Ժողովրդավարության մակարդակի ցուցանիշները Հարավային Կովկասի երկրներում վատթարանում են
FREEDOM HOUSE-Ի ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Ապրիլի 11-ին Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն ամենամյա հաշվետվություն է հրապարակել անցումային փուլում գտնվող երկրների մասին: Դրանում վերլուծվում է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում, որոնցում քաղաքական ռեժիմը բնութագրվում է որպես հիբրիդային (մասնակի ժողովրդավարական):
Այդ հաշվետվությունում են հայտնվել Հարավային Կովկասի, Մերձբալթյան, Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի երկրներն ու Ռուսաստանը: Վերլուծվել է մի քանի ցուցանիշ. ընտրությունների ազնիվ լինելը, քաղաքացիական հասարակության զարգացվածությունը, ԶԼՄ-ների անկախությունը, դատական համակարգը, կոռուպցիայի մակարդակը: Ցուցանիշները գնահատվում են 7-բալանոց սանդղակով (7-ը վատագույն ցուցնիշն է):
Անցումային փուլում գտնվող երկրներում ժողովրդավարության ընդհանուր մակարդակը, հաշվետվության համաձայն, նվազել է: 29 երկրներից վատագույն արդյունքը Թուրքմենստանինն է՝ 6.96, լավագույնն՝ Էստոնիայինը՝ 1.82:
Թուրքմենստանից մի փոքր ավելի լավ վիճակում է ադրբեջանական ժողովրդավարությունը: Վերջին տասը տարում բոլոր թվարկված ցուցանիշները երկրում վատթարացել են: Եթե 2009թ-ին ժողովրդավարության վարկանիշն Ադրբեջանում կազմում էր 6.25 բալ, ապա, ըստ նոր հաշվետվության, 2018թ-ին այն հասել է 6.93 բալի:
Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցնում մեկուկես բալով, սակայն նույնպես ժողովրդավարության մակարդակի հետ ապված լուրջ խնդիրներ ունի: Հաշվետվության հեղինակները պնդում են, որ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյա ժամկետում երկրում վատթարացել են բոլոր վերլուծվող ցուցանիշները՝ ԶԼՄ անկախությունից բացի:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանում ոչ ընտրությունների թափանցիկության ավելացում է եղել, ոչ երկրում մարդու իրավունքների հետ ապված իրավիճակի բարելավում:
Վրաստանում, ի տարբերություն Հարավային Կովկասի մյուս երկրների, ժողովրդավարությունն առավել զարգացած է: Սակայն այստեղ նույնպես ժողովրդավարության վարկանիշը նախորդ տարվա համեմատ վատթարացել է. այն 4.61-ից աճել է մինչև 4.68 բալ:
Երկրում զգալիորեն վատթարացել է լրատվամիջոցների անկախության ցուցանիշը: Դրա հիմնական պատճառներն իշխանության հանդեպ քննդատորեն տրամադրված «Ռուսթավի-2» հեռուստաալիքի վրա գործադրվող ճնշումն է և Թբիլիսիի կենտրոնից ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումը:
Freedom House-ի կարծիքով՝ Վրաստանում աճել է նաև դատական համակարգի քաղաքականացվածության մակարդակը, ինչը բացասաբար է անդրադառնում երկրում ժողովրդավարության վիճակի վրա: