Ի՞նչ է տեսնում պատերազմը հայելու մեջ
Բոլոր ժամանակներում ու ամբողջ աշխարհում պատերազմը առիթ է հանդիսացել մասսայական մշակույթի`գրքերի, ֆիլմերի, կտավների առանձին շերտի ստեղծման համար: Ինչպե՞ս է ղարաբաղյան հակամարտությունն արտացոլված այդ հայելում այսօր, երբ ավելի քան 20 տարի հայերն ու ադրբեջանցիներն առաջնագծի տարբեր կողմերում են ապրում:
Խաղարկային կինո
Հատկապես «առատորեն» է Ղարաբաղի թեման լուսաբանված կինեմատոգրաֆում: Հակամարտության պատմության ընթացքում մի քանի տասնյակ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել: Դրանց թվում կան ինչպես երկրի ներսում ու արտերկրում ճանաչում ստացած, այնպես էլ «միջակ», «տապարային» ֆիլմեր, որ հանդիսատեսին բոլորովին անտարբեր են թողնում ու քննադատների դժգոհությանն արժանանում` որպես կանոն, ստանալով վայ-հայրենասիրություն պիտակը:
Իսկ այն ֆիլմերից, որոնք հաջողությամբ դիպում են և’ սրտին, և’ բանականությանը, կարելի է նշել Ջեյխուն Միրզոևի «Աղաղակը»: Այն նկարահանվել է 1993թ., պատերազմի թեժ պահերին: Սա շատ հուզառատ ֆիլմ է, որը, հեղինակների խոսքերով, հիմնված է Ղարաբաղից եկած փախստականների իրական պատմությունների վրա. նրանցից ոմանք նույնիսկ մասնակցել են նկարահանումներին:
Բացի այդ, «Աղաղակը» որոշ չափով 1958թ. նկարահանված հայտնի ադրբեջանական «Խորթ մայրը» ֆիլմի շարունակությունն է: Ըստ սյուժեի, «Խորթ մոր» գլխավոր հերոսը`Իսմայիլ անունով տղան, մեծանում է, մեկնում Ղարաբաղ կռվի ու գերի ընկնում: Ֆիլմում կենտրոնական տեղում ոչ թե մարտական գործողություններն են` որպես այդպիսին, այլ Իսմայիլի (որի դերում, ի դեպ, հենց ռեժիսորն է հանդես գալիս) ու նրան գերության մեջ պահող մարդկանց փոխհարաբերությունները:
Որոշ հայ կերպարների բացահայտ դաժանության հետ մեկտեղ «Աղաղակի» հեղինակները ցույց են տալիս նաև մյուսներին, որոնք կարեկցում են գերեվարված տղային ու ատելություն չեն զգում ո’չ նրա, ո’չ առհասարակ ադրբեջանցիների հանդեպ: Օրինակ` նախկին բաքվեցի բժիշկը, զննելով վիրավոր Իսմայիլին, շշնջում է, որ ինքը դեմ է պատերազմին, իսկ «գլխավոր չարագործի» զարմուհին խղճում է Իսմայիլին ու ատում նրան տանջող հորեղբորը:
Այնուամենայնիվ, այս թեմայով լավագույններից լավագույնն է համարվում Վագիֆ Մուստաֆաևի կարճամետրաժ «Ամեն ինչ դեպի լավն է գնում» (1997թ.) ֆիլմը: 35 րոպե տևողությամբ այս տրագիկոմեդիան խիստ տարբերվում է ղարաբաղյան պատերազմի թեմայով Ադրբեջանում նկարահանված բոլոր այլ ֆիլմերից: Թեև, ըստ էության, այն ոչ թե բուն պատերազմի, այլ դրա վերաբերյալ թիկունքում գտնվող մարդկանց արձագանքի մասին է:
Սխալմամբ Բաքվում է հայտնվում հայ զինվորի դիակով դագաղը, ու ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ է պետք անել այդ դագաղի հետ: Այն տանում-բերում են քաղաքով մեկ, փորձելով ինչ-որ տեղ թողնել, իսկ ընթացքում ռուսերեն են խոսում` հանգուցյալի հանդեպ հարգանքից ելնելով: Այդ ամենը տեղի է ունենում ճուտիկների մասին մանկական ուրախ երգի ներքո: Ի վերջո, որոշում են դիակը հայկական կողմին հանձնել ու փոխանակել «յուրայինի» հետ:
Բանականությամբ հասկանում ես, որ այդ ֆիլմի գլխավոր հերոսը մահն է, բայց այդչափ ֆարսային միջավայրում այն մի տեսակ անիրական է թվում. կարծես, բուն պատերազմն էլ է թվացյալ, ֆարսային, դա չէր կարող ու չի կարող իսկապես տեղի ունենալ: Առնվազն` չպետք է տեղի ունենար:
«Ամեն ինչ դեպի լավն է գնում» ֆիլմը մրցանակի է արժանացել Օբերհաուզենի փառատոնին, բայց այն, երևի, շատ ավելի լավ են բնութագրում Հայաստանի հանդիսատեսից ստացված բազմաթիվ դրական ու նույնիսկ հիացական արձագանքները:
2000-ականներին Ղարաբաղի ռազմական թեմաներին առավել հաճախ անդրադարձել է ռեժիսոր Էլխան Ջաֆարովը: Նրա ֆիլմացանկում երեք այդպիսի նկար կա`
- Կարճամետրաժ ֆիլմ «Ղարաբաղն Ադրբեջանն է» (2009թ.)`գերեվարված ու խոշտանգումների արդյունքում զոհված ադրբեջանցի հերոսին նվիրված յուրօրինակ մի ռեքվիեմ:
- Լիամետրաժ ֆիլմ «Գրադ» (2012թ.) https://www.youtube.com/watch?v=AmZq4Jm8pvI ` Ագիլ Աբասի նույնանուն վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմ, որ պատմում է ադրբեջանցի կամավորների մի փոքր ջոկատի արկածների մասին:
- Լիամետրաժ ֆիլմ «Ընդհատված հիշողություններ» (2015թ.) : Այս ֆիլմի գլխավոր հերոսը`Հայրենական մեծ պատերազմի վետերանը, ժամանակին մասնակցել է Բրեստի ամրոցի պաշտպանությանը հայերի և խորհրդային այլ երկրների ներկայացուցիչների հետ միասին, իսկ այժմ տանջվում է`գիտակցելով, որ նախկին ընկերներն ու զինակիցները թշնամի են դարձել:
— Բոլոր այս ֆիլմերը (հատկապես` երկրորդն ու երրորդը) նկարահանել եմ մի գլխավոր նպատակով` պատմել երիտասարդ սերնդին Ղարաբաղի մասին: 1980-90-ական թթ. ծնված մարդիկ իրականում չեն գիտակցում, թե ինչ է կատարվում: Նրանք չգիտեն, որ ժամանակին հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրել, չգիտեն նաև, թե ինչ դժվար է եղել նրանց համար միմյանց վրա զենք բարձրացնել հետագայում: Այդ պատճառով ուզում էի, որ երիտասարդները գոնե մի քիչ հասկանան, զգան դա, այլ ոչ թե մեծանան կույր ատելության մթնոլորտում: Հիմա, կարծես, Ղարաբաղի մասին ասել եմ այն ամենն, ինչ կարող էի: Դժվար թե հետագայում նորից անդրադառնամ այս թեմային: Այլ ֆիլմերին անցնելու ժամանակն է:
Կինոթատրոններում նման ֆիլմերը շատ հազվադեպ են ցուցադրվում, լավագույն դեպքում` որևէ փառատոնի շրջանակներում: Ռեժիսորի խոսքով, այդ պատճառով էլ ինքն ու իր գործընկերները հույսը դնում են հեռուստատեսության ու համացանցի վրա` դրանց միջոցով «ներթափանցելով» պոտենցիալ երիտասարդ հանդիսատեսների տները:
Էլխան Ջաֆարովը Ղարաբաղյան հակամարտության մասին
Գրականություն
Գրականության հարցում իրավիճակը պարադոքսալ է: Մի կողմից, նման նպատակ ունենալու դեպքում կարելի է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված բազմաթիվ գրքեր գտնել, սակայն դրանցից շատերն այսպես կոչված «սամիզդատ» են, որոնց գոյության մասին չգիտի ոչ միայն հանրությունը, այլև հրատարակիչներն ու ոլորտի այլ մասնագետները:
Բազմաթիվ բանաստեղծություններ կան, որ դպրոցական դասագրքերում են ընդգրկվել, ու, բնականաբար, նպատակուղղված են երեխաների հայրենասիրական զգացմունքների դաստիարակմանը: Շատ են հրապարակախոսական գործերը, թեև հակամարտության վերաբերյալ փաստագրական ամենահայտնի գիրքը (համենայն դեպս, լրագրողների ու թեմային առնչվող այլոց շրջանում) Թոմաս դե Վաալի «Սև այգին» է համարվում, այսինքն` ոչ տեղացի հեղինակի գիրքը:
Առանձին, «զավեշտի» պիտակի ներքո կարելի է նշել «Արտուշ և Զաուր» վեպը, որը շատ աղմուկ հանեց ութ տարի առաջ, իսկ այժմ գրեթե մոռացված է: Այն հանրությանը կրկնակի սադրանք էր հրամցնում. գլխավոր հերոսները համասեռական զույգ էին` հայ և ադրբեջանցի: Հեղինակի խոսքով, իր գրքով նա փորձում էր մարտահրավեր նետել կարծրատիպերին, ավելի ճիշտ` բազմաթիվ ադրբեջանցիների` անհաճո մարդկանց որպես համասեռական կամ հայ պիտակավորելու սովորությանը: Վեպը հրատարակվեց 2009թ., և ինչպես պատմում էին այն ժամանակ գրախանութների տերերը` մարդիկ գնում էին այդ գիրքը գրեթե պահպանակի նման, ամաչելով ու «քողարկելով» այն Նիցշեի ու Սթիվեն Քինգի գրքերի արանքում: Ընդ որում, բոլորին ամենից շատ հուզում էր…հմմ…զույգի դերերի բաշխումը: Մի խոսքով, մի լավ զվարճանք էր: Այսօր, ճիշտ է, քչերն արդեն կհիշեն «Արտուշի և Զաուրի» մասին ղարաբաղյան հակամարտության համատեքստում:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող միայն մեկ վեպ կա, որն այնքան աղմուկ է բարձրացրել, որ դրա մասին գիտեն արդեն նույնիսկ ընդհանրապես գիրք չկարդացող մարդիկ: Խոսքն Աքրամ Այլիսլիի «Քարե երազների» մասին է, որի պատճառով հեղինակը հայրենիքում բանադրանքի ենթարկվեց, մինչդեռ արտասահմանում պատրաստվում էին նրան Նոբելյան մրցանակի առաջադրել: Ադրբեջանցի շատ ընթերցողների կարծիքով, այս վեպը հայ ժողովրդի առաջ յուրատեսակ ապաշխարանք է հանդիսանում: Այս ռեքվիեմ-վեպի (ինչպես ինքն Այլիսլին է այն անվանել) իրադարձությունները ժամանակային երկու շերտերում են ծավալվում.
- 20-րդ դարի սկզբում ադրբեջանական Այլիս գյուղում, որտեղ բազմաթիվ հայեր կային, և
- 1989թ. Բաքվում, երբ նոր էր սկիզբ առնում հակամարտությունը հայերի ու ադրբեջանցիների միջև:
Իր հերոսների շուրթերով հեղինակը ողբում է Այլիսի երբեմնի բնակիչ հայերին, ինչի պատճառով որոշ քննադատներ համեմատում են նրան Օրհան Փամուկի հետ:
Սկսնակ գրող Ագիլ Հաջիևը երազում է, որ մի օր իր ստեղծագործությունը համաշխարհային ճանաչում կունենա: Իսկ մինչ այդ նա կարողացել է այն հրապարակել միայն Բաքվում. այս տարվա հունվարին լույս է տեսել հեղինակի առաջին` «Նա Խոջալուից էր» վեպը:
Վեպն իր հրապարակմանն էր սպասում գրեթե տասը տարի: Հաջիևն այն գրել է այն ժամանակ, երբ առաջնագծում ծառայության ընթացքում բազմաթիվ պատմություններ է լսել պատերազմի մասին, և ամենակարևորը, դուրս գրված գնացքի վագոնում ապրող փախստականների է հանդիպել: Հեղինակի վրա հատկապես մեծ տպավորություն է գործել դեռահաս մի պատանի, որի ընտանիքը զոհվել էր Խոջալուում: Հենց այդ տղան էլ վեպի գլխավոր հերոսն է դառնում: Արդյունքում ստացվում է մի պատմություն անիմաստ, ու ներգրավված բոլոր անձանց, այդ թվում հենց վրիժառուի նկատմամբ անողոք վրեժխնդրության մասին:
— Սկզբում այս գիրքն արտասահմանյան ընթերցողի համար էի գրում: Հասկանում էի, որ այդ հանրությանը չի կարելի ստանդարտ արյունալի «սարսափ-պատմություն» ներկայացնել այն մասին, թե ինչքան լավն են ադրբեջանցիներն ու ինչքան վատը`հայերը: Առավել ևս, որ դա այդպես չէ` երկու ազգերում էլ թե’սրիկաներ և թե’ ազնիվ մարդիկ կան: Այդ պատճառով իմ վեպում ես դրական կերպարներ եմ ներկայացրել երկու կողմերից էլ: