Թուրքիան օգնո՞ւմ է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից
Փետրվարի վերջին՝ Ուկրաինայի դեմ օկուպացիոն պատերազմի մեկնարկից անմիջապես հետո, արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցների մեծ փաթեթներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Ռուսական շատ առաջատար բանկեր դուրս մնացին SWIFT միջազգային ֆինանսական փոխանցումների համակարգից, դադարեցվեց ռուսական նավթի գնումը, որը տեղափոխվում էր հեղուկանավերով, ԵՄ անդամ երկրները սկսեցին ռուսական բնական գազի այլընտրանքային աղբյուրներ որոնել։
Բայց, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ թեկնածու, Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների մեծ մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ երկիրը կմիանա պատժամիջոցներին, եթե դրանք կիրառվեն ՄԱԿ-ի կողմից։
- «Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձ է». պատժամիջոցներ Իվանիշվիլիի ընտանիքի դեմ
- Վերադարձ բե՞մ, թե՞ քաղաքականություն․ Երևանի նախկին քաղաքապետի պլանները
- Ադրբեջանն առաջարկում է պարիսպ կառուցել Իրանի հետ սահմանին
Հակամարտության միջնորդն ու հաղորդակցման ալիքը
Չմիանալով Ռուսաստանի դեմ տոտալ պատժամիջոցներին՝ Թուրքիան Ուկրաինայի և Արևմուտքի համար դարձել է հակամարտության միջնորդ, որոշակի իմաստով՝ կողմերի միջև հաղորդակցման ալիք։
Թուրքիայի միջնորդության շնորհիվ հնարավոր դարձավ «հացահատիկի համաձայնագիրը», որի նպատակը հացահատիկի բերքի անվտանգ տեղափոխումն էր Սև ծովի նավահանգիստներից: Չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին՝ այն մեծապես կանխեց հացի պակասը աշխարհի մի հսկա տարածաշրջանում և առաջին հերթին՝ Արևելյան Աֆրիկայի երկրներում։ Այս գործարքի կնքումից հետո հացահատիկի համաշխարհային գներն ընկան, և աշխարհը խուսափեց սովի վտանգից։
Բացի այդ, Թուրքիան միջնորդ է դարձել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործում։ Մասնավորապես, հարկ է նշել Մարիուպոլում Ազովստալը պաշտպանելիս գերեվարված ուկրաինացի զինծառայողների ազատ արձակումը։ Ռուսաստանը նրանց վերադարձրեց թուրքական կողմին՝ պայմանով, որ ուկրաինական զինված ուժերի այս զինծառայողները մինչև պատերազմի ավարտը կապրեն Թուրքիայում և չեն վերադառնա մարտի դաշտ։
Թուրքիան դեր ունի՞ Ռուսաստանի՝ պատժամիջոցներից խուսափելու հարցում
Չնայած այս միջնորդական դերին՝ Ուկրաինային և Արևմուտքին մտահոգում է այն հարցը, թե արդյո՞ք Թուրքիան դարձել է համաշխարհային պատժամիջոցներից խուսափելու միջոց Ռուսաստանի համար:
Դիտարկենք որոշ վիճակագրական տվյալներ: Financial Times հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ՝ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Թուրքիայի արտահանումը Ռուսաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 46 տոկոսով։ Թուրքական Hürriyet-ը հավելում է, որ Ռուսաստանից Թուրքիա ներմուծումն անցյալ տարվա համեմատ աճել է 187 տոկոսով։
Այս թվերը վկայում են այն մասին, որ այն ժամանակ, երբ արևմտյան կոալիցիայի երկրների և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները զրոյացել են, Թուրքիան այս հարցում ռեկորդային աճ է գրանցել։ Բայց այս վիճակագրությունը չի կարող լիովին պատասխանել այն հարցին, որը շատերին է հետաքրքրում՝ արդյո՞ք Թուրքիան դարձել է արևմտյան պատժամիջոցներից խուսափելու կենտրոն Ռուսաստանի համար:
«Խաղաղություն» և ձախողված գործարք
Այն բանից հետո, երբ միջազգային ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգը դադարեցրեց աշխատանքը Ռուսաստանի հետ, այս երկրի հետ համագործակցությունը դադարեցվեց նաև աշխարհի ամենահայտնի Visa և Master Card վճարային համակարգերի կողմից։ Ռուսական բանկերն աշխատանքի անցան փոխանցումների սեփական՝ «Միր» համակարգով։
«Միր» վճարային համակարգը ստեղծվել է 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից անմիջապես հետո։ Ըստ ռուսական ֆինանսական հաստատությունների՝ դա պետք է վերջ դներ վերոնշյալ համաշխարհային վճարային համակարգերի հեգեմոնիային։
Բայց 8 տարի անց «Միր» վճարային համակարգը բացի ՌԴ-ից հաստատվեց ընդամենը վեց երկրում: Դրանք են՝ Բելառուսը, Եգիպտոսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Վենեսուելան և Կուբան։
2022 թվականի ապրիլին Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին հայտարարել էր, որ «Միր» վճարային համակարգի ներդրումը Թուրքիայում կարող է շահավետ լինել երկրի տնտեսության համար և հատկապես թեթևացնել իրավիճակը ռուս զբոսաշրջիկների համար։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց թուրքական հինգ խոշոր բանկերում «Միր» համակարգի գործարկման մասին։
Սակայն այս հայտարարությունների ֆոնին Ուկրաինայի Կենտրոնական բանկը և եվրոպացի դիվանագետները խնդրել են Թուրքիային չներդնել «Միր» համակարգը։
Թուրքական երկու խոշոր բանկերը՝ Denizbank-ը և İş Bankası-ը, վախենալով Արևմուտքի պատժամիջոցներից, արդեն հայտարարել են «Միր» վճարային համակարգի հետ իրենց ինտեգրումը կասեցնելու մասին։
Տնտեսական պայմանագիր՝ անհայտ մանրամասներով
Արևմտյան երկրներին մտահոգում է ևս մեկ հարց: Օգոստոսի 6-ին Սոչիում տեղի էր ունեցել Պուտինի և Էրդողանի հանդիպումը, և այդ հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին։ Սակայն համաձայնագրի մանրամասները այդպես էլ չհրապարակվեցին։
Սոչիի հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց ռուսական գազը ռուբլով գնելու մասին։ Այդ օրերին Թուրքիայի քաղաքացու կողմից հայտարարություն էր տարածվել «Միր» վճարային համակարգի ինտեգրման մասին։ Թե կոնկրետ ինչ էր իրենից ենթադրում «առևտրային հարաբերությունների ընդլայնում» ձևակերպումը, դեռևս մնում է անհայտ:
Եվրոպայի մտահոգությունն ու Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
Հոկտեմբերի սկզբին Եվրամիությունը հատուկ պատվիրակություն ուղարկեց Թուրքիա՝ ուսումնասիրելու Ռուսաստանի՝ Թուրքիայի օգնությամբ պատժամիջոցներից խուսափելու հնարավորության հարցը։ Եվրահանձնաժողովի ֆինանսական կայունության հարցերով հանձնակատար Մաիրադ ՄաքԳինեսը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթիի, Կենտրոնական բանկի նախագահ Շահապ Քավջիօղլուի և առևտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ։
Այդ հանդիպումների ընթացքում ՄաքԳինեսը բացահայտ կերպով մտահոգություն էր հայտնել թուրքական ընկերությունների՝ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու հարցում ռուսական կողմին ցուցաբերվող օգնության վերաբերյալ։
Ի պատասխան այս այցելության՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդիպում էր կազմակերպել արևմտյան երկրների դեսպանների հետ, որտեղ նրանց զեկուցվել էր, որ Անկարան չի խախտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը:
Նոր գազային հանգույցի կառուցման պլաններ
Վերջին օրերին Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ամենակարևոր հարցերից մեկը Պուտինի առաջարկն է՝ Թուրքիան դարձնել գազային հանգույց՝ ռուսական բնական գազը եվրոպական երկրներ տեղափոխելու համար։
Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ դրական է վերաբերվում այդ առաջարկին, և նույնիսկ առաջարկել է Տրակիան դիտարկել որպես գազի փոխադրման կենտրոնի կառուցման հնարավոր տարածք։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է նոր գազային հանգույց կառուցելու առաջարկին և խնդրել է Թուրքիային ու Միացյալ Նահանգների մյուս դաշնակիցներին չդառնալ «անվտանգ գոտի» Ռուսաստանի համար։
Թուրք էներգետիկ փորձագետ Ալի Արիֆ Աքթուրքի կարծիքով՝ ռուսական գազի փոխադրման նոր հանգույցի ստեղծումը շատ խնդրահարույց է։ Նա նշել է, որ դրա համար նախ անհրաժեշտ է նոր խողովակաշարեր անցկացնել Սև ծովի հատակով, քանի որ ներկայիս «Թուրքական հոսքը» մատակարարում է միայն Թուրքիային անհրաժեշտ բնական գազ և աշխատում է ամբողջ հզորությամբ։ Իսկ նոր խողովակաշարերը նշանակում են և՛ լրացուցիչ հսկայական ծախսեր, և՛ զուտ տեխնիկական դժվարություններ։ Աքթուրքն ընդգծել է, որ չի հավատում ակտիվ ռազմական գործողություններ վարող Ռուսաստանի նման ֆինանսական հնարավորություններին։
Իր հերթին՝ Ռուսաստանի էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսեյ Բելոգորևն ասել է, որ մի ժամանակահատվածում, երբ եվրոպական երկրները ծրագրում են ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի գնումը, հսկայական ներդրումներ պահանջող նման նախագիծ ֆինանսավորելուց առաջ նախ պետք է վստահ լինել վերջնական սպառողների հարցում: Բելոգորիևն այս նախագիծը համեմատել է «Հյուսիսային հոսք 2»-ի հետ և հավելել, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր «Թուրքական հոսք»-ը չի արժանանա նույն ճակատագրին։
ԵՄ մաքսային միություն. «Բոլոր անդամ երկրները պետք է աշխատեն միասին»
Եվրամիությունը ներկայումս դիտարկում է պատժամիջոցների հարցով Թուրքիայի հետ քննարկումները վերսկսելու հարցը։ Այդ քննարկումներում հիմնական տեղը կզբաղեցնի իր տեսակի մեջ Մաքսային միության միակ անդամ Թուրքիայի՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին չմիանալու հարցը։
Հոկտեմբերին հրապարակված ԵՄ Մաքսային միության 2022 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի նման պահվածքը կարող է խնդիրներ ստեղծել նրա համար՝ կապված միությանն անդամակցելու հետ։ Զեկույցում նշվում է, որ միության բնականոն աշխատանքը շարունակելու համար նրա բոլոր անդամները պետք է գործեն միասնական։
Մարշալի հիմնադրամի մասնագետ Քադրի Թաշթանի խոսքով՝ այս հայտարարությունները Թուրքիայի համար նախազգուշական բնույթ ունեն։ Նա հավելել է, որ դեպի Ռուսաստան Թուրքիայի արտահանման ծավալների կրկնապատկումը լրջորեն մտահոգում է Եվրամիությանը։