Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնը
Հայաստանում մեկնարկել է տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնը: Սա նշանակում է, որ մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաք Երևանը շնչելու է ամենատարբեր երկրներից փառատոնին ներկայացված ֆիլմերով:
Այս տարի փառատոնի կազմակերպիչները 96 երկրից 1100 հայտ են ստացել, որոնցից ցուցադրության համար ընտրվել է 47 ֆիլմ: Դրանք կներկայացվեն 3 մրցութային ծրագրերում՝ խաղարկային, վավերագրական և միջազգային: Ինչպես միշտ, ֆիլմեր են ներկայացված և «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Ժապավենները ցուցադրվելու են ոչ միայն Երևանի կինոթատրոններում, այլև՝ մի քանի պուրակներում:
Ավանդույթի համաձայն կատարվեց ծիրանի օրհնություն, որը համարվում է փառատոնի ոչ պաշտոնական, խորհրդանշական բացման արարողությունը: Շարլ Ազնավուրի անվան հրապարակում էլ տեղի ունեցավ հայ կինոյի մեծերին նվիրված աստղերի բացում: Այս տարի այստեղ ավելացան կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատորՍերգեյ Իսրայելյանի հիշատակին նվիրված աստղերը:
Փառատոնի հյուրերը, մրցույթային և արտամրցույթային ծրագրերի մասնակիցներն անցնում էին կարմիր գորգով, և դրան զուգահեռ նույն հրապարակում նույն պահին ընթանում էր 2 բողոքի ակցիա: Ցուցադրվող ֆիլմերի ծրագրից հանվել էին ԼԳԲՏ համայնքի՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կյանքի մասին պատմող երկու ֆիլմ: Դա առաջացրել է համայնքի ներկայացուցիչների ու նրանց իրավունքները պաշտպանող ակտիվիստների դժգոհությունը, ովքեր եկել էին արտահայտելու իրենց կարծիքը: Այստեղ էին նաև նրանք, ովքեր պահանջում էին դադարեցնել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունը:
Խաղարկային անվանակարգի ժյուրին այս տարի գլխավորում է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, որի «Հրե անվակառքերը» 1981 թվականին արժանացել է «Օսկարի»՝ որպես տարվա լավագույն ֆիլմ: Փառատոնի շրջանակում նաև տեղի կունենա Հադսոնի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ժյուրիի կազմում են նաև նրա կինը՝ դերասանուհի Մարիամ Դաբոն և Բեռլինի վերջին կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած հունգար ռեժիսոր Իլդիկո Էնյենդին:
Կազմակերպիչները խոստանում են հարուստ բովանդակությամբ, տարբեր մշակույթների մասին պատմող ֆիլմերի ցուցադրույթուն, որոնք չեն զիջում աշխարհի որևէ այլ կինոփառատոնների ծրագրին: Նրանք համոզված են, որ արտամրցութային ծրագրում ներառված՝ գրեթե նույն քանակի ֆիլմերը՝ ևս արժանի են կինոյի սիրահարների ուշադրությանը: