Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Արևելյան Երուսաղեմի տարածքում Թուրքիայի դեսպանատուն բացելու պլանների մասին: Նա այդ հայտարարությունն արել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անդամներին թուրքական շրջաններից մեկում ուղերձ հղելիս, հաղորդում է Reuters-ը:
«Մենք Արևելյան Երուսաղեմն արդեն Պաղեստինի պետության մայրաքաղաք ենք հայտարարել, սակայն մենք չենք կարողացել այնտեղ մեր դեսպանատունը բացել, քանի որ Երուսաղեմը ներկա պահին օկուպացիայի մեջ է», — հայտարարել է Էրդողանը: Երուսաղեմը 1967թ-ից ամբողջությամբ գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, որն այդ քաղաքն իր մայրաքաղաքն է համարում: ՄԱԿ-ը չի ընդունում դա և Արևելյան Երուսաղեմը համարում է օկուպացված տարածք:
Երուսաղեմի շուրջ հակամարտությունը, որը ձգվում է արդեն 50 տարի, կրկին ակտիվ փուլ է մտել այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ՝ դրանով իսկ Արևելյան Երուսաղեմն Իսրայելի տարածք ճանաչելով:
Էրդողանն իր երեկվա հայտարարությունում մի քանի անգամ ընդգծեց, որ Թրամփի որոշումները սիոնիստական է համարում:
Մի քանի օր առաջ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ գագաթնաժողովին քննարկվում էր Արևելյան Երուսաղեմի կարգավիճակի մասին հարցը: ԻՀԿ-ն Արևելյան Երուսաղեմը ճանաչել է որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք, իսկ Ռեջեփ Էրդողանը, որը ելույթ է ունեցել գագաթնաժողովին, Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել: ԻՀԿ-ին անդամակցում է 57 պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը: