Թուրքական իշխանությունները աշխատանքից հեռացրել են Գյուլենի հետ կապի համար կասկածվող 4.5 հազար պետծառայողի
Թուրքական իշխանություններն աշխատանքից ազատել են ևս գրեթե 4.5 հազար պետական ծառայողի, որոնք կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման և նախորդ տարվա ամռանը պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար:
Արտակարգ դրության մասին նոր հրամանի համաձայն՝ աշխատանքից հեռացված 4464 աշխատակիցների թվում են կրթության նախարարության 2500 աշխատակից, ժանդարմերիայի 900 աշխատակից, հատուկ ծառայությունների, ՆԳՆ և այլ գերատեսչությունների ավելի քան 400 աշխատակից:
Ավելի վաղ հեղաշրջման փորձին հետևած զտումների շրջանակներում Թուրքիայի իշխանությունները կալանավորել են ավելի քան 40 հազար մարդ, ինչպես նաև աշխատանքից ազատել են մոտ 100 հազար պետծառայող: Նրանց բոլորին մեղադրում են Գյուլենի հետ կապի համար: Զտումների զոհերի թվում են բազմաթիվ ուսուցիչներ, ոստիկաններ, դատավորներ և լրագրողներ:
Ֆեթուլլահ Գյուլենը գրող է, նախկին իմամ և քարոզիչ, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենը ողջ աշխարհում դպրոցների և համալսարանների ցանց է հիմնել: 2008թ-ին Prospect և Foreign Po licy միջազգային պարբերականները նրան ամենաազդեցիկ ինտելեկտուալ են ճանաչել:
Գյուլենը դեմ է արտահայտվում կրոնական էքստրեմիզմի և իսլամի քաղաքականացմանը: Նա ավանդական թուրքական իսլամ է քարոզում և այն դիտարկում է որպես ապրումակցման և սոցիալական աջակցության կրոն: Նա այլ դավանանքների և մարդկանց հետ այլ տեսանկյունից երկխոսության կողմնակից է:
2014թ-ին թուրքական դատարանը Գյուլենին իշխանության զավթման մեղադրանքով կալանավորելու թույլտվություն է տրամադրել:
2016թ-ի մարտին Էրդողանը Գյուլենին մեղադրեց Թուրքիայի քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջանում անկարգություններ կազմակերպելու համար: Նույն տարվա հուլիսին իշխաանությունները նրան մեղադրեցին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: