Մեկնաբանություն. Վրաստանում մշակութային հեղափոխություն է, և դա մեզ անհրաժեշտ միակ հեղափոխությունն է
Հրապարակախոս, Իլյայի համալսարանի պրոֆեսոր Զաալ Անդրոնիկաշվիլին ամփոփում է հակաթմրանյութային ռեյդերի դեմ երկօրյա ակցիայի արդյունքները:
Մայիսի 12-ին Թբիլիսիի մի քանի գիշերային ակումբներում ոստիկանության անցկացրած հակաթմրանյութային հատուկ գործողության կապակցությամբ խորհրդարանի շենքի մոտ սկսված բողոքի ակցիան ավարտվեց: Մի քանի հազար երիտասարդներ ակցիա անցկացրին ոստիկանության կողմից անհամաչափ ուժային մեթոդներ կիրառելու, խաղաղ մարդկանց վախեցնելու, գիշերային ակումբներն արգելափակելու դեմ: Ակցիայի կազմակերպիչը «Սպիտակ աղմուկ» շարժումն էր, որը տարիներ շարունակ պայքարում է Վրաստանում նարկոքաղաքականության ազատականացման համար:
Ցուցարարների գլխավոր պահանջը վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականն էր: Երկու օր շարունակ այս ակցիային զուգընթաց Ռուսթավելիի պողոտայում հակաակցիա էր անցկացվում: Ուլտրաազգայնական խմբավորումներն իշխանությունից պահանջում էին ցրել ցույցը՝ հակառակ դեպքում սպառնում էին սեփական ուժերով զբաղվել այդ հարցով: Ակցիան ավարտվեց այն բանից հետո, երբ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպեց ակցիայի առաջնորդներին: Բանակցություններից հետո նախարարը ցուցարարների մոտ դուրս եկավ և հայցեց նրանց ներողամտությունը: Նա խոստացավ նաև նարկոքաղաքականությունը մեղմելու ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների վրա աշխատանք սկսել: Նրա խոսքով՝ կպատժվեն ոստիկանության այն աշխատակիցները, որոնք մայիսի 12-ի հատուկ գործողության ընթացքում անհամաչափ ուժ են կիրառել: Ակցիայի մասնակիցների որոշ կողմնակիցներ նման հանգուցալուծումը գնահատեցին որպես պարտություն: Ըստ նրանց՝ ցույցի կազմակերպիչները պետք է ավելի մեծ սկզբունքայնություն դրսևորեին նախարարի հետ հանդիպման ընթացքում:
Ըստ Զաալ Անդրոնիկաշվիլիի՝ Վրաստանում կշարունակվի ազատ տարածքի գրոհը, այդ պատճառով էլ հարկ է հստակ եզրակացություններ անել անկացված ակցիայի երկու օրվա վերաբերյալ և անհրաժեշտ դասեր քաղել: Ահա նրա հինգ գլխավոր եզրակացությունները:
-1-
«Սպիտակ աղմուկ» շարժումը երկարաժամկետ ռազմավարական նպատակներ (եթե չհաշվենք թմրանյութերի ապաքրեականացումն/օրինականացումը) չունի: Դրանից ելնելով՝ քաղաքական պահանջները, որոնք հնչեցին ակցիայի ժամանակ (վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարական) ի սկզբանե ոչ իրական էին թվում: Այդ ֆոնին ստացված արդյունքները (ՆԳՆ ղեկավարի ներողություն խնդրելն ու նարկոքաղաքկանության ազատականացման ուղղությամբ աշխատանք սկսելու խոստումը), առաջին հայացքից, ցուցարարների պահանջներին անհամապատասխան են թվում, սակայն իրականում դրանք աննշան չես անվանի: Կառավարությունն ընդունեց իր սխալը, ներողություն խնդրեց և ցույց տվեց, որ պատրաստ է բանակցությունների:
-2-
Միաժամանակ, նախորդ տարիների փորձից, ներքին գործերի նախարարի հետ հանդիպումների անձնական փորձից ելնելով, կարող եմ ասել, որ հետաձգված բանակցությունները սովորաբար առանձնահատուկ արդյունք չեն տալիս: Այդ պատճառով էլ ակցիայի գլխավոր արդյունքը նախարարի խնդրած ներողությունն էր: Ենթադրում եմ, որ հատուկ գործողության մասնակիցներից ոչ ոք չի պատժվի: Առանց առանձնահատուկ լավատեսության եմ նաև վերաբերվում նարկոքաղաքականության ազատականացման խոստումներին:
-3-
Երեկ ի հայտ եկավ իշխանությունների գործողությունների բավականին հետաքրքիր մի մարտավարություն: Այն ներկայիս իշխանությունները հավանաբար կօգտագործեն նաև ապագայում. ակցիան իրավապահները չեն ցրելու, սակայն յուրաքանչյուր ակցիայի հարևանությամբ կսկսի հակաակցիա անցկացվել «քաղաքացիական դիմակայության» պատրանք ստեղծելու, ակցիայի մասնակիցներին վախեցնելու նպատակով և նրանց ստիպել բանակցությունների գնալու համար: Հենց դա տեղի ունեցավ այս օրերին խորհրդարանի շենքի մոտ: Դա պետք է ապագայի համար հիշել և իմանալ, թե ինչպես գործել նման դեպքերում:
-4-
Անդրադառնանք գործի ռազմավարական կողմին: Ի՞նչ ստացավ կառավարությունը: Կառավարությունը բարդ իրավիճակից դուրս եկավ նվազագույն կորուստներով. պահպանեց դեմքը, ներքին գործերի նախարարը միավորներ շահեց որպես լավ բանակցող, քաղաքացիների մի մասը հավատաց, որ կառավարությունը «արբիտրի» դեր էր ստանձնել «երկու դիմակայող կողմերի» միջև և արյունահեղություն թույլ չտվեց: Ընդ որում, կառավարությունը չկարողացավ հասնել «Բասիանի» ակումբի գրոհի ռազմավարական նպատակին. ակումբը չի փակվի, ակումբային կյանքը կշարունակվի, իրավիճակին «սև հարյուրյակի» ներկայացուցիչներին ներգրավելն իշխանության վրա չափազանց թանկ կնստի:
Ի՞նչ ստացանք մենք՝ ցույցի մասնակիցներս և կողմնակիցներս: Մենք կարողացանք պաշտպանել մի կարևոր ազատ տարածք: Սակայն չկարողացանք ընդլայնել այդ տարածքը: Այժմ արժե սկսել աշխատել այն ուղղությամբ, որ ազատ տարածքը «Բասիանիից» դուրս գա փողոց: Վրաստանում մշակութային հեղափոխություն է, և դա միակ հեղափոխությունն է, որ մեզ անհրաժեշտ է: Սա բացարձակապես խաղաղ հեղափոխություն է: Դրա շարժիչ ուժն ապաքաղաքական լինելն է: Թեև քաղաքական բաղադրիչի մասին նույնպես չի կարելի մոռանալ:
— 5 —
Ի՞նչ է լինելու վաղը: Ազատության հանգրվանների վրա գրոհներ անպայման կձեռնարկվեն նաև ապագայում և, հնարավոր է, ավելի կատարելագործված ձևով, ինչին պետք է պատրաստ լինել: Միայն «Սպիտակ աղմուկ» շարժումով մշակութային հեղափոխությունը շատ բանի չի հասնի: Բոլոր նրանք, ովքեր ուզում ենք հետխորհրդային համակարգի վերջին մնացորդներն արմատախիլ անել, պետք է միավորվեն ինչ-որ նվազագույն ծրագրի շուրջ: Հարկ է ձևակերպել հստակ պահանջներ և դրանց իրականացման ուղղությամբ աշխատանք սկսել: