Երևանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարիերա կառուցելու թոփ-10 քաղաքների շարքում է
Երևանը ծրագրավորողների համար առավել բարենպաստ քաղաքներից մեկն է։ Տեխնոլոգիաների մասին «Enterprise times» հեղինակավոր կայքը տասը քաղաքների ցուցակ է կազմել, որտեղ կարելի է արդյունավետ կերպով կարիերա կառուցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Ինչո՞ւ Երևանը
Նյութի հեղինակները նշում են, որ 2025թ-ին Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը եռակի կավելանա և կհասնի 30 հազար մարդ ցուցանիշի։ Վերջին տարիներին հայկական ՏՏ ոլորտը տարեկան ավելի քան 20 տոկոս աճ է գրանցում, և դեռևս այնպիսի տպավորություն կա, որ առաջընթացը կշարունակվի։
- Մանրամասներն այն մասին, թե ինչպես է զրոյից ստեղծվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը
- Հարավային Օսիային վարորդներ և պահակներ պետք են: Իրավաբաններ ու տնտեսագետներ՝ ոչ
«Enterprise times» վարկանիշի հեղինակը կոչ է անում բոլոր ծրագրավորողներին, որոնք ցանկանում են այլ քաղաք տեղափոխվել, դիտարկել Երևանը նույնպես։ Քաղաքի գլխավոր առավելությունները տեղեկատվական տեխնոլոգիաների դինամիկ զարգացումից զատ կեցության ցածր արժեքն ու հանցավորության ցածր մակարդակն է։
Էլ ո՞ր քաղաքներն են ցուցակում հայտնվել
Երևանից բացի ծրագրավորողների համար լավագույն քաղաքների ցուցակում են հայտնվել Սան Ֆրանցիսկոն, Օստինը, Սինգապուրը, Մելբուրնը, Լոնդոնը, Ստոկհոլմը, Բանգալորն ու Տորոնտոն։
Աշխարհի առաջատար ՏՏ ընկերություններն իրենց գրասենյակները տեղակայել են այս բոլոր քաղաքներում։ Ընկերությունների քանակը շարունակում է աճել, դրան զուգահեռ աճում է նաև ծրագրավորողների պահանջարկը։
Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական ՏՏ ոլորտը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար տարիներ է, ինչ տնտեսության ամենաարագ աճող ճյուղն է։ Երկրում իրենց ներկայացուցչություններն են բացել համաշխարհային խոշոր բրենդերն, այդ թվում՝ EPAM-ը, Optim-ը, Microsoft-ը, IBM-ը, Vmware-ը։ Իսկ որոշ հայկական ընկերություններ հաջողության են հասել միջազգային հարթակում։ Դրանց թվում են PicsArt-ը, Sololearn-ը, ZeroApp-ը։
Հիմնական խնդիրը
Արդեն երկար տարիներ է, ինչ հայկական ՏՏ ընկերությունները փորձում են լուծել մասնագետների պակասի հարցը։ Համալսարաններն ունակ չեն բավարարել պահանջարկը։ Խնդիրները մասամբ լուծում են մասնավոր դպրոցները, սակայն ծրագրավորողների մեծ պահանջարկ կա։
Մասնագետների պակասը հանգեցրել է այդ ոլորտում աշխատավարձերի կտրուկ աճի։ Հայ ծրագրավորողները ստանում են գրեթե նույն աշխատավարձը, որքան նրանց ռուս և ուկրաինացի գործընկերները։ Եվ այդ իրավիճակում հայկական շուկան կարող է կորցնել իր գրավչությունն արտաքին պատվիրատուների համար, քանի որ կդադարի էժան լինել։ Առավելություն կմնա միայն աշխատանքի որակը։