Թուրքիան՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
«Մենք աշխատում ենք Ուկրաինայի հետ և վճռականորեն սատարում ենք դրա սահմանների անխախտելիությունը: Միաժամանակ մենք խորացնելու ենք երկխոսությունը մեր բոլոր հարևանների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի». Մեհմեթ Շիշմեքը՝ բարդ թեմայի շուրջ, թե ինչպես վարվել այն իրավիճակում, երբ հարևաններդ պատերազմում են:
Մեհմեթ Շիշմեքը ամենահետաքրքիր թուրք քաղաքական գործիչներից ու տնտեսագետներից մեկն է: Մինչև փոխվարչապետ դառնալը նա 6 տարի գլխավորում էր ֆինանսների նախարարությունը՝ այդ թվում աշխատելով գործող նախագահ Էրդողանի հետ: Նրան համարում են ֆիսկալ քաղաքականության ներդնողը, որը Թուրքիային օգնեց դուրս գալ 2008թ-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից:
Շիշմեքի բարեփոխումներն են հարկային կարգավորման նվազեցումը, տնտեսությունը ստվերից դուրս բերելը:
Ազգությամբ քուրդ Շիշմեքը սովորել և աշխատել է Մեծ Բրիտանիայում և լիբերալի համբավ ունի:
— Ո՞րն է այսօրվա թուրք-ուկրաինական համագործակցության առանձնահատկությունը:
— Ուկրաինան ու Թուրքիան առանձնահատուկ հարաբերություններ ունեն: Մասնավորապես այն պատճառով, որ մենք հարևաններ ենք: Պատմական համատեքստ էլ կա, ինչպես նաև Ղրիմի թաթարների հետ կապ: Երրորդը, մենք ուժեղացնում ենք առևտրային համագործակցությունը: Մեր տնտեսությունները լրացնում են միմյանց: Այդ պատճառով էլ Թուրքիան ռազմավարական ներդրումներ ունի Ուկրաինայում: Հարաբերություններն ավելի խորն են, քան պարզապես միջոցների ներդրումը: Ամենակարևորն այն է, որ Ուկրաինայի հետ այդ համագործակցությունը չի փոխվի: Օրինակ, մեր պետությունների միջև քաղաքական երկխոսությունը նույնպես հիանալի է:
— Այժմ` երկարատև կոնֆլիկտից հետո, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմություն է նկատվում: Կարծիք կա, որ դա պայմանավորված է նրանով, որ կոնֆլիկտը թուրքական տնտեսությանը վնաս հասցրեց, այդ թվում՝ զբոսաշրջությանը, գյուղատնտեսությանը: Ուկրաինան դա դա դիտարկում է այնպես, կարծես Թուրքիան սկզբունքային չէ, երբ խոսքը գնում է քաղաքականության մասին: Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Ղրիմի թաթարների հետ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: Թե՞ Թուրքիան իրոք առաջին տեղը բիզնեսին է հատկացնում՝ անտեսելով սկզբունքները:
— Ոչ, դա ճիշտ չէ: Այո, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորվեցին: Ռուսական ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո մենք ամբողջությամբ սառեցրինք մեր հարաբերությունները Մոսկվայի հետ: Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող էր կայուն լինել: Թուրքիան ու Ռուսաստանը հարևաններ են հազարավոր տարիներ: Կարծում եմ, մեր տարածաշրջանում կարևոր է լավ երկխոսություն պահպանելը:
Երկրորդ հերթին, երկու երկրների միջև հարաբերությունները չպետք է խանգարեն այլ երկրների հետ հարաբարություններին: Դա նշանակում է, որ այն ընթացքում, երբ մենք աշխատում ենք Ուկրաինայի հետ և վճռականորեն սատարում ենք նրա սահմանների անխախտելիությունը, մենք խորացնելու ենք մեր բոլոր հարևանների հետ երկխոսությունը: Չէ՞ որ խաղաղությունն ու կայունությունը հարևանների միջև ձեռնտու է ողջ տարածաշրջանին: Այսպիսով, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Ուկրաինայի հետ մեր բարիդրացիական հարաներություններին այլընտրանք չէ:
— Այսօր մենք հասկանում ենք, որ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը չաջակցեց պետական հեղաշրջման փորձին: Սակայն դրանից հետո բազմաթիվ ձերբակալություններ տեղի ունեցան, հազարավոր մարդիկ կալանորվեցին, այդ թվում նաև՝ լրագրողներ, իրավապաշտպանները խոսում էին բանտերում խոշտանգումների մասին: Խոսքը հազարավոր մարդկանց մասին է: Դուք աշխատել և ապրել եք Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում Ձեզ բավականին լիբերալ քաղաքական գործիչ են համարում, ինչպե՞ս կպատասխանեք այս հարցին:
— Դուք մի քանի բան հիշատակեցիք, այդ պատճառով էլ թույլ տվեք պարզաբանել: Մենք վճռականորեն դեմ ենք խոշտանգումներին: Վճռականորեն: Նույնիսկ բռնի հեղաշրջման փորձի մեղավորների հանդեպ մենք առաջնորդվելու ենք ժողովրդավարական սկզբունքներով և օրենքով: Դրանում կասկած չկա:
Սակայն մարդիկ, որոնք կալանավորել են, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն դավադիրների գաղտնի ցանցի հետ, որը ուժային հեղաշրջում էր պլանավորում: Դրա ապացույցները կան:
Մեր պարագայում դա ընդդդիմությունից կոշտ միջոցներով ձերբազատվելու փորձ չէ իշխանության կողմից: Հուլիսի 15-ին տեղի ունեցածը շարքային իրադարձություն չէ. մի խումբ զինված զինվորականներ, որոնց աջակցում էին արդարադատության մարմինները, ինչպես նաև այդ գաղտնի կրոնական պաշտամունքի լրատվամիջոցները փորձում էին ոչնչացնել ժողովրդավարական բարքերը՝ շրջանցելով օրենքի գերակայությունը:
Միևնույնն է, մենք օրենքին հավատարիմ ենք լինելու: Մենք համաձայն ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկբունքներին հետևել: Այդ կրոնական պաշտամունքը (խոսքը գնում է գյուլենականների մասին, որոնք թուրք աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներն են – խմբ.) 1970-ականներից ներթափանցել էր մի շարք կառավարական կառույցներ, այդ թվում նաև՝ բանակ, արդարադատության մարմիններ և ոստիկանություն: Բանը միայն դա չէ: Դա նաև մեծ բիզնես-խումբ է, որն ունի բանկ, մի շարք տեղեկատվական ռեսուրսներ և նույնիսկ համալսարաններ: Նրանք գրեթե հազար քոլեջ և նախապատրաստական դպրոցներ ունեն: Այդ շարժումը գործում է 170 երկրներում, սակայն Թուրքիայում նրանք ուզում էին իշխանությունը զավթել՝ պետական հեղաշրջման փորձ անելով:
Այդ պատճառով միայն պատկերացրեք, դուք ապրում եք Կևում, և ինչ-որ մի խումբ հարձակվում է ձեր խորհրդարանի վրա՝ օգտագործելով F-16 կործանիչներ, ուղղաթիռներ, տանկեր՝ սպանելով ավելի քան 240 անմեղ մարդ և վիրավորելով 2200 քաղաքացիական անձ: Եթե այդ խումբը նման կերպ փորձեր ազատվել լեգիտիմ, ժողովրդավարական ուղով ընտրված կառավարությունից, դուք ինչպե՞ս կարձագանքեիք նման հանցագործ գործունեությանը: Իհարկե դուք նրանց կհետապնդեիք:
Սակայն ամեն ինչ պետք է օրենքին համապատասխան արվի: Թուրքիան հավակնում է Եվրամիություն մտնել, նա Եվրոպայի խորհրդի անդամ է, ինչպես նաև մենք ընդունել ենք միջազգային իրավունքի գերակայությունը ներքին օրենսդրության հանդեպ:
Հենց այդ պատճառով մենք կկիրառենք ՄԻԵԴ-ի որոշումը: Բոլոր նրանք, ում ապացույցների հիման վրա հեռացրել են կառավարական պաշտոններից հեղաշրջման հետ կապ ունենալու կամ գաղտնի ցանցի անդամ լինելու համար, կարող են բողոքարկել այդ որոշումն՝ ըստ օրենքի: Եթե մենք սխալ ենք գործել, կշտկենք այն:
— Թուրքիայում քրդերի հանդեպ խաղաղ գործընթացը երկար տարիներ է ձգվում, և ահա ռազմական արշավին Թուրքիայի մասնակցության պատճառով քրդական հարցը սրվել է: Թուրքիայում այսօր խոսում են, որ դա երկրի կարևորագույն հարցերից մեկն է: Ի՞նչ քաղաքականություն է վարում կառավարությունն այս ուղղությամբ:
— Նախևառաջ, Թուրքիան կոնֆլիկտ չունի քրդերի հետ: Ես ազգությամբ քուրդ եմ, Թուրքիայի փոխվարչապետն եմ եղել: Մենք առաջին երկիրն ենք եղել, որն աջակցություն է ցուցաբերել իսլամական պետության դեմ Իրաքում քրդական տարածաշրջանային կառավարության պայքարին: Մենք քրդերին ինչպես ռազմական, այնպես էլ ֆինանսական օգնություն ենք փոխանցել, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ԻԼԻՊ-ին Մոսուլում, Քիրկուկում և Հյուսիսային Իրաքում: Մենք օգնել ենք Իրաքի քրդերին: Մենք թշնամություն չենք անում նաև Սիրիայի քրդերի հետ: Մենք եղբայրներ ենք:
Ում հետ մենք իրոք կոնֆլիկտ ունենք, Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է: ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է, որը ԵՄ, ՄԱԿ և ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է: ՔԱԿ-ը ձգտում է զավթել Թուրքիայի տարածքի մի մասը:
Մեր կարծիքով, քրդերի ապագան Թուրքիայում ավելի բարգավաճ, ժողովրդավարական և հանդուրժող թուրք ազգի շրջանակում է, այլ ոչ թե նոր պետությունների ի հայտ գալու, որոնք հիմնված են էթնիկ կամ կրոնական սկզբունքների վրա: Նման ապագան Մերձավոր Արևելքում քաոս կառաջացնի, և երկրները միջկրոնական թշնամանքի և էթնիկ ծագման հիման վրա բաժանելու փորձ կնշանակի: Դա, կարելի է ասել, անդադար կոնֆլիկտի կոչ է:
Մեզ մոտ հաշտեցման գործընթաց էր գնում, սակայն, ցավոք, ՔԱԿ-ը շահարկումներ էր անում. նրանք ավելի շատ էին զինվում, նոր մարդիկ էին հավաքագրում և հող էին նախապատրաստում ուժային լուծման համար:
Մերձավոր Արևելքի ապագան պետք է եվրոպական մոդելի վրա կառուցվի, որը հակառակն է այն բանի, ինչ տեղի է ունենում հիմա: ԵՄ-ը 28 անդամ-երկիր ունի, դրանց տարածքներում հարյուրավոր էթնիկ խմբեր և կրոնական տարբեր խմբեր կան: Թուրքիան հայտարարում է, որ նույնպես հետևում է այդ կանոններին:
Հրապարակվել է 15.10.2016