Թե ինչպես էին ցրում Թբիլիսիի ցույցը։ JAMnews-ի ֆոտոռեպորտաժը
Նոյեմբերի 18-ին հատուկջոկատայինները ցրել են Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող բազմահազարանոց ցույցը։
Ցույցը սկսվել է նոյեմբերի 14-ից, դրա գլխավոր պատճառը համամասնական (կուսակցական) ընտրական համակարգի անցնելու վերաբերյալ օրինագծի տապալումն է խորհրդարանում։
• Ինչո՞ւ է կարևոր Վրաստանի համամասնական ընտրական համակարգի համար պայքարը
Մինչդեռ 2019թ-ի հունիսյան զանգվածային ցույցերը դադարեցին հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին անձամբ խոստացավ ընդդիմությանը սահմանադրական բարեփոխում իրականացնել և ներկաիս գործող խառը համամասնական-մեծամասնական համակարգն ամբողջությամբ փոխարինել կուսակցական ընտրակարգով։
Նոյեմբերի 17-ի երեկոյան ցուցարարները վրաններում են գիշերել խորհրդարանի մոտ, արգելափակել դրա մուտքն ու թույլ չեն տվել պատգամավորներին շենք մտնել։
Կեսօրից հետո խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացվել է դիմակներով և հատուկ հանդերձանքով՝ վահաններով և մահակներով, հարյուրավոր ոստիկան, նրանք ամբողջությամբ շրջափակել են շենքը։
Նոյեմբերի 18-ի ցերեկը ցուցարարներին բարձրախոսի միջոցով նախազգուշացրել են, որ նրանք պետք է լքեն տարածքն, այլապես ոստիկանությունն ուժով կցրի ցույցը։
Ակցիան սկսվել է 16:00-ին մոտ։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան է կիրառել։ Ի տարբերություն հունիսի 20-ի դեպքերի՝ ռետինե փամփուշտներ չեն կիրառվել։
Ցուցարարներից ոմանք նստել կամ պառկել են գետնին՝ ոստիկանների տեղաշարժն արգելափակելու համար։
Սակայն հատուկ գործողության մեկնարկից մեկուկես ժամ անց խորհրդարանի բոլոր մուտքերը, որոնք արգելափակել էին ցուցարարները, բացվել են։
Ոստիկանությունն ապամոնտաժել է վրանները, որոնք ցուցարարները տեղադրել էին Ռուսթավելու պողոտայում։ Պողոտայի երթևեկությունը վերականգնվել է։
Ձերբակալվել է 18 ցուցարար։ Կան նաև տուժածներ, նրանց հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենաներով։
Հարյուրավոր ցուցարարներ նախկինի պես Ռուսթավելու պողոտայում են, թեև խորհրդարանի շենքից մի կողմ են քաշվել։ Ցույցը շարունակվում է, ամբիոնում ելույթ ունեցողները փոխարինում են մեկը մյուսին։
Ցուցարարներն ասում են, որ չեն պատրաստվում ցրվել և օգտագործելու են բոլոր սահմանադրական մեթոդները կառավարության հրաժարականի համար։