«Ցեղասպանությունը չկանխելը անդառնալի հետևանքներ է բերում». ֆորում Երևանում
Ընդդեմ ցեղասպանության 5-րդ ֆորում ՀՀ-ում
Երկու օր հայ և օտարերկրացի փորձագետները Երևանում քննարկում էին ցեղասպանությունների ռիսկերի հայտնաբերման և վաղ կանխարգելման մեխանիզմների լավարկման թեման։ Ընթանում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը, որին մասնակցում էին ցեղասպանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ։
Ֆորումի մասնակիցների գնահատմամբ՝ անպատժելիությունն է հանգեցրել նրան, որ այսօր իրականացվում են նոր ցեղասպանություններ։ Կարծում են՝ մերօրյա ոճրագործությունների մի մասը կարող էր տեղի չունենալ, եթե ժամանակին կանխարգելվեր։ Պատժի կիրառման համար, ըստ նրանց, քաղաքական կամք է պետք, քանի որ երբեմն խոչընդոտների է բախվում նաև միջազգային արդարադատությունը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձանագրել է՝ միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Շեշտել է՝ դրա ականատեսն ենք եղել ոչ միայն Հայոց ցեղասպանության պարագայում, այլև 2023 թ․-ին Լեռնային Ղարաբաղում, երբ թվում էր՝ «աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ»։
«Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէ ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին։ Նշված ռիսկի գործոններից ամենաէականը՝ ատելության տարածումը, ի վերջո, ատելության խոսքից վերածվեց հանցագործության»,- հայտարարել է Միրզոյանը։
«Մինչև էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է տեղի ունեցել»
«Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը։ Արձանագրել է՝ ցեղասպանության մասին մտածելիս՝ պետք է նշել նաև Լեռնային Ղարաբաղի պաշարման (շրջափակման) ժամանակ տեղի ունեցածի մասին:
«Մենք խոսում ենք սննդի բացակայության, առողջապահության, դեղորայքի բացակայության մասին: Դրանք ցեղասպանության հիմնական հատկանիշներն են: Սա ֆիզիկական ոչնչացման համար նախատեսված պայմաններ ստեղծելու հանցագործություն է։ Մենք տեսանք, թե ինչպես էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներից մի քանիսը մահանում սովի պայմաններում։ Առնվազն կարող ենք ասել, որ ԼՂ-ում մինչև 2023 թվականի սեպտեմբերի էթնիկ զտումը ցեղասպանություն է տեղի ունեցել»,- մանրամասնել է նա։
Օ՛Բրայենի գնահատմամբ՝ ԼՂ-ի հայերի արտաքսումը կարելի է բնորոշել որպես մարդկության դեմ հանցագործություն, ինչը Միջազգային քրեական դատարանին հնարավորություն կտա «իրավասություն ունենալ այդ հանցագործության նկատմամբ»։ Ընդգծել է՝ փաստարկներ կարելի է բերել, սակայն «դժվար կլինի գտնել մի ձև, որով կարելի կլինի իրականում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել»։
«Հնարավոր է Թուրքիայի հետ քննակել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն արձանագրել է՝ հայերը, առաջին հերթին, պայքարում են արդարության և հիշողության համար։ Դժվարացել է ասել՝ արդյո՞ք Թուրքիան երբևէ կճանաչի ցեղասպանության իրագործման փաստը։
«Մենք չգիտենք դա, բայց մենք պետք է ներգրավենք Թուրքիային և բացատրենք: Երիտասարդ սերունդը տարբեր է։ Կարծում եմ՝ կարող ենք ներգրավել նրանց և քննարկել այդ հարցը»,- շեշտել է նա։
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու Անկարայի նարատիվը մշտական է և շարունակում է պահպանվել․
«Հայոց ցեղասպանության համար երբեք պատասխանատվություն չի եղել՝ լինի քրեական դատարանում, թե այլ մեխանիզմներով: Հաշվետվողականությունը կարող է օգնել դադարեցնել ժխտումը»,- նշել է նա և հավելել, որ այն երկրները, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է անեն այդ քայլը՝ որպես «Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ գործելու միջոց»։
«Մերօրյա հանցագործությունները կարող էին ժամանակին կանխվել»
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահի փոխանցմամբ՝ շատերը ցեղասպանությունների մասին խոսելիս կենտրոնանում են զանգվածային սպանությունների վրա, սակայն եզրույթը ներառում է նաև այն հանցագործությունները, որոնք առնչվում են մարդկանց նսեմացմանն ու զրկանքներին։
Շեշտել է՝ ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, պետք է ճանաչվի, դատապարտվի և կանխվի միջազգային մեխանիզմներով։ Ասում է՝ գործընթացին պետք է հետևեն միջազգային դատարանները․
«Մարդկության դեմ ուղղված մերօրյա հանցագործությունները կարող էին ժամանակին կանխվել, ինչը, սակայն չի արվել։ Նման գործընթացների ականատեսն ենք Սուդանում, Մյանմայում, Պաղեստինում»։
Մելանի Օ՛Բրայենի գնահատմամբ՝ եթե մեղավորները ձերբակալվեին ու ենթարկվեին պատասխանատվության, գուցե մյուսները ոճիրներ իրականացնելուց առաջ խորհեին այդ մասին։
Հիշեցրել է՝ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ձերբակալելու վճիռներ է կայացրել։ Ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ «որոշ երկրներ հայտարարել են նրանց չձերբակալելու մասին, ինչը վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին»։
«Հարգել միջազգային իրավունքը, ուժեղացնել կանխարգելման գործիքները»․ ուղերձներ ՄԱԿ-ից
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը։ Նա նշել է, որ ոճրագործությունները կանխելու ամենակարևոր միջոցն այն է, որ բոլոր կառավարությունները և հակամարտող կողմերն ամբողջապես հարգեն միջազգային իրավունքը․
«Այս ծանրագույն հանցագործություններն առանց պատճառի չեն ծնվում։ Դրանց նախորդում է համակարգված խտրականություն, ատելության հրահրում և բացառման օրինաչափություն՝ հիմնված ռասայական, էթնիկ, կրոնական կամ այլ հատկանիշների վրա»:
Տյուրկի խոսքով՝ կան նման խախտումները կանխելու պարտավորություններ, որոնք «այսօր շատ երկրներ ձախողում են»։ Կարծում է՝ կառավարությունները պետք է գործակցեն միջազգային հանցագործությունների հետաքննման հարցում, ինչպես նաև հետևողականորեն աջակցեն հաշվետվողականության միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանին։
Ֆորումի մասնակիցներին ուղերձ է հղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա հիշեցրել է 76 տարի առաջ ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի մասին։ Շեշտել է, որ այդ փաստաթուղթը ցեղասպանությունից տուժածների և վերապրածների համար գրավական է այն բանի, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն։
«Ցավոք սրտի, պառակտումներով, անվստահությամբ և բռնությամբ պատված աշխարհում ցեղասպանության մութ ուրվականը դեռ մեզ հետ է»,- արձանագրել է նա։
Գուտերեշի դիտարկմամբ՝ բոլոր կառավարությունները պետք է վավերացնեն և ամբողջությամբ կատարեն կոնվենցիան՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։ Բացի այդ, կարծում է՝ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելման գործիքները, այդ թվում՝ կրթությունը։ Կարևորում է նաև հակազդեցությունը ապատեղեկատվությանը․
«Այն կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները։ Մենք պետք է հարգենք և իրականացնենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Պետք է ամեն ինչ անենք վաղ նախազգուշացնող նշանները բացահայտելու և ահազանգելու համար։ Ցեղասպանության զոհերին և վերապրածներին հարգելու լավագույն միջոցն այս դաժան հանցագործությունը կանխելուն ուղղված գործողությունների ակտիվացումն է»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ընդդեմ ցեղասպանության 5-րդ ֆորում ՀՀ-ում