Թբիլիսիում ոստիկանությունը փորձում է բաժանել բողոքի երկու հակընդդեմ ակցիաները
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, հուլիսի 6-ի երեկոյան երկու հակընդդեմ ակցիաներ են անցկացվում։ Երկու մեծ խմբերը բաժանում է ոստիկանական խիտ շարասյունը։
Ակցիաներից մեկը հայտարարել է «Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն՝ ի աջակցություն լրագրողների, որոնց նախօրեին ծեծել են ուլտրաաջ և հոմոֆոբ խմբերը, որոնք բողոքի ցույց էին անում Pride երթի անցկացման դեմ։
Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն արձագանքել է Ջափարիձեի նախաձեռնությանն ու հայտարարել, որ միանալու է ակցիային։
Սակայն ագրեսիվ աջ խմբերը եկել են նույն վայր նույն ժամին՝ նախանշված ակցիայի անցկացմանը խանգարելու համար։
«Այդ մենք ենք իսկական վրացիները»․ այսպես է հասարակությանը դիմում Զուրաբ Ջափարիձեն ֆեյսբուքյան իր էջում արված էմոցիոնալ հայտարարությունում։
«Մենք կարող ենք վիճաբնել, թե ինչ հարկեր պետք է լինեն, ինչպիսին պետք է լինի կրթական համակարգը, որ կուսակցությունն է ավելի լավը։ Սակայն ես դիմում եմ մարդկանց, որոնց հետ մենք համամիտ ենք տարրական հարցերում․
- չի կարելի ամբոխով ծեծել թույլերին,
- չի կարելի ծեծել կանանց,
- չի կարելի երեխային ծեծել դաջվածքի, երկար մազերի կամ ականջօղի համար,
- չի կարելի զբոսաշրջիկի վրա հարձակվել այն պատճառով, որ նրա արտաքինը քեզ դուր չի գալիս,
- չի կարելի ամբոխով հետապնդել և ծեծել լրագրողներին և օպերատորներին։
Սրանք տարրական քաղաքակրթական կանոններ են։ Մենք այս երկրում ավելի շատ ենք։ Մենք մեծամասնություն ենք։ Այդ մենք ենք իսկական վրացիներն ու իսկական կովկասցիները և այդ մենք ենք, որ իրոք պահպանում ենք ավանդույթները։
Այդ մենք ենք իսկական քրիստոնյաները։ Եվ մենք այն մարդիկ ենք, ովքեր իրոք հավատում են նրան, ինչ քարոզել է Քրիստոսը։
Իսկ մյուս կողմում ովքեր են։ Նրանք, ովքեր ամբոխով ծեծում են թույլերին, երեխաներին, կանանց, լրագրողներին, չունեն ոչ ազգություն, ոչ ծագում, ոչ հավատ, ոչ պատիվ։ Դա այսօրվա «Երազանքի», պատրիարքարանի և քրեական աշխարհի միահյուսումն է։
Այսօր նրանք են մեզ իշխում։ Բայց մենք ավելի շատ ենք։ Մի՛ վախեցեք։ Մի՛ զիջեք նրանց երկիրը։ Մենք անպայման կհաղթենք այս պատերազմում»։
ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցներին կոչ է արել դուրս չգալ հավաքների ազատության մասին օրենքի թույլատրելի սահմաններից, թույլ չտալ բռնության կոչեր, «անել ամեն ինչ, որպեսզի ակցիաները բռնի բնույթ չկրեն»։
Լուսանկարը՝ JAMnews