ՀՀ-ում ընտրությունների արդյունքները․ «թավշյա» հեղափոխությունը փոխակերպվեց «պողպատի՞»
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Մեծ առավելությամբ հաղթել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 53,92% ձայն։
Երկրորդ տեղում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որը 21,04% ձայն է հավաքել։
Խորհրդարանում երրորդ ուժը լինելու է «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մեջ մտնում են ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունները։ Դաշինքը հավաքել է ընդամենը 5,23% ձայն։ Սա նախատեսված 7% անցողիկ շեմից պակաս է, սակայն «Պատիվ ունեմ»-ը խորհրդարան է անցելու որպես երրորդ քաղաքական ուժ, որն առավելագույն թվով ձայն է հավաքել։
Հունիսի 20-ի երեկոյան, երբ դեռ անգամ կիսով չափ ամփոփված չէր, թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցության գլխավոր շտաբում արդեն հայտարարեց հաղթանակի մասին և այն հերթական հեղափոխությունն անվանեց՝ երեք տարվա մեջ երկրորդը։ Նրա ղեկավարությամբ առաջինը տեղի էր ունեցել 2018 թ-ին, երկրորդն իրականացավ, ըստ նրա՝ 2021 թ-ի ընտրություններին։
Փաշինյանն ընդգծել է, որ երկու հեղափոխություններն էլ ժողովրդավարական էին և ոչ բռնի, սակայն եթե առաջինը «թավշյա» էր, երկրորդը «պողպատե» է։ Եվ այժմ, նրա խոսքով, ներում չի լինելու նրանց, ովքեր թալանել են երկիրն ու հարստացել, մինչդեռ հարյուր հազարավոր մարդիկ աղքատացել են և մեկնել երկրից։
Փաշինյանի հայտարարությունը բացատրվում է նրանով, որ իր կողմնակիցները հաճախ էին քննադատում «հեղափոխական» կառավարությանը «նախկինների» նկատմամբ ոչ բավաբար կոշտության համար։
Մոտավորապես նույն ժամերին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վիճելի են։ Եվ այդ կապակցությամբ «Հայաստան» դաշինքը դեռևս չի պատրաստվում ճանաչել դրանք։
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 282 հազար 411 մարդ, կամ ընտրողների 49, 4%-ը, անվավեր է ճանաչվել 4 682 քվեաթերթիկ։ Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի ընտրություններին հաջորդող յոթերորդ օրը։
Առաջին արձագանքն՝ արդյունքները հայտարարելուց հետո
Սոցցանցերում միշտ ակտիվ Նիկոլ Փաշինյանը սկզբում գրառում է արել Ֆեյսբուքում, որտեղ հաղորդել է, որ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն է ստացել և կառավարություն է ձևավորելու։
Գիշերը, երբ ԿԸՀ-ում դեռ քվեների հաշվարկ էր ընթանում, Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել իր կուսակցության շտաբում և ընտրողներին հունիսի 21-ին հրավիրել Հանրապետության հրապարակ՝ հաղթանակը տոնելու։
Twitter-ում նա գրել էր, որ իր կուսակցությունը նոր գումարման խորհրդարանում 71-ից ոչ պակաս մանդատ է ունենալու։
ԿԸՀ-ն դեռևս թվեր չի հրապարակել, թե ինչպես է բաշխվելու 105 մանդատը նոր խորհրդարանում, սակայն որոշ հայկական լրատվամիջոցներ իրենց հաշվարկներն են հրապարակել։ Ենթադրվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ստանալու է ոչ պակաս, քան 72 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 27 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 6 մանդատ։
Նախկին նախագահ Քոչարյանի դաշինքի արձագանքը
Այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հիմնական մրցակիցը «Հայաստան» դաշինքն էր, որը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բավականին կարճ ժամանակահատվածում, սոցհարցումների համաձայն, նախկին նախագահը կարողացել էր հավասարեցնել վարկանիշները։
Այնուամենայնիվ, Փաշինյանի կուսակցությունն ընտրություններում կրկնակի շատ ձայն էր հավաքել։ Եվ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ քվեարկության արդյունքները վիճելի են և վստահություն չեն ներշնչում․
«Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին»։
Հետևաբար, դաշինքի ներկայացուցիչները մտադիր են ուսումնասիրել արձանագրված և ենթադրվող խախտումները և դեռևս չեն պատրաստվում ճանաչել քվեարկության արդյունքները։
Դիտորդների կարծիքները
Տեղի դիտորդները կարծում են, որ քվեարկությունը հարթ է ընթացել, խաղաղ միջավայրում, առանց զանգվածային և կոպիտ խախտումների։
Սակայն Transparency International-ի Հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսին հայտարարել է․
«Այնուամենայնիվ, մի շարք ընտրատեղամասերում որոշակի լարվածություն է նկատվել, որը, որպես կանոն, պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, որոնք փորձել են ուղղորդել և վերահսկել քվեարկությունը։ […] Թվարկված ընտրախախտումների առյուծի բաժինը «Հայաստան» դաշինքինն է»։
Ընդ որում, Սոնա Այվազյանն ընդգծել է, որ խախտումներ են արձանագրվել նաև ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև խորհրդարան անցած երրորդ ուժի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից։
Միջազգային դիտորդներն ընտրություններից հետո հայտարարել են, որ թերություններ եղել են, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել։
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը նշել է, որ նկատված խախտումները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Այս դիտորդական առաքելությունը 96 հոգուց էր բաղկացած և այցելել է 700 ընտրատեղամաս։ Դրա ղեկավարի խոսքով՝ առաքելության կազմում ներառված էին ԱՊՀ երկրների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի փորձառու փորձագետներ։
Փորձագետի կարծիքը
Քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանն իր տելեգրամ-ալիքում փորձել է երկու հարցի պատասխանել՝ «ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչ անել»։
«Երեկ Հայաստանում կայացած ընտրություններում հաղթել են Թուրքիան և Ադրբեջանը։ Սա երկրորդ նոյեմբերի 10-ն է հայկական պետության համար։
Կապիտուլյանտի [նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, որն Արցախում հրադադարի մասին փաստաթուղթ է ստորագրել 2020 թ-ի աշնանը] կազմակերպած ժողովրդի մի հատվածը հետևյալ ուղին է ընտրել․ փակել Արցախի հարցը՝ լիովին զիջելով այն, հանձնել անկլավներն ու ռազմավարական կոմունիկացիաները, միացնել Թուրքիան ու Ադրբեջանն իր տարածքով՝ հանձնելով Սյունիքը [Հայաստանի հարավային մարզը] որպես միջանցք [Ադրբեջանն ու դրա էքսկլավ Նախիջևանը միացնելու համար]։
Սակայն մեզ համար սա չէ կարևոր, այլ որ Քոչարյանը չհաղթի, չէ՞։ Ո՞ւմ է պետք Արցախը։ Ո՞ւմ է պետք ինքնիշխանությունը։ Չէ՞ որ Քոչարյանն ավելի սարսափելի է, քան պետականության կորուստը։
Ի՞նչ անել
1. Սպասել հաջորդ ճգնաժամին, քանի որ այն շատ շուտով է լինելու՝ հաշվի առնելով այս ոչ կոմպետենտ ղեկավարությունը։ Մարդիկ, հնարավոր է, տեսնեն, որ իրավիճակը ոչ թե լավանում է, այլ վատթարանում։ Եվ մի մասը հասկանա իր սխալը։ Դա հասկանալու համար անհրաժեշտ է, որ նրանց հետ աշխատանք տարվի։
2. Ապագա էլիտա պատրաստել։ Նախաբեմից հեռացնել բոլոր հին քաղաքական գործիչներին և ավանգարդ տեղավորել պահեստայինների նստարանին գտնվող նրանց իսկ երիտասարդներին։
3. Երկարաժամկետ հեռանկարում․ սպասել սերնդափոխության և աշխատել այդ նոր սերնդի հետ։
Եվ, ինչպես երեկ ասաց փորձառու մի գործընկեր, փչացնել նրանց տոնը՝ թույլ չտալով հերթական կապիտուլյացիան իրականացնել, որը հունվարին Նիկոլը խոստացել է ստորագրել վերընտրվելուց հետո»։