Թրաֆիքինգը Հայաստանում․ փաստեր, թվեր, փորձագիտական գնահատական
Թրաֆիքինգի դեպքերը և պատիժը Հայաստանում
Մարդկանց թրաֆիքինգը աշխարհում ամենաարագ աճող հանցագործություններից մեկն է: Այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում: Մարդկանց թրաֆիքինգից և շահագործումից զերծ չէ որևէ երկիր, սակայն, որպես կանոն, հանցագործության զոհ են դառնում չզարգացած և զարգացող երկրների քաղաքացիները:
Հայաստանում ևս 2023 թ.-ին թրաֆիքինգի դեպքերի աճ է գրանցվել: Իրավիճակի գնահատական, փաստերի և թվերի վերլուծություն։
- Թրաֆիքինգը Հայաստանում․ անհամարժեք պատժվող երևույթ
- Աննկատ բռնություն. ինչո՞ւ Հայաստանում չեն բացահայտվում թրաֆիքինգի դեպքերը
- Ինչպե՞ս են Երևանում օգնում բռնության ենթարկված կանանց․ անձնական պատմություններ
Անպաշտպանները. ովքե՞ր են զոհականացվում
2023 թ.-ին ՀՀ ոստիկանությունը բացահայտել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մի քանի խմբակային դեպք: Դրանցից մի քանիսը վերաբերում են կանանց սեռական շահագործմանը, մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց համար Հայաստանում աշխատանք գտնելն իսկական փորձություն է: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատանքային զբաղվածություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 8 %-ը միայն:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարկադիր շահագործման դեպքը, որը դեռ նախաքննական փուլում է, բացահայտվել է ոստիկանության ջանքերով: Հաշմանդամություն ունեցող երեք տղամարդիկ նույնականացվել են որպես թրաֆիքինգի զոհ և ստացել համապատասխան աջակցություն: Նրանցից մեկը շարունակում է բնակվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց կացարանում և ստանում անհրաժեշտ բոլոր ծառայությունները:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կացարանում այսօր ապաստանում է թրաֆիքինգի ենթարկված երեք մարդ: Հենց այստեղ նրանք ստանում են բնաիրային օգնություն, հոգեբանական և խորհրդատվական աջակցություն, մասնագետներն օգնում են նաև անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման և վերականգման, ինչպես նաև՝ աշխատանքի տեղավորվելու և բնակության վայրի հարցը լուծելու հարցում:
Ի՞նչ է թրաֆիքինգը
Թրաֆիքինգը մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր հանցագործություն է, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ամբողջ աշխարհում մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի, նրանց 30 %-ը երեխաներ են։
Թրաֆիքյորներն այն մարդիկ են, որոնք զբաղվում են մարդկանց վաճառքով կամ շահագործմամբ: Կան նաև միջնորդներ, որոնք օգնում են առևանգել զոհին, այնուհետև փոխանցել թրաֆիքյորին՝ հետագա շահագործման համար:
Խարդախությամբ, խաբեությամբ նրանք գրավում են զոհերին, որոնք շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական կարգավիճակի մասին։ Հարկ է նշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ ծանոթ են լինում զոհին, որն էլ նրանց վստահում է: Թրաֆիքյորները հավաքագրում են զոհերին՝ ուժի, խարդախության, հարկադրանքի միջոցով և ենթարկում շահագործման՝ սեռական կամ աշխատանքային:
Բացահայտվել են շահագործման այնպիսի ձևեր, ինչպիսիք են հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը և վաճառքը, երեխաների ապօրինի որդեգրումը և շահագործումը մուրացկանություն անելու պարտադրանքի ձևով:
Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` նշանակություն չունի ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը և ո՛չ էլ սեռը։ Սակայն զոհականացման առավել հակված են կանայք և երեխաները, տարեցնեն ու հաշմանդամություն ունեցող անձինք։ Դա հատկապես հաճախ է տեղի ունենում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, խոցելի մյուս խմբերի ներկայացուցիչների հետ։ Օրինակ, սոցիալապես անապահով, տարբեր սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն ունեցող անձանց: Մի խոսքով՝ անպաշտպանների:
Հայաստանում անձին պաշտոնապես թրաֆիքինգի կամ շահագործման զոհ կարող է ճանաչել միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը՝ հատուկ ցուցիչների միջոցով։
Թրաֆիքինգը Հայաստանում՝ թվերով
2023 թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում հանձնաժողովի կողմից 20 մարդ ճանաչվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհ: Նրանցից 11-ը տղամարդիկ են, 9-ը՝ կանայք: 2-ը երեխաներ են, 3-ը հոգեկան առողջության խնդիրներ են ունեցել:
Հայաստանում թրաֆիքինգի ամենատարածված ձևերը շարունակում են մնալ սեռական և աշխատանքային շահագործումը: Այսպես, արձանագրված 20 դեպքերից 17-ը եղել են հարկադիր աշխատանքի, 3-ը՝ սեռական շահագործման դեպք:
Անցյալ տարի Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդրին էր անդրադարձել նաև Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագետների խումբը՝ GRETA–ն։ Հրապարակվել էր Հայաստանի վերաբերյալ զեկույց, որում հատկապես շեշտվում էր․ այստեղ թրաֆիքինգի զոհերի՝ հանցագործներից փոխհատուցում ստանալու հնարավորությունը մնում է պատրանք:
Նախորդ 5 տարիներին թրաֆիքինգի ոչ մի զոհ փոխհատուցում չի ստացել: Այս գործերով չեն եղել այնպիսի դատավճիռներ, որոնք կհանգեցնեին գույքի բռնագրավման:
Պետության ջանքերը. ինչպե՞ս կանխարգելել և պաշտպանել
Հայաստանում օրենսդրությամբ թրաֆիքինգի զոհերի համար սահմանվում է աջակցության ամբողջական փաթեթ։ Գործընթացը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այն բանից հետո, երբ անձը Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից ճանաչվում է որպես թրաֆիքինգի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, նա կարող է օգտվել պետության կողմից տրամադրվող աջակցությունից։ Այն ներառում է
- կացարանի տրամադրում,
- բնաիրային օգնություն,
- անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում,
- բժշկական օգնություն և սպասարկում,
- հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնություն,
- թարգմանչական ծառայությունների մատուցում,
- օրենքով սահմանված պարտադիր կրթության ապահովում,
- միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական կրթության հասանելիություն,
- աշխատանքի ապահովում,
- անվտանգ վերադարձի կազմակերպում,
- միանվագ դրամական փոխհատուցում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանն ասում է, որ պետությունն ամեն տարի փորձում է կատարելագործել թրաֆիքինգի կանխարգելման և պաշտպանության մեխանիզմները, սակայն մինչ օրս բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան։ Մասնագետն առանձնացնում է հատկապես երեխաների ներգրավվածության հարցը հարկադիր աշխատանքի կամ մուրացկանության մեջ․
«Այս մասով, ցավոք, դեպքերը շատ են և դրանց կանխարգելման, բացահայտման կամ համաչափ արձագանքման ուղղությամբ պետությունը բավարար մեխանիզմներ դեռևս չունի։ Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հենց այս խնդիրներն են արձանագրված ԱՄՆ պետեպարտամենտի ամենամյա զեկույցում։ Առանձին անդրադարձ կա նաև մեր խնամքի հաստատություններում գտնվող երեխաների սեռական շահագործման և հարկադիր աշխատանքի դեպքերին, որոնք, ցավոք, արձանագրվել են այս տարի»։
Չնայած 2023 թ․–ին բացահայտված դեպքերից միայն 2–ն է վերաբերում երեխաների թրաֆիքինգին, ակնհայտ է, որ խնդիրը երևույթի բացահայտելիությունն է, ոչ թե դեպքերի պակասը։
Անդրադառնալով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման արձանագրված դեպքերի ավելացմանը՝ Բոստանչյանն ասում է, որ այդ ցուցանիշը պայմանավորված է նաև պատկան մարմինների աշխատանքի բարելավմամբ և դրանց նկատմամբ մարդկանց վստահության ավելացմամբ։
«Արդեն երեք տարի է, ինչ պետությունն ամբողջապես հոգում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց համար նախատեսված կացարանի ծախսերը։ Մինչ այդ պետությունը համաֆինանսավորում էր դա։
Այս տարի պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է շուրջ 37 մլն դրամ։ Բացի այդ, թրաֆիքինգի ենթարկված անձանց նաև դրամական միանվագ աջակցություն է տրամադրվում՝ 250 հազար դրամ՝ առաջին անհրաժեշտության կենցաղային կարիքները հոգալու համար: Այս տարի դրամական աջակցություն տրամադրվել է մեկ մարդու, ևս երկու դիմում այս պահին ընթացքի մեջ է, իսկ ընդհանուր առմամբ միանվագ դրամական աջակցություն նախատեսված է այս տարի տրամադրել 5 շահառուի»,– ասում է Բոստանչյանը։
Ըստ նրա՝ 2023-ին թրաֆիքինգի ենթարկված անձինք հատկապես դիմել են պետպատվերի շրջանակում անվճար առողջապահական ծառայություններ ստանալու համար։ 2023 թ․–ի առաջին 9 ամիսներին անվճար բուժօգնության ուղեգիր է տրվել 5 մարդու։
Պաշտոնյան ասում է՝ որպես առավել խոցելի խումբ դիտարկվում են նաև ՀՀ–ում գտնվող այլազգիները, որոնք հատկապես աշխատանքային միգրացիայի նպատակով են գալիս Հայաստան։ 2023 թ․–ին միայն Հնդկաստանից շուրջ 60.000 մարդ է եկել Հայաստան, հենց այդ պատճառով այսօր քննարկումներ են ընթանում Հայաստանում Հնդկաստանի դեսպանության հետ՝ հնդիկների համար առանձին իրազեկման ակցիա իրականացնելու համար՝ աշխատանքային թրաֆիքինգի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։
Այս տարի առաջին անգամ Հայաստանում փորձարկվել է նաև մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ինքնանույնացման համակարգը։ Փորձագետները նշում են, որ սա կարևոր քայլ է, քանի որ թրաֆիքինգը շարունակում է մնալ լատենտ երևույթ, և հաճախ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ դարձել են թրաֆիքինգի զոհ։
Փոքրիկ հարցաշարը թույլ կտա յուրաքանչյուր մարդու ինքնուրույն հասկանալ՝ արդյոք իր նկատմամբ կա՞ հարկադրանք կամ թրաֆիքինգ հիշեցնող որևէ այլ վերաբերմունք։
ԱՄՆ պետդեպարտամենտը կարծում է՝ աշխատում են, բայց ջանքերը բավարար չեն
«Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Նախորդ հաշվետու շրջանի համեմատ կառավարությունն ընդհանուր առմամբ մեծացրել է իր ջանքերը, ուստի, դասակարգման սանդղակում Հայաստանը պահպանել է իր դիրքը 2-րդ խմբում»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում:
Ըստ զեկույցի՝ կառավարությունն ամբողջությամբ չի բավարարել թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին մի շարք առանցքային ուղղություններում։
Խնդիրները, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հիմնականում կապված են հանցագործության բացահայտելիության, համարժեք պատժի և արդար դատավարության գործընթացի հետ։
«Պատկան մարմինների կողմից ավելի քիչ կասկածյալների վերաբերյալ են անցկացվել քննություններ ու քրեական հետապնդումներ, նույնացվել են ավելի քիչ թվով զոհեր։ Դատավորները թրաֆիքինգի համար դատապարտվածների նկատմամբ որպես պատիժ կիրառել են պրոբացիա (փորձաշրջան), որը չի նպաստում այս հանցագործության կանխմանը կամ համարժեք կերպով չի արտացոլում այս հանցանքի էությունը, արձագանքման առաջին օղակում գտնվողները բնակչության խոցելի խմբերի շրջանում թրաֆիքինգի ցուցիչների մասով հետևողական քննազննում չեն ապահովել»,– ասվում է զեկույցում։
Որպես հավաստում՝ Պետդեպը բերում է 2022 թ․–ի վիճակագրությունը, որի համաձայն՝ պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 8 գործ, որից 4-ը սեռական թրաֆիքինգի գործեր էին, 4-ն առնչվում էին հարկադիր աշխատանքին։ Այս թիվը նվազել է 2021 թ.–ի համեմատությամբ, երբ քննվել էր 15 գործ։
Բացի այդ, շարունակվել է քննությունը նախորդ տարիներին հարուցված 6 գործերով։ Քրեական հետապնդում է իրականացվել 4 մեղադրյալի նկատմամբ, որից 2-ը մեղադրվում էին սեռական թրաֆիքինգի, 2-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի մեջ։ Այս թիվը ևս նվազել է 2021 թ.–ի 8 քրեական հետապնդման դեպքերի համեմատ։
2022 թ․–ին 6 հոգու նկատմամբ պատկան մարմինները շարունակել են քրեական հետապնդումը դեռևս նախորդ տարիներից։ Դատարանի կողմից դատապարտվել են 2 հոգի՝ աշխատանքային թրաֆիքինգի իրականացման համար։ Իսկ 2021 թ. 1 հոգի դատապարտվել էր սեռական թրաֆիքինգի իրականացման համար և 1 հոգի՝ աշխատանքային թրաֆիքինգի համար։
Ի դեպ, դատավորները սկզբում թրաֆիքինգում մեղավոր ճանաչվածներից մեկին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման, իսկ մյուսին՝ 5, իսկ հետո այդ պատիժները համապատասխանաբար փոխարինվեցին 5 և 2 տարվա փորձաշրջանով։ Դա, ըստ փորձագետների, չի նպաստում հանցանքը կանխելուն և համարժեք պատիժ չէ՝ հաշվի առնելով հանցանքի բնույթը։
Զեկույցում առանձին անդրադարձ կա հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հարկադիր աշխատանքի աղմկահարույց դեպքին, որից հետո դատապարտվել են հոգեբուժական հաստատության կադրային կառավարման հարցերով պաշտոնյան և տնօրենը։ Նրանք հոգեբուժական հիվանդանոցում չգրանցված վաճառասրահ էին բացել և հաստատության պացիենտներից մեկին հարկադրել աշխատել այնտեղ 2002-2018 թթ.։
ԱՄՆ պետդապարտամենտի զեկույցում անդրադարձ կա երկու օրենսդրական փոփոխությունների։ Առաջինը վերաբերում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններին, որոնցով վերջապես տրվեց «հարկադիր աշխատանքի» սահմանումը։
Մյուս փոփոխությունը վերաբերում է Քրեական դատավարության նոր օրենսգրքին, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է բոլոր բացահայտումներն ու հաղորդումները փոխանցել Քննչական կոմիտեին, որը պատասխանատու է պաշտոնապես քննություն սկսելու համար։ Փորձագետների հաղորդմամբ՝ ընթացակարգային այս փոփոխությունները, հավանական է, որ հանգեցնեին «սակավ նախաձեռնողական մոտեցման» քննությունների ընթացքում, քանի որ քննչական կոմիտեն, ավանդաբար, չի եղել զոհերի հետ շփման առաջին օղակում գտնվող կառույց։
«Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը շարունակել են ապացույցների բացակայության հիմքով կարճել կամ վերաորակավորել ոստիկանության տեղի բաժանմունքների կողմից ուղարկված թրաֆիքինգի գործերը»,– ասվում է զեկույցում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թրաֆիքինգի դեպքերը և պատիժը Հայաստանում