«Բաքուն Մոսկվային խոստացել է ձգձգել ՀՀ հետ պայմանագրի ստորագրումը»․ կարծիք Երևանից
Երևանը հերքում է հրադադարի խախտման մեղադրանքները
Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և Հայաստանի Զինված ուժերին մեղադրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություն էր հրապարակել նաև նախօրեին։ Պաշտոնական Երևանը հերքել է այս լուրերը։
Հատկանշանակ է, որ երկու դեպքում էլ խոսքը նախիջևանյան ուղղության մասին է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար Նախիջևանի հետ կապող ճանապարհ է պահանջում ՀՀ-ից, նշում, որ դա 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկն է։ Ի պատասխան՝ Հայաստանը նշում է, որ պատրաստ է հաղորդակցությունների բացմանը, սակայն դա պետք է լինի իր իրավազորության ներքո, այլ ոչ թե արտատարածքային միջանցք, ինչպես պնդում է Բաքուն՝ խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ Բաքվի կողմից որպես մեդիա առիթ կարող է օգտագործվել նաև այն, թե «հրադադարի խախտումներ անող հայկական կողմի իրավազորության ներքո չի կարող անվտանգ լինել Նախիջևան-Ադրբեջան» ճանապարհը։ Սակայն, ըստ քաղաքագետի, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների գլխավոր նպատակն է ստեղծել առիթներ՝ ձգձգելու համար խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Եվ դա կապված է ոչ թե COP-29-ի հետ, այլ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հետ, և երկրորդ՝ Ադրբեջանն ունի Ռուսաստանի առջև ստանձնած որոշակի պարտավորություններ, որոնց համաձայն՝ ինքը կամ չի ստորագրելու կամ հնարավորինս ձգձելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Քոչինյանը։
Բաքվի մեղադրանքները
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր հայտարարել է, թե հայկական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Նախիջևանի Սադարակի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան քայլեր են ձեռնարկել»,- ասված է հաղորդագրությունում։
Նախօրեին պաշտոնական Բաքուն Երևանին մեղադրել էր Նախիջևանի Գանզա բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մեջ։
Երևանը հիշեցնում է իր առաջարկը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։
«ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- հիշեցրել է գերատեսչությունը։
«Ելնելով նրանից, որ ՀՀ կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- հունիսի 22-ին հայտարարել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը։
Այդ հայտարարությունը հաջորդել էր նաև Ադրբեջանի ՊՆ կողմից հրապարակվող տեղեկություններին այն մասին, թե հայկական ստորաբաժանումները, իբր, խախտում են հրադադարի ռեժիմը։ Պաշտոնական Բաքուն մինչ օրս չի արձագանքել մեխանիզմի գործնականացման աշխատանքները մեկնարկելու Երևանի առաջարկին։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ այն պահից, երբ սահմանազատման և սահմանագծման, իսկ այնուհետև հաղորդակցությունների ապաշրջափակման փաթեթները դուրս բերվեցին բուն խաղաղության պայմանագրից, կարելի է ասել, որ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, համաձայնեցված է, և «այլևս ոչինչ չի կանգնեցնում ստորագրել խաղաղության պայմանագիրը»․
«Այս իրավիճակում Ադրբեջանին բացի իր ստեղծած արհեստական և նույնիսկ ծիծաղելի առիթից, թե, իբր, ՀՀ Սահմանադրության մեջ կան խնդիրներ, պետք են նոր առիթներ, թե ինչու խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Հրադադարի խախտումների մասին հաղորդագրությունները կարող ենք դիտարկել այդ առիթների ստեղծման համատեքստում»։
Ասում է՝ Բաքուն մտադիր է համաձայնագրի ստորագրումը հետաձգել՝ առնվազն մինչև նոյեմբեր։ Քոչինյանի խոսքով՝ պատճառն ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններն են։
Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանը Ռուսաստանի առջև ստանձնել է պարտավորություն՝ «չստորագրել կամ հնարավորինս ձգձել խաղաղության պայմանագրի ստորագրումը»։ Կարծում է՝ դա նվազագույն նպատակն է, առավելագույնը կլինի այն, եթե հաջողվի հայ-ադրբեջանական բանակցությունները վերադարձնել մոսկովյան հարթակ։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է շարունակի հանդես գալ կառուցողական առաջարկներով՝ անկախ նրանից՝ Բաքուն կարձագանքի՞ դրանց, թե՞ ոչ։
«Շատ լավ կլիներ, եթե հայկական կողմը առաջարկեր նաև հրադադարի խախտումների կանխարգելման մեխանիզմ, ինչպիսին կարող էր լինել, օրինակ՝ ամբողջ սահմանի երկայնքով օբյեկտիվ վերահսկողության համատեղ մեխանիզմի ստեղծումը, այսինքն՝ տեսանկարահանման և ձայնագրման մեխանիզմի ձևավորում, որը թույլ կտա 24/7 սկզբունքով վերահսկել ամբողջ սահմանը»,- ամփոփել է Քոչինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևանը հերքում է հրադադարի խախտման մեղադրանքները