Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին ավելի քան հարյուր ֆիլմ է ներկայացված
«Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնն ամենասպասված միջոցառումներից մեկն է կինոյի սիրահարների համար։ Մեկ շաբաթ շարունակ Երևանն ապրելու է փառատոնին աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ֆիլմերով։ Այս տարի ցուցադրվելու է ավելի քան 110 ֆիլմ։ Գլխավոր մրցանակի համար պայքարելու է 13 ֆիլմ, այս թվում՝ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր» հայկական ֆիլմը։
• Ուշադրության կենտրոնում է ոչ միայն կինոն, այլև մարդը
• Խորհրդային Թբիլիսիից փախուստի փորձի մասին ֆիլմը կդիտի ամերիկացի հանդիսատեսը
Ինչպե՞ս է անցել բացման արարողությունը
Միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է հուլիսի 7-ին։ Հայտնի ռեժիսորները, սցենարիստներն ու դերասանները քայլել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կարմիր գորգի վրայով։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ 15 տարվա ընթացքում «Ոսկե ծիրանն» իր արժանի տեղն է զբաղեցրել միջազգային փառատոնների ցանկում, որի մասին է վկայում փառատոնի հյուրերի, մասնակիցների թիվն ու ծրագիրը։
««Ոսկե ծիրանը» երկար բարդ, բայց արգասաբեր ճանապարհ է անցել», — ասել է Խզմալյանը։
Փառատոնի շրջանակում, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել հայկական կինոյի հայտնի դեմքերին նվիրված աստղերի բացում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Այս տարի արդեն գոյություն ունեցողներին ավելացել են երեք ռեժիսորների անուններ՝ Բագրատ Հովհաննիսյան («Տտիպ խաղող», «Տերը» ֆիլմեր), Արման Մանարյան («Հեղնար Աղբյուր», «Վերադարձ» ֆիլմեր) և Գենադի Մելքոնյան («Անսպասելիորեն», «Վերջին կիրակին» ֆիլմեր)։
Ի՞նչ է փոխվել փառատոնում
2018թ-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրանը» շարունակելու է իր գործունեությունը, սակայն նոր ղեկավարությամբ։ Փառատոնի համահիմնադիրների որոշմամբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համար ծրագրեր ընտրող Կարեն Ավետիսյանը նշանակվեց որպես ծրագրերի տնօրեն։
Ավելի վաղ փառատոնն անցկացնում էին դրա հիմնադիրներ ռեժիսոր-վավերագրող Հարություն Խաչատրյանը, սցենարիստ Միխայիլ Ստամբոլցյանն ու կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Սակայն Հարություն Խաչատրյանը հրաժարվեց ղեկավարել փառատոնը, քանի որ պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում։
Փոխվել է փառատոնի դիզայնը։ «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞», «Փախած կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Ծիրանս ուտես»․ նման գրառումներով պաստառներն այս տարվա նորարարություններից մեկն են։ Եվ դրանք Ֆեյսբուքի հայկական տիրույթում քննարկումների պատճառ են դարձել։ Որոշ օգտատերեր ձևավորման այս ոճն անընդունելի են համարել նման մակարդակի փառատոնի համար։
«Ոսկե ծիրանի» նոր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը բացատրել է, որ այդ արտահայտությունները պատահաբար չեն ընտրվել։ Նա պարզաբանել է, որ պաստառները մշակվել են համացանցի հայկական տիրույթում պոպուլյար և սոցիալապես կարևոր մեմերի հիման վրա․
«Այս տարի որոշել ենք երևանյան իրականության հետ կապված ազդագրեր պատրաստել»։
16-րդ կինոփառատոնի նորույթն են նաև երեք տեղեկատվական կենտրոնները, որոնք գործում են Երևանի կենտրոնում։
Բացի այդ, GAIFF հավելված է մշակվել Android և IOS համակարգեր ունեցող բջջային հեռախոսների համար։
Ինչ վերաբերում է անմիջականորեն ֆիլմի սեանսներին, ապա այս տարի խստություններ են մտցվել․ ուշացած հանդիսատեսին պարզապես թույլ չեն տա դահլիճ մտնել։
Ո՞վ է մասնակցում փառատոնին
Այս տարի փառատոնին մասնակցում են ինչպես հայտնի վարպետների, այնպես էլ սկսնակ ռեժիսորների ժապավեններ։
«Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ներառված է հայ, վրացի, թուրք և իրանցի կինեմատոգրաֆիստների 12 ֆիլմ։ Բացի այդ, ցուցադրվելու է «Մոլոկաններ» վավերագրական ֆիլմը, որը ռուս-ադրբեջանական համատեղ արտադրության է։ Ֆիլմը պատմում է Ադրբեջանում բնակվող մոլոկանների կյանքի մասին։
«Ոսկե ծիրանին» արտասահմանյան ֆիլմերի մեծ ընտրանի են ներկայացրել եվրոպական երկրների դեսպանատները։ Դիվանագիտական առաքելությունները հանդիսատեսին կներկայացնեն հատուկ նախագծեր՝ հայտնի ռեժիսորների, պրոդյուսերների և դերասանների մասնակցությամբ։
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի դեսպան Ջոնատան Լակոտը, «Ոսկե ծիրանի» Talent Lab ծրագրի շրջանակում Երևանում քառօրյա վարպետաց դասով հանդես կգան հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվիե Պելիսոնն ու պրոդյուսեր Ֆրանսուա դ’Արտեմարը։
««Ֆրանսիական նոր ֆիլմ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք վառ ֆիլմեր, այդ թվում՝ Անյես Վարդայի «Հրաժեշտ» և Նադավ Լապիդի «Հոմանիշները» կինոժապավենները», — հայտարարել է Լակոտը։
Կինոփառատոնի ծրագրում ներկայացված են նաև իտալական, գերմանական, լեհական և ռուսական ժապավեններ։
Բացման օրը կայացել է Յուսուֆ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին։
«Ոսկե ծիրանի» մասին
«Ոսկե ծիրան կինոփառատոնը» Երևանում սկսել է անցկացվել 2004թ-ից։ Առաջին տարին դրան մասնակցում էին միայն հայ ռեժիսորների ֆիլմեր։ Երկրորդ տարվանից այն դարձավ միջազգային, իսկ այժմ էլ ճանաչում է ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս։ 2010թ-ին «Ոսկե ծիրանն» արժանացել է Կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D’honneur միջազգային միության գլխավոր մրցանակին։
Փառատոնի հիմնադիրներն այն պատկերացնում էին որպես Արևմուտքի և Արևելքի միջև յուրօրինակ մշակութային կամուրջ և դրա համար ընտրել էին «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը։
Մինչև 2011թ-ը դրանում երեք հիմնական ծրագիր էր ներառված՝ խաղարկային և վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթներ և «Հայկական համայնապատկեր» մրցույթը։ 2011թ-ից հայտնվեց նաև «Ծիրանի կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը։
Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Հայաստանի մայրաքաղաք են այցելել գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն, Ֆանի Արդանը, Նաստասյա Կինսկին, Օրնելա Մուտին, Ժակլին Բիսետը։