Երևան ու Բաքուն խաղաղության պայմանագրից կհանեն մի խնդրահարույց հարց․ ինչի՞ կհանգեցնի
Երևանի արձագանքը Ամիրբեկովի հայտարարություններին
«Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը»,- հաստատել է պաշտոնական Երևանը Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը։
Ամիրբեկովը նաև նշել էր, թե Հայաստանը համաձայնել է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո գնալ նաև «խնդրահարույց» այլ հարցերի լուծման։ Մատնանշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերի հետկանչումը։ Հայկական կողմն այս հարցերի վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Հայաստանյան փորձագետներն ասում են՝ խաղաղության պայմանագրի նախագծից տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանելու պատճառ կարող է լինել այն, որ կողմերը չեն կարողացել հասնել փոխադարձ ընդունելի լուծումների։ Խոսքը գնում է նաև վերջին շրջանում հաճախ քննարկվող՝ միջազգային, օտարերկրյա մասնավոր ընկերության կողմից այդ ճանապարհի վերահսկողության իրականացման տարբերակի մասին։
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք», ինչը ենթադրում է, որ այն պետք է լինի արտատարածքային և չվերահսկվի Հայաստանի կողմից։ Հայկական կողմի համար դա կարմիր գիծ է։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացել հաղորդակցությունները, սակայն գործընթացը պետք է կազմակերպվի երկրի իրավազորության ներքո։
Վերլուծաբանները շեշտում են՝ սահմանազատման, հիմա էլ ապաշրջափակման հարցերը պայմանագրից դուրս թողնելն ավելի թույլ է դարձնելու ստորագրվելիք փաստաթուղթը, ապագային են թողնվելու բազմաթիվ բաց հարցեր։
«Եթե ևս մեկ տարաձայնություն թողնենք, չենք կարողանա ավարտին հասցնել համաձայնագիրը»
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը օրերս հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Ամիրբեկովը նշել է, որ հասկացել են՝ տեսանելի ապագայում չեն կարողանա ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, «եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը»։
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկկողմ համաձայնությամբ որոշվել է այդ պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագայում։
«Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»,- նշել է նա։
Երևանի արձագանքը
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը շեշտել է, որ հաղորդակցությունների «արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»։
«Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- նշել է ԱԳՆ խոսնակը:
Բաքվին շարունակում է անհանգստացնել ՀՀ Սահմանադրության նախաբանը
Ամիրբեկովը հերթական անգամ հնչեցրել է Բաքվի տեսակետը, թե Հայաստանի հետ խաղաղության գործընթացի «միակ խոչընդոտը» ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, որում «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»։
Ադրբեջանի նախագահը, արտգործնախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխության ենթարկվի Հայաստանի Սահմանադրությունը։
Բաքուն խնդրահարույց է համարում այն, որ երկրի մայր օրենքը հղում է անում Անկախության հռչակագրին, որում էլ խոսվում է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայկական կողմը Սահմանադրության փոփոխությունը համարում է երկրի ներքին գործը և կարծում, որ այն պետք չէ փոխկապակցել խաղաղության գործընթացին։
Ամիրբեկովի դիտարկմամբ՝ Բաքվում ուզում են վստահ լինել, որ խաղաղության պայմանագիրն «անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին»։
Ըստ նրա՝ հապճեպ, օրինակ՝ COP29-ի շրջանակներում պայմանագրի ստորագրումը կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ կմնան «իրավական խութեր», որոնք ՀՀ-ին թույլ կտան «վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իր օգտին»։
«Եթե գործող Սահմանադրությունն անփոփոխ թողնենք կամ անուշադրության մատնենք, նշանակում է, որ եթե անգամ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, հնարավոր է՝ նոր կառավարություն գա և չեղարկի դա, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկական առումով հակասում է Հայաստանի գործող Սահմանադրությանը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը ևս կարող է ասել, որ խաղաղության պայմանագիրը հակաօրինական է, քանի որ Մայր օրենքում այլ դրույթներ են ամրագրված»,— պարզաբանել է պաշտոնյան:
Անդրադառնալով այն հարցին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը երկարատև է և նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թ․-ին՝ Ամիրբեկովն ասել է, թե ադրբեջանական կողմի պահանջի կատարման համար տարիների քննարկումներ պետք չեն․
«Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է և իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին»։
Էլչին Ամիրբեկովի կարծիքով՝ եթե հանրաքվեի դրվի հետևյալ հարցը՝ «ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել», ապա հայ ժողովրդի մեծամասնությունը կաջակցի խաղաղությանը։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է․
«Ամիրբեկովը մեծ հաշվով նշում է, որ քանի դեռ Հայաստանում Սահմանադրության փոփոխություն տեղի չի ունեցել, որևէ իմաստ չկա նույնիսկ շրջանակային փաստաթուղթ ստորագրել կամ նախաստորագրել։ Ինչ-որ չափով հակաճառում է Ալիևին, որովհետև հիշում եք, որ Ալիևն ասել էր, թե կարելի է մոտակա ամիսներին ինչ-որ բան նախաստորագրել, հետագայում ստորագրել համապարփակ փաստաթուղթ։
Կարելի է ենթադրել, որ Բաքվի մոտեցումներում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել կամ կողմերն ընդհանրապես չեն կարողացել պայմանավորվել այդ դրույթի հետ կապված։
Ամենազավեշտալին այն է, որ Բաքվում նույնիսկ ունեն այդ հանրաքվեում [Սահմանադրության փոփոխության] դրվելիք հարցի ձևակերպումը։ Ամերիբեկովը նշում է, որ, եթե հարցը ձևակերպվի մոտավորապես այսպես՝ «եթե ուզում եք խաղաղություն, այլ ոչ թե նոր պատերազմ, պետք է կողմ քվեարկեք այս փոփոխություններին», Հայաստանի հանրությունը կողմ կքվեարկի։
Եթե նախկինում խոսք էր գնում ընդհանրական՝ Սահմանադրության փոփոխության մասին, հիմա տարբերակ է առաջարկվում։ Ինչպես արդեն նշեցի, առաջարկվում է նաև հարցի ձևակերպումը կամ հանրաքվեի խնդրո առարկայի ձևակերպումը։
Հետաքրքիր կլինի հետևել ՀՀ իշխանությունների արձագանքին։ Ենթադրում եմ՝ այս փուլում դեռևս որևէ լուրջ արձագանք չի լինի։ Բայց չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ վերջիվերջո հենց Ամիրբեկովի նույն ձևակերպումներով կփորձեն համոզել հայաստանյան հանրությանը, որ սա է խաղաղության գինը։
Փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական նարատիվները վաղ, թե ուշ որդեգրվում են ՀՀ իշխանությունների կողմից և օգտագործվում ներքին լսարանի հետ շփումներում։
Բայց այստեղ, իհարկե, գլխավոր հարցն այն է, թե արդյոք դա խաղաղության գին է, արդյոք մենք խաղաղություն ստանալու ենք դրա դիմաց։ Ամիրբեկովը նաև նշեց, որ կողմերը համաձայնության են հասել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը հանել խաղաղության պայմանագրից և թողնել ապագային։
Պետք է արձանագրել, որ նույնիսկ փաստաթղթի ստորագրման պարագայում մենք ունենալու ենք առնվազն մի քանի չլուծված հարցեր։ Կա դեռևս սահմանային [սահմանազատման և սահմանագծման] փաթեթը, որում Ադրբեջանը ևս լուծումներ չի ցանկանում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևանի արձագանքը Ամիրբեկովի հայտարարություններին