Թբիլիսիում սպանված դպրոցականի հայրը կոչ է անում ընդդիմությանը դուրս գալ փողոց
Թբիլիսիում հանրային ցույցերը նոր՝ քաղաքական երանգ են ստանում, և հունիսի 3-ը կարող է բեկումնային լինել: Նախորդ օրը երեկոյան վրացական ընդդիմությունը խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է բողոքի նոր, խոշորամասշտաբ ակցիայի մեկնարկի մասին:
Եթե մինչ օրս ցույցի կազմակերպիչները ձգտում էին հեռու մնալ քաղաքական գործիչներից գործընթացի քաղաքականացումը թույլ չտալու համար, ապա հունիսի 2-ի ուշ երեկոյան ամեն ինչ փոխվեց. նրանք դիմեցին բոլոր քաղաքական կուսակցություններին և կոչ արեցին միավորվել «Վրացական երազանքի» իշխանության դեմ պայքարի շուրջ:
Ցույցերը սկսվեցին մայիսի 31-ին այն բանից հետո, երբ դատարանը հրապարակեց 16-ամյա երկու դեռահասներ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի դաժան սպանության գործով: Երկու դպրոցականները մահացել էին դանակի բազմաթիվ հարվածներից նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին իրենց հասակակիցների հետ վիճաբանության ժամանակ: Սպանությունը տեղի էր ունեցել ցերեկը Թբիլիսիի բազմամարդ փողոցներից մեկում մի քանի ականատեսների աչքի առջև:
Դատարանը վճռել էր, որ նրանցից մեկը մեղավոր չէ Դավիթ Սարալիձեի սպանության համար: Այս որոշումը հաստատել է սպանվածի հոր՝ Զազա Սարալիձեի վարկածը, որը մի քանի ամիս շարունակ պնդում էր, որ իր որդու իրական մարդասպաններն ազատության մեջ են, և դա կոծկում է դատախազությունը:
Ցույցերի երեք օրերի ընթացքում ցուցարարների ճնշման տակ հրաժարական տվեց Վրաստանի գլխավոր դատախազը, նրանք ցույցից վռնդեցին երկրի վարչապետին, որը ցուցարարների հետ բանակցությունների էր եկել:
Երեք օրվա ընթացքում բողոքի ցույցերին մասնակցում էին հիմնականում երիտասարդներ, որոնք պահանջում էին դեռահասների սպանության ազնիվ հետաքննություն:
Ցուցարարների առջև ելույթ են ունեցել հասարակության ներկայացուցիչներ, տարբեր հանգամանքներում սպանված մարդկանց ազգականներ, որոնք համաձայն չեն քննության եզրակացությունների հետ:
Ցույցերը սկսվում էին ցերեկն ու ձգվում մինչև ուշ գիշեր: Խորհրդարանի շենքի մոտ տեղադրած վրանում գիշերելու էր մնում միայն Զազա Սարալիձեն՝ իր կողմնակիցների փոքրաթիվ խմբով:
Ցուցարարներն ու կազմակերպիչներն այս ամբողջ ընթացքում ձգտում էին փարատել իշխող կուսակցության գլխավոր մեղադրանքն իրենց հասցեին, թե իբր ցույցը ղեկավարվում է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության կողմից, որի առաջնորդը նախկին նախագահ Սահակաշվիլին է, որն էլ ցանկանում է օգտվել Սարալիձեի ողբերգությունից և իշխանության գալ: Ցույցին խոսք չէին տալիս ընդդիմադիրներին՝ կրկնելով, որ դա հասարակական, այլ ոչ թե քաղաքական ցույց է:
• Բռնությունը Վրաստանի դպրոցներում: Ո՞րն է ելքը:
Սակայն հունիսի 2-ի գիշերն ամեն ինչ փոխվեց: Ցույցի կազմակերպիչները՝ Զազա Սարալիձեն ու նրա ընկեր Զվիադ Կուպրավան, որն այս ամբողջ ընթացքում նրա կողքին էր և ղեկավարում էր ակցիան, կոչ արեցին ընդդիմությանը փողոց դուրս գալ:
«Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, էլիտայի բոլոր ներկայացուցիչներին, բոլոր քաղաքացիներին, լիիրավ բոլոր քաղաքացիներին, բոլոր գյուղացիներին, բոլոր ինձ պես փոքր մարդկանց, աջակցել ինձ: Սակայն ոչ միայն ինձ, այլև բոլոր այն ծնողներին, որոնց երեխաներին սպանել են, յուրաքանչյուր մոր և հոր: Միավորենք մեր ուժերը, քանի որ կառավարությունն այսօր ևս մեկ անգամ փորձեց թքել հանգուցյալների հոգու մեջ: Մենք պետք է քանդենք այս համակարգը», — հայտարարեց Սարալիձեն:
Զվիադ Կուպրավան կոչ արեց ընդդիմադիր կուսակցություններին հավաքվել Ազգային-դեմոկրատական կուսակցության գրասենյակում՝ խորհրդատվություններ անցկացնելու: Սարալիձեի և Կուպրավայի հետ միասին ակցիաներին առաջին օրվանից մասնակցում է Մալխազ Մաչալիկաշվիլին՝ հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ սպանված Թամերլան Մաչալիկաշվիլիի հայրը: Վրաստանում այդ հատուկ գործողությունը շատ հարցեր է առաջացրել:
Այս կոչից անմիջապես հետո Ազգային-դեմոկրատական կուսակցության գրասենյակ են ժամանել «Միազնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության առաջնորդ Նիկա Մուսավիան, «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, «Պետություն՝ ժողովրդի համար» շարժման առաջնորդ Նիկոլոզ Մաչուտաձեն, Ազգային-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բաչուկի Կարդավան և Զվիադ Կուպրավան:
Գրասենյակում տեղի ունեցած կարճ խորհրդատվությունից հետո քաղաքական գործիչները բոլորը միասին ուղևորվել են դեպի բողոքի ակցիայի անդամներն ու հայտարարել քաղաքական ուժերի մասնակցությամբ մեծ ցույցի մեկնարկի մասին հունիսի 3-ին ժամը 18:00-ին: Թե հստակ ինչ պլաններ ունի ընդդիմությունը, կհայտարարվի ցույցին:
Սակայն ոչ բոլոր ընդդիմադիր կուսակցություններն են արձագանքել: «Եվրոպական Վրաստանը», որը կազմված է Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության նախկին անդամներից և որը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունի, ավելի զգուշությամբ է վերաբերվում գործընթացներին: Այդ կուսակցության առաջնորդները չէին մասնակցում Ազգային-դեմոկրատական կուսակցության գրասենյակի քննարկումներին, սակայն ուշ գիշերին եկել էին խորհրդարանի շենքի մոտ՝ սպանված դեռահասի հոր՝ Զազա Սարալիձեի հետ զրուցելու:
Այդ կուսակցությունում կարծում են, որ ցույցերը պետք է շարունակվեն, «որպեսզի իշխանությունները ցույցն ավարտված չհամարեն»: Սակայն «Եվրոպական Վրաստանի» մոտեցումը տարբերվում է արմատական տրամադրված ընդդիմադիր կուսակցությունների մոտեցումից, որոնք բացառում են իշխանությունների հետ որևէ բանակցության հնարավորություն և պահանջում կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում:
Կուսակցությունում կարծում են, որ ցույցերին զուգահեռ ընդդիմությունը պետք է ներառվի գլխավոր դատախազի ընտրության և նշանակման գործընթացում: Կուսակցությունում կարծում են նաև, որ անհրաժեշտ է անկախ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի սպանված դեռահասների գործով և կբացահայտի քննության թույլ տված խախտումները:
Ինչ են գրում սոցցանցերում. հիմնական դիսկուրսը
Այն բանից հետո, երբ ցուցարարներին միացան քաղաքական գործիչները, մինչ այդ ցույցին աջակցող մարդկանց կարծիքները կիսվեցին:
Ոմանք վստահ են, որ ցույցերի կառավարման ղեկը անցնելու է «Ազգային շարժման» ու դրա առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլիի ձեռքը:
Մյուսները հրաժարվում են մասնակցել ցույցերին, քանի որ դրանց միացել են ոչ այնքան պոպուլյար և նույնիսկ վարկաբեկված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Իսկ երրորդները կարծում են, որ ցույցին ամեն դեպքում պետք է սատարել, քանի որ «Վրացական երազանքի» իշխանությունը դրա ոչ պաշտոնական առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին հնարավոր է փոխել միայն միացյալ ուժերով, և «և հիմա հստակ քաղաքական գործիչներին գնահատելու ժամանակը չէ»:
Նոր քաղաքական առաջնո՞րդ
Խորհրդարանի մոտ տիրող իրավիճակը, որտեղ ուշ գիշերը հավաքվել էին այդ թվում նաև բավականին մոռացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, շատ բանով հիշեցրեց 1990-ական թվականները: Դեժավյուն ուժեղացավ նրանից, որ ցույցին վանկարկում էին «Զվիադի՜, Զվիադի՜»: Դա նաև Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունն է, որին պաշտոնանկ արեցին 1990-ականների սկզբին: Այդ անունը երկար տարիներ հնչել է Խորհրդային Միությունից Վրաստանի անախության համար 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին անցկացվող ցույցերի ժամանակ:
Սակայն այսօրվա ցուցարարներն, իհարկե, նկատի ունեն Զվիադ Կուպրավային, որին մինչ այս ակցիաները գիտեին միայն նրա հարազատներն ու ընկերները:
Նախկին ոստիկան Կուպրավան Զազա Սարալիձեի ազգականն է: Այս ամբողջ ընթացքում նա այն գլխավոր անձն է, որ ղեկավարում է ակցիաները: Նրա ելույթներն այնքան էմոցիոնալ են, որ ցույցերի երկրորդ օրը նրա ձայնը կտրվել էր:
«Նոր քաղաքական առաջնորդ», — այսպես Կուպրավային անվանեցին երեկ լրագրողները:
Նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Իշխանությունները փորձում են նրան վարկաբեկել՝ հայտարարելով, թե Կուպրավան Միխայիլ Սահակաշվիլիի և «Ազգային շարժման» կողմնակիցն է: Համացանցում տարածվում են նախկին նախագահ Սահակաշվիլիի հետ նրա լուսանկարները: Սակայն Կուպրավան հերքում է «Ազգային շարժման» հետ որևէ կապ:
Սահակաշվիլին, որն Ուկրաինայից արտաքսվելուց հետո գտնվում է Նիդերլանդներում, արդեն մի քանի անգամ իր աջակցությունն է հայտնել բողոքի ցույցերին Ռուսթավի-2 պոպուլյար հեռուստաալիքի եթերում:
Այս երեք օրվա ընթացքում ֆեյսբուքյան իր էջում նա մի քանի անգամ փոխել է Թբիլիսիի ցույցի լուսանկարներով բաներները: Սկզբում բաների վրա «Կովկասյան գարուն» գրառումն էր, ավելի ուշ՝ «Վրաստանը նոր սկիզբ ունենալու կարիք ունի»: