Ի՞նչ է նշանակում արտակարգ դրությունը․ ինչի՞ իրավունք ունեն և չունեն Վրաստանի բնակիչները
Արտակարգ դրություն է հայտարարվել Վրաստանի տարածքում մարտի 21–ից մինչև ապրիլի 21–ն այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահը համաձայնել է վարչապետի այս առաջարկին։
Այսպիսով, վրացական իշխանությունները փորձում են կասեցնել կորոնավիրուսի համաճարակը։
Հստակ հրահանգները խորհրդարանում քննարկվելու են մոտակա օրերին։ Իսկ մինչ այդ ներկայացնում ենք այն, ինչ հայտնի է հիմա․ ի՞նչ արգելքների մասին է խոսքն ու ինչո՞ւ են կոշտ միջոցներ անհրաժեշտ։
«Մենք պետք է պատրաստ լինենք համաճարակի երկրորդ ալիքին, երբ վարակվածների թիվն ավելանալու է, և վարակը սուր համաճարակի ձև է ստանալու», — հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Գլխավոր նպատակը մարդկանց միջև շփումները կրճատելն է
Արտակարգ դրություն հայտարարելու պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակման 48 դեպք կար։ Գրեթե երկու հազար մարդ (1,966) կարանտինի մեջ է կամ վարակման վտանգի տակ։
Մի քանի օր է՝ առողջապահական համակարգի ներկայացուցիչները հայտարարում են, որ Վրաստանում վարակի տարածման նոր փուլ է սկսվել․ հիվանդանում է տեղի բնակչության մի լայն շրջանակ, այլ ոչ թե նրանք, ովքեր վարակվել են արտասահմանում։
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելուց առաջ էլ էին լուրջ սահմանափակումներ գործում։ Դպրոցներն ու համալսարանները փակ են արդեն ավելի քան երկու շաբաթ, արգելված է միկրոավտոբուսների երթևեկությունը, փակ են բոլոր խանութներն ու արտադրությունները՝ բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների և բանկերի մի քանի մասնաճյուղերի։
Արտակարգ դրության հիմնական նպատակը մարդկանց միջև շփումները նվազեցնելն է՝ վարակի տարածումը կանխելու համար։
Մեկ վայրում՝ ոչ ավելին, քան տասը մարդ
Հիմնական սահմանափակումներից մեկը․ մեկ վայրում կարող է հավաքվել ոչ ավելին, քան տասը մարդ։
Այս արգելքը տարածվում է այդ թվում նաև եկեղեցական հավաքների վրա։ Այդ պատճառով էլ չի կայանալու Զատկի պատարագը, որին սպասում էին ուղղափառ հավատացյալները մարտի 22–ին։
«Միաժամանակ տասը հոգուց ոչ ավելին» կանոնը վերաբերում է նաև խանութներին և դեղատներին։ Ընդ որում, մարդիկ պետք է միմյանցից ոչ պակաս, քան երկու մետր հեռավորության վրա գտնվեն։ Այս մասին պարտավոր են հոգ տանել օբյեկտների տերերը։
Այս սահմանափակումը նշանակում է, որ չպետք է անցկացվեն հարսանիքներ և այլ տոնակատարություններ։ Թաղման արարողություններին մարդիկ պետք է հավաքվեն բացօթյա տարածքներում և միմյանցից որոշակի հեռավորության վրա լինեն։
Կարելի է փողոց դուրս գալ, պարետային ժամ չկա
Վրաստանում այս փուլում պարետային ժամ չի հայտարարվում, և մարդկանց չի արգելվում փողոց դուրս գալ։
Այս փուլում արգելված է միայն միկրոավտոբուսների երթևեկությունը։ Սակայն վարչապետը զգուշացրել է, որ, եթե մարդիկ ի գիտություն չընդունեն տանը մնալու հորդորը, հնարավոր է, որ տեղաշարժի սահմանափակումներ կիրառվեն։
Սեփականության իրավունքի հնարավոր սահմանափակում
Սա նշանակում է, որ եթե իրավիճակը վատթարանա, պետությունն իրեն իրավունք է վերապահում կարանտինի և բուժման համար օգտագործել մասնավոր հյուրանոցները, հիվանդանոցներն ու այլ սեփականությունը։
Լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակում չկա
Արտակարգ դրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում տեղեկությունների տարածման և լրագրողների աշխատանքի համար։
Արտակարգ դրության պահանջները չկատարելու համար նախատեսված պատիժը
Պահանջները չկատարելու համար տուգանքը կազմելու է 3,000 լարի [շուրջ $1,000] ֆիզիկական անձանց համար, և 15,000 լարի [մոտ $8,000] իրավաբանական անձանց համար։
Կրկնակի խախտման համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում մինչև երեք տարի ազատազրկման ժամկետով։
Օգնություն՝ համաճարակի պատճառով առանց աշխատանքի մնացածներին
Վարչապետը հայտարարել է, որ մոտ օրերին օգնության հստակ պլան կմշակվի այն քաղաքացիների համար, որոնք աշխատանքը կորցրել են համաճարակի պատճառով։
Գիորգի Գախարիան նշել է չորս առանցքային ոլորտներ, որոնք պահանջում են Վրաստանի կառավարության առանձնահատուկ արդյունավետ աշխատանքը արտակարգ դրության պայմաններում․
- Առողջապահություն (պատասխանատու է առողջապահության նախարարը);
- Քաղաքացիական կարգուկանոն և անվտանգություն (պատասխանատու է ներքին գործերի նախարարը);
- Սնունդ, լոգիստիկա և տրանսպորտ (պատասխանատու է գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին):
- Տնտեսությանը հասցվող վնասի նվազեցում և տնտեսության հետագա արագ վերականգնում (պատասխանատու է ենթակառուցվածքների նախարար, փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին)։