Ի՞նչ է Ադրբեջանում նշանակում «դատապարտված է 7 տարով» արտահայտությունը
Երբ մենք խոսում ենք ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին, ապա պատմում ենք, թե ինչով էին նրանք զբաղվում կալանքից առաջ, որ հոդվածներով են դատապարտվել, ինչ ժամկետով: Սովորական մարդու համար դա վերացական մի վայր է, որտեղ վատ է և ավելի լավ է չհայտնվել: Բայց ի՞նչ մենք գիտենք ադրբեջանական բանտերի մասին
JAMnews-ը կպատմի, թե ինչպես են բանտում ապրում ադրբեջանցի քաղբանտարկյալները և իրականում ինչ է կանգնած «դատապարտվել է յոթ տարով» չոր պնդման ետևում:
Հակիրճ ամենահայտնի ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին.
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում, ըստ վերջին տվյալների, 162 քաղբանտարկյալ կա: Տեղի իրավապաշտպանների կողմից վերջին ցուցակի կազմման ժամանակ օգտագործվել են Եվրախորհրդի չափանիշները:
Մարդը քաղբանտարկյալ է համարվում, եթե.
- ձերբակալումը տեղի է ունեցել ուղղակի ձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և դրան կից արձանագրություններում գրանցված հիմնական երաշխիքների խախտումով
- եթե կալանքի տակ առնելու որոշումը զուտ քաղաքական պատճառներով է կայացվել առանց քրեական հանցագործության հետ կապի
- եթե քաղաքական շարժառիթներով կալանքի ժամկետի երկարությունը կամ դրա պայմաններն ակնհայտ համարժեք չեն հանցագործությանը
- եթե, մարդը ձերբակալվել է քաղաքական շարժառիթներով, այլ անձանց համեմատ խտրական հիմքով
- եթե ձերբակալությունը գործընթացների արդյունք է, որոնք ակնհայտ անարդար են, և դա, ինչպես երևում է, կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ:
Հակիրճ ամենահայտնի ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին.
Էլչին Սադիղով, փաստաբան, շատ քաղբանտարկյալների շահերն է ներկայացնում:
Նաթիգ Ջաֆարլի
Հայտնի տնտեսագետ, հրապարակախոս և բլոգեր: «Հանրապետական այլընտրանք» հասարակական շարժման կառավարման անդամ (ReAl): Կալանավորվել է 2016թ-ի օգոստոսին ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու մեղադրանքով, բանտում մեկ ամիս է անցկացրել:
Թոֆիգ Յագուբլու
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ: Կալանավորվել է 2013թ-ի փետրվարին, իսկ 2014թ-ի մարտին դատապարտվել 5 տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանության աշխատակիցների հանդեպ բռնություն կիրառելու մեղադրանքով: Նրան Իլգար Մամեդովի հետ մեկտեղ մեղադրել են 2013թ-ի հունվարին Իսմայիլի շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ազատ է արձակվել ներում շնորհելու միջոցով 2016թ-ի մարտին 15 այլ քաղբանտարկյալների հետ միասին:
Յադիգար Սադիղով
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդի խորհրդական, համատեղությամբ հայտնի լրագրող և բլոգեր Լենքորան քաղաքից: 2014թ-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման խուլիգանության մեղարդանքով: Ազատ է արձակվել 2016թ-ին ներում շնորհելու ճանապարհով:
«Դեպի զոնա»
Յադիգար Սադիգով. «Դա տեղի ունեցավ, երբ ես եկա 14-րդ գաղութ: Հերթապահը տվյալներս գրանցում էր գրքի մեջ: Նայեց ինձ, երևի հասկացավ, որ բարձրագույն կրթություն ունեմ, հարցրեց. «178-րդ հոդվածը («խարդախություն») գիտե՞ս: Ես պատասխանեցի. «Ես, ի՞նչ է, խարդախի նմա՞ն եմ: 221-րդն է (խուլիգանություն)»: Հետո մտածեց, որ խուլիգանի էլ նման չեմ, ավելացրեց, թե «քաղաքական» եմ»:
Կալանքի առաջին փուլը քննչական մեկուսարանն է. եթե վճիռը մեղադրական է, դատապարտյալին ուղարկում են գաղութ՝ ընդհանուր կամ խիստ ռեժիմի, կամ բանտ:
Թոֆիգ Յագուբլու. Ինձ «գիշերը բերեցին: Ես ընդհանուր առմամբ պատրաստ էի, որկալանավորելու են: Սակայն այնպես ստացվեց, որ այդ ընթացքում Քյուրդախանում նստած էր նաև աղջիկս՝ Նիգյարը: Կանանց մեկուսարանը նույնպես այնտեղ է, պարզապես ուրիշ կորպուսում: Ես հենվեցի պատին և մտածեցի. «Միգուցե պատից այնկողմ նա՞ է»: Ընդհանրապես, կալանավայրում գտնվելու ժամանակահատվածում երեխաներիդ տեսնելը ծանր է, երբ նրանք քեզ հետ միասին ճաղերից այսկողմ են»:
Ադրբեջանում ընդհանուր 21 հազարից ոչ պակաս բանտարկյալ կա (Կարմիր Խաչի 2016թ-ի հաշվետվության համաձայն): Տարբեր ռեժիմների 20 գաղութ կա, մեկ բանտ, 5 քննչական մեկուսարան և մեկ ուղղիչ գաղութ երեխաների համար:
Գաղութներում տարածքով կարելի է քայլել օրվա ցերեկային ժամերին, իսկ բանտարկյալներն ապրում են 20-100 հոգու համար հաշվարկված բարաքներում: Բանտը (Գոբուստանի հայտնի բանտը) նեղլիկ բանտախցեր ունի՝ առանց զբոսանքի իրավունքի:
Բաքվեցի բանտարկյալները, որպես կանոն, հայտնվում են Քյուրդախանի ավանի №1 քննչական մեկուսարանում: Տեխնիկապես, դա բանտ է. բանտախցերը հաշվարկված են մարդկանց տարբեր թվի համար, զբոսանքի համար տեղ նախատեսված չէ, այսպես կոչված «բանտախցային ռեժիմ է»: Բանտարկյալները, որպես կանոն, այդ վայրը հենց բանտ են կոչում:
Էլչին Սադիգով. «Ադրբեջանում կալանավայրերի մեծ մասը կառուցվել է նախքան Ադրբեջանի անդամակցումը ԵԽ-ին: Այսինքն՝ հին խորհրդային չափանիշներով: Համար 8, 12, 13 և 14 գաղութներում ընդհանրապես ահավոր պայմաններ են: Նրանք բոլորը գտնվում են Ղարադաղի շրջանում, որտեղ շատ քարհանքեր կան: Այդ վայրերում նույնիսկ բնակելի տներ չկան. ամենուրեք քարի փոշի է, որը շատ վնասակար է թոքերի համար:
Այն պատճառով, որ շատ կոմունիկացիոն համակարգեր արդեն իրենց դարն ապրել են, ջրամատակարարման խափանումներ են լինում, կոյուղին շարքից դուրս է եկել: Տարածքում սարսափելի հոտ է գալիս, ամռանը շատ են միջատները:
Ինչ վերաբերում է տեղին, եվրոպական չափանիշների համաձայն, մեկ բանտարկյալին բաժին պետք է ընկնի 7 քառակուսի մետր տարածք: Իսկ մեզ մոտ մինչև հիմա խորհրդային չափանիշներ են գործում, և յուրաքանչյուրին 4 կամ ավելի քիչ քառակուսի մետր տարածք է հասնում: Անգամ հանգուցյալին գերեզմանում 5-ն է հասնում: Քանի որ տեղը չի հերիքում, բանտարկյալները ստիպված են հերթով քնել:
Մեկուսարանների բանտախցերում օդափոխության համար փոքր պատուհան կա, և դա ամբողջ հարմարություններն են: Ջեռուցումը միացնում են նոյեմբերի 15-ին:
Եթե բանտախցերում սալիկներ կամ սառնարան կա, ապա դրանք բերել են բանտարկյալների հարազատները, սակայն դա թույլատրվում է ոչ բոլորին, միայն արտոնյալներին, իսկ նրանք արդեն կարող են իրենց բանտակիցներին թույլ տալ օգտվել այդ իրերից: Եվ պետք է ասել, որ քաղբանտարկյալներն արտոնյալների ցուցակում չեն: Նրանց նույնիսկ ռադիոընդունիչ չի թույլատրվում ունենալ»:
Թոֆիգ Յագուբլու. «Քյուրդախանիում բախտս բերել էր, բանտախցում մենակ էի: Ճիշտ է, ոչ ոք ինձ չէր դիմավորում, թեյ չէր պատրաստում: Սակայն ինձ հարմար էր: 9 ամիս մենակ նստեցի: Սակայն չէի ձանձրանում: Գրքեր էի կարդում, մարմնամարզություն անում, մաքրում էի հատակը մահճակալի տակ, զուգարանն ամեն օր մաքրող հեղուկով լվանում էի»:
Նաթիգ Ջաֆարլի. «Լվացարանը ժամով էր: Յուրաքանչյուրին պլաստմասե դույլ են տալիս, ինչ հասցրիր լցնել, դա է, այդ ջրով էլ պետք է լվացվել: Երեկոյան 7-ին մեկ ժամով ջուր են տալիս: Ասում էին, որ ձմռանն ավելի լավ է, սակայն ես դա չտեսա: Ես բանտ ընկա օգոստոսին, և դա վատ շրջան էր: Բանտախցեր կային, որտեղ 8 մարդ էր նստած, նրանք տառապում էին ջրի բացակայությունից: Այդպիսի իրավիճակ է գրեթե ամենուր. գաղութում, որտեղ նստած է Իլգար Մամեդովը, նույնպես ջրի խնդիր կա»:
Քյուրդախանիում և գաղութներում հատուկ VIP բանտախցեր կան՝ քոթեջներ. դրանք ճաղեր չունեն, ներսում եվրավերանորոգում է: Դրանց «վարձը» ամսական 500 մանաթ է:
Թոֆիկ Յագուբլու. «Ես ընկա 13-րդ գաղութ, որը հայտնի է իր վատ պայմաններով: Սակայն կարելի է ասել, որ ես ինքս եմ ընտրել այն: Սովորաբար, երբ մեկուսարանից տեղափոխում են գաղութ, մոտավորապես հաղորդում են, թե ով որտեղ պետք է նստի: Երբեմն գաղութները կարելի է ընտրել: Երբ ինձ տեղափոխեցին Շուվելյանի քննչական մեկուսարանից, ինձ տարան կաբինետ, մեքենան կանչեցին և ասացին. «Դու ընտրություն ունես. նստել մեքենան, գնալ տուն թեյ խմելու կամ գնալ տասներեքերորդ գաղութ»: Ես հասկացա, որ տուն գնալու դիմաց նրանք ինձնից ինչ-որ բան կպահանջեն, այդ պատճառով էլ ասացի. «Դեպի զոնա»:
Ղարադաղի շրջան
Ադապտացիա
Շատ քաղբանտարկյալներ ասում են, որ սպասում էին կալանքին, այդ պատճառով էլ բանտում հայտնվելու միտքը նրանց մոտ սարսափ չէր առաջացնում:
Յադիգար Սադիգով. «Յուրաքանչյուրը յուրովի է հարմարվում: Ես, որի համբերությունը նույնիսկ հիվանդանալիս չէր հերիքում տանը պառկել, զարմանալիորեն թեթև եմ տարել: Ինձ թվում է՝ մարդու տրամադրվածությունը նշանակություն ունի: Պետք է հարմարվել այն մտքի հետ, որ քեզ, հնարավոր է, տարիներ են սպասվում բանտախցում: Այդ ժամանակ հեշտ կլինի: «Թե երբ եմ դուրս գալու» միտքը բանտարկությունն անտանելի է դարձնում:
Նաթիգ Ջաֆարլի. «Առաջին օրերին ես կարանտինում էի, այդ նույն կորպուսում էր նաև պատժախուցը: Երբեմն լսվում էր, թե ինչպես են ինչ-որ մեկին խփում, նա գոռում է, դա հոգեբանորեն շատ էր ճնշում»:
Սնունդը
Թոֆիգ Յագուբլու. «Երբ ես նստած էի, նոր էին բացել Շեքինի քննչական մեկուսարանը (2013թ.): Այնտեղ իրոք ամեն ինչ օրինակելի կերպով էր արված՝ մաքուր և կոկիկ: Բացումից հետո մեզ տարան ճաշարան: Ես մտածեցի, միգուցե այսպիսի բանտում սնունդն էլ լավը լինի: Բայց ուտելիքն անպիտան էր: Ինչպես ամենուր»:
Յադիգար Սադիգով. «Մեկուսարանում նախաճաշի համար մթերքը տալիս են 10 օրը մեկ. շաքարավազ, կարագ, թեյ: Բայց սարսափելի որակի և այնքան քիչ, որ հերիքում էր միայն 2-3 օրվան: Ճաշը տանելի էր, սակայն ընթրիքից գրեթե միշտ հրաժարվում էինք: Մի օրում բանտարկյալին մեկ սև հաց է հասնում: Իսկ գաղութում սնունդն այնքան վատն էր, որ ես այն ընդհանրապես չէի ուտում, ինքներս էինք մի բան անում, գնում էինք:
Ընդհանրապես, օրենքի համաձայն, փող ունենալ չի կարելի: Գաղութում դատապարտյալի աշխատած կամ հարազատների փոխանցած բոլոր փողերը պետք է պահվեն նրա հաշվին: Այդ գումարով էլ կարելի է առևտուր անել գաղութի բակի խանութից: Կախված ռեժիմից (ընդհանուր, խիստ) կարելի է միայն որոշակի գումարի առևտուր անել: Բանտերում աչք են փակում բանտարկյալների մոտ փողի առկայության վրա, և խանութում ոչ մի սահմանափակում չկա:
Հիմնականում սպիտակ հաց են գնում, ծխախոտ, շաքարավազ, թեյ, ձու: Ընդհանրապես, գնել կարելի է ամեն ինչ՝ վարունգից և լոլիկից մինչև պաղպաղակ: Պարզ է, որ մոնոպոլիայի պատճառով գներն էլ են սովորականից բարձր»:
Թոֆիգ Յագուբլու. «Հատկապես վատ վիճակում են անապահովները: Սնունդ բերում են շաբաթը մեկ, իսկ սառնարանները բոլորին չեն հերիքում: Իսկ ողջ ուտելիքը միանգամից չեն կարող ուտել, այն փչանում է, մթերքը փտում է, այն դեն են նետում, սարսափելի աղտոտություն և հակասանիտարիա է առաջանում»:
Փոխհարաբերությունները բանտում
Ինչպես պատմում են քաղբանտարկյալները, բանտակիցները և բանտի «աշխատակազմը» նրանց հարգանքով են վերաբերվում:
Նաթիգ Ջաֆարլի. «Ինձ «դուք»-ով էին դիմում, ասում էին. «Մենք ձեր գրածները կարդում էինք»: Պատահում էր, որ բանտապահները, որոնք գիշերն էին հերթափոխում, բացում էին «կերակրատաշտը» (պատուհան, սնունդ փոխանցելու համար), խնդրում էին պատմել մանաթի, նավթի, Ադրբեջանի ապագայի մասին: Երեք աշխատակիցներից երկուսը ճանաչում էին, ինչ-որ մեկը հեռուստացույցով էր տեսել: Բանտապահները հաճախ զարմանում էին. «Մուալիմ [«ուսուցիչ»՝ հարգալից դիմում կրթված մարդուն — խմբ.], ձեզ ինչո՞ւ են կալանավորել»:
Ամենաշատը նյարդայնացնում էր, երբ սպաներից մեկն ասում էր. «Ինչի՞դ էր այդ ամենը պետք, հանգիստ նստեիր քեզ համար:
Երբ բանտում էի, լսեցի, որ Թուրքիայում սպանել են Ռովշան Լենքորանցուն
[ադրբեջանցի օրենքով գող – խմբ.]: Ասում էին, որ բանտում նրա համար սուգ են պահում: Սակայն բանտում կատարվող ամեն ինչը վերահսկում են մարմինները: Եթե ինչ-որ մեկը սկսի «գողական գաղափարներ առաջ քաշել», նրան միանգամից պատժախուց են տանում»:
Թոֆիկ Յագուբլու. «Իմ բախտը բանտակիցների հարցում բերել է 13-րդ գաղութում: Մենք՝ 7 բանտարկյալներս, միասին էինք նստած. ես էի, Իլկին Ռուստամզադեն, Անար Մամադլին, Փարվիզ Խաշիմլին, Աբդուլ Աբիլովը, Ֆարաջ Քերիմլին, Ալի Ինսանովը: Ամեն օր հավաքվում էինք, զրուցում թեյի շուրջ: Յուրաքանչյուր նոր քաղբանտարկյալի գրկաբաց էին դիմավորում:
Մնացած բոլորի հետ հարաբերությունները նորմալ էին: Հասկանալի է, որ մեծ մասամբ բանտարկյալները բարդ ճակատագրով հանցագործներ են: Նրանց մեջ և խելացի, և կրթվածներն են հանդիպում: Սակայն առավել հաճախ նրանք փողոցում մեծացած մարդիկ էին, որոնք չէին ստացել ծնողների ուշադրություն կամ կրթություն: Ինքներդ եք պատկերացնում, թե ինչպիսին են նրանք: Ոմանք չգիտեին ժամացույցի թվացույցով ժամ որոշել:
Ընդհանրապես, «ոչ քաղաքական» բանտարկյալներն իրենց գաղափարներն ու հոգսերն ունեն: Եթե ինչ-որ մեկը «սխալ է», դա լուրջ հարց է: Չնայած պաշտոնապես թույլատրված չեն մոլախաղերը, սակայն ընդունված են: Այստեղից էլ՝ պարտքերը: Եթե ժամանակին չվճարես, կարող են նաև նվաստացնել: Պարտքի գումարն ու վերադարձնելու ժամկետը նախապես են պայմանավորվում, երբեմն բանտարկյալն ինքն է խնդրում իրեն պատժախուց տեղափոխել ժամանակ ձգելու համար: Պատժախցում անցկացրած ժամանակը հաշիվ չէ: Իսկ այդ ընթացքում բարեկամներն ու հարազատները հավաքում են անհրաժեշտ գումարը: Չնայած որ պատժախցում այնքան էլ հաճելի չէ, սնունդն անտանելի է, պայմաններ չկան, շատերը նախընտրում են այն բանտակիցների հաշվեհարդարից խուսափելու համար: Սակայն մեզ՝ քաղբանտարկյալներիս, դա չէր վերաբերում:
Ղեկավարությունը նույնպես մեզ նորմալ է վերաբերվում: Նրանք գիտեն, որ եթե անգամ բանտի դռները բաց թողնեն, քաղբանտարկյալները, միևնույն է, չեն փախչի:
Գլխավոր բանը, որը մեզ միավորում է այլ բանտարկյալների հետ, այն է, որ «սովորական» կալանավորները նույնպես չեն սիրում պետությունը: Նրանց պատկերացմամբ, իշխանությունը թշնամական ուժ է, որը նրանց բանտ է նստեցրել: Իսկ բանտը հաճելի վայր դժվար է անվանել: Հատկապես, որ մենք՝ «քաղաքականներս», շատ ենք պատմել արևմտյան քրեակատարողական համակարգի, այնտեղի բանտերի և կալանավայրերի պայմանների մասին: Որ դու նստած ես սառնարանով և հեռուստացույցով բանտախցում, իսկ հանգստյան օրերին գնում ես տուն:
Ես բոլորի հետ հարգալից էի խոսում՝ անկախ նրանից, թե ով է իմ առջև: Դուք-ով էի դիմում, բոլորին բեյ էի ասում [հարգալից դիմելաձև տղամարդուն – խմբ.], չնայած որ մնացածն ինձ դու-ով էին դիմում: Ես ժարգոն չէի օգտագործում: Օրինակ, բանտային լեզվով զուգարանը՝ «հյուսիսն» է, իսկ ես այն «զուգարան» էի անվանում:
Դեռևս երբ Քյուրդախանիում էի, ինձ տեղի հեղինակության նամակը փոխանցեցին. դրա կեսը ռուսերեն ժարգոնով էր գրված, մի մասն էլ՝ ադրբեջաներենով: Ես շատ սիրալիր պատասխանեցի, որ տեղյակ չեմ այն ամենից, ինչ նամակում նկարագրված էր: Սկզբում հեղինակությունը վրդովվեց “բեյ” դիմելաձևից, սակայն հետո, հասկանալով, թե ինչն ինչոց է, մնացածներին հրամայեց ինձ չանհանգստացնել»:
Հանդիպումներ
Նաթիգ Ջաֆարլի. «Կնոջս թույլ էին տալիս շաբաթը մեկ ինձ այցելել, ընկերներիս՝ ոչ: Ես 8 փաստաբան ունեի: Արդյունքում նրանք գալիս էին ամեն օր, ես նրանց հետ միասին նստում էի օդափոխվող սենյակում, թեյ խմում, և մենք պարզապես կյանքից էինք զրուցում»:
Թուրքան Ռուստամզադե՝ քաղբանտարկյալ Իլկին Ռուստամզադեի քույրը. «Հանդիպման վայրը 5-6 սեղաններով և նստարաններով սենյակ է: Հարազատների կողքը կարելի է նստել, ժամանակը սահմանափակ չէ, մինչև երեկոյան հինգը: Հսկիչները միշտ մեր կողքին են»:
Էլչին Սադիգով. «Հիմնանակնում հանդիպումների սահմանափակումներ են լինում ոստիկանական բաժանմունքում նախքան մարդուն մեկուսարան կամ գաղութ տեղափոխելը: Վերջին ժամանակներս բանտարկյալների վիճակն այդ առումով վատացել է. առաջին օրերին ընդհանրապես հնարավոր չէ զանգահարել, իսկ հետո՝ միայն հսկողության տակ և նախապես պայմանավորված համարներով: Քյուրադախանիում դժվար է հանդիպում ունենալը: Ստիպված ես ժամերով սպասել»:
Ծանրոցներ
Յադիգար Սադիգով. «Կանոնների համաձայն՝ ծանրոց կարելի է շաբաթը մեկ ստանալ: Ծանրոց ստանալը սովորաբար դժվար չէ, սակայն երբեմն լավ է մի բան տալ աշխատակցին, օրինակ, մի տուփ ծխախոտ»:
Էլչին Սադիգով. «Գրքերն ու ամսագրերը բանտային գրաքննություն են անցնում: Նախկինում կարելի էր մամուլի մեծ տեսականի բերել, իսկ հիմա՝ միայն նրանք, որոնց բաժանորդագրված է քրեակատարողական հիմնարկը: Հիմնականում դրանք կառավարական թերթերն ու ամսագրերն են. «Կասպի», «Ադրբեջան» և այլն: Ինչ վերաբերում է գրքերին, ապա արգելված գրականության ցանկ կա, սակայն պաշտոնապես այն ոչ ոքի հայտնի չէ. ամեն ինչ որոշում է բանտապետը»:
Բաքու, գաղութ №6
Բժշկություն
Ադրբեջանական մամուլում հաճախ կարելի է նորություն տեսնել այն մասին, թե այս կամ այն քաղբանտարկյալին հրաժարվել են բուժում տրամադրել: Քաղբանտարկյալները պատմում են, որ հաճախ դա տեղի է ունենում բժիշկների ցածր որակավորման և դեղորայքի սղության պատճառով:
Էլչին Սադիգով. «Պատկերացրեք, որ բանտում մարդուն վերակենդանացնելու տարրական միջոցներ չունեն, եթե հանկարծ սրտի կաթված է ստացել բանտարկյալը: Բուժկետի հնարավորությունները շատ չեն, ախտորոշումը կատարում են արտաքին քննության արդյունքում: Դեղատուփում կարելի է գնել միայն ցիտրամոն և ասպիրին: Եթե տուբերկուլյոզով հիվանդներ կան, ապա նրանց պահում են մնացածների հետ: Հիվանդանոցում կարելի է պառկել, եթե իրոք շատ վատ ես զգում: Հիվանդությունների և նորմալ բուժման բացակայության պատճառով տարեկան մոտ 50-70 բանտարկյալ է մահանում»:
Յադիգար Սադիգով. «Իմ բախտը բերել է, ես ոչ մի լուրջ բանով չեմ հիվանդացել: Սակայն և բանտում, և գաղութում կարելի է բժշկի դիմել, գաղութում դա նույնիսկ ավելի հեշտ է անել: Չնայած որ ամեն ինչ անթերի չէ, բայց ավելի լավ է, քան ես սպասում էի»:
Թոֆիգ Յագուբլու. «Բանտախցում մահճակալները երկհարկանի են, ինչպես գնացքում, և միմյանց շատ մոտ են տեղադրված: Հնարավոր չէ թեքվել, հարմար դիրք ընդունել: Հաճախ հարևանիդ հետ քիթ քթի ես քնում: Իմ կողքը մի տղա էր քնում, բոլորովին երիտասարդ, այսօրվա պես հիշում եմ, նրա անունը Ֆարման էր: Նա տուբերկուլյոզ ուներ և հեպատիտ:
Պետք է նշել, որ տուբերկուլյոզով հիվանդներին բուժում են բոլոր կանոններով, սակայն չեն մեկուսացնում: Պարբերաբար անալիզներ են վերցնում, թոքերն են նկարում, դեղորայք տալիս: Տարին մեկ ուղարկում են տուբերկուլյոզային դիսպանսեր: Բանտարկյալները նախապես տառապում են՝ իմանալով, որ այնտեղ են հայտնվելու, քանի որ պայմանները շատ խիստ են, նույնիսկ ծեծում են կանոնները խախտելու համար: Երբեմն որպես պատիժ դիսպանսեր են ուղարկում նաև առողջներին»:
Ինչո ՞վ զբաղվել
Նաթիգ Ջաֆարլի. «Բաշխիչ կայանից հետո ես երկտեղանի բանտախցում մի երիտասարդի հետ էի նստած: Նա ոչ գրել գիտեր, ոչ կարդալ, նրա հետ պարապում էի օրական երկու ժամ, նա ինքն էր ինձ խնդրում: Նա զարմանում էր, որ ես անընդհատ գիրք եմ կարդում. ինձ համար շաբաթական 3-4 գիրք էին բերում: Ես ամեն ինչ կարդում էի՝ և գեղարվեստական գրականություն, և կենսագրություններ, մի խոսքով, այն ամենն, ինչի համար ժամանակ չէր լինում ազատությունում»:
Բանտի տարածքում երկու սրճարան կա, մեկը՝ սովորական, մյուսը՝ «գլամուր»: Սովորականը իրենք՝ բանտարկյալներն, են կազմակերպել, ինքներն էլ այնտեղ աշխատում են: Այնտեղ հեռուստացույց կա, ցույց են տալիս միայն տեղական ալիքները:
«Գլամուր» սրճարանում 10 մանաթի դիմաց կարելի է ֆիլմ դիտել մեծ պլազմային էկրանի վրա, այդ գումարի մեջ է մտնում մի թեյնիկ թեյ և թխվածք:
Նաթիգ Ջաֆարլի. «Ինձ համար բանտում հանգիստ էր: Այնտեղ հին խորհրդային ռադիո կար, դրանով ջազ էի լսում և, ցավոք, «գողական» երգեր. ինչ կար, դա էլ լսում էի: Հեռուստացույցով հիմնականում սպորտային հաղորդումներ, ֆուտբոլ և նորություններ էի դիտում»:
Բռնություն
Էլչին Սադիգով. «Կտտանքներն ու ծեծը հիմնականում ոստիկանությունում է լինում: Քրեակատարողական հիմնարկում այդպիսի փաստերը հազվադեպ են հանդիպում: Սակայն կարող է վատ վերաբերմունք դրսևորվել, առանց հիմքերի կարող են պատժաախուց նստեցնել:
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությանը, այն քիչ բան է տալիս. անցկացվում է բանտարկյալին ծեծելուց մեկ ամիս անց, իսկ այդ ընթացքում բոլոր վերքերը լավանում են, և փորձաքննությունը սովորաբար ոչինչ ցույց չի տալիս»:
Նաթիգ Ջաֆարլի. «Իլգար Մամեդովին առաջին ժամանակները ծեծում էին: Դրանից հետո նա մեջքի խնդիրներ ունեցավ: Որակավորված բուժօգնություն չէին ցուցաբերում, ուժեղ ցավեր ուներ: Երկար պայքարելուց հետո հնարավոր եղավ միայն հասնել նրան, որ հին խորհրդային կախված մահճակալի վրա փայտե տախտակներ դրեցին:
Երկու անգամ նրան պատժախուց են տարել երեք և մեկ օրով: Սակայն երբ փոխվեց բանտի ղեկավարությունը, ֆիզիկական բռնություն չկար»:
Յադիգար Սադիգով. «Բանտարկյալների համար դժվար է արդարության հասնելը: Որպես կանոն, բանտարկյալի ողջ նամակագրությունը պետք է վերահսկվի: Եթե անգամ նրան հաջողվի իր բողոքը փոխանցել ինչ-որ կառույցների, պետական ծառայությունները միմյանց պաշտպանելու են: Մյուս կողմից, բանտարկյալները հակված չեն բողոքելու, որ իրենց վիճակը էլ ավելի չվատանա»:
Ընտրություններ
Թոֆիկ Յագուբլու. «Քեզ քվեախուց են մտցնում, տալիս արդեն պատրաստ քվեաթերթիկը: Դու պետք է նշես միակ հնարավոր թեկնածուին, դա ստուգվում է: Եթե հրաժարվես քվեարկել կամ ուրիշի անուն նշես, քեզ պատժախուց կամ ծեծ է սպասվում»: