Ժենգյալով հաց
Սակայն ժամանակները փոխվում են, և երիտասարդներից միայն նրանք են կարողանում պատրաստել, ովքեր հետաքրքրվում են խոհանոցով ընդհանրապես և ովքեր ցանկանում են պահպանել հայրենիքի ավանդույթները: Իսկ մեծ սերնդի ներկայացուցիչների շրջանում շարունակվում է առողջ մրցակցությունը` յուրաքանչյուր տնտեսուհի վստահ է, որ հենց ինքն է ճիշտ ու ամենալավը պատրաստում լոշիկները:
Անյա Գրիգորյանը կատակում է. «Ինչ ինձ հիշում եմ՝ ժենգյալով հաց եմ թխում: Իսկ ուտում եմ ես միայն իմ պատրաստածը»: 64-ամյա Անյան հպարտանում է իր լոշիկներով, ասում է, որ պատրաստման ընթացքը մի ամբողջ արարողակարգ է, որը նրան երիտասարդ տարիքում սովորեցրել է տատը:
Ահա Անյայի բաղադրատոմսը: Նա 13 տեսակի կանաչի է կտրատում, որը նախապես լավ լվանում է ու չորացնում: Ահա այստեղ է լոշիկի պատրաստման հիմնական բարդությունը: Բանն այն է, որ ղարաբաղցի կանայք մինչև 20 տարբեր տեսակի կանաչի են օգտագործում: Ընդ որում, դրանց մի մասն, ինչպես նրանք պնդում են, աճում է միայն իրենց մոտ, մնացած կանաչեղենի անունները իրենց բարբառով են նշում, ինչը հնարավորություն չի տալիս հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, եթե, իհարկե, դուք պրոֆեսիոնալ բուսաբան չեք:
Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք բավարարվել այն տեսակի կանաչիների թվարկմամբ, որոնք հնարավոր է նույնականացնել: Դա համեմն է, եղինջը, ճակնդեղի թևերը (միայն տերևներն առանց ցողունների, որպեսզի լոշիկը չկարմրի), թրթնջուկը, ավելուկը, սպանախը: Սակայն կարող եք ավելացնել ձեր նախընտրած կանաչիները՝ բացառությամբ մաղադանոսի: Այն չի կարող լինել այս բաղադրատոմսում:
Անյան կտրատած կանաչու վրա ավելացնում է մանրեցրած սոխ, մի փոքր ձեթ, աղ ու պղպեղ: Ասում է՝ ոմանք այս զանգվածին ավելացնում են նաև նռան հատիկներ ու սալորից պատրաստած թթու լավաշ:
Խմորը շատ պարզ է, այն պատրաստվում է ալյուրից, ջրից ու մի փոքր աղից: Խմորը հունցելուց հետո Անյան այն կես ժամ թողնում է՝ հանգստանա, հետո մասերի է բաժանում ու գրտնակում: Այստեղ մեկ այլ գաղտնիք է թաքնված. խմորը պետք է ոչ հաստ լինի, ոչ էլ այնքան բարակ, որ լոշիկը պատռվի: Բացած խմորի մի կեսի վրա լցնում են կանաչ միջուկը, որի վրա է բերվում լոշիկի երկրորդ մասը, ծայրերը ամուր իրար կպցնում:
Լոշիկները պետք է թխել շիկացած թավայի վրա՝ երկու կողմից: Հիմա արդեն երկար սպասել պետք չի լինի: Թխվելու ընթացքում աներևակայելի համեղ հոտ է գալիս, որը տարածվում է բակով մեկ: Իսկ տեղացիները արագ են ճանաչում, թե դա ինչ հոտ է՝ ծանոթ ու հարազատ մանկությունից:
Անյան առանձնահատուկ ընդգծում է, որ ժենգյալով հացը մատուցում են կարմիր գինու հետ: Մաղթում ենք ձեզ հաճելի ժամանակ անցկացնել խոհանոցում՝ որի արդյունքում կվայելեք ժենգյալով հացի բույրն ու համը: