Թբիլիսիի քաղաքապետը պահանջում է խստացնել Վրաստանում արտասահմանցիների համար կեցության իրավունք ստանալու կանոնները
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դիմել է խորհրդարանին՝ կարճ ժամանակահատվածում Վրաստանում արտասահմանյան քաղաքացիներին կեցության իրավունք տալու վերաբերյալ օրենսդրությունը վերանայելու խնդրանքով։
Ըստ քաղաքապետի՝ գործող օրենսդրությունը «հակասում է երկրի ազգային շահերին և անվտանգությանը» և պետք է խստացվի։
Մասնավորապես, ըստ գործող օրենսդրության, մեկ տարվա կեցության իրավունք ստանալու համար արտասահմանյան քաղաքացին պետք է 35 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերի։ Օրենքի համաձայն՝ եթե 35 հազար դոլար արժողությամբ անշարժ գույքի գնորդն այդ գույքը փոխանցի մեկ այլ անձի, վերջինս նույնպես կեցության իրավունք կստաա։
Այլ անձանց գույք փոխանցելու կարգն է, ըստ Կալաձեի, օրենքի գլխավոր թերությունը։
«Շատ հաճախ մարդը բնակարան է գնում, այնուհետև ձևականորեն այն ձևակերպում է այլ անձնանց անունով, և նրանք նույնպես կեցության իրավունք են ստանում։ Այսպես կոչված կարուսել են պտտեցնում, ինչը կտրականապես անընդունելի է մեզ համար», — նշել է քաղաքապետը։
Ըստ նրա՝ այս հարցը նա արդեն քննարկել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ։
«Խորհրդարանում արդեն տեղի է ունեցել քննարկում, և ես ցանկանում եմ դիմել մեր խորհրդարանականներին, որպեսզի այդ լրամշակումներն ընդունվեն հնարավորին սեղմ ժամկետներում», — նշել է Կալաձեն։
Այլ անձանց գույք փոխանցելուց զատ Կալաձեն պահանջում է խստացնել օրենքի նաև այլ կետերը։
Մասնավորապես, նա պահանջում է, որպեսզի 35 հազար դոլարի փոխարեն կեցության իրավունք ստանալու համար պահանջվի 100 հազար դոլար արժողությամբ գույքի գնում։ Իսկ մեկ տարվա կեցության իրավունք ստացած անձը կարող է այն կորցնել, եթե վաճառի կամ փոխանցի իր գույքն այլոց։
«Այդպիսով անհնար կլինի տարբեր անձանց կողմից կեցության իրավունք ստանալն՝ օգտագործելով միայն անշարժ գույքը», — նշում է Կալաձեն, որի խոսքով, օրենսդրությունը պետք է փոփոխվի նաև ներդրողների մասով։
Ըստ գործող օրենսդրության՝ երկրում 300 հազար լարիի ներդրում կատարած գործարարն անսահմանափակ ժամկետով կեցության իրավունք է ստանում։ Ըստ Կալաձեի նախաձեռնության՝ 300 հազար լարին պետք է փոխարինվի 300 հազար դոլարով, իսկ անժամկետ կեցության իրավունքը փոխարինվի հնգամյա իրավունքով։
«Մենք ողջունում ենք և դեմ չենք, որպեսզի Վրաստան գան այլ երկրների քաղաքացիները, զբաղվեն օրինական տնտեսական գործունեությամբ, կրթություն ստանան, սակայն օրենքներն ու կարգերը պետք է համապատասխանեն մեր երկրի շահերին։ Օրենսդրությունում առկա թերությունները շտկելը բխում է մեր երկրի ազգային շահերից և ազգային անվտանգությունից», — նշել է Կալաձեն։
Կալաձեն միակը չէ, որ պահանջում է խստացնել օրենքը։ «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ մտցնելու փաթեթը վաղուց է նախապատրաստվել և խորհրդարան մտցվել պատգամավորներ Գոչա Էնուկիձեի և Իվլիանե Ցուլայիայի կողմից։ Պատգամավորների նախապատրաստած փաթեթում ներառվել են այն փոփոխությունները, որոնք պահանջում է Թբիլիսիի քաղաքապետը։
- 2012-2016թթ-ին Վրաստանում կեցության իրավունք է ստացել 70 508 արտասահմանցի։ 2017 թ-ին տրվել է 1173 կեցության իրավունք (պահանջարկի կրճատման պատճառը Վրաստանում առանց վիզայի գտնվելու ընթացակարգի պարզեցումն է)։ Վերջին տարիներին առավել շատ կեցության իրավունք տրվել է Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի քաղաքացիներին։
2012-2016թթ-ին հաշվառվել է 34 024 միավոր անշարժ գույք, որը սեփականության իրավունքով գրանցվել է արտասահմանյան քաղաքացիների վրա։
Առավել հաճախ (53 %) Վրաստանում անշաժ գույք գնում են Ռուսաստանի քաղաքացիները։ Այնուհետև գալիս է Ուկրաինան, հետո՝ Հայաստանն, Ադրբեջանն, Իսրայելը և այլն։ Այս տեղեկատվությունը տարածվում է՝ վկայակոչելով «Միգրացիայի պրոֆիլը 2017թ-ին» տվյալները։