«Բռնաճնշող բնույթը չի փոխվել». կարծիքներ Վրաստանի «Դրամաշնորհների մասին» օրենքի վերաբերյալ
Ի՞նչ է փոխվել Վրաստանի դրամաշնորհների մասին օրենքում
Վրաստանի անկախ իրավաբանները քննադատել են իշխող կուսակցության կողմից «Դրամաշնորհների մասին» օրենքում ապրիլի 6-ին առաջարկված վերջին փոփոխությունները: Օրենքի նախորդ տարբերակը թարմացվել էր 2026 թ․-ի մարտին, տեղական և միջազգային փորձագետների մեծ մասն այն անվանել էր «խիստ բռնաճնշող քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ»:
Ըստ տեղացի առաջատար փորձագետների մեծ մասի՝ առաջարկվող փոփոխությունները փոխում են օրենքի որոշ բաղադրիչներ, բայց ոչ դրա բռնաճնշող բնույթը:
«Վրացական երազանքի» կողմից օրերս նախաձեռնված փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական գրասենյակների և միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցները չհամարել դրամաշնորհներ: Սա նշանակում է, որ այդ միջոցներն ստացողների համար կվերացվի կառավարության նախնական հաստատումը ստանալու պահանջը:
Այնուամենայնիվ, փոփոխությունների նախորդ տեքստում ներառված անորոշ, չափազանց ընդհանրական բնութագրումները թույլ չեն տալիս վստահորեն դա պնդել:
ՀԱՄԱՏԵՔՍՏ
2026 թ․-ի մարտի 4-ին հաստատված օրենսդրական փաթեթը զգալիորեն ընդլայնեց «դրամաշնորհի» սահմանումը՝ ներառելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական աջակցությունը, եթե այն «կարող է օգտագործվել երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար, ներառյալ օտարերկրյա պետության կամ քաղաքական ուժի շահերի հետ առնչվող գործունեությունը»։
- Այս բավականին լայն սահմանման ներքո ընկնող ցանկացած օտարերկրյա ֆինանսավորում ստանալու համար այժմ պահանջվում է կառավարության նախնական հաստատումը։ Խախտումները պատժվում են տուգանքով՝ դրամաշնորհի գումարի կրկնապատիկի չափով, մինչև անգամ 6 տարվա ազատազրկմամբ։
- Այս պայմանները վերաբերում են ոչ միայն քաղաքացիական հասարակությանը, այլև բիզնեսներին, եթե նրանք զբաղվում են հանրային քաղաքական գործունեությամբ։
- Ավելին, օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպություններում աշխատող անձանց 8 տարով արգելվում է անդամակցել քաղաքական կուսակցություններին։
- Քրեական օրենսգրքում ավելացվել է նաև մի հոդված, որն ընդլայնում է «ծայրահեղականության» սահմանումը։ Օրինակ՝ իշխանություններին անհնազանդության կամ այլընտրանքային կառույցների ստեղծման կոչերը դարձել են պատժելի։
- Եվրոպայի խորհրդի փորձագիտական խումբը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել «Դրամաշնորհների մասին» օրենքը, քանի որ այն տարընթերցումների տեղիք է տալիս, զգալիորեն սահմանափակում է միավորումների և արտահայտման ազատությունը, խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության և ընտրություններին մասնակցության հիմնարար իրավունքները։

Նիկա Սիմոնիշվիլի, իրավաբան
«Վրացական երազանքն» այնքան էր շտապում սահմանափակել հասարակական կյանքին մասնակցող կազմակերպությունների ֆինանսավորումը, որ «Դրամաշնորհների մասին» օրենքում մարտ ամսին կատարված փոփոխությունները տարածվեցին դեպի Վրաստան բոլոր արտասահմանյան փոխանցումների, ինչպես նաև դեսպանատների կողմից ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված առևտրային ծառայությունների վրա։
Ակնհայտ է, որ դա չէր իշխանությունների նպատակը, անհրաժեշտություն չէր նրանց համար։
Այնպես որ, այժմ նրանք առաջարկել են մեկ այլ փոփոխություն, որով նման պայմանագրերի համար «Դրամաշնորհների մասին» օրենքում բացառություն է նախատեսված։ Սակայն սա այնքան վատ և ոչ հստակ է գրված, որ նրանք ստիպված կլինեն նորից փոփոխություններ մտցնել։
Այնուամենայնիվ, խնդիրը դա չէ։ Ամեն դեպքում բռնաճնշող օրենքի հիմնական նպատակը չի փոխվել։ Անկախ քաղհասարակության կազմակերպություններն ու ԶԼՄ-ները դեռևս չեն կարողանա ֆինանսավորում ստանալ։
Ես զարմացած եմ, որ որևէ մեկն առհասարակ ակնկալում էր, որ «Վրացական երազանքը» թույլ կտա իրական մեղմացումներ «Դրամաշնորհների մասին» օրենքում»։

Նոնա Կուրդովանիձե, իրավաբան
«Նույնը տեղի ունեցավ նաև 2025 թվականին։ Փոփոխություններ կատարվեցին «Դրամաշնորհների մասին» օրենքում, սակայն շուտով լրացուցիչ փոփոխություններ պահանջվեցին «սխալները» շտկելու համար։
Նոր փոփոխությունների նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանափակումներն արդեն իսկ չեն տարածվում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական գրասենյակների և միջազգային կազմակերպությունների վրա։ Սակայն նշվում է, որ տեքստը գրվել է այնպես, որ այն կարող է մեկնաբանվել տարբեր ձևերով։ Հետևաբար, առաջարկվում է հստակեցումներ մտցնել։
Սակայն իրականությունն այն է, որ այս նոր փոփոխությունների նախագիծը, ինչպես բոլոր նախորդները, կրկին գրված է ամենավատ ձևով, և դրա պատճառով հնարավոր են տասնյակ տարբեր մեկնաբանություններ»։