Ո՛չ ինքնաբուժությանը․ ՀՀ-ում անցնում են էլեկտրոնային դեղատոմսերի
Էլեկտրոնային դեղատոմսեր ՀՀ-ում
Մարտի 1-ից Հայաստանում գրանցված 3370 դեղերից 470-ը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային դեղատոմսով: Առողջապահության նախարարության առաջարկած նախագիծն այսօր արժանացավ գործադիրի հավանությանը։
Նախագծի հեղինակները կարծում են, որ այս որոշումը կհանգեցնի ինքնաբուժության նվազմանը, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրմանը։ Բացի այդ, այն կնպաստի բնակչության իրազեկվածության բարձրացմանը:
«Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը հնարավորություն կընձեռի վերահսկել և կանոնակարգել դեղի՝ մինչև պացիենտ հետագծելիությունը»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումալյանը։
Ո՞ր դեղամիջոցների մասին է խոսքը
Էլեկտրոնային տարբերակով են դուրս գրվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) դեղատոմսերը։
Նախքան այս փոփոխությունը դեղատոմսը տրամադրվում էր թղթային տարբերակով, այնուհետև հաստատվում բժշկի և բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրությամբ։ Դա էլ, իր հերթին, հանգեցնում էր բուժհաստատություններում հերթերի գոյացման:
«Նշվելու է ազդող նյութը, ոչ թե բրենդը»
Նախագիծը ներկայացնելիս հայտարարել է առողջապահության փոխնախարարը։ Ջումալյանի խոսքով՝ տվյալ ազդող նյութի տեսակով 5-10 բրենդ կարող է լինել, ուստի բուժառուն հնարավորություն է ստանում անձամբ ընտրել բրենդը, օրինակ՝ ըստ մատչելի արժեքի։ Որպես դրական հանգամանք մատնանշել է այն, որ դեղատան աշխատակիցը չի կարող դեղաչափի կամ որևէ այլ փոփոխություն իրականանցել։
Մյուս կողմից նկատել է՝ էլեկտրոնային դեղատոմսը հնարավորություն կտա բժշիկներին վերահսկել հիվանդության վարման ընթացքը, մասնավորապես՝ տեսնել, թե դեղատոմսը ամբողջությա՞մբ է բաց թողնվել, թե՞ բուժառուն ձեռք է բերել նշանակված դեղերի մի մասը միայն։
«Կողմնակի ազդեցության դեպքում էլ երևում է՝ որ դեղորայքն է գնվել և ինչ ազդեցություն է եղել պացիենտի մոտ։ Դա կօգնի հետագայում հասկանալ՝ արդյոք տվյալ դեղը ունի՞ որևէ խնդիր և պե՞տք է լրացուցիչ փորձաքննություն ուղարկվի, շուկայից հանվի և այլն»,- պարզաբանել է Ջումալյանը։
Ինչպե՞ս է իրականացվելու գործընթացը
Կառավարության փոխանցմամբ՝ էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացը կազմակերպվելու է արդեն իսկ գործող «Արմեդ» (էլեկտրոնային առողջապահության) համակարգի միջոցով։
Փոխնախարար Ջումալյանի խոսքով՝ լիցենզիոն պահանջներից ելնելով բոլոր դեղատներն ունեն պարտավորություն՝ համակարգում օգտահաշիվ ունենալու։
Էլեկտրոնային դեղատոմսով տրվող դեղամիջոցների թիվը կավելանա
Աոողջապահության նախարարությունը նախատեսում է հաջորդ տարի՝ 2025-ի հունվարի 1-ից այս ցանկում ներառել ևս 2566 դեղանվանում: Շուրջ 300 դեղերի ազատ վաճառքը կշարունակվի։
Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ հեղինակները մտադիր են ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից, կատարելագործումից և խնդիրները վերլուծելուց հետո իրականացնել նաև «թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսերի դուրսգրման մասով ծրագրի ներդրում»։
Մինչ այս իրականացվում էր պիլոտային ծրագիր
2022 թ․-ի հուլիսից երկրում իրականացվոող պիլոտային ծրագիրը վերաբերում էր ընդամենը 75 անուն դեղերի ձեռքբերմանը։ Դրանք նախատեսված են 12 հիվանդության համար:
«Այս պահին էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր է ձեռք բերել 470 անվանում դեղ, որից 395-ն՝ անվճար և արտոնյալ պայմաններով, նաև վերոնշյալ խմբերի՝ 75 անվանում դեղ»,- հայտնել է փոխնախարարը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Էլեկտրոնային դեղատոմսեր ՀՀ-ում