Երևանում ավագանի են ընտրում
Այսօր երևանցիները ավագանու ընտրություններին են մասնակցում: Առավոտյան 8:00-ից բացվել են մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերը, որոնք կգործեն մինչև 20:00-ն:
Ընտրություններին մասնակցում է քաղաքական երեք ուժ՝ մեկը իշխանությունից, երկուսը՝ ընդդիմությունից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը քաղաքապետ է առաջադրել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքը քաղաքապետ է առաջադրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, առաջադրվել է նաև իրավապաշտպան, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությամբ:
Ապրիլի 21-ից մայիսի 12-ը երեք թեկնածուները նախընտրական քարոզարշավ իրականացրին, երևանցիներին ներկայացնելով քաղաքի զարգացման իրենց ծրագիրը: Գործող քաղաքապետն անցկացրեց դասական քարոզարշավ՝ բեմահարթակից ողջունելով իր ընտրողներին, իսկ ընդդիմադիր երկու թեկնածուները դիմեցին տարբեր հնարքների՝ հեծանիվ վարեցին, բարձրացան ավտոտնակների տանիքները, պտտվեցին քաղաքում կաբրիոլետով և այլն:
Այս օրերին քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճ այդպես էլ չծավալվեց: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը հրավիրեցին իշխանության թեկնածուին՝ Տարոն Մարգարյանին բանավեճի, բայց վերջինս հրաժարվեց:
Այսօր դիտորդական առաքելություն է իրականացնելու տեղական 17 կազմակերպություն՝ 5138 դիտորդներով և մեկ միջազգային դիտորդական առաքելություն՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանության կոնգրեսի՝ ԵԽ ՏՏԻԿ-ի ներկայացուցիչները:
Ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ հայտ է ներկայացրել տեղական 300-ից ավելի և օտարերկրյա 3 լրատվմիջոցի ներկայացուցիչ:
Երևան քաղաքում ընտրողների թիվը 841 973 է: