«Ոչ թե ներխուժում, այլ մեծ ճնշում Հայաստանի վրա»․ Թոմ դը Վաալի կարծիքը
Թոմ դը Վաալի վերլուծությունը
«2024 թ․-ին Հայաստանն առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ: Երկրին անկասկած սպասում են բազմաթիվ մարտահրավերներ»,- կարծում է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։
«Ազատութուն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ այս տարի ՀՀ-ն կանգնած է ամենադժվար ընտրությունների առաջ, «ինչ-որ տեղ վտանգավոր» պահ է։
Ի թիվս այլ հարցերի՝ փորձագետը խոսել է Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Խաղաղության համաձայնագրերի կեսից ավելին խափանվում են 5 տարվա ընթացքում»
Նման արձանագրում է արել Թոմ դը Վաալը՝ նշելով, որ այդ վիճակագրությունը շատ հայտնի է կոնֆլիկտաբանության մեջ։ Նրա փոխանցմամբ՝ այն բավականին բարդ համաձայնագրերի կնքման հիման վրա է ձևավորվել։
Ուստի կարծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը միայն սկիզբն է, անհրաժեշտ է դրա իրականացում։
Թով դը Վաալն ասում է՝ հայկական կողմն ուզում է պայմանագրի միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ դիտորդական ներկայություն սահմանին, ինչը «կբարձրացնի զսպման գործոնը ու հետ պահի Ադրբեջանին ուժի կիրառումից»։
Փորձագետի գնահատմամբ՝ Երևանը փորձում է հնարավորինս միջազգայնացնել հարցը, Բաքուն ընդդիմանում է։
«Եվ այստեղ մենք տեսնում ենք լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն ասում է՝ ոչ, մեզ պետք չէ որևէ միջազգային պայմանագիր կամ մեզ պետք են տարածաշրջանային լուծումներ, որոնց տակ նկատի ունեն Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ բացառելով Արևմուտքը։ Սա է հիմնական խնդիրը»,- պարզաբանել է նա։
Վերադարձի իրավունքը՝ պայմանագրի մաս
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին՝ Թոմ դը Վաալը նշել է՝ արցախցիների մեծամասնությունը ներկայիս պայմաններում չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ ադրբեջանական տիրապետության տակ․
«Միգուցե նրանք կուզենային այցելել, հետ ստանալ իրենց ունեցվածքը, գուցե ցանկանան այցելել ընտանեկան գերեզմաններ կամ տեղափոխել այդ գերեզմանները Հայաստան: Բայց չեմ կարծում, որ որևէ մեկը խոսում է մոտալուտ վերադառնալու իրավունքի մասին»։
Նրա կարծիքով՝ վերադարձի իրավունքի նկատմամբ պետք է լինի որոշակի միջազգային վերահսկողություն, այն պետք է լինի ընդհանուր և համապարփակ, այսինքն՝ վերաբերվի բոլորին։
«Դա ներառում է ընդհուպ 1988-1990 թվականներին տեղահանվածներին: Այնպես չէ, որ շատերը կցանկանան վերադառնալ Բաքու, Սումգայիթ։ Բայց կարծում եմ, որ իրավունքը պետք է հաստատվի միջազգայնորեն, և դա կլինի ապագա խաղաղության համաձայնագրի մի մաս»,- շեշտել է Թոմ դը Վաալը։
«Բռնի ուժով Մեղրին վերցնելը շատ ռիսկային է Բաքվի համար»
Ասում է՝ Թոմ դը Վաալն ու հիշեցնում՝ այն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է։ Մյուս կողմից նկատում է՝ ամեն բան հնարավոր է․ Ադրբեջանը դեռ ուժեղ է, Հայաստանը՝ թույլ։
«Եթե ուժով եք վերցնում այն, ուրեմն ձեզ այնպես եք պահում, ինչպես Ռուսաստանը Ուկրաինայում։ Նաև, եթե ուզում եք երկաթգիծ կառուցել և ուզում եք միջազգային աջակցություն այդ երկաթուղու համար, ապա չպետք է տարածք բռնակցեք։ Դուք չեք կարող ստիպել Համաշխարհային բանկին և այլ մարդկանց համագործակցել ձեզ հետ երկաթուղու կառուցման գործում»,- մանրամասնում է փորձագետը։
Ըստ նրա՝ փորձելով ՀՀ-ին ստիպել ընդունել ադրբեջանական պայմանները՝ Բաքուն օգտագործում է հարկադրանքի ռազմավարություն և «ռուսական քարտը»․
«Ռուսաստանն ու Ադրբեջանը հստակ պայմանավորվել են այդ հարցում։ Իսկ դա Հայաստանի համար դժվար է, քանի որ ռուսներն արդեն տեղում են, նրանք ունեն սահմանապահ զորքեր։ Ավելի քիչ եմ ակնկալում լայնածավալ ներխուժում և ավելի շատ մեծ ճնշում եմ ակնկալում Հայաստանի վրա՝ դա ընդունելու համար»։
Ենթադրում է՝ Հայաստանի արևմտյան գործընկերների խնդիրը հետևյալն է՝ կարո՞ղ են դրա դիմաց ՀՀ-ին առաջարկել ինչ-որ բան՝ «այլընտրանքային ռազմավարություն», որի համաձայն՝ այդ ճանապարհը կկառուցվի, բայց կդառնա ոչ միայն ադրբեջանա-ռուսական, այլև միջազգային ճանապարհ։
Հայաստանի հարավը «վճռորոշ երթուղի» է
Քարնեգի հիմնադրամի փորձագետից հետաքրքրվել են՝ ի՞նչ է լինելու ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ Սյունիքի մարզը վերադարձել է օրակարգ, իսկ մեծ տերությունների քաղաքականությունն այդ տարածաշրջանը դարձրել է աշխարհաքաղաքական առումով նշանակալի վայր: Թոմ դը Վաալը պատասխանել է՝ մի քանի տարի առաջ ո՞վ կհավատար, որ Կապան քաղաքում կտեսնենք Եվրամիության, Իրանի դրոշներ, ռուսների ներկայություն և ֆրանսիացիները կուզեն այնտեղ հյուպատոսություն բացել։
Ասում է՝ կրկնվում է այն, ինչ եղել է 1919-20 թթ․-ներին, Սյունիքը դառնում է «միջազգային մրցակցության և դիվանագիտության կենտրոն»․
«Իսկ ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Դա վճռորոշ երթուղի է ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղությունների համար»։
Հիշեցնում է՝ Նախիջևանի Ջուղան ԽՍՀՄ-ն ու Իրանը կապող երկաթուղային սահմանային անցակետ էր, արդեն 30 տարի է, ինչ այնտեղով գնացքներ չեն անցել։ Թոմ դը Վաալի կարծիքով՝ եթե Սյունիքով անցնող երկաթգիծը վերակառուցվի, ապա Ջուղան կրկին կդառնա Ռուսաստանի և Իրանի երկաթուղային անցումը․
«Այնպես որ, Ռուսաստանն ու Իրանը կրկին հայացք են նետում դեպի այդ տարածաշրջան։ Ադրբեջանի համար դա Թուրքիայի հետ կապն է, իսկ Արևմուտքի համար՝ նաև Արևելք-Արևմուտք նոր կապուղի՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա»։
Շեշտում է՝ այս փոքրիկ՝ 43-կիլոմետրանոց երկաթուղին բոլորին է սկսում հետաքրքրել, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ փակվել են Արևելք-Արևմուտք բոլոր կապերը։ Հենց դա է պատճառը, որ բոլորի ուշադրությունը սևեռվել է դեպի Հայաստանի հարավ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թոմ դը Վաալի վերլուծությունը