Հազարավոր թափուր տեղեր Հայաստանի բուհերում․ ի՞նչն այնպես չէ և կա՞ արդյոք շտկման կարիք
Թափուր տեղեր Հայաստանի բուհերում
Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16.000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5.000-ը: Դա կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։ Որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել:
Ի՞նչ է դա նշանակում։ Երիտասարդները հետաքրքրվա՞ծ չեն բուհական կրթությամբ, որո՞նք են ցածր դիմելիության և ընդունելության ցածր ցուցանիշների պատճառները։ Դիմորդների և փորձագեների տեսակետները և առաջարկները:
- Ավելի քան 14 հազար թափուր տեղ Հայաստանի բուհերում. ո՞րն է պատճառը
- «Երազում ես սովորել, իսկ քեզ ամուսնացնում են»․ վաղ ամուսնություններ Հայաստանի եզդիական համայնքում
- «Հայաստանում կրթության «վերակենդանացման» համար ներդրումներ են պետք»․ ուսուցիչներ և փորձագետներ
Դիմորդների ընդհանուր թիվն ու նրանց, ով չի հաղթահարել անցողիկ շեմը
«Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել 14 776 դիմորդ: Շուրջ 2700-ը չի կարողացել հավաքել անցումային նվազագույն 8 միավորը»,- ընդունելության քննությունների ավարտից հետո հայտարարեց Գնահատման ու թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Քննությունների հիմնական ու լրացուցիչ փուլերի արդյունքներով՝ թափուր մնացած տեղերի քանակը կազմում է 5026 տեղ, որից 4810 վճարովի, 216-ը՝ անվճար ուսուցման համակարգում: Բուհ է ընդունվել 7515 անձ, որից 6011-ը վճարովի, 1504-ը՝ անվճար հիմունքներով:
Դիմորդը՝ ներդրված կրթական բարեփոխումների մասին
Վիկտորիա Միքայելյանը մեկն է այն դիմորդներից, որ հաջողությամբ մասնակցել է այս տարվա ընդունելության քննություններին ու ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի բաժին:
Օգտվելով ներդրված երկու քննության հնարավորությունից, Վիկտորիան ուժերը կենտրոնացրել է նախ անգլերենի, ապա՝ մաթեմատիկայի ուղղությամբ, առաջինի համար քննություն հանձնելով ձմռանը, երկրորդի համար՝ ամռանը․
«Տարվա ընթացքում երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը կարևոր բարեփոխում է։ Դա դիմորդին հնարավորություն է տալիս երկու անգամ փորձել ուժերն ու օգտագործել այն քննության արդյունքը, որն ավելի բարձր է»:
Սակայն նկատում է՝ ներդրված մյուս փոփոխությունը, որը դիմորդին միայն մեկ բուհ ու բաժին նշելու հնարավորություն է տալիս, սահմանափակել է երիտասարդների՝ իրենց նախընտրած մասնագիտացմամբ ընդունվելու շանսերը:
«Նախկինում մի քանի բուհ ու բաժին ընտրելու հնարավորություն կար, ինչն այս տարի չէր գործում: Դա շատ վատ էր, որովհետև եթե դու անցումային շեմը չհաղթահարես, այլևս չես կարող քո նախընտրած մասնագիտացմամբ սովորելու հնարավորությունից օգտվել: Կարծում եմ, այս տարի բազմաթիվ դիմորդներ նաև այս պատճառով դուրս մնացին»,- ասում է նա:
Վիկտորիայի դիտարկմամբ՝ դիմորդն իրեն շատ ավելի ապահով ու պաշտպանված կզգար, եթե նախընտրելի մասնագիտությամբ առնվազն երկու բուհ նշելու հնարավորություն տրվեր․
«Այդ հնարավորությունը չունենալու պարագայում շատերը տարի են կորցնում, ժամանակ ու ֆինանսական ահռելի ռեսուրսներ։ Նաև հիասթափվում են, հոգեպես ընկճվում։ Երբեմն էլ ուղղակի հրաժարվում են կրկին բուհ դիմելու մտքից։ Գոնե երկու համալսարանի ընտրության հնարավորությունը դիմորդին թույլ կտա ավելի վստահ լինել, որ մի ամբողջ տարի ներդրած ջանքերը ջուրը չեն ընկնի»:
Ո՞վ է խնդրի հասցեատերը
Թափուր մնացած տեղերի քանակը տարբեր կերպ է գնահատվում ոլորտի ներկայացուցիչների կողմից: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը, օրինակ, հարց է բարձրացնում՝ ի՞նչ ողբերգություն կա այդտեղ․
«Մենք տարիներ ենք ունեցել, երբ առաջարկվող տեղերի թիվն ավելի շատ էր, քան՝ շրջանավարտների թիվը: Հիմա առաջարկվող տեղերի թիվն ընդամենը 2000-ով է ավել դիմորդների թվից, թափուր է մնացել: Հետո՞ ինչ։ Կգան-չեն գա, դա արդեն բուհի գործն է: Կգան՝ ավելի լավ, չեն գա՝ բուհը կմտածի ինչ անել»։
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը, սակայն, անընդունելի է համարում տարիներ շարունակ արձանագրվող թափուր տեղերի մեծ քանակը․
«Դա նշանակում է՝տեղերի պլանավորումը և բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»։
Խնդրի լուծումը տեսնում է բուհերի ու Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի իրավասության տիրույթում․
«Բուհերը՝ աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն, հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»:
Այս մոտեցումը, սակայն, չի կիսում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը․
«Դա նշանակում է սեփական մեղքը բարդել ուրիշի վրա: Այսօր բուհերի վրա գցել, վաղը՝ գուցե նաև շրջանավարտների վրա, ասելով, որ նրանք չեն դիմում։ Այնինչ լիազոր մարմինը նախարարությունն է, հենց ինքն է ոլորտի պատասխանատուն: Եվ ուրեմն, թերացումն էլ նախարարությանն է»:
Փորձագետը շեշտում է՝ անցումային շեմը չհաղթահարող դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է․
«Դա նշանակում է, որ այն փոփոխությունները կամ չակերտավոր բարեփոխումները, որոնք կատարվում են հանրակրթության ոլորտում, որևէ դրական արդյունք չեն տալիս»:
Ամենապահանջված ու չպահանջված մասնագիտացումները
ԳԹԿ տվյալներովայս տարի առավել մրցակցային են եղել այս մասնագիտությունները․
- ստոմատոլոգիա,
- հանրային քաղաքականություն և կառավարում,
- քաղաքագիտություն,
- իրավագիտություն,
- հասարակայնության հետ կապեր:
Ամենացածր դիմելիությունը գրանցվել է մանկավարժական ու ագրարային մասնագիտությունների գծով:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս շարունակվում է ագրարային համալսարանի ու մանկավարժական համալարանի անկումը: Ագրարայինում իրավիճակը բավական ծանր է: Առաջին հայտով ընդունվել է մոտ 50 անձ: Մանկավարժական համալսարանում վիճակը համեմատաբար ավելի բարվոք է։ Բայց այստեղ էլ այլ խնդիր կա. դիմորդների մեծ մասը ուսուցչական մասնագիտացումներով չեն դիմել։ Ուսուցչական մասնագիտություններով ամբողջ հանրապետությունում ունեցել ենք 400-450 դիմորդ, որոնց մի մասը դուրս է մնացել մրցույթից: Արդյունքում՝ ունենք բազմաթիվ թափուր տեղեր», — նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Ինչո՞ւ են պակասել դիմորդները՝ ըստ փորձագետների
Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝ այս վերջնարդյունքին են հանգեցրել ոլորտին անբավարար ուշադրությունը, ուսուցիչների ցածր վարձատրությունը․
«Ուսուցչի աշխատավարձի չափը շատ կարևոր ցուցիչ է յուրաքանչյուր երկրի ու հասարակության համար: Կրթությունը, ըստ էության, ամեն ինչի հիմքն է: Այն երկրները, որոնք մեծ ֆինանսական միջոցներ են ներդնում կրթական ոլորտում, գրանցում են դրական արդյունքներ տնտեսության բոլոր ճյուղերում: Իսկ մեզ մոտ ուսուցչի աշխատավարձը բոլոր հարևան երկրների ուսուցիչների աշխատավարձերից ցածր է»:
Սերոբ Խաչատրյանն առկա իրավիճակի հիմնական պատճառների թվում շեշտում է անցումը 12-ամյա կրթական համակարգին․
«Երբ Հայաստանն անցավ 12-ամյա կրթության, երեխաները սկսեցին ավելի մեծ տարիքում դպրոցն ավարտել: Եվ աշակերտների մեծ մասը սկսեց 11-րդ դասարանից աշխատել, ամսական 100-200 հազար դրամ վաստակել ու անիմաստ համարել բուհում 4-5 տարի սովորելը, հավելյալ ծախսեր անելը»:
Պատճառների ցանկում նա թվարկում է նաև տղաների համար նախատեսված տարկետման տեղերի կրճատումը, ուսման վարձավճարների բարձրացումը, հանրակրության ու բուհական կրթության որակի անկումը։
Նշված պատճառներից յուրաքանչուրն իր հետևանքն է ունեցել: Տարկետման հնարավորությամբ տեղերի կրճատումն, օրինակ, հանգեցրել է տղաների դիմելիության ցուցանիշի նվազմանը․
«Եթե նախկինում դիմորդների կեսը տղաներ էին, ապա վերջին տարիներին այդ ցուցանիշը դարձել է մոտ 40 տոկոս»:
Ի՞նչ անել
Սերոբ Խաչատրյանն առաջարկում է սկսել հանրակրթական ու բուհական կրթության որակի բարելավման աշխատանքներից․
«Նախարարությունը պետք է այնպես անի, որ դպրոցական կրթության որակը բարձրանա, երեխաներն ունենան գիտելիքների նվազագույն պաշար՝ բուհ ընդունվելու համար: Մեծ անելիք ունեն նաև բուհերը, որովհետև դիմորդների թիվը նվազում է նաև այն պատճառով, որ բուհ ավարտողներն իրենց փոքր քույրերին ու եղբայրներին խորհուրդ չեն տալիս անցնել իրենց անցած ճանապարհով: Եթե շրջանավարտները բուհերից գոհ մնան, իրենց քույր-եղբայրներին էլ կհորդորեն բուհական կրթություն ստանալ»:
Նա հիմնաքարային է համարում նաև երկրում կրթության ու կրթություն ունեցող մարդու նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը․
«Կիրթ մարդիկ երկրում պետք է հեղինակություն ունենան: Այնինչ, երեխաները տեսնում են, որ կրթված մարդիկ հեղինակություն չունեն։ Այս հասարակությունում նրանք չեն գնահատվում, նրանց փոխարեն գնահատվում են ճարպիկ, խորամանկ, անկիրթ մարդիկ: Այդ ամենն ազդում է երիտասարդների որոշման վրա»։
Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ պետք է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, խրախուսի մանկավարժական ու ագրարային մասնագիտացմամբ ուսուցումը։
Որպես խրախուսման լավագույն տարբերակ փորձագետն առաջարկում է կիրառել տարիներ առաջ մշակված մեխանիզմը․
«Խորհրդային ժամանակներում լավ էր աշխատում պատվերով բարձրագույն կրթություն ստանալու մեթոդը: Հիմա էլ կառավարությունը կարող է ֆինանսավորել գյուղատնտեսի կարիք ունեցող համայնքի շրջանավարտներից մեկի կրթությունը։ Բայց պայմանով, որ բուհն ավարտելուց հետո նա պետք է որոշակի ժամանակ աշխատի տվյալ համայնքում։ Այսօր պետությունն ապահովում է միայն պետպատվերով ուսուցման բաղադրիչը։ Բայց հետևողական չէ պետբյուջեի միջոցներով կրթություն ստացած շրջանավարտի ներուժի օգտագործման հարցում»:
Վստահ է՝ այս մեխանիզմի գործարկումը լայն հնարավորություններ կընձեռի հատկապես գյուղատնտեսությունը կադրերով ապահովելու համար․
«Հակառակ պարագայում ստացվում է, որ պետությունը ձեռքերը լվանում է և չի օգտագործում այն կադրի պոտենցիալը, որի կրթության վրա պետբյուջեից 4 կամ 6 տարի գումար է ծախսել: Էլ ի՞նչ իմաստ ունի պետպատվերով անվճար ուսուցման տեղերի պլանավորումը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թափուր տեղեր Հայաստանի բուհերում