«Թեհրանն ուշադիր հետևում է»․ ինչպե՞ս կլուծվի Իրան-Հայաստան բեռնափոխադրումների հարցը
Արդեն երեք շաբաթ է, ինչ ադրբեջանական ուժերը Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում կանգնեցնում են իրանական բեռնատարները, փաստաթղթեր ստուգում ու մաքսատուրք պահանջում «Ադրբեջանի սահմանը հատելու համար»։
Հարցը քննարկում են պաշտոնական Թեհրանն ու Երևանը, Թեհրանն ու Բաքուն։ Լուծումը, սակայն, դեռ տեսանելի չէ։
JAMnews-ը ներկայացնում է խնդրի նախապատմությունը, Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաև փորձագիտական կարծիք ստեղծված իրավիճակի քաղաքական և տնտեսական հետևանքների մասին։
Լարված իրավիճակ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը։ 2020 թ․ դեկտեմբերից այդ հատվածի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները։
Իրավիճակը սրվեց 2021 թ․ օգոստոսի 25-ին, երբ ադրբեջանական Զինված ուժերը Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածներում փակեցին ճանապարհն ու բացեցին այն երկու օր անց միայն։ Մինչ այդ Սյունիքի մարզի՝ շրջափակման մեջ հայտնված բնակավայրերին հաց էին հասցնում ռուս խաղաղապահները։
Սեպտեմբերի 12-ին ճանապարհը փակվեց, բայց այս անգամ՝ իրանական բեռնատարների համար։ Որոտանի հատվածում ադրբեջանական կողմը ոստիկանական հենակետեր տեղադրեց, դիմակավորված ու զինված ծառայողները սկսեցին ստուգել իրանական բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերը, ինչպես նաև պահանջել մաքսատուրք «Ադրբեջանի սահմանը հատելու համար»։
«Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու» պատճառաբանությամբ սեպտեմբերի 15-ին ադրբեջանական ուժերը ձերբակալեցին երկու իրանցի վարորդի։ Նրանց ճակատագրի մասին որևէ բան մինչ օրս չի հաղորդվել։
Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը նորից օրակարգ բերեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը, թեև այդ մասին հայտարարվել էր նաև տարեսկզբին։
«Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք», — փետրվարին ԱԺ ամբիոնից հայտարարել էր ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր տարածքային կառավարման նախարարի պաշտոնը։
Կապան-Գորիս մայրուղին շրջանցելու համար կառավարությունը որոշել է կառուցել Կապան-Տաթև ճանապարհը։ Այդ ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածում (43 կմ երկարությամբ) հուլիսի վերջին մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ։
«Տաթև-Աղվանին այս տարի կավարտվի, մինչև ձմեռ կունենանք բոլոր գրունտային անցանելի ճանապարհները, բայց, բնականաբար, ասֆալտապատ ճանապարհ կունենանք միայն գարնանը», — «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Ռազմավարական նշանակության Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումը կառավարությունը նախատեսում է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ։
Տաթև-Աղվանի՞, թե՞ Տաթև-Լծեն․ կցորդիչով մեքենաները դեռ պետք է սպասեն
Գործադիրը նախաձեռնել է ոչ միայն Տաթև-Աղվանի, այլև Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումը։ Վերջինի աշխատանքները, սակայն, կավարտվեն միայն հաջորդ տարի՝ 2022 թ․-ին։
Երկու ճանապարհներն էլ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի համար այլընտրանքային են, սակայն Տաթև-Աղվանի ճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Ստացվում է՝ իրանական բեռնատարները ստիպված են սպասել մի քանի ամիս կամ մեկ տարի, որպեսզի կարողանան անարգել և առանց Ադրբեջանին մաքսատուրք վճարելու բեռներ տեղափոխել Հայաստան։
«Թեհրանն ուշադիր հետևում է»
Խնդիրը լարվածություն առաջ բերեց Թեհրանի և Բաքվի հարաբերություններում, քննարկվեց նաև պաշտոնական Երևանի հետ։
«Սիվիլնեթ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Իրանի դեսպանատնից հայտնեցին՝ Թեհրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ սեպտեմբերի 12-ից Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը․
«Օրակարգային է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհային խոչընդոտների ու խնդիրների վերացումը»։
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկվեց բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ Սեպտեմբերի 17-ին Դուշանբեում, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկեցին նաև «երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպման հարցը»։
Իրանի պետական գործակալության հաղորդմամբ՝ Ռայիսին նշել էր, թե Հայաստանի ու Իրանի միջև «էներգետիկայի փոխանակումների, տրանսպորտի ու համատեղ արտադրությունների գծով» աշխատանքային խումբ է ստեղծվելու։ Ըստ նույն աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն էլ ողջունել էր «առկա խնդիրների լուծման ուղղությամբ Իրանի ներկայացրած նախաձեռնությունները»։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկեցին «Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները»։
Ստեղծված իրավիճակը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ պարբերաբար քննարկում է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Այս շաբաթների ընթացքում դեսպանը հասցրել է հանդիպումներ ունենալ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ մտահոգություն հայտնելով «Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ»։
Զոհուրին խնդիրը քննարկել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Նախարարն ու դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը, խոսել առևտրաշրջանառությունը մինչև 1 մլրդ դոլարի հասցնելու հեռանկարի մասին:
Փոխվարչապետ Պապիկյանը դեսպան Զոհուրիին տեղեկացրել է, որ այլընտրանքային Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ: Կողմերը նաև քննարկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Փորձագիտական կարծիք
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը
Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ Իրանը հակված է հնարավորինս շուտ բնականոն հաղորդակցության վերականգնմանը։ JAMnews-ի հետ զրույցում նա նշեց, որ հայկական և իրանական կողմի հայտարարություններից երևում է, որ Իրանը պատրաստ է «օժանդակել այլընտրանքային ճանապարհի շինարարությանը կամ ներգրավվել դրանում»։
«Իրանը հակված չէ Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերջնական փակմանը։ Այս իրավիճակի հետ կապված՝ Իրանում արդեն կան բազմաթիվ բացասական հայտարարություններ նույնիսկ ամենաբարձր մակարդակում», — ասում է Գարիկ Միսակյանն ու օրինակ բերում երկու իրանցի վարորդների ձերբակալությունը։
Թեև ստեղծված իրավիճակը հանգեցրել է Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարման, սակայն, իրանագետի կարծիքով, պաշտոնական Թեհրանը քայլեր չի ձեռնարկի, հատկապես այն պայմաններում, երբ հայկական կողմը «դեռևս լուրջ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել»․
«Իրանական կողմը որևէ գործիքակազմ, կարծում եմ՝ նաև ցանկություն չունի միջամտել այս խնդրին կամ լուծել այն հօգուտ Հայաստանի»։
Գարիկ Միսակյանն ասում է՝ Իրանը նախ կանի այն, ինչ բխում է իր ազգային, անվտանգային ու տնտեսական շահերից, իսկ հետո կսպասի Հայաստանի դիրքորոշմանը․
«Եթե հայկական կողմն ընդունի այդ ճանապարհահատվածի վերահսկողության անցումը Ադրբեջանին, Իրանն էլ կընդունի։ Եթե հայկական կողմը սկսի որևէ գործընթաց այդ հատվածի վերադարձի կամ համատեղ շահագործման վերաբերյալ, ապա իրանական կողմը կվերադասավորի իր քաղաքականությունն ըստ այդմ, քանի որ չի կարող միջամտել հայ-ադրբեջանական խնդիրներին։ Նկատվում է, որ այս փուլում Իրանը հովանավորում է հայկական կողմին»։
Ի՞նչ տնտեսական վնասներ կարող է կրել Հայաստանը
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրանական բեռնատարների վարորդներից մաքսատուրքերի գանձումը լրջագույն տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Արդեն երեք շաբաթ է, ինչ այս մասին ահազանգում են ոլորտի մասնագետները։
Պետական պաշտոնյաները, սակայն, չեն կիսում նրանց մտահոգությունները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում ասել է, թե՝ եղածը մեծ խնդիր չէ․
«Շատ լավ գիտեմ Իրանի հետ առևտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա։ Իհարկե, խոչընդոտ է առաջացել, և այդ խոչընդոտը կհաղթահարվի, վստահ եմ՝ շատ մոտ ապագայում»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Իրանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան շուրջ 410 միլիոն դոլար է կազմում։ 90 մլն դոլարի չափով արտահանում ենք, 320 մլն դոլարի չափով՝ ներկրում Իրանից։
Հայաստանից Իրան է արտահանվում էլեկտրաէներգիա (կազմում է արտահանման 80%-ը), մսամթերք, անտառանյութ։ Իրանից Հայաստան է ներկրվում գազ, նավթամթերք, պարարտանյութ, շինանյութեր և այլն։ Տնտեսագետի խոսքով՝ երկու դեպքում էլ գործ ունենք իրանական բեռնատարների հետ։
«ՀՀ-ն շատ հաճախ օգտագործում է Իրանի տարածքը նաև արաբական, ասիական երկրներից բեռներ ներկրելու և դեպի այդ երկրներ արտահանումների համար։ Եթե ճանապարհի հարցը չլուծվի, հայկական ապրանքները կթանկանան ու կկորցնեն իրենց մրցունակությունը միջազգային շուկայում՝ լինի ԱՄԷ, Իրան, Չինաստան, Հնդկաստան թե մեկ այլ երկիր», — JAMnews-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանն ասում է՝ պետք է փորձել նվազեցնել ռիսկերը, հակառակ դեպքում՝ ստեղծված իրավիճակը կազդի ՀՀ տնտեսական ակտիվության, արտահանման ծավալների վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Կառուցվող Տաթև-Աղվանի ճանապարհն, ըստ տնտեսագետի, ժամանակավոր լուծում է․ եթե նույնիսկ ճանապարհն ընդլայնվի, կմնա դժվարանցանելի, բեռնափոխադրումների նույն ծավալն ապահովելը դժվար կլինի․
«Միակ երկարաժամկետ լուծումը կլինի «Հյուսիս-հարավի» շրջանակներում Սիսիան-Ագարակ ճանապարհի կառուցումը»։
Պարսյանը հիշեցնում է, որ պետական բյուջեի նախագծի համաձայն՝ այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկելու են հաջորդ տարեվերջին։
«Պետք է նախագծային աշխատանքներ արվեն, իսկ շինարարությունը կարող է տևել 2-3 տարի», — ասում է տնտեսագետը։