Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներն օգտագործում է որպես ճնշման գործիք և կոչ է անում Թբիլիսիին սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Եվրամիությունը շարունակում է շանտաժի ենթարկել Վրաստանին իր սեփական ձգտումներով։ Վրաստանը մի ժամանակ շրջվեց դեպի Եվրամիություն և հայտարարեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մտադրության մասին։ Գործող կառավարությունը չի հերքում այս հայտարարությունները, չնայած Եվրամիության հետ հարաբերությունները վատթարացել են։
2022 թ․-ին Վրաստանը հրաժարվեց հակառուսական Եվրոպայի համար կրակից շագանակներ հանել [նշանակում է ուրիշի համար վտանգավոր գործ անել]։ Խոսքը Վրաստանին Ռուսաստանի հարավում երկրորդ ճակատ բացելուն դրդելու մասին է։
Ակնհայտ է, որ Վրաստանին դրդում էին Ռուսաստանի հետ հակամարտության, և հիմա այդ փորձերը վերսկսվել են։ Վրաստանը միակ երկիրը չէ, որը ստիպված է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները հանուն Եվրամիության հետ հարաբերությունների։ Նույնը կատարվում է, օրինակ՝ Սերբիայի հետ…
Մենք Վրաստանի հետ լավագույն հարաբերությունների մեջ չենք։ Դեռևս չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Դա կապված է ոչ թե Եվրամիության, այլ Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունների հետ։ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան։ Վրացական քաղաքական դասը հակված չէ հրաժարվել Ռուսաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի դեմ իր նախկին նկրտումներից։
Միևնույն ժամանակ, Վրաստանը հասկացել է, որ չի ուզում ուկրաինական հակամարտության ֆոնին խաղեր խաղալ Ռուսաստանի հետ։ Հետևաբար, չեմ կարծում, թե Վրաստանը կընդունի ԵՄ պայմանները և կենթարկվի նրա թելադրանքներին։ Վրաստանը պատրաստ չէ զոհ գնալ ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պայքարին։ Դա պատրաստ է անել միայն վրացական ընդդիմությունը, սակայն այն չի վայելում մեծամասնության վստահությունը»։