Ընկե՞ր, թե՞ օկուպանտ
Վրաստանում զանգվածային ցույցերը, որոնք սկսվել են երկրի խորհրդարանում այն ելույթից հետո, որն ունեցել է Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիային բացահայտ սատարող ռուսական Պետդումայի պատգամավորը, երկու երկրների միջև նոր լարվածության առիթ են դարձել և Վրաստանում ռուսների ու ռուսալեզու զբոսաշրջիկների անվտանգության մասին մեծ քննարկում առաջացրել։
Ռուսաստանի և Վրաստանի միջև հուլիսի 8-ից ուղիղ ավիահաղորդակցության արգելքի մասին Վլադիմիր Պուտինի որոշումն, ինչպես նաև Վրաստանում ժամանակավորապես գտնվող ռուսաստանցիների՝ հայրենիք վերադառնալու համար միջոցներ ձեռնարկելու հրահանգը լայն հասարակական արձագանք են առաջացրել, նաև թեժ քննարկումներ սոցցանցերում։
JAMnews-ն առաջարկում է կատարվածին նայել ռուսաստանցի և ռուսախոս զբոսաշրջիկների, ինչպես նաև Վրաստանում մշտական բնակություն հաստատած ռուսների աչքերով։
Մթնոլորտը՝ քաղաքի կենտրոնում
Եվգենին ու Կատյան մտել են Ռուսթավելու պողոտայից 200մ հեռավորության վրա գտնվող բարը հունիսյան տոթ երեկոյան զբոսանքից հետո թարմանալու։
«Ոչ, մեր հանդեպ ագրեսիայի չենք բախվել», — ծիծաղում է Եվգենին։ Նրանք մի սեղանի շուրջ նստած են վրացու հետ, որը բարի տերն է և պատմում է համտեսի համար շարած գինիների մասին։
Բար մտնելուց առաջ Եվգենին ու Կատյան զբոսնել են Ռուսթավելու պողոտայում, որտեղ բողոքի հերթական ակցիայի նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, մարդիկ էին սկսում հավաքվել, հիմնականում՝ ուսանողներ և երիտասարդություն, բեմի վրա վերջին աշխատանքներն էին տարվում։ Կատյան ցույց է տալիս ճանապարհին բջջային հեռախոսով արված լուսանկարները։
«Այստեղից դուրս գալիս անպայման հետ կքայլենք դեպի [Ազատության] հրապարակ», — ասում է Եվգենին։
•Խաղաղ ցույցեր Թբիլիսիի խորհրդարանի առջև՝ հունիսի 21-ի ցույցի ցրումից հետ։ Ֆոտոռեպորտաժ
•Թբիլիսիում ցույցեր են և դրանք դաժանաբար ցրվել են։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ սպասել
Ինչի՞ դեմ են բողոքում Թբիլիսիում
Բողոքի ալիքը, որն ի սկզբանե սկսվեց վրացական կառավարության կողմից ռուսական օկուպացիան խրախուսելու դեմ, վերսկսվեց կրկնակի ուժով հունիսի 21-ի գիշերը ցուցարարներին դաժանորեն ցրելուց հետո։
Ոստիկանությունն ակցիան ցրելու համար կիրառեց արցունքաբեր գազ, ջրցաններ և ռետինե փամփուշտներ։ Դրանից առաջ ցուցարարների մի մասը կառավարության հրաժարականի պահանջով փորձում էր ներխուժել խորհրդարանի շենք։
Ցույցի ուժային ցրումը, որի ընթացքում 305 մարդ ձերբակալվեց և 240-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ, հաջորդ օրը Ռուսթավելու պողոտա դուրս բերեց էլ ավելի շատ մարդ։
Հունիսի 24-ին Վրաստանի իշխանությունները համաձայնեցին բավարարել ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը՝ 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելն, ինչպես նաև կասեցրին ցույցին մասնակցած ոստիկանության 10 աշխատակցի լիազորությունները։
Այնուամենայնիվ, ցուցարարները մտադիր են հասնել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականին, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, որոնք դեռ կալանքի տակ են։
Այլ կարգախոսների թվում Թբիլիսիում հնչում են նաև «Ռուսաստանը օկուպանտ է», «Պուտինը բ․․ է» և այլն։ Այդ պաստառներն անընդհատ ցուցադրվում են ռուսական լրատվամիջոցներով որպես ռուսատյացության և ռուսների հասցեին սպառնալիքների վկայություն, որոնք վերջին տարիներին կազմել են Վրաստան այցելողների ընդհանուր թվի մոտ 20%-ը։
Ի՞նչ են ասում Վրաստանում գտնվող ռուսները
Կատյա Բորոդինան եկել է Թբիլիսի հանգստանալու իրադարձությունների ամենաթեժ պահին և նույնիսկ տոմսերն է փոխել՝ Վրաստանում մեկ շաբաթով ավելի երկար մնալու համար։
«Ոչ մի «հակառուսական» տրամադրություն ես չեմ տեսնում և չեմ զգում։ Վրաստանում ցույցերն ուղղված են կառավարության, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց դեմ, սա կարևոր է հասկանալ։ Անկասկած, ես հաճախ եմ տեսնում Պուտինի անունով պաստառներ, սակայն դա ոչ մի կերպ ինձ հետ չի ասոցացվում, վրացիները գիտակցում են, որ յուրաքանչյուր ռուս մարդ չի ստորագրում է ՌԴ նախագահի գործողությունների և խոսքերի տակ»։
Վերջին տարիներին Ռուսաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացի է Վրաստանն ընտրում որպես մշտական կամ ժամանակավոր բնակության վայր։ Դանիելա Շապովալը Թբիլիսի է եկել մայիսին, այժմ որպես խոհարար է աշխատում «Օվսյանկա» սրճարանում, որն այս տարի բացել են Սանկտ Պետերբուրգից եկած տղաները։
Հունիսի 20-ին Դանիելան մյուս քաղաքացիների հետ նույնպես գնացել է Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի մոտ ցույցին․
«Ես գազի տակ ընկա, ինձ տեղացի տղաները՝ վրացիները, փրկեցին և երբ լսեցին, որ ես ռուս եմ, չհավատացին։ Նրանք ինձ էլ ոչ մի տեղ չէին թողնում գնալ, ուզում էին տուն ուղարկել, սակայն ես չգնացի։ Նման սեր և հոգատարություն ես վաղուց չէի տեսել»։
«Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Վլադիմիր Ռոմենսկին Բաթումում էր հանգստանում։ Հունիսի 21-ին խմբագրության առաջադրանքով նա արդեն Թբիլիսիում էր։
«Ես բազմիցս հարցազրույցի մասին ռուսերենով պայմանավորվել եմ ցույցի մասնակիցների հետ։ Ռուս լրագրողներին զգուշորեն են մոտենում, հասկանում են, որ մեր լրատվամիջոցների մեծ մասը պրոպագանդայի խոսափող է դարձել։ Սակայն ազնիվ, անկախ լրագրողների համար վրացիները պատրաստ են ներկայացնել իրենց դիրքորոշումն ու խոսել այն պատճառների մասին, թե ինչու են պահանջում իշխանափոխություն»։
Դիտորդներն այն կարծիքին են, որ Վրաստանում ցույցերը հակառուսական բնույթ չեն կրում, մարդկանց մեծ մասը բացասական վերաբերմունք ունի ռուսական իշխանության, այլ ոչ թե հասարակ մարդկանց հանդեպ։ Թեև ընդհանուր ֆոնին բացառություններ էլ են լինում։
Նիկիտա Իոնովն ու Նատալյա Լուգովսկայան Թբիլիսի են եկել Սմոլենսկից մեկ տարի առաջ։
«Ոչ մի փոփոխություն չեմ նկատել։ Միայն մի դեպք է այս օրերին եղել․ փողոցում մեզ մի կին մոտեցավ, երևի որովհետև ռուսերեն խոսք լսեց։ Նա սկսեց այսպես․ «Իսկ գիտե՞ք, որ դուք՝ ռուսներդ, օկուպանտ եք»։ Սակայն քանի որ ես Բելառուսից ժամանած ընկերներիս հետ էի, նրանք ասացին, որ Բելառուսն օկուպանտ չէ։ Դրանից հետո կինը ներողություն խնդրեց և գնաց իր գործերով», — պատմում է Նիկիտան։
«Սակայն, քանի որ սա միակ դեպքն է ռուսալեզուների հանդեպ նման վերաբերմունքի, ես ողջ վրացի ժողովրդի վերաբերյալ ոչ մի եզրակացություն չեմ անում», — հավելում է Նատալյան։
Պետք է նշել նաև, որ հունիսի 21-ից վրացական կինոթատրոնները դադարել են ռուսերենով ֆիլմեր ցուցադրել։
Արդյո՞ք ռուսերենը կարող է խնդիր լինել Վրաստանում
Ուլյանա Վանդիշևան Թբիլիսի է եկել յոթ տարի առաջ ռեստորանային նախագծի բացմամբ զբաղվելու համար։ Այսօր Ուլյանան աշխատում է որպես սննդի և խմիչքի մասնագետ։
«Վերջերս աշխատում էի ընկերություններից մեկի ֆրոնտ-օֆիսում, և այնպես ստացվեց, որ ղեկավարը ստիպված էր ինձ այդ պաշտոնից հեռացնել, քանի որ հաճախորդները բողոքում էին, թե ռուսալեզու աղջիկը հեռախոսազանգերին է պատասխանում և ռուսերենով գործնական նամակագրություն վարում։ Այնուամենայնիվ, երբ տեղի ունեցան Ռուսթավելու դեպքերն, առաջին մարդն, ով ինձ զանգահարեց և անհանգստացավ իմ մասին, հենց այդ կազմամկերպության ղեկավարն էր»։
2017թ-ին Դինա Ռամազովան իր գործընկեր Ալեքսանդր Նովիկովի հետ DADI գինու բարն են բացել Ազատության հրապարակի հարևանությամբ։ Ցույցերի ժամանակ Դինան Թբիլիսիում էր՝ աշխատավայրում։
«Անկասկած, ինչ-որ լարվածություն կար։ Նրանք, ովքեր նախկինում դժգոհ էին այս երկրում ռուսների ներկայությունից, սկսեցին ավելի բացահայտ դա արտահայտել, վերջին իրադարձություններից հետո ավելի քաջ էին, ինչ է։ Իսկ նրանք, ովքեր անձնականն ու քաղաքականը չեն խառնում, ովքեր մտածում են և ավելի լայն պատկեր տեսնում, այդ հարցով չեն արտահայտվում և աջակցում են։ Դեռևս բարդ է ասել, թե ինչպես դա կազդի բիզնեսի վրա, ցանկացած դեպքում DADI-ի հաճախորդները նախևառաջ զբոսաշրջիկներ են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ մնացած աշխարհից, իսկ աշխարհը մեծ է»։
«Ցիֆերբլատ» հակասրճարանը նույնպես Թբիլիսիում բացվել է ռուսաստանցիների կողմից։
Պաոլո Գվասալիան, որն աշխատում է «Ցիֆերբլատում», հունիսի 21-ի գիշերը որովայնի վիրավորում է ստացել ակցիան ցրելու ժամանակ։
«Իմ վնասվածքն ակցիայի մյուս մասնակիցների ստացածների համեմատ չնչին բան է», — ասում է Պաոլոն։
«Ցիֆերբլատ» ամեն օր տարբեր մարդիկ են գալիս, ինչպես տեղացիներ, այնպես էլ էքսպատներ, այդ թվում՝ Ռուսաստանից։
«Ես չեմ նկատել, որ Վրաստանի քաղաքացիներից ինչ-որ մեկն ագրեսիա ցուցաբերի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։ Սա քաղաքացիների միջև պայքար չէ, սա պետությունների միջև քաղաքական պայքար է, որը չի վերաբերում խաղաղ քաղաքացիներին և չպետք է միմյանց հանդեպ մարդկանց վերաբերմունքը փոխի», — ասում է Պաոլոն։
Չնայած Վրաստանի ռուսալեզու զբոսաշրջիկների արձագանքներին՝ ռուսական լրատվամիջոցների ռեպոտաժներն անհետևանք չեն մնա։ Սակայն Վրաստանում շատերը կարծում են, որ զբոսաշրջիկների հոսքի կրճատումը սպասարկման որակի բարելավման կբերի։
Ալեքս Թադևոսյանը ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Ինչպես և մյուս քաղաքացիները, նա այս օրերին մասնակցել է Վրաստանի խորհրդարանի դիմացի բողոքի ակցիաներին։
«Ինչ վերաբերում է չվերթների չեղարկմանն, ապա տուժելու են միայն ռուսաստանցիները։ Այո, վրացական տնտեսությունում ոչ մեծ բացասական ալիք կլինի, սակայն ոչ այնքան լուրջ, որ չկարողանանք վերապրել։ Ես կարծում եմ, որ սրանից հետո տուրօպերատորները կբարձրացնեն սպասարկման որակն ու արևմտյան շուկայի ուղղվածություն կունենան, ինչը միայն կբարելավի մեր երկրի զբոսաշրջային ներուժը»։
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի։