Զարգավայի գաղտնիքը․ ադրբեջանական գյուղ՝ տարօրինակ և գաղտնի պատմությամբ
Զարգավան ոչ մեծ բարձրադիր լեռնային գյուղ է Ադրբեջանի հյուսիսում։ Այն, ըստ ամենայնի, միակն է երկրում, որտեղ հանրային գերեզմանոցներ չկան։ Այստեղ մարդիկ իրենց հարազատներին հուղարկավորում են հենց բակերում կամ «տոհմական գերեզմանոցներում»։ Սակայն այս ավանդույթը հույժ գաղտնի է, մենք այն փորձել ենք պարզել և այցելել ենք գյուղ։
- Հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղը․ ադրբեջանական գյուղերն ավելի մոտ են
- Վրացական գինի․ ի՞նչ է կանգնած հաջողության հետևում
- Թուրքիան՝ «արտաքին թշնամի» որոնելիս․ կարծիք
Զարգավա գյուղը տեղակայված է, ավելի ճիշտ՝ թաքնված է լեռներում՝ Ադբեջանի Գուբինի շրջանի տարածքում։ Բնակչությունը հազարից մի քիչ ավելին է։
Գյուղ տանող ճանապարհը գտնելը հեշտ չէր։ Այդ ճանապարհները չկան Google Maps ծառայությունում։ Մենք կարողացանք հասնել միայն մինչև հարևան Չիչի գյուղ, այդտեղից ընդհանրապես ճանապարհ չկար։
Տեղացիները մեզ խորհուրդ տվեցին մեքենան այդտեղ թողնել և ոտքով գնալ։ «Զարգավան ահա այնտեղ է, սարի մյուս կողմում», — այսպես մեզ ցույց տվեցին ճանապարհը, և մենք ճամփա ընկանք։
Մեկժամյա իսկական էքստրիմից հետո բարեհաջող հաղթահարելով բոլոր խոչընդոտները՝ տեղ հասանք։
Գաղտնիքի շղարշով պատված ավանդույթ
Այս ճամփորդությունն ինչ-որ առումով բացատրում էր, թե ինչու է գյուղի մասին տեղեկությունն այդքան քիչ։ Լրագրողներն այստեղ հազվադեպ հյուր են։
Գյուղական քարքարոտ ճանապարհի երկայնքով մետաղական ցանկապատ է։ Դրա հետևում՝ ինչ-որ մեկի բակը, այգին, բանջարանոցը, տունը։ Հավերն են քուջուջ անում, կապած հորթն արածում է դեռ կանաչ խոտը, թեև արդեն նոյեմբեր է։
Սակայն այս գյուղական համայնապատկերում անսպասելի մանրամասներ կան։ Հենց բակում երկու գերեզման կա։ Մարմարյա գերեզմանաքարերի վրա հանգուցյալների լուսանկարներն են, գրառումներ։ Շուրջը՝ ծաղիկներ։
Եթե փողոցով շարունակես քայլել գյուղի միջով, նույնպիսի պատկեր կտեսնես մյուս բակերում։ Զարգավա գյուղում բնակիչներից շատերը սեփական տոհմական գերեզմանոցներ են սարքել հենց մրգատու ծառերի, կաղամբի կամ սոխի մարգերի կողքին։
Այս ավանդույթն այնքան անսովոր է Ադրբեջանի համար, որ երբ մենք ավելի ուշ պատմում էինք դրա մասին մեր ընկերներին և գործընկերներին, շատերը չէին հավատում մեզ, քանի դեռ չէին տեսնում գյուղում արված տեսանյութը։
Առաջին մարդը, որից հետաքրքրվեցինք, թե որտեղից է գալիս այդ անսովոր ավանդույթը, գյուղապետի տեղակալ Զամիգ Ջաբրայիլովն էր։ Բարձրահասակ, միջին տարիքի, բարեկազմ և պճնազգեստ Ջաբրայիլովը ժպտում էր և հաճույքով խոսում, բայց միայն մինչև այն պահը, երբ լսեց «տոհմական գերեզմանոցների» մասին հարցը։
«Դա հերյուրանք է», — սկզբից կտրուկ հայտարարեց Ջաբրայիլովը։ Համարելով, որ դա բավարար չէ, նա լուրջ դեմքով շարունակեց․
«Վերջերս այստեղ էին եկել հեռուստաընկերություններից մեկի լրագրողները։ Հենց սկսեցին հարցեր տալ գերեզմանոցների մասին, տեղացիները, քիչ էր մնացել, ծեծեին այդ լրագրողներին»։
Պաշտոնատար անձից չլսելով մեր հարցի պատասխանը՝ մենք, չնայած նրա զգուշացմանը, այնուամենայնիվ, այցելեցինք տեղացիների տները։
Բազում գերեզմանոցներ՝ փակի տակ
Ադրբեջանում, ինչպես շատ այլ երկրներում, գյուղում սովորաբար երկու գերեզմանոց է լինում՝ հին և նոր։
Սակայն Զարգավայում տասնյակ գերեզմանոցներ կան տների բակերում։ Կան գերեզմանոցներ, որտեղ յոթ-ութ գերեզման կա, բոլորը պատկանում են մի ընտանիքի։ Գրեթե բոլոր գերեզմանները համեմատաբար նոր են։
Մենք տեսանք այդ թվում՝ երիտասարդի գերեզման, որը գյուղից միակն է, որը զոհվել է 2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմում։ Նրան հուղարկավորել են տոհմական գերեզմանոցում՝ ընտանիքի մահացած մյուս անդամների կողքին։
Ադրբեջանում գերեզմանոցները սովորաբար բաց են բոլոր կողմերից, այդտեղ կարող է մտնել ցանկացածը։ Սակայն այս մինի-գերեզմանոցները բարձր մետաղական կամ քարե ցանկապատերով են շրջապատված։
Դռնակի վրա կամ կողպեք է կախած, կամ ամուր պարանով կապված է։ Ներս մտնել կարելի է միայն, եթե տանտերերին հյուր գնաս՝ դարպասներով և դեպի բակ տանող գլխավոր մուտքով։
Գյուղի տարածքում մենք հետո բազմաթիվ հին գերեզմաններ հայտնաբերեցինք։ Դրանք նորերից տարբերվում էին նրանով, որ ուղղակի մեծ քարեր էին դրված՝ առանց գրառման։
Այդպիսի քարեր գյուղում կարելի է տեսնել տարբեր տեղերում, երբեմն՝ խումբ-խումբ։ Թե ում են դրանք պատկանում, հնարավոր չէ իմանալ։ Սակայն լքվածության և մոռացվածության առաջին տպավորությունը սխալ էր։ Ինչպես մեզ հետո կպատմի աստվածաբան Հադիր Ռաջաբովը, նման մոտեցումն է հենց լիովին համապատասխանում իսլամի ավանդույթներին։
Տեղի բնակիչ Շողրաթը (ազգանունը հրաժարվել է նշել) պատմել է, որ «տոհմական գերեզմանոցները» ոչ միայն բակերում են լինում։ Ունևոր ընտանիքներն այդ նպատակով հատուկ հողակտոր են գնում։
«Ցանկապատերն այստեղ միայն նրա համար են, որ կենդանիները չվնասեն գերեզմանները, թե չէ, այնտեղ հեշտ է մտնել», — ասում է Շողրաթը, թեև այն վայրում, որտեղ մենք զրուցում էինք, դռնակ կար, որը փակ էր բարդ հանգույցով պարանով։
Այն մասին, թե ինչու է այդ գյուղում թաղման ավանդույթն այդքան տարբերվում և ինչով է պայմանավորված այդ առանձնահատկությունը, նա չցանկացավ խոսել։
Այդպես եղավ նաև մյուսների հետ։ Միայն հարցը լսելիս մեզնից հեռանում էին կամ մեր առջև փակում դռները գյուղի նաև մյուս բնակիչները։
Բազմադարյա մեկուսացո՞ւմն է գլխավոր պատճառը
«Որոշ աղբյուրներ նշում են, որ տոհմական գերեզմանոցների ավանդույթը Զարգավայում գալիս է 13-րդ դարից։ Ստացվում է, որ հարազատներին սեփական հողամասերում հուղարկավորելը շարունակվում է արդեն գրեթե մեկ հազարամյակ», — ասում է ազգագրագետ և պատմաբան Սևինջ Մամեդովան։
«Ըստ ամենայնի, պատճառն այն է, որ գյուղը հեռու է, դժվար հասանելի, այն դարերով մեկուսացված է եղել այլ բնակավայրերից։
Շատ ավանդույթներ կախված են բնական պայմաններից։ Հավանաբար, լեռնային ռելիեֆն ու հարթավայրային հողերի բացակայությունը նույնպես իրենց դերն են խաղացել նրանում, որ Զարգավայում ընդհանուր գերեզմանոցներ չկան։
Մարդիկ պարզապես հնարավորություն չեն ունեցել իրենց հարազատներին թաղել՝ կրոնի պահանջներին համապատասխան։
Զարգավայում այսօր էլ մզկիթ կա, բայց մոլլա չկա։ Չէ՞ որ յուրաքանչյուրը չի կարող իրեն թույլ տալ կրոնական ծեսերի համար մոլլա հրավիրել հեռու բնակավայրերից՝ մարդկանց հուղարկավորելուց առաջ։
Կարող եմ օրինակ բերել Ադրբեջանի մյուս շրջանից։ Երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանի սահմանին մոտ, Շամխորում, Ղազախում, մինչև վերջերս ընդհանրապես մզկիթներ չկային, ինչպես նաև հոգևորականներ։
Խորհրդային տարիներին մարդիկ այնտեղ հուղարկավորում էին իրենց հարազատներին դագաղներով, ինչպես քրիստոնյաները։ Թեև դա հակասում է իսլամի պահանջներին», — ասում է ազգագրագետը։
«Իսլամը պահանջում է գերեզմանի անհետացում»
Զարգավայում հանգուցյալների հուղարկավորության անսովոր պրակտիկան չի հակասում իսլամին, JAMnews-ին ասել է աստվածաբան Հադիր Ռաջաբովը։
Հարցը հուղարկավորման վայրը չէ, ասում է նա։ Բանն այն է, որ իսլամը պահանջում է գերեզմանների անհետացում։
«Եթե խոսենք կանոնների մասին, ապա գերեզմանից չպետք է որևէ նշան մնա։ Բայց կարևոր է, որ ապագայում ոչ ոք չխաթարի հանգուցյալի անդորրը։ Այդ պատճառով էլ մարդիկ սկսել են իրենց հարազատներին հուղարկավորել առանձնացված վայրում՝ վստահ լինելու համար, օրինակ, որ ապագայում ոչ ոք այնտեղ ոչինչ չի կառուցելու։
Սակայն առանց նշանի դժվար է ասել, որ այդտեղ գերեզմաններ կան։ Այդ պատճառով էլ հետագայում ձևավորվել է տապանաքարերի՝ իսլամի համար ավելի նոր ավանդույթը։
Հադիր Ռաջաբովն ասում է, որ Զարգավայի բնակիչները հնում ակնհայտորեն պահպանել են գլխավոր կանոնը՝ գերեզմանը պետք է անհետանա։ Այդ պատճառով էլ հին քարերի վրա, որոնք տապանաքարերի դեր են խաղում, ոչ մի գրառում չկա։
«Կենդանի մնացածների մասին ինչ-որ մեկը կմտածի՞»։ Առանց գազի և ջրատարի
Գյուղի ավագներից մեկը՝ Հադիմ Իսրաֆիլովը, հարցին հարցով է պատասխանում․
«Ինչո՞ւ են մարդիկ, որոնք լսում են մեր գյուղի մասին, մեզ հարցնում միայն գերեզմանոցների մասին։ Իսկ ո՞վ պիտի մտածի կենդանի մարդկանց մասին։ Մեր ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում»։
Զարգավայում բնական գազ չկա։ «Իսկ մենք ապրում ենք գազ արտահանող երկրում», — հիշեցնում է Հադիմ Իսրաֆիլովը։
Սա դեռ ամենը չէ․ գյուղում ջրատար էլ չկա։
«Բոլոր տներում փայտի վառարաններ են։ Վառելափայտն արժե մոտ 500 մանաթ [մոտ $300] մեկ մեքենայի համար, եթե շատ խնայողաբար օգտագործվի, դա կհերիքի մինչև ձմռան վերջ», — ասում է Իսրաֆիլովը։
Ջրի հարցն ավելի բարդ է։ Ավելի ունևորներն իրենց բակում արտեզյան ավազան են փորում։ Իսկ աղքատները դույլերով ջուր են կրում աղբյուրից։ Կամ սայլով են տեղափոխում՝ ձի կամ էշ լծելով։ Ոմանք էլ իրենք են սայլը քարշ տալիս։
Սակայն պարզվում է, որ աղբյուրը բնական չէ։ Դա սովորական ծորակ է գյուղի կենտրոնում, որը ջրատարով միացված է արտեզյան մեծ ավազանին։
Գյուղի կենտրոնում նաև մզկիթ կա։ Ոչ մեծ նրբագեղ շենք՝ մոխրգույն տանիքով։ Սակայն դեպի բակ տանող դարպասները փակ են։ Մարդիկ այնտեղ անելու բան չունեն, քանի որ վաղուց մոլլա չունեն, չեն էլ հիշում, թե երբ են ունեցել։
Ծեսերը գիտեն տեղացիներից ոմանք։ Նրանք էլ այստեղ անցկացնում են հազվադեպ ծեսերը կրոնական տոների օրերին։
«Մեդիացանցի» աջակցությամբ