Թբիլիսին բացվել է։ Ի՞նչն է թույլատրված Վրաստանի բնակիչներին, և ի՞նչն է դեռ արգելված
Թբիլիսին, որը կարանտինի էր փակվել ապրիլի 15–ից կորոնավիրուսի համավարակի պատճառով, բացվել է մայիսի 11–ին։ Դա նշանակում է, որ այժմ արդեն քաղաքի մուտքն ու ելքն ազատ են։
Մայիսի 11–ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 638 դեպք։ 4896 մարդ կարանտինի ռեժիմի տակ է, 444 մարդ՝ ստացիոնար վերահսկողության։ Կորոնավիրուսով վարակվածներից 317–ն ապաքինվել է, 10–ը մահացել։
Բացի այդ, մայիսի 11–ից չեղարկվել էին մյուս սահմանափակումները, որոնք պարտադրվել էին Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։
Ի՞նչն է թույլատրված այսօրվանից
- Վրաստանում վերագործարկվել է բոլոր տեսակի ձեռնարկությունների աշխատանքը։ Ավելի վաղ՝ մայիսի 5–ին, վերագործարկվել էին միայն շինարարական ընկերությունները։
- Բաց են մանրածախ և մեծածախ խանութների բոլոր տեսակները, որոնք փողոցից առանձին մուտք ունեն։ Բացառություն են հոգուստի և կոշիկի խանութները։ Օրինակ՝ գրքերի, խաղալիքների, կոսմետիկայի, մարզական խանութներն արդեն բաց են։ Ավելի վաղ՝ մայիսի 5–ին, բացվել էին գյուղատնտեսական շուկաները։
- Աշխատանքը վերսկսել են ավտոսերվիսներն ու ավտոլվացման կետերը։
- Աշխատում են նաև կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայությունները։
- Բացվել են Արդարադատության տները, որտեղ տրամադրվում են բոլոր տեսակի փաստաթղթերը։ Սակայն կանոնները փոխվել են, և այժմ այցերը պետք է նախապես առցանց ամրագրել։
Ի՞նչն է դեռ արգելված
- Վրաստանում դեռ փակ են Մառնեուլի, Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները։ Ռուսթավին և Գարդաբանին բացվելու են մայիսի 14–ին, Մառնեուլին՝ մայիսի 18–ին։
- Խոշոր առևտրի կենտրոնները փակ են։
- Չեն բացվել նաև հագուստի և կոշիկի խանութները։
- Չեն գործում գեղեցության սրահներն ու էսթետիկ կենտրոնները (ակնկալվում է, որ դրանք կբացվեն հունիսի 8–ից)։
- Ատամնաբուժարանները չեն աշխատում։
- Տարբեր գրասենյակների աշխատակիցներ նախկինի պես հեռահար են աշխատում։
- Փակ են դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը։ Դրանք այս կիսամյակ էլ չեն բացվելու։
- Չեն աշխատում զվարճանքի կենտրոնները, կինոթատրոնները, սրճարաններն ու ռեստորանները (բաց սրճարանները պլանավորվում են բացել հունիսի 8–ին, փակ ռեստորանները պետք է բացվեն հունիսի 22–ին)։
- Հանրային տրանսպորտը չի գործում, այդ թվում՝ չի աշխատում մետրոն։ Միայն տաքսիներն են աշխատում։ Միջքաղաքային տրանսպորտը նույնպես չի աշխատում։
- Տեղաշարժվել կարելի է միայն մարդատար ավտոմեքենայով և որոշակի կանոնների պահպանմամբ։ Արգելքի տակ է մեքենայում երեք հոգուց ավելի գտնվելը (ներառյալ երեխաներին), պետք է լինի վարորդը, երկու ուղևոր հետևի նստարանին։ Արգելված է դիմացի նստարանին ուղևոր նստեցնելը։
- Ուժի մեջ է մնում պարետային ժամը 21:00–ից մինչև 06:00–ն։
- Փակ են հյուրանոցները, դրանք չեն կարողանում հյուրեր ընդունել։ Ներքին զբոսաշրջությունը բացվում է հունիսի 15–ից, այդ օրվանից հյուրանոցները կարող են հաճախորդներ ընդունել։
- Վրաստանի երկինքը դեռ փակ է։ Միզգային չվերթները պլանավորվում է վերսկսել հուլիսի 1–ին։ Այդ օրվանից էլ Վրաստանը պատրաստվում է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների։
- Կորոնավիրուս չինական Ուհանի լաբորատորիայի՞ց, թե՞ տեղեկությունների գաղտնիություն։ Ինչի՞ համար է Արևմուտքը մեղադրում Չինաստանին
- Համավարակ․ հնարավորություն Վրաստանի իշխող կուսակցության համա՞ր
- Վրաստան․ համավարակը՝ որպես Ռուսաստանից տնտեսական կախվածությունը կրճատելու շանս
Ընդդիմության և քաղաքացիների կարծիքները
Սահմանափակումների չեղարկման առաջին փուլը Վրաստանում մեկնարկել է ապրիլի 27–ին։ Ըստ կառավարության հայտարարությունների՝ սահմանափակումները հանվելու են աստիճանաբար։
Դրանց չեղարկմանը Վրաստանում շատերն են սպասում։ Հասարակության և քաղաքական ընդիմության համար պարզ չէ, թե ինչու չի չեղարկվում պարետային ժամը։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ռոման Գոցիրիձեն, ասում է, որ պարետային ժամի պահպանումը տնտեսության բացումից հետո համոզիչ և տրամաբանական չէ։ Նա կարծում է, որ արտարժույթի փոխանակման կետերը նույնպես պետք է բացվեն․
«Ի՞նչն է խանգարում բացել արտարժույթի փոխանակման մոտ հզոար կետերը երկրում։ Այսօր 4 հազար մարդ անգործ տանը նստած է, և մեր քաղաքացիների մեծ մասը ստիպված է իր մեծ ջանքերով վաստակած գումարները փոխանակել բանկերում շատ ոչ շահեկան փոխարժեքով»։
«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն կարծում է, որ Վրաստանում հանրային տրանսպորտը պետք է վերսկսի աշխատանքը․
«Առևտրային կազմակերպությունների մեծ մասը բացվում է, մարդիկ կարող են աշխատանքի գնալ, սակայն մենք մինչև հիմա չգիտենք, թե ինչու է մեզ մոտ պարետային ժամ։ Մենք հանրային տրանսպորտի մասին ոչնչ չգիտենք։ Սակայն Եվրոպայում չափանիշներ կան, որոնց պահպանման դեպքում հանրային տրանսպորտը սկսում է աշխատել։ Օրինակ՝ եթե պահպանվում է նստած ուղևորների միջև հեռավորությունը»։
Սակայն որոշ քաղաքացիներ սահմանափակումների արագ չեղարկման հետ կապված մտավախություններ ունեն․
«Մենք չենք սիրում կանոններին հետևել։ Վախենում եմ, որ մեզ մոտ ավելի վատ չլինի, քան Գերմանիայում, և որ վարակվածների թիվը չաճի սահմանափակումների չեղարկումից հետո», — գրում են նրանք Ֆեյսբուքում։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է 2020 թ–ի փետրվարի 26–ին։ Մարտի 21–ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ 31–ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ։