Թբիլիսիում հոսանքահարումից դեռահաս է մահացել․ ի՞նչ է հայտնի պատասխանատու ընկերության մասին
Վակե այգում դեռահաս է հոսանքահարվել
«Եթե ես որևէ հանցագործություն եմ կատարել, ապա պատրաստ եմ պատասխան տալ օրենքին համապատասխան», — լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով հիվանդանոց էր այցելել՝ տեսակցելու հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի Վակե այգում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին։
Երեք դեռահասներ գնդակ էին խաղացել, այն շատրվանն էր ընկել։ Երբ փորձել էին դուրս բերել գնդակը, երեքն էլ հոսանքահարվել էին։ 13-ամյա աղջկա՝ Մարիտա Մեպարիշվիլիի կյանքը փրկել չի հաջողվել։ Մյուս երկու երեխաներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է, բայց կայուն։
Քաղաքապետը ցավակցություն է հայտնել մահացած դեռահասի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին և ասել, որ հետաքննությունը կբացահայտի հանցագործության բոլոր մեղավորներին, և բոլորը՝ առանց բացառության կենթարկվեն պատասխանատվության։
Վակե այգու վերակառուցման առաջին փուլի հաջող ավարտի մասին Կալաձեն հայտնել էր այս ողբերգական դեպքի նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում նա նշել էր, որ աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխվել է ջրամատակարարման համակարգը, այդ թվում՝ նորոգվել է շատրվանը։ Քաղաքապետը հաստատել էր, որ նախքան գործարկումը շատրվանը մանրակրկիտ ստուգում է անցել։
Ողբերգության հետ կապված հատուկ հայտարարություն է արել ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նախաքննությունը կատարվում է քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը ենթադրում է անվտանգության նորմերի խախտում, որը հանգեցրել է մարդկանց մահվան։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով։
Աշխատանքների հիմնական կապալառուն «Գրինսերվիս» ՍՊԸ-ն է։ Նրա հիմնադիր Լաշա Պուրցվանիձեին, ինչպես նաև ընկերության մյուս աշխատակիցներին Ոստիկանությունը հարցաքննում է։ Նախօրեին Պուրցվանիձեն լրագրողներին ասել էր, որ ինքն անձամբ է պատասխանատու շատրվանի պատշաճ աշխատանքի համար։
Հարցաքննվելու են նաև պատրաստի օբյեկտի փորձաքննությունն իրականացրած անձինք։
«Գրինսերվիս+» ՍՊԸ-ն քաղաքապետարանի հետ պայմանագրով աշխատանքներ է իրականացրել այգում և հասցրել է պետբյուջեից ստանալ 6 324 286,07 լարի, որը կազմում է ընդհանուր արժեքի 49 տոկոսը։ Եվ ինչպես պարզվում է, անկախ քննիչները վաղուց հարցեր ունեին այս ընկերության ու նրա հիմնադիրների վերաբերյալ։
Greenservice-ը պատասխանատու էր շատրվանի համար, որտեղ դեռահասը հոսանքահարվել էր
- «Զայրույթն ինձ խեղդում է»: Վրաստան. աշխատավայրում տուժած մարդկանց պատմություններ
- Ծառեր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
- «Վրացական երազանքի» իշխանության 10 տարին. վերլուծություն՝ ըստ ոլորտների
«Սև ցուցակ», որտեղ պետք է լիներ «Գրինսերվիսը» և նրա հիմնադիրները
Պետական գնումների գործակալության մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Վեկե այգում գտնվող շատրվանները վերջին անգամ ստուգվել են 2022 թվականի օգոստոսի 29-ին։ Ստուգման ակտում՝ 533 էջանոց փաստաթղթում, նշվում է, որ բոլոր աշխատանքները կատարվել են այնպես, ինչպես հարկն է։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
2018 թ․-ին «Միջազգային թափանցիկություն — Վրաստան» (Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան) ՀԿ-ն իշխանություններին կոչ արեց ստեղծել կոռումպացված և խարդախ ճանաչված ընկերությունների և անհատների «սև ցուցակ»՝ թույլ չտալու համար նրանց մասնակցել պետական մրցույթներին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը հղում էր անում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի առաջարկություններին։ Մասնավորապես, մանրամասնված է մի սխեմա, որը թույլ է տալիս իրավախախտ ընկերություններին խուսափել մեկուսացումից. նրանց սեփականատերերը, որպես կանոն, հիմնում են նոր ընկերություն և մասնակցում են մրցույթների նորից ու նորից։
Իր զեկույցում կազմակերպությունը երեք օրինակ է բերում, երբ Վրաստանում պետական գնումների լուրջ խախտումների համար դատապարտված անձինք կրկին մասնակցել և շահել են պետական մրցույթներ։ «Գրինսերվիս»-ը այդ երեք դեպքերից մեկն է։
- «Մարդիկ հասկացան, որ պետք է փրկեն ոչ թե իրենք իրենց, այլ միմյանց»․ 90-ականների ճգնաժամը Վրաստանում
- Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ․ ո՞ւր, ինչպե՞ս և ինչո՞ւ են փախչում Վրաստանի քաղաքացիները
- Որքա՞ն գումար է պետք վաստակել հարմարավետ կյանքի համար: Հարցում
«Գրինսերվիսի» հիմնադիրների կոռուպցիոն գործերը
2013 թվականի դեկտեմբերին Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել էր Հին Թբիլիսի կենտրոնական շրջանի նախկին ղեկավար Լաշա Պուրցվանիձեին և նրա նախկին տեղակալ Կոբա Խարշիլաձեին։
Նրանք մեղադրվում էին կոռուպցիայի մեջ։ Լինելով պետական պաշտոնյաներ՝ 2007 թվականին Պուրցվանիձեն և Խարշիլաձեն իրենց ծանոթների անունով հիմնել են «Գրինսերվիս» ՍՊԸ-ն, սակայն իրենք են հանդիսացել ընկերության իրական սեփականատերերն ու կառավարիչները։
«Գրինսերվիսը» մասնակցել և շահել է քաղաքապետարանի կողմից հայտարարված՝ քաղաքի կանաչապատման հինգ մրցույթի։ Իսկ Պուրցվանիձեն ու նրա տեղակալը մրցութային հանձնաժողովի անդամներ են եղել։
2010 թվականի նոյեմբերի 16-ին Պուրցվանիձեն և Խարշիլաձեն դադարել են լինել պետական ծառայողներ։ Նրանք անմիջապես հեռացրել են ձեռնարկության ֆիկտիվ հիմնադիրներին և սեփականության իրավունքը վերապահել իրենց՝ հավասար բաժանելով ձեռնարկության 100 տոկոս բաժնեմասը։
Նույն թվականին այս երկուսը հիմնել են մեկ այլ ընկերություն՝ «Գրինսերվիս+» ՍՊԸ։
Մինչև 2013 թվականը «Գրինսերվիս»-ը շահել էր ևս մի քանի մրցույթներ՝ ընդհանուր մինչև 8 միլիոն լարի [մոտ 3 միլիոն դոլար], այդ թվում՝ 407 հազար լարին [մոտ 200 հազար դոլար] ուղղակի գնումներ էին։
Մեղադրանքի առաջադրումից մեկ տարի անց Պուրցվանիձեն համագործակցել է հետաքննության հետ և ընդունել այս սխեմայի գոյությունը։ Որպես պատիժ է սահմանվել տուգանքը։ Նրա տեղակալ Խարշիլաձեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանք վճարել։
Բայց դրանից հետո կոռուպցիայի համար դատապարտված ընկերության համար պետական գնումներին մասնակցելու արգելք սահմանելու փոխարեն «Վրացական երազանքը» վերականգնեց հարաբերությունները Պուրցվանիձեի հետ։
Կիրառվել է հենց այն սխեման, որը նկարագրել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլը։ Մրցույթում ներգրավված է եղել ոչ թե «Գրինսերվիս»-ը, որի դեմ գործ կար հարուցված, այլ նոր ընկերություն՝ «Գրինսերվիս+»-ը (այսինքն՝ նույն ընկերությունը փոփոխված անվանումով)։
2013 թվականի հունվարից «Գրինսերվիս+»-ը մասնակցում է պետական գնումներին և այս տարիների ընթացքում պետության աջակցությամբ վաստակել է մի քանի միլիոն։
Վակե այգում դեռահաս է հոսանքահարվել
Greenservice-ը պատասխանատու էր շատրվանի համար, որտեղ դեռահասը հոսանքահարվել էր