«Երևանն ու Բաքուն աշխարհաքաղաքական պայքարի նույն կողմում են»․ հայ քաղաքագետ
Երևանն ու Բաքուն ընդունում են ԱՄՆ հեգեմոնիան
«Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»,- Թրամփի հիմնադրած «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստից հետո սոցցանցերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Փաշինյանին նման վստահություն է ներշնչել այն, որ ՀՀ վարչապետն ԱՄՆ-ում ևս մեկ անգամ համոզվել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը «աշխարհաքաղաքական մեծ խաղի» նույն կողմում են, ուստի չկա կոնֆլիկտի շարունակության վտանգ։
«Թրամփը եկել է աշխարհին առաջարկելու ԱՄՆ հեգեմոնիա, բայց ոչ այնպիսին, ինչպիսին եղել է 90-ական թվականներին, այլ հեգեմոնիա բազմաբևեռ աշխարհում։ Եվ կան երկրներ, որոնք համաձայն են այս մոտեցման, այս օրակարգի հետ։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համաձայնել են այս մոտեցմանը, և աշխարհաքաղաքական ժամանակակից պայքարում ՀՀ-ն ու Ադրբեջանն արդեն ունեն համապատասխան դիրքավորում»,- պարզաբանել է Ղևոնդյանը։
1inTV-ի եթերում քաղաքագետն անդրադարձել է ինչպես «Խաղաղության խորհրդին», Երևանի և Բաքվի մոտեցումներին, այնպես էլ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- ԱԹՍ-ների վաճառք ՀՀ-ին և ոչ միայն․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունքները
- ԱՄՆ-ը մասնաբաժինը TRIPP-ում կլինի 74%․ Երևանի ու Վաշինգտոնի նոր հայտարարությունը
- «ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
Ի՞նչ է հայտնի խորհրդի նիստի մասին
Հայաստանից «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հրապարակված լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ Փաշինյանը Նահանգներում կարճատև շփումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք այլ գործընկերների հետ։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ներկայացվել են Գազայի խաղաղության ծրագիրը և առաջիկայում նախատեսվող քայլերը։ Նշվում է, որ իր ելույթւոմ նախագահ Թրամփն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու իր միջնորդությամբ հաստատված խաղաղությանը։
«ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռքբերված արդյունքների կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» միացել է որպես հիմնադիր անդամ։ Հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, մասնակցել է խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Ի սկզբանե ասվում էր, որ նախաձեռնության նպատակը Գազայի վերականգնումը վերահսկելն է։ Ավելի ուշ նախագահ Թրամփը նշել է, որ խորհուրդը պետք է լուծի ավելի մեծ խնդիրներ՝ գլոբալ հակամարտություններ։
Մեկնաբանություն
«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձևավորում է աշխարհը կարգավորող նոր մարմին, որը, ըստ իր բովանդակության, փոխարինելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդին։
«Այժմ շատ վաղ է խոսել այն մասին, որ սա կլինի նոր ՄԱԿ ԱԽ կամ նմանատիպ մի բան։ Ամեն դեպքում, Թրամփն ուզում է «Խաղաղության խորհուրդը» դարձնել մի նոր կարգավորող մարմին, որը կկարողանա կատարել «վերահսկողի, պահակի» դեր»,- մանրամասնել է նա։
Ղևոնդյանը դժվարանում է ասել՝ կհաջողվի՞ դա անել, թե՞ ոչ, հատկապես այն դեպքում, երբ ԱՄՆ գործող նախագահին կառավարելու ընդամենը 3 տարի է մնացել։
Ասում է՝ ԵՄ երկրներից ոչ բոլորն են ընդունում Թրամփի գործողություններն ու տեսլականը, սակայն հասկանում են՝ պետք է բարձրացնել դիմադրունակությունը։
«Թրամփի պատկերացրած աշխարհում մյուս բոլոր բևեռները մեկ աստիճան ավելի ցածր պետք է կանգնած լինեն, քան ԱՄՆ-ն։ Եթե ԵՄ-ն հասնի այդ մեկ աստիճան ցածր կարգավիճակին, չի բացառվում, որ Եվրամիության առաջնորդները որոշեն այս նոր մարմնի մաս կազմել»,- նկատել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այս պահին աշխարհաքաղաքական պայքարն ընթանում է բազմաբևեռ աշխարհում ԱՄՆ հեգեմոնիայի հարցի շուրջ։ Ասում է՝ Երևանն ու Բաքուն այդ օրակարգի նույն կողմում են․
«Ինչքան ավելի շատ լինեն Հայաստանի կողմից այս օրակարգի տրամաբանության մեջ գործողությունները, հանդիպումները, այնքան ավելի մեծ սպասելիքներ կարող ենք ունենալ այս պահին աշխարհում թիվ 1 գերտերություն Նահանգներից»։
Ըստ Ղևոնդյանի՝ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը խաղային Չինաստանի և Ռուսաստանի կողմում, որոնք ընդդիմանում են վերոնշյալ օրակարգին, ապա՝
- Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտային իրավիճակները դեռևս շարունակական կլինեին,
- կլիներ պրոքսի գործողությունների վտանգ։
«Այն, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը փաստացի այս թևում են դիրքավորվել, ցույց է տալիս, որ միմյանց միջև խնդիրներ պետք է գոնե կարճաժամկետ հեռանկարում չունենան, որովհետև դա կհակասի Թրամփի ներկայացրած տրամաբանությանը»,- կարծում է վերլուծաբանը։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը՝ ընդգծել է՝ Բաքուն ՀՀ Սահմանադրության փոփոխությունն օգտագործել և օգտագործում է փաստաթղթի ստորագրումը ձգձգելու և ՀՀ-ին մի փոքր ավելի երկար «կախվածության մեջ պահելու» համար․
«Կան համառ շշուկներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում, որ հնարավոր է նույնիսկ մինչև սահմանադրական հանրաքվեն Ադրբեջանը ստորագրի պայմանագիրը՝ պայմանով, որ վավերացման գործընթացն ավարտին կհասցվի հանրաքվեից հետո»։
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքվի՝ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանն է: Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ի մայր օրենքում «տարածքային պահանջներ» կան: Ադրբեջանական կողմը խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ այն, որ Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
Երևանը պնդում է՝ որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի, հայտարարում, որ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է: Մայր օրենքի փոփոխության և Անկախության հռչակագրին արված հղումը հանելու հարցերը, սակայն, ՀՀ ներսում քննարկման առարկա են դարձել Բաքվի պահանջին զուգահեռ: Մինչ այդ ՀՀ կառավարությունը խոսում էր սահմանադրական փոփոխությունների, այլ ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու մասին: Ամեն դեպքում, հարցը կարող է լուծում ստանալ միայն հանրաքվեի արդյունքներով։
Մյուս կողմից քաղաքագետը նկատում է՝ հանրաքվեի անցկացումը դեռևս չի երաշխավորում Բաքվում սպասվող արդյունքները։ Նրա համոզմամբ՝ Բաքվում չգիտեն, թե ինչ են անելու, եթե օրինակ՝ հանրաքվեն տապալվի։
Ռոբերտ Ղևոնդյանը հիշեցնում է՝ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվելու է մարտ ամսին և մեծ հավանականությամբ այնտեղ Անկախության հռչակագրին հղում չի լինելու:
Քաղաքագետն առաջարկում է հետևել իրադարձությունների զարգացմանն ու հանրային տրամադրությունների վրա դրանց ազդեցությանը։ Մասնավորապես՝ նկատի ունի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու հունիսին 7-ի խորհրդարանական ընտրությունները։
«Եթե այդ ամենը ձևավորի բարենպաստ միջավայր, ապա շատ հնարավոր է, որ հանրաքվեում հաջողություն լինի։ Եթե նույնիսկ հանրաքվեում հաջողություն չլինի, դա չի նշանակում, որ խաղաղության պայմանագրի գործընթացը տապալված է։ Եթե խաղաղության օգուտները գերակշռեն խաղաղություն չունենալու վնասներին, ապա Բաքուն առանց Սահմանադրության փոփոխության էլ կգա, կստորագրի և կվավերացնի պայմանագիրը»,- ամփոփել է Ղևոնդյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երևանն ու Բաքուն ընդունում են ԱՄՆ հեգեմոնիան