Թուրքիան նախագահ և խորհրդարան է ընտրում
Թուրքիան հունիսի 24-ին և նախագահ է ընտրում, և խորհրդարան: Ըստ հարցումների արդյունքների՝ իշխող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ստանալու բոլոր շանսերն ունի: Սակայն երկրորդ անգամ նախագահ դառնալ ներկայիս առաջնորդ Էրդողանի համար բարդ կլինի:
Խորհրդարանական հանրապետությունից մինչև նախագահական կառավարում
Իրականում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային միայն 2019թ-ին: Դրանք ավելի վաղ անցկացնելու և նախագահական ընտրությունների հետ համատեղելու որոշումն ընդունվեց 2018թ-ի փետրվարին:
• Էրդողանի ինչի՞ն են պետք վաղաժամ ընտրությունները: JAMnews-ի մանրամասն անդրադարձը
Մինչև 2016թ-ի հունիսի զինված հեղաշրջմանը փորձը Թուրքիան խորհրդարանական հանրապետություն էր, և երկրի ղեկավարը վարչապետն էր համարվում:
Սակայն այն բանից հետո, երբ 2016թ-ի հունիսի 15-16-ին մի խումբ զինվորականներ զինված ապստամբություն բարձրացրին Ստամբուլում և Անկարայում և իշխանության գալու անհաջող փորձ արեցին, երկրում երկարատև արտահերթ դրություն մտցվեց:
Այնուհետև 2017թ-ի ապրիլին հանրաքվե անցկացվեց և սահմանադրությունում մի քանի փոփոխություններ արվեցին: Արդյունքում՝ Թուրքիան անցում կատարեց դեպի նախագահական կառավարում: Գալիք ընտրություններն ավարտին կհասցնեն այդ անցումն, իսկ նորընտիր նախագահը կդառնա երկրի առաջին դեմքը:
Նախագահական ընտրություններին 6 թեկնածու է մասնակցում.
• Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,
• գլխավոր ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուհարրեմ Ինջ
• Թուրքիային ներքին գործերի նախկին նախարար (1996-1997), «Իյի» («Լավ») ընդդիմադիր կուսակցության նախագահ Մերալ Աքշեները,
• Ներկա պահին կալանքի տակ գտնվող նախկին պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը,
• «Սեադեթ» («Երջանկություն») կուսակցության նախագահ Թեմել Կարամոլլաօղլուն,
• «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:
Ովքե՞ր են այդ թեկնածուները և ի՞նչ շանսեր ունեն հաղթելու
Թեջեփ Թայիփ Էրդողան
2014թ-ին Թուրքիայի 12-րդ նախագահ է ընտրվել: Մինչ այդ երկիրը 11 տարի գլխավորում էր որպես վարչապետ (2003-2014):
Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ոչ միայն դուրս եկավ տնտեսական ճգնաժամից, այլ նաև ամենաբարձր արդյունքներն արձանագրեց Աթաթուրքի ժամանակահատվածից ի վեր:
2003-2009թթ-ին Թուրքիան Եվրամիության երկրների շրջանում համախառն ներքին արդյունքի լավագույն ցուցանիշն ունեցավ: Այդ նույն տարում երկիրն ամբողջությամբ մարեց Միջազգային արժութային հիմնադրամի առջև պարտքը: Քաղաքացիների սոցիալական բարեկեցության մակարդակը կտրուկ ավելացավ:
Էրդողանի վարչապետության տարիներին նոր ավտոմայրուղիներ, խոշոր կամուրջներ են կառուցվել, Մարմարա ծովի տակով արագընթաց թունել է անցկացվել:
Օդանավակայանների թիվը երկրում 25-ից հասել է 57-ի, համալսարանների թիվը՝ 70-ից 186-ի:
Սակայն 2009թ-ից այդ կայուն զարգացումը սկսեց դանդաղել, գործազրկության մակարդակը 10-ից հասավ 14 տոկոսի: Եթե 2002թ-ին ընթացիկ պակասորդը կազմում է 2 տոկոս, ապա 2014թ-ին այդ ցուցանիշը հասավ 7.9 տոկոսի:
Չնայած Էրդողանի կառավարության բոլոր ձեռքբերումներին՝ նրան իշխանության գալու առաջին օրվանից մեղադրել են բռնապետական հակումների համար:
2013թ-ին Ստամբուլում բողոքի ցույց էր «Գեզիի» այգում ծառահատումների և շինարարության դեմ: Բողոքի ակցիաները վերաճեցին երկրում ավտորիտարության դեմ ցույցի: Էրդողանը հրամայեց ցրել ցույցն, արդյունքում զոհվեց 1 ոստիկան, ցույցի 7 մասնակից, վիրավորվեց ավելի քան 9 հազար մարդ, կալանավորվեց 126 ցուցարար:
2016թ-ի հունիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ 240 մարդ զոհվեց, վիրավորվեց 2200 մարդ: Էրդողանը հրամայեց ավելի քան 100 հազար մարդու կալանավորել: Իրավապաշտպանները պնդում էին, որ նրանցից շատերին խոշտանգել են, 22 մարդ մահացել է բանտերում անհայտ հանգամանքներում:
2016թ-ի իրադարձությունները զգալիորեն ամրապնդեցին Էրդողանի՝ որպես բռնապետի իմիջը:
• Զանգվածային ցույցեր և տասնյակ կալանավորվածներ. առաջին արձագանքը հանրաքվեի արդյունքներին
Գլխավորն, ինչի համար այսօր ամենաշատն Էրդողանին քննադատում են Թուրքիայում, նրա քաղաքականությունն է, որը հակասում է Թուրքական հանրապետության հիմնադիր հայր Աթաթուրքի առաջադիմական գաղափարներին:
Խոսքը, մասնավորապես, պետությունից կրոնական ինստիտուտների տարանջատման մասին Աթաթուրքի դրույթի մասին է: Էրդողանն, ընդհակառակը, փորձեր է ձեռնարկում Սահմանադրությունում կրոնական բնույթի փոփոխություններ մտցնել:
Փորձագետներից շատերի կարծիքով՝ նորկայիս նախագահական և խորհրդարանական ընտրություններն Էրդողանի և նրա կուսակցության համար ամենաբարդն են լինելու:
Օրինակ, հայտնի լրագրող, «Սյոզչու» թերթի քաղաքական մեկնաբան Էմին Չոլաշանը գրում է, որ Էրդողանն «առաջին անգամ է, որ ընտրություններից առաջ վախենում է և տագնապալի սպասման մեջ է»:
«Նրանք հասկանում են, որ ընտրություններից որևէ մեկում պարտություն կրելու դեպքում նրանք անօգնական կլինեն, ինչպես ջրից հանված ձուկը… Նրանց թագավորությանը… չափազանց մեծ ինքնավստահությանը… կողմնակիցների հարստացմանը, մի խոսքով, ամեն ինչին վերջ կգա:
Նա կլքի պալատը: Բոլոր պետական լիազորությունները կկորցնի: Իր սեփական հաճույքի համար բյուջեից առանց փաստաթղթերի, ստացականների ծախսվող տրիլիոնները նա այսուհետ կարող է միայն երազում տեսնել»:
Չոլաշանը կարծում է, որ եթե բանը հասնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն Էրդողանի դեմ:
Մուհարրեմ Ինջե
Մուհարրեմ Ինջեն Աթաթուրքի ստեղծած և այսօրվա դրությամբ հիմնական ընդդիմություն համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն է: Նրան նախագահական ընտրություններին Էրդողանի հիմնական մրցակից են անվանում:
Ինջեն արդեն 4-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է և խմբակցության ղեկավար: Նա հայտնի է Էրդողանի կառավարության հասցեին իր փաստարկված և կտրուկ քննադատությամբ: Բացի այդ, նա հայտնի է որպես Էրդողանի հետ դեբատներում ուժեղ հռետոր:
«Սյոզչու» թերթը հրապարակել է ֆրանսիական Le Monde թերթի վերլուծական հոդվածը, որը կոչվում է «Մարդ, որն Էրդողանին մարտահրավեր է նետել», և գրում է այն բանի մեծ հավանականության մասին, որ Ինջեն երկրորդ փուլ կանցնի:
Մերալ Աքշեներ և Թեմել Կարամոլլաօղլու
Նախագահի այս երկու թեկնածուները, թեև մեծ շանսեր չունեն, սակայն նրանց գլխավորած «Իյի» և «Սաադաթ» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցում են «Միլիյեթ» դաշինքի շարքերում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության հետ միասին: Եթե Էրդողանն ու Ինջեն երկրորդ փուլ անցնեն, նրանք Ինջեին կաջակցեն:
Սելահաթին Դեմիրթաշ
Այս թեկնածուն ընտրություններին մասնակցում է բանտից: Դեմիրթաշը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդն է և ներկայացնում է Թուրքիայի քրդերի շահերը: Նա 3 գումարումների խորհրդարանի պատգամավոր է, սակայն 2016թ-ի նոյեմբերին կալանավորվել է «անկարգությունների հրահրման» մեղադրանքով:
Որպես նախագահի թեկնածու Դեմիրթաշն առանձապես մեծ շանսեր չունի: Ենթադրվում է, որ երկրորդ փուլի դեպքում նա կաջակցի Ինջեին (ավելի ճիշտ՝ Էրդողանի դեմ հանդես կգա), սակայն նա ինքն այդ առթիվ դեռ ոչ մի պատշոնական հայտարարություն չի արել:
Դողու Փորինչեք
Համարվում է ամենաաննշան և նվազագույն շանսեր ունեցող թեկնածուն:
Կանխատեսումներ
«Ռեմրես» սոցիոլոգիական խումբը նախնական հարցում է անցկացրել և դրա արդյունքի հիման վրա ենթադրել, որ նվազագույն տարբերությամբ՝ հիմնական պայքարն ընթանալու է Էրդողանի (41,8 տոկոս) և Ինջեի (41,3 տոկոս) միջև:
Երկրորդ փուլը հետազոտողներն անխուսափելի են համարում: