիլ Ջաբարովը։ Ավելի վաղ նա կրթության նախարարն էր, այնպես որ, սա արդեն երրորդ նախարարական աթոռն է, որը նա զբաղեցնում է վերջին վեց տարում։ Ժողովուրդը նրան հիշում է բարեփոխումներով, որոնցից, ըստ համընդհանուր կարծիքի, ավելի շատ վնաս կար, քան օգուտ։ Եվ անգամ այն, որ Միքայիլ Ջաբարովը ինտելեկտուալ խաղերի երիտասարդ և ինտելիգենտ մասնակից է (հազվադեպ երևույթ ադրբեջանցի պաշտոնյաների շրջանում), չի փրկում նրան ծաղրից։
Ի հավելումն, հրաժարական տվեց Ռամիզ Մեհթիևը՝ նախագահի վարչակազմի ղեկավարը։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 1995թ-ից։ Իսկ խորհրդային ժամանակաշրջանում նա նույն պաշտոնը էր զբաղեցնում Հեյդար Ալիևի թիմում։
JAMnews-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը կարծում է․
«Արտասահմանցի ընթերցողը կարող է զարմանալ․ իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Պատվավոր թոշակի են ուղարկել չորս պետական գործչի, որոնք ութսունն անց են, վաղուց ժամանակն էր։
Սակայն Ադրբեջանի բնակիչները դեռ շփոթված են․ ինչպե՞ս ենք մենք շարունակելու ապրել առանց Ռամիզ Մեհթիևի։ Շատերի գիտակցությունում հենց այդ մարդն էր մեր ավտորիտար համակարգի առանցքը դեռևս խորհրդային «լճացումից» ի վեր։ Թվում էր, թե նա հավերժ է, անխորտակելի, զրահակիր, դինոզավր, եգիպտական բուրգ։ Եվ միաժամանակ ևս երեք տարեց պաշտոնյաների հրաժարականը (երկու փոխվարչապետի և Գիտությունների ակադեմիայի նախագահի), իհարկե, չէր կարող պատահական զուգադիպություն լինել։
Թիմի երիտասարդացման պատրվակով, հնարավոր է, վերահսկողության տակ են առնվում կառավարության առանցքային դիրքերը։ Դա հեշտ է բացատրել մեկ կլանի պայքարով (առաջին փոխնախագահի ղեկավարությամբ) մյուսի դեմ (հին գվարդիայի, Նախիջևանում և Հայաստանում ծնվածների)։
Ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Սակայն մի բան պարզ է․ սեփականության բաժանում է տեղի ունենում, որը սրվելու է նավթային եկամուտների նվազմանը զուգահեռ (իսկ այդ եկամուտների ամենաբարձր շեմն արդեն անցյալում է)։
Ցույցերը կարող են այդ էլիտայի միջև պայքարում գործիք լինել։ Այդ պատճառով էլ լիովին բացատրելի է ռեֆորմատորի իմիջ ստեղծելու Իլհամ Ալիևի ցանկությունը։ Սակայն չէի ասի, որ այս բոլոր փոփոխությունը մեկ հանրահավաքի հետևանքն են հանդիսանում։ Իհարկե, այս բալար քայլերը կշռադատված և նախապես մտածված էին»։