Զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ փող ծախսել Հայաստանում
2019թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի զբոսաշրջիկները 120 մլն դոլարով ավելին են ծախսել, քան 2018թ-ի նույն ժամանակահատվածում։ Այն մասին, որ զբոսաշրջության ոլորտում դրական փոփոխություններ են նկատվում, հուլիսի 11-ին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
• Ֆոտոսեսիա․ քարանձավային Գորիս քաղաքը Հայաստանում
• Հնդիկները Հայաստանում․ ինչո՞ւ են գալիս և ինչո՞վ են այստեղ զբաղվում
«Զբոսաշրջիկներն իրենց պետք է ապահով զգան»
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ գումար ծախսել։ Այդ առիթով նա դիմեց Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և ոստիկանության պետին․
«Իրավակարգը շատ կարևոր է զբոսաշրջիկների զգացողության համար: Հայաստանում քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պետք է իրենց անվտանգ զգան, և դա շատ կարևոր է զբոսաշրջության հետագա զարգացման համար»։
Կենտրոնական բանկի թվերը
Այն, որ զբոսաշրջության ոլորտում դրական փոփոխություններ են նկատվում, հաստատեց նաև Կենտրոնական բանկի նախագահը։ Արթուր Ջավադյանը հաղորդեց, որ 2019թ-ի առաջին վեց ամսում Հայաստան է եկել 85 հազարով ավելի շատ զբոսաշրջիկ, քան անցյալ տարվա առաջին կիսամյակում։
Բացի այդ, արտասահմանցիները սկսել են ավելի հաճախ վճարել բանկային քարտերով։ Այդ աճը կազմել է․
• ռեստորաններում և սրճարաննեում՝ 75%,
• զբոսաշրջային գործակալություններում՝ 36%,
• հյուրանոցներում՝ 32%,
• սուպերմարկետներում՝ ավելի քան 30%։
22%-ով զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ գումար կանխիկացնել բանկոմատներում։
«Այս ցուցանիշը մենք ստացել ենք՝ համադրելով մեր երկրում արտասահմանյան պլաստիկ քարտերի շրջանառության տվյալներն, ինչպես նաև սահմանահատման հաշվառման հանրապետական համակարգի տվյալները։ Քանի որ քարտը կարող է արտասահմանյան լինել, իսկ դրա տերը՝ Հայաստանի ռեզիդենտ։ Այդ պատճառով էլ պետք էր հաշվի առնել նաև մուտքի-ելքի տվյալները», — հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը։
Նա հայտնել է նաև, որ 2013թ-ին հետազոտություն է անցկացվել, որի արդյունքները ցույց են տվել, թե որքան գումար էր այն ժամանակ Հայաստանում ծախսում յուրաքաչյուր զբոսաշրջիկ։ Այն ժամանակ այդ միջինացված թիվը կազմում էր 730 դոլար։
«Այսօրվա հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսում է 880 դոլար», — ասել է Ջավադյանը։
Այդ հետազոտության տվյալներով՝ վերջին վեց տարում ևս 300 նոր հյուրանոց է բացվել, ինչը նույնպես խոսում է պահանջարկի ավելացման մասին։