Երևանի քաղաքապետարանը չի կարողանում լուծել աղբահանության և դրա համար պատասխանատու ընկերության հարցը
Երևանում արդեն մի քանի ամիս է՝ ամենասուր և քննարկվող թեմաներից մեկն աղբահանության հետ կապված իրավիճակն է։ Երևանցիները սոցցանցերում լեփ-լեցուն աղբամանների լուսանկարներ են տեղադրում և պահանջում լուծել խնդիրը։
Քաղաքապետարանը չի կարողանում կարգի հրավիրել առևտրային ընկերությանը, որը պատասխանտու է աղբահանության համար, և ստիպել կատարել իր պարտականությունները։ Թե ինչ պատճառով՝ մինչև վերջ պարզ չէ։ Խնդիրն ինչ-որ կերպ լուծելու համար քաղաքային իշխանություններն աղբահանության համար նախատեսված նոր մեքենաներ և աղբամաններ են գնում։ Դրա համար կառավարությունը թույլ է տվել օգտագործել պետբյուջեի պահուստային ֆոնդի միջոցները։ Ընդհանուր առմամբ հատկացվել է 900 մլն դրամ [մոտ $1,8 մլն]:
• ֆոտոպատմություն.Կիրովական-Վանաձոր հայկական արդյունաբերական քաղաքի փլատակները
Քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է ըմբռնումով մոտենալ
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «ԿամԱԶ» մակնիշի երկու աղբատար մեքենաների լուսանկարներ է հրապարակել, որոնք ձեռք են բերել քաղաքային իշխանությունները։
«Մեկ շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել: Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում:
Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի», — գրել է մամուլի քարտուղարը:
Կարապետյանը նաև դիմել է մայրաքաղաքի բնակիչներին «խնդրանքով՝ ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված իրավիճակին և զինվել համբերությամբ»։
Նույն Facebook-ում քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի ղեկավար Հովսեփ Կուբատյանը հայտնել է, որ ձեռք բերված աղբատարների կեսն արդեն ժամանել է:
«Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ Սանիթեքը պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ»։
Երևանի քաղաքապետարանի և աղբահանությամբ զբաղվող ընկերության հարաբերությունների մասին
Երևանում աղբահանության հետ կապված սկանդալային իրավիճակը շարունակվում է գրեթե մեկ տարի։ Պատասխանելով բնակիչների բողոքներին՝ քաղաքային իշխանությունները վկայակոչում են միակ օպերատորի՝ «Սանիթեկ» ընկերության վատ աշխատանքը, որը պատասխանտու է Երևանում աղբահանության համար։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի անգամ հանրային կերպով դժգոհություն է հայտնել ընկերությունից ու հայտարարել, որ «երևանցիներն այլևս նման որակի աշխատանք չեն հանդուրժելու»։
2019թ-ի գարնանը «Սանիթեկ» ընկերությունը երկու անգամ տուգանվել է իր պարտականությունները չկատարելու համար։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 39 մլն դրամ։
Հուլիսի կեսին ընկերությունը խոստովանեց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և դրանք բացատրեց քաղաքապետարանի կողմից «չհիմնավորված պատժամիջոցներով և տուգանքներով»։
Բացի այդ, ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Տավիլը հայտարարել է, որ իրենց վնասները կապված են այն բանի հետ, որ քաղաքապետարանը չի կատարում իր խոստումները։ Խոսքը գնում է Երևանի ծայրամասում գտնվող աղբավայր տանող ճանապարհի վերանորոգման մասին, որի պատճառով էլ, ըստ «Սանիթեկի» ղեկավարի, փչանում են ընկերության թանկաժրեք աղբատար մեքենաները։
Սա սաբոտա՞ժ է
Տնտեսագետ և Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Սանիթեկ» ընկերության պահվածքը գնահատում է որպես սաբոտաժ։ Այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում.
«Վերջերս աշխատակիցներից հետաքրքրվել եմ, թե որն է նման անբավարար աշխատանքի պատճառը։ Աշխատողներն ասում եմ՝ «ուղղակի մեքենա չկար»։ Ինձ համար շատ տարօրինակ է, ի՞նչ է նշանակում մեքենա չկա։ Ես դա չեմ կարողանում հասկանալ… Ես հասկանում եմ, որ սա սաբոտաժ է։ Սա նշանակում է վարկաբեկել քաղաքային իշխանությանը, սա նշանակում է վարկաբեկել պետությանը»։
Նախկին քաղաքապետի կարծիքով՝ երբ «Սանիթեկը» շահեց Երևանի աղբահանության տենդերը, նա որոշակի չգրված պայմանավորվածություն ուներ երկրի նախկին իշխանության հետ, որը չի աշխատում նորի հետ:
Խաչատրյանը «Սանիթեկին» մեղադրել է նրանում, որ ընկերությունը լուրջ բացատրություն չի տալիս՝ ինչու չի կատարում իր պարտավորությունները․
«Մի էսպիսի հայտարարություն եղավ, որ «մենք կսպասենք, թող բոլորը խոսեն՝ վերջում մենք կխոսենք»։ Ես չգիտեմ ինչ պետք է խոսեն, բայց վերջում մենք աղբի մեջ ենք թաղվելու»:
«Սանիթեկ» ընկերության մասին
«Սանիթեկը» թափոնների կառավարմամբ զբաղվող լիբանանյան միջազգային կազմակերպության մասնաճյուղն է: Ընկերությունը հիմնադրվել է 2010թ., իսկ 2014թ. դեկտեմբերից աշխատում է Հայաստանի մայրաքաղաքում:
Այն հաղթող է ճանաչվել Հայաստանի նախկին իշխանությունների կողմից հայտարարված միջազգային տենդերում: Ընկերության նախնական ներդրումն իր աշխատնքները սկսելու պահին կազմել է 10 միլիոն եվրո:
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սոցցանցերի օգտատերերն անդադար և ամեն օր թունոտ մեկնաբանություններ են գրում քաղաքապետարանի և «Սանիթեկի» հասցեին և դրանց կցում «գունագեղ» լուսանկարներ Երևանի տարբեր փողոցներից: Դրանցում՝ լեփ-լեցուն աղբամաններ են և կեղտոտ մայթեր:
Աղբահանման նոր մեքենաներ և նոր աղբամանները ձեռք բերելու մասին նորությունը քչերին է ոգևորել և նույնիսկ առիթ է դարձել հեգնական մեկնաբանությունների: Ահա դրանցից մի քանիսը.
«Լավ է ուշ, քան երբեք»:
«Ով գիտի՝ մենք միա՞կ երկիրն ենք, որն ուրախանում է աղբամաններով: Գուցե սրանից հետո՞ սկսենք հարգանքով և սրտացավ վերաբերվել այն ամենին, ինչ ունենք»:
«Մի՞թե հնարավոր չէր որևէ այլ ընկերությունից մեքենա վարձակալել աղբի տեղափոխան համար, որպեսզի նման ծայրահեղ իրավիճակ չստեղծվեր»:
«Այդ մեքենաները Մարսի՞ց են տեղափոխում, որ այդքան դանդաղ են հասնում Երևան»:
«Ամոթ է նույնիսկ, որ այսօր մենք հաշվում ենք աղբատար մեքենաների թիվը»:
«Քաղաքն էլ չի հանդուրժում այս վիճակը: Ավելի արա՛գ աշխատեք»: