«ՀՀ-ում ընտրակաշառքի ավելի շատ դեպք է բացահայտվում, քան նախորդ 30 տարում»․ փորձագետ
Ընտրակաշառքի դեպքերի բացահայտումներ ՀՀ-ում
Հայաստանի Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ երկու ամսով կալանավորվել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով շուրջ 1400 քաղաքացու նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Սա վերջին շաբաթներին բացահայտված դեպքերից մեկն է միայն։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում դրանց մասին՝ հրապարակելով նաև ձայնագրություններ, որոնցում խոսվում է կաշառք տալու և վերցնելու մասին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ վերջին ամիսներին ավելի շատ ընտրակաշառքի դեպք է բացահայտվում, քան նախորդ 30 տարում՝ գումարային վերցրած։
«Փետրվարից մայիս ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեում համարյա 60 գործ է հարուցվել, ձերբակալվել է 100-ից ավելի անձ, էլ ավելի շատ մարդու մեղադրանք է առաջադրվել։ Հինգ հոգի էլ հետախուզման մեջ է»,- հայտնել է Իոաննիսյանը։
Իրավապաշտպանն ասում է՝ 34 անձի վերաբերյալ քրեական գործն ավարտվել է և արդեն ուղարկվել դատախազին, որպեսզի հասնի դատարան։ Նրա փոխանցմամբ՝ ևս 40 հոգու էլ մեղադրանք է ներկայացրել մեկ այլ պետական կառույց՝ Քննչական կոմիտեն։ Դրանք, սակայն, վերաբերում են ընտրական այլ բնույթի հանցագործությունների, ոչ թե բուն ընտրակաշառքին։
Ի՞նչ է հաղորդվել «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամին վերաբերող գործի մասին, Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին բացահայտումները, ինչպես նաև մեկնաբանություն
- «Զանավես»․ ՀՀ-ում քվեների վերահսկման մասին դավադրապաշտական սցենար է տարածվում
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
- «Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
«Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամը մեղադրվում է 763 մլն դրամի չափով նյութապես շահագրգռելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը 2025 թ․-ի սեպտեմբերի 9-ից հանդիսացել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի [«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադրումից առաջ այն գործում էր որպես «Մեր ձևով» շարժում] հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար։ 2025 թ․-ի սեպտեմբերից մինչև 2026 թ․-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքներին և ցույցերին մասնակցելու նպատակով նա հավաքագրել է քաղաքացիների։
«ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում»։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թ․-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թ․-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին փոխանցվել են հանցավոր գործունեության արդյունքում ձեռքբերված գումարներ՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար: Դրանք փոխանցվել են գործարար Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից՝ որպես «նվիրատվություն», «փոխառություն»։
Կոմիտեի փոխանցմամբ՝ հանցավոր ծագում ունեցող գումարը «լեգիտիմացնելու» նպատակով Ալեքսանյանն աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ վճարել է գումարներ՝ ուղղորդելով մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքներին։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ՝
- աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չեն հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ են այցելել մեկ կամ մի քանի անգամ,
- Ալեքսանյանը նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից՝ առանց կանոնադրությամբ նախատեսված՝ ՀԿ-ի նպատակների իրագործման:
Ընդհանուր առմամբ, հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես «աշխատանքի վարձատրություն» այդ քաղաքացիներին վճարվել է 763 մլն 264 հզր 474 ՀՀ դրամ։
Ընտրակաշառք տալու դեպքերը եզակի չեն
Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին ամիսներին ամենշաբաթյա պարբերականությամբ հրապարակում է ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի մասին հաղորդագրություններ։
Միայն վերջին 3 օրերին կոմիտեն 5 նման բացահայտման մասին է հայտնել։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել՝
- «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձի կողմից կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցությանն ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների ընտրակաշառք տալու մասին,
- «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարի կողմից կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին ընտրակաշառք խոստանալու և տալու մասին,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուի, կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների ընտրակաշառք խոստանալու և տալու մասին։
Գրանցվել է նաև կալանավորման դեպք։ Դատարանի որոշմամբ կալանավորվել է ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդ։
Վերջին բացահայտման հետ կապված կոմիտեն հաղորդել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ՀՀ տեղափոխելու մասին։
Բացահայտվող դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնվում են քրեական վարույթներ, կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Փորձագիտական կարծիք
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանն ասում է՝ որքան մոտենում են ընտրությունները, այնքան շատանում են ընտրակաշառքի բացահայտման դեպքերը․
«Ընտրողների մեծածախ ու մանրածախ առուվաճառքը ամբողջ հանրապետությունում է։ Բացահայտվել են դեպքեր Սյունիքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում»։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող ձայնագրություններին՝ իրավապաշտպանը նկատել է՝ «թեև ընտրակաշառք տվողներն ու վերցնողները հանցակիցներ են, բայց տվողները վերցնողներին վերաբերվում են որպես շուն–շանգյանի կամ կարտոֆիլի մեշոկի»։
«Քննարկում են, թե իրենց հարազատի քրերը 100 հազարանոց են, թե 150։ Ընտրողներն էլ տարբեր գին ունեն։ Քանի դեռ որոշները փորձում են 100 հազարանոցից դառնալ 150 հազարանոց, ոմանք 20 հազար դրամ են վերցնում, որ էդ օրը խմեն»,- նշել է նա։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններից մեկում ասվում է՝ «Ասեց՝ ինչքան շուն-շանգյալ կա, բերել ես, գրանցել ես շտաբիդ վրա, 200 ես տալիս, հարազատներին սաղին գցել ես գյուղերը, 100 ես տալի՞»։ Մեկ այլ ձայնագրության մեջ հարց է հնչում. «Փող 4 հոգուն ինչքա՞ն տամ։ Մի 20 մանեթ տա՞մ։ 20 հազար դրամ տա՞մ, թող էդ օրը խմեն», ինչին ի պատասխան լսվում է․ «Ալկաշներ են կակ ռազ»։
Փորձագետի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած դեպքերի 83%-ը վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, 13%-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, 4%-ը՝ «Հայաստան» դաշինքին։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ընտրողների առուվաճառքը» չի սահմանափակվում Հայաստանով, ընդգրկում է նաև Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Հիշեցրել է՝ հրապարակված ձայնագրություններից մեկում քննարկում են, թե երբ և ինչպես են ՌԴ-ից ընտրողներ բերելու․
«Բացահայտվածն ընդհանուր ծավալի չնչին մասն է։ Ծավալը պատկերացնելու համար ասեմ, որ ըստ Reuters գործակալության՝ միայն ՌԴ-ից ընտրողներ բերելու համար նախատեսվում է ծախսել 50 մլն դոլար»։
Խոսելով արդեն իսկ բացահայտված դեպքերի մասին՝ Իոաննիսյանն ընդգծել է՝ մարդկանց «չեն փրկել» ոչ ուղիղ կապով չխոսելը, ոչ էլ ձևական պայմանագրերի կնքումն ու ռուսական քարտերով գումարներ ստանալը։
ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցրել է՝ օրենքն ընտրակաշառք վերցնելու համար նախատեսում է մինչև 7 տարվա, տալու համար՝ մինչև 8 տարվա ազատազրկում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ընտրակաշառքի դեպքերի բացահայտումներ ՀՀ-ում