Ընտրություններ առանց ընտրության․ ինչո՞ւ է Հայաստանը կրկնում արդեն անցած ճանապարհը
Հայաստանում արդեն ուրվագծվում է նախընտրական փազլը։ Հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սակայն իրենց մասնակցության մասին հայտարարածների ցուցակը չի կարող ուրախացնել ընտրողներին։ Նրանք, ըստ էության, ստիպված են լինելու ընտրել «ներկաների» և «նախկինների» միջև։ Երկրում քաղաքական դիսկուրսն այդպես էլ չփոխվեց։
Սակայն արտահերթ ընտրությունները կկայանան, եթե սահմանային լարվածությունը հանրապետության երկու մարզերում չփոխի իրավիճակը։ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության աճի դեպքում խորհրդարանը կարող է ռազմական դրություն մտցնել, և այդ ժամանակ ընտրություններն անժամկետ կհետաձգվեն։
Սակայն այս սցենարը ծայրահեղ անցանկալի է երկրի ներկայիս ղեկավարության համար, որը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով խաղաղ լուծել իրավիճակը։
- Ընտրություններ՝ նոր կանոններով․ Հայաստանի ԿԸՀ-ն փոխել է քվեարկության կարգը
- Մեղադրյալի աթոռից՝ ընտրությունների․ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պլանները
- «Ադրբեջանական զինուժի ագրեսիվության աճ»․ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Ընտրությունների մասնակիցները և ուժերի հարաբերակցությունը
Ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ արդեն որոշակիորեն ուրվագծվում է նախընտրական պատկերը, և ակնհայտ են դառնում գլխավոր մրցակիցները։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական պլատֆորմը դեռևս նախապատրաստում է իր կուսակցական ցուցակը, սակայն պարզ է, որ այն կգլխավորի հենց ինքը՝ դրա առաջնորդը։
Ռեինկարնացիայի ի՞նչ շանսեր ունի երբեմնի անառարկելի հեղինակությունն ու «թավշյա» հեղափոխության ծայրահեղ պոպուլյար առաջնորդը։ Հարց, որին այժմ հավանաբար չեն կարող պատասխանել ո՛չ փորձագետները, ո՛չ սոցհարցումները։
Հայաստանում հասարակական կարծիքի հետազոտություններ անցկացվել են։ Դրանց համաձայն՝ վարչապետի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների շուրջ 27%-ը։ Սա լավագույն արդյունքն է քաղաքական ուժերի շրջանում։ Երկրորդ տեղում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ընդամենը 7 տոկոս ունի։ Սակայն մի քանի կարևոր «բայց» կա։
Դրանցից մեկն այն է, որ հարցումներն անցկացվել են նախքան Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի՝ հանրությանը պաշտոնապես ներկայանալը։
Իսկ գործող իշխանական ուժի վարկանիշի վրա գրեթե իրական ժամանակի ռեժիմով ազդում է սահմանային լարվածությունը։ Շատերը կարծում են, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում հասնել նրան, որ ադրբեջանցի զինվորականները լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Իշխանություներին ուղղված առանձին հարց է այն, թե ինչպես նրանք կարող էին անպատիժ այստեղ գալ հասնել։
Եվ սա տեղի է ունենում Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո, ինչն արդեն բացասաբար է ազդել իշխող ուժի և դրա առաջնորդի վարկանիշի վրա։ Այսպիսով, որքան երկար է տևում լարվածությունը սահմանին, այդքան նվազում են Փաշինյանի և նրա քաղաքական թիմի շանսերը։
Եվ, թերևս, գլխավոր գործոնը, որն առավել ճշգրիտ է արտացոլում քաղաքական իրավիճակը Հայաստանում․ հարցումները ցույց են տալիս, որ երկրի քաղաքացիների շուրջ 40 տոկոսը չի կողմնորոշվել։ Սա նշանակում է, որ նրանց ընտրությունը կարող է վճռորոշ լինել։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, որը տասնյակ տարիներ հետևում է հայաստանյան ընտրական գործընթացներին, կարծում է, որ այս անգամ դրանք անցնելու են անտարբերության մթնոլորտում․
«Իշխանության հիմնական աջակցությունն աջակցություն չէ։ Դա ապատիա է։ Դա այն մարդիկ են, որոնք չեն գալու։ Որոնք հոգնել են, չեն ուզում երեք տարի անց երկրորդ հեղափոխությունն անել։ Եվ ընդդիմությունը նույնպես բարդ խնդրի առաջ է․ այդ մարդկանց պետք է դուրս բերի տներից»։
Ընդդիմությունը ոչ միայն պետք է այդ մարդկանց բերի ընտրատեղամասեր, այլև համոզի՝ իրենց ձայնը Նիկոլ Փաշինյանին չտալ։
Այս դերը գլխավորապես իր վրա կվերցնի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ընտրություններին կմասնակցի դաշինքի ձևաչափով։ Դրա մեջ են մտնում «Դաշնակցություն» հնագույն կուսակցությունն ու վերջերս ձևավորված «Վերածնվող Հայաստանը»։
Քոչարյանն արդեն անցկացրել է բազմահազարանոց հանրահավաք, որը պետք է բոլոր թերահավատներին ցույց տար իր գլխավորած դաշինքի ուժը։
Ընտրություններին կմասնակցի նաև մյուս նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Սակայն, ի տարբերություն Քոչարյանի, նա հայտարարում է, որ այլևս մտադիր չէ բարձր պետական պաշտոններ զբաղեցնել։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում նրա անունը նույնպես չի լինի, սակայն Սարգսյանն է ներկայացրել այդ քաղաքական ուժը որպես ընտրությունների մասնակից։ Հետևաբար, նախկին նախագահն այս կամ այն չափով կմասնակցի քարոզարշավին։
Նրա «Հանրապետական կուսակցությունն» ընտրություններին մասնակցում է Նիկոլ Փաշինյանի երբեմնի համախոհ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ Հրաժարականից հետո նա սկսել է քաղաքականությամբ զբաղվել և հանդես է գալիս ներկայիս իշխող ուժի խիստ քննադատությամբ։
Ընտրություններին կմասնակցի նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» ընտրություններին միայնակ կմասնակցի։ Ցուցակը կգլխավորի հենց օլիգարխը։ Խորհրդարանում ներկայացված մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջինը կլինի այս ցուցակում։
Հենց նշված ուժերի միջև է գնալու հիմնական պայքարը։ Ընդ որում, գործող իշխանությունն ակնհայտորեն լիակատար հաղթանակի հույս ունի, գուցե նաև՝ հենց առաջին փուլում։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում իրադարձությունների նման զարգացումը․
«Անկասկած, նրանք ռեստարտի շանս ունեն։ Եթե դա չլիներ, նրանք ընտրություններ չէին կազմակերպի։ Ըստ սոցիոլոգիական հարցումների, գրեթե 30 տոկոս կամ մի փոքր քիչ ձայն ունի իշխող կուսակցությունը։ Ցածր մասնակցության դեպքում, իսկ այն ցածր է լինելու, այդ 30%-ը կարող է վերածվել 40%-ի։ Իսկ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքում, որն օգտագործվելու է պարզապես, որովհետև դա իշխանությունն է, իսկ իշխանությունն այն միշտ է օգտագործում, 40 տոկոսը կարող է վերածվել 50-ի։
Այդ պատճառով էլ ես կարող եմ նրա հաղթանակը պատկերացնել անգամ առաջին փուլում։ Հենց սա է ընտրություններն այժմ անցկացնելու պատճառը։ Եթե ընտրությունները հերթական լինեին՝ երեք տարի անց, շատ եմ կասկածում, թե նրանք այսպիսի շանս ունենային»։
«Դեմ, այլ ոչ թե կողմ»։ Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը
Հայաստանում նախընտրական արշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, սակայն դա ոչ ոքի չի խանգարում քարոզարշավ իրականացնել։ Գործընթացը փաստացի սկսվել է վարչապետի պաշտոնակատարի մարզային այցերից, որն առանց այլևայլությունների սկսել է քննադատել «նախկիններին»։
Չնայած իր ուժի եռամյա կառավարմանը՝ 2018 թ-ի հեղափոխությունից ի վեր, Փաշինյանը բոլոր մասշտաբային դժբախտությունների պատճառ է համարում նախկին իշխանություններին։
Նրա քարոզարշավում կարմիր թելի պես անցնում է հետևյալ թեզը․ անհնար էր բոլոր ոլորտները կարգի բերել այս ժամկետներում, և կառավարությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին պարզապես չի հասցրել պատերազմին նախապատրաստվել․
«Ռոբերտ Քոչարյա՛ն և Սերժ Սարգսյա՛ն, դուք հայրենիքի դավաճան եք։ Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ։ Դուք անգամ պատերազմի ժամանակ եք շարունակել դավաճանությունը»։
Հատկանշական է, որ իշխող կուսակցության նախընտրական կարգախոսում խոսվում է ապագայի մասին․ «Ապագա կա»։
Իսկ ընդդիմադիրներն ապագայի մասին նախընտրում են չխոսել, բայց պնդում են․ այն պետք է լինի առանց Փաշինյանի։
Քոբերտ Քոչարյանն ընդգծում է կառավարման ճգնաժամը, որը բոլոր ոլորտներում հանգեցրել է աղետալի արդյունքների։ Նախկին նախագահը բացահայտ մեղադրում է Փաշինյանին Արցախյան երկրորդ պատերազմում դավաճանության համար և քաղաքացիներին համոզում, որ նրա հետագա կառավարումը կբերի ավելի լուրջ խնդիրների։ Ընդհուպ՝ մինչև պետականության կորուստ։
Ճիշտ է, այն, թե ինչ միջոցներով և ռեսուրսով է նա պատրաստվում շտկել իրավիճակը, Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցնում։ Քաղաքական գործիչը պարզապես խոսում է իր հակաճգնաժամային փորձի մասին և ներկայացնում իր նախկին ձեռքբերումները։ Սակայն բնակչության զգալի մասի մոտ նրա կառավարումն ասոցացվում է կոռուպցիայի, ոստիկանական ամենաթողության, ինչպես նաև 2008 թ-ի մարտին ցույցի ցրման հետ, որի հետևանքով 10 մարդ է զոհվել։
Արդյունքում՝ ատելության հռետորաբաություն է հորդում բոլոր մրցակիցներից։ Բոլորը քննադատում են իշխանությանն, իսկ իշխանությունը՝ «նախկիններին»։ Ճգնաժամը հաղթահարելու իրական ծրագրերը և առաջարկները, ըստ ամենայնի, ոչ մեկին հետաքրքիր չեն։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը զուգահեռներ է անցկացնում նախորդ տարիների հետ․
«Քարոզարշավի այն տեսակը, որը տեսնում ենք ընդդիմադիրների մոտ, նման է հեղափոխության ժամանակ ներկայիս իշխանության քարոզարշավին։ Այն բացասական է։ Ընդդիմությունն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը վատ են կառավարում երկիրը, նրանք պարտվել են պատերազմում։ Եվ նրանց պետք է հեռացնել։ Այնուհետև բոլորի մոտ հարց է առաջանում․ լավ, հեռացնենք, իսկ հետո՞։ Ադրբեջանցիները հե՞տ են գնալու։ Այդ տարածքները տալո՞ւ են։ Ռուսներն իրենց տնե՞րն են վերադառնալու»։
Ճգնաժամը կավարտվի՞ ընտրություններից հետո
Ընտրությունների գնալու Հայաստանի իշխանության որոշումը հետպատերազմյան քաղաքական ճգնաժամում վերջակետ դնելու փորձ է։ Ընդդիմությունն այն «աննախադեպ» էր անվանում։ Սակայն անգամ նման դասավորության դեպքում տասնյակից ավելի միավորված ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան մոբիլիզացնել զգալի զանգված՝ փողոցային ակցիաների համար, որպեսզի հասնեն իշխանության հրաժարականին։
Քաղաքական կայունության հաստատման հարցը դեռ արդիական է։ Ընդդիմադիր ուժերը միաձայն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ընտրությունների արդյունքների կեղծման։ Այսինքն՝ արդեն հող է նախապատրաստվում հետընտրական բողոքի շարժման համար։ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ նմանատիպ ճգնաժամերն ընտրությունները չեն լուծում․
«Ընտրությունների արդյունքները կարող են բյուրոկրատական լեգիտիմություն ունենալ։ Այսինքն՝ կարելի կլինի ընտրությունների արդյունքը թափահարել արտաքին լսարանի առջև․ «Լեգիտիմություն կա, մենք այն ստացել ենք արդեն պատերազմից հետո, ժողովուրդը մեզ հետ է»։
Սակայն սոցիալական լեգիտիմություն այդ կերպ ստանալ հնարավոր չէ։ Մեզ մոտ՝ Հայաստանում, նմանատիպ իրավիճակ եղել է 2017 թ-ին։ Եղել են ընտրություններ, մարդիկ քվեարկել են «Հանրապետական կուսակցության» օգտին։ Ոչ ոք լրջորեն չի խոսել զեղծարարությունների մասին։ Սակայն կես տարի անց այդ նույն մարդիկ դուրս են եկել հեղափոխության։ Մոտավորապես նույն բանն է լինելու։ Եվ կասկած չկա, որ պահպանվելու է քաղաքական տուրբուլենտությունը»։
Հայաստանում շատերն այլընտրանքային քաղաքական ուժի ի հայտ գալու հույս ունեին, որը կապված չէ «ներկաների» կամ «նախկինների» հետ։ Ուժ, որը կարող էր լուծել քաղաքական ճգնաժամն ու երկրի առջև ծառացած էքզիստենցիալ մարտահրավերները։ Սակայն այն չհայտնվեց։
Եվ ընտրություններում ակնհայտորեն մեծ հավանականությամբ հաղթանակի կարող են հավակնել կա՛մ Փաշինյանը, կա՛մ Քոչարյանը։ Երկուսին էլ երկրի բնակիչները բազում հարցեր ունեն, որոնց պատասխանները հազիվ թե ստանան։