Երիտասարդ ադրբեջանցիները Վրաստանում․ սերունդ, որը չի լռում
Ադրբեջանցի երիտասարդությունը Վրաստանում
Վրաստանի ադրբեջանական համայնքն աստիճանաբար դուրս է գալիս մեկուսացումից և ներգրավվում հասարակություն։ Ամեն դեպքում, դա վերաբերում է Քվեմո Քարթլի շրջանի երիտասարդ բնակիչներին, որոնք կրթություն են ստացել Վրաստանում վրացերենով և այսօր օգնում են սեփական համայնքին ինտեգրվել երկրի կյանք։ Քվեմո Քարթլից իր ռեպորտաժում JAMnews-ը պատմում է երիտասարդների պատմություններ, որոնք փոխել են իրենց կյանքն, իսկ այժմ փորձում են փոխել սեփական շրջանի և դրա բնակիչների կյանքը։
Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլի շրջանը հասարակության մեջ ամենաքիչ ներգրվվածն էր խորհրդային և հետխորհրդային Վրաստանում։
Շրջանում բնակվող քաղաքացիները պետական լեզվին՝ վրացերենին, չէին տիրապետում և այս տարիներին պակաս ներգարվված էին երկրի հասարակական և քաղաքական գործընթացներում։
Նրանք հազվադեպ էին շարունակում իրենց կրթությունը վրացական բուհերում և հազվադեպ էին հայտնի քաղաքագետներ, լրագրողներ, բժիշկներ կամ այլ ոլորտների մասնագետներ դառնում։
Քվեմո Քարթլիի բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ է զբաղվում՝ հողագործությամբ և անասնապահությամբ, և դա այդպես է եղել երկար տարիներ։
Ավանդաբար այս շրջանը յուրաքանչյուր ընտրություններում գրեթե միաձայն քվեարկում էր իշխող կուսակցության օգտին։ Լրագրողները հաճախ էին հաղորդում, որ տեղի ընտրողները հաճախ նույնիսկ չգիտեին, թե ում օգտին պետք է քվեարկեն, գիտեին միայն իշխող կուսակցության համարը, որը պետք էր շրջանակի մեջ առնել։
Սակայն այս իրականությունն ակնհայտ փոխվում է, և պատճառը շրջանի երիտասարդության նոր սերունդն է։
Նրանք ազատ տիրապետում են վրացերենին, անգլերենին, սովորում համալսարաններում, ունեն ուժեղ քաղաքացիական դիրքորոշում, համարձակ են և հաճախ են պայքարում այնպիսի անմարդկային ավանդույթների դեմ, ինչպիսիք են աղջիկների առևանգումներն ամուսնության նպատակով, նրանք ակտիվ են սոցցանցերում, աշխատում են տարբեր հասարակական կազմակերպություններում։
«Վերջերս տեսնում ենք երիտասարդների, որոնք ուզում են իրական փոփոխությունների հասնել իրենց համայնքում։ Նրանք ստեղծում են ակտիվիստների միություններ և պահանջում սոցիալական արդարություն», — ասում է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միկելաձեն։
«Վիրավորական էր լսելը, որ վրացի չեմ»
24-ամյա Այթաջ Խալիլին ծնվել և մեծացել է Գարդաբանիի շրջանի Վախթանգիսի գյուղում։ Դա սահմանամերձ գյուղ է, Այթաջի տնից բառացիորեն մի քանի կիլոմետր հեռվում անցնում է վրաց-ադրբեջանական սահմանը։
Մանկությունում՝ մինչև երկու երկրների սահմանին անցակետ հայտնվելն, Այթաջն ու իր ընկերներն առանց խնդիրների հատում էին սահմանը՝ խաղալով հարևան գյուղում և վերադառնալով։
Մի անգամ տանը մեծերից մեկից նա լսել է, թե ինչպես են քննարկվում վրացի քաղաքական գործիչներից մեկի խոսքերը, որն ասել է, որ Վրաստանը միայն վրացիների երկիրն է։
«Հիշում եմ, թե ինչ վիրավորական էր լսել, որ վրացի չեմ և չեմ պատկանում այս հողին, այս տանը։ Այդ պատճառով էլ երջանիկ էի, որ ապրում էի Ադրբեջանի սահմանին, իմ իսկական տան հարևանությամբ, ուր անպայման տեղափոխվելու էի, երբ մեծանայի»։
Այդ օրը, երբ սահմանին բացվել է անցակետը, որը բաժանել է Վրաստանն ու Ադրբեջանը, Այթաջը լաց է եղել ողջ գիշեր։ Այդ սահմանը նա ընկալել է որպես ցանկապատ իր երազանքների տան և այն վայրի միջև, որտեղ նա ապրում է։
«Դպրոցում սովորում էինք ադրբեջանական դասագրքերով։ Երբ բացում էինք առաջին էջը, տեսնում էինք Իլհամ Ալիևի լուսանկարն ու Ադրբեջանի հիմնը։ Հետևաբար, մենք մեր ինքնությունը կապում էինք Ադրբեջանի հետ»։
Այթաջն ասում է, որ իր կյանքում շատ բան է փոխվել իններորդ դասարանից՝ այն օրվանից, երբ գյուղ է եկել վրացերենի ուսուցչուհին։
Խաղային մեթոդով լեզուն ուսումնասիրելուց բացի՝ նոր ուսուցչուհու նախաձեռնությամբ երեխաներն իրենց համար բացահայտել են «ուրիշ Վրաստանը»․ եթե դրանից առաջ Այթաջը մտածում էր, թե Վրաստանն ընդամենը Գարդաբանիի շրջանն է, ապա վրացերենի ուսուցչուհու միջոցով նա իր համար բազմաթիվ այլ վայրեր է բացահայտել։
Այթաջն ավելի ակտիվ է դարձել, սկսել է էքսկուրսիաների գնալ, մասնակցել տարբեր դպրոցական ճամբարների և մրցույթների։
«Վրաստանի վերաբերյալ իմ հայացքներն ու ընկալումն ամբողջությամբ փոխվեցին։ Երբ ես այդ ամենը տեսա և լսեցի, հասկացա, որ մեծ բազմազանության մի մասն եմ, այդ բազմազանության գույներից մեկն եմ»։
Ճամբարներից մեկում Այթաջին անվանել են ամենալուռ մասնակից, որովհետև նա ամաչում էր վրացերեն խոսել։ Նա սրտին շատ մոտ է ընդունել դա և որոշել վրացերեն սովորել այնպես, ինչպես այն գիտեն վրացիները։
Արդեն երկու տարի է՝ Այթաջը մասնակցում է վրացի հայտնի պոետ Գալակտիոն Թաբիձեի բանաստեղծությունների ասմունքի մրցույթին։
«Ես Գալակտիոնի բանաստեղծությունը վրացերեն ասմունքեցի այնպես, որ ոչ ոք չհավատաց, որ վրացի չեմ ազգությամբ։ Դա իմ հաղթանակի դրոշն էր»։
Դպրոցն ավարտելով՝ Այթաջը որոշել է ուսումը շարունակել Վրաստանում և Ադրբեջան չտեղափոխվել։
«Ես շատ եմ կարդում վրացերենով։ Երբ իմանում ես սեփական երկրի պետական լեզուն և կարող ես ուսումնասիրել նրա պատմությունը, աստիճանաբար հասկանում ես, որ ոչ մի տեղից չես եկել, որ ապրում ես քո հայրենիքում և այդ երկրի լիիրավ քաղաքացի ես»։
Այթաջն ավարտել է Իլյայի անվան պետական համալսարանը և ներկա պահին սովորում է Հասարակական կապերի վրացական ինստիտուտի մագիստրատուրայում։
Նա «Սալամ» հասարակական կազմակերպության ակտիվիստներից մեկն է և մշտապես մասնակցում է տարբեր քաղաքական կամ սոցիալական գործընթացներին։
Սեփական նախաձեռնությամբ և փողով նա իր գյուղում ստեղծել է համայնքային կենտրոն, որտեղ երեխաներին օգնում է վրացերեն սովորել և քննադատական մտածողություն զարգացնել։
Փորձում է նոր սերնդին տալ այն, ինչ չի եղել իր մանկությունում։
«Չեմ ուզում, որ հաջորդ սերունդը ստիպված լինի դժվարություններ հաղթահարել, որոնց միջով անցել ենք մենք։ Երբ պատկանում ես էթնիկ փոքրամասնությանն ու ապրում ես գյուղում, իրավիճակը վատթարանում է։
Գյուղական համայնքներում երեխաների համար հնարավորությունները զրոյի են հավասար։ Այդ պատճառով էլ նպատակս իմ երկրի զարգացման մեջ համեստ ներդրում կատարելն է»։
Լեզուն՝ որպես խոչընդոտ
Երբ մենք հարցնում ենք տեղի երիտասարդությանն այն մասին, թե ինչ բեկում է տեղի ունեցել շրջանում, նրանք միաձայն նշում են 2009 թ-ից գործող պետական ծրագրերը պետական լեզվի ուսումնասիրության համար։
Վրաստանում ինտեգրվելու ամենամեծ չլուծված հարցերից մեկն այս շրջանում միշտ լեզվական խոչընդոտն է եղել։ Այդ ծրագրերի նպատակն իրավիճակը շտկելն է։
«Սովորիր վրացերեն՝ որպես երկրորդ լեզու» ծրագիրը գործարկվել է 2009 թ-ին․ այդ ծրագրի շրջանակում կամավոր ուսուցիչները վրացերեն էին դասավանդում Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի ոչ վրացախոս դպրոցներում։
Ադրբեջանցի երիտասարդներից շատերը, որոնց հետ զրուցել ենք, կարծում են, որ վրացերեն են սովորել՝ շնորհիվ այս կամ այն ուսուցչի։
«Վրացերենի ուսուցիչս փոխեց կյանքս։ Եթե նա չլիներ, չգիտեմ, թե որտեղ կլինեի ես այսօր։ Մեր դասերը շատ ուրախ էին անցնում, էքսկուրսիաների էինք գնում, նշում Մայրենի լեզվի օրը, տարբեր մանրապատումներ բեմադրում վրացերենով և նշում վրացական տոները», – պատմում է 25-ամյա Շուքյուր Ալիևը Բոլնիսիի շրջանի Դարբազի գյուղից։
Եվս մեկ ծրագիր, որն, ըստ տեղի երիտասարդության, մեծ խթան է եղել շրջանի ինտեգրման համար, «1+4» ծրագիրն է, որը գործարկվել է 2010 թ-ին Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների բնակավայրերի համար։
Ծրագրի էությունը հետևյալն է․ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին թույլ տալ համազգային ընդունելության քննությունների ժամանակ ընդհանուր առարկաների քննությունները հանձնել մայրենի լեզվով՝ ադրբեջաներենով, հայերենով, աբխազերենով կամ օսերենով։
Սակայն քննություն հանձնելու դեպքում նրանք միանգամից չեն սկսում սովորել իրենց ընտրած ֆակուլտետում, այլ ինտենսիվորեն վրացերեն են ուսումնասիրում մեկ տարի շարունակ և միայն դրանից հետո են շարունակում ուսուցումն ընտրված ֆակուլտետում։ Այդ պատճառով էլ ծրագիրը կոչվում է «1+4»։
Ծրագիրն աշխատում է։ Եթե 2010 թ-ին այդ ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 247 ուսանող, ապա 2018 թ-ին նրանց թիվն ավելացել է գրեթե հինգ անգամ՝ հասնելով 1 231-ի։
««1+4» ծրագիրն ամենահաջողված նախագծերից է՝ ազգային փոքրամասնությունների զարգացմանն ու քաղաքացիական ինտեգրացիային ուղղված», — ասում է Քաղաքացիական ակտիվության կենտրոնի ղեկավար Ռաշան Զիադալիևը։
«Սակայն թերություններ էլ կան։ Այս ծրագրին մասնակցող էթնիկ փոքրամասնություններն իրավունք չունեն մասնակցելու պետության ֆինանսավորած առաջնահերթ կրթության ծրագրերին։ Օրինակ՝ եթե ուսանողն ընդունվում է կենսաբանության, մաթեմատիկայի կամ աշխարհագրության ֆակուլտետ, պետությունը հովանավորում է նրան, որովհետև դրանք առաջնահերթ առարկաներ են։ Սակայն «1+4» ծրագրի դեպքում այդ արտոնությունն անհասանելի է։ Ընդ որում՝ ուսուցումը թանկ է և արժե տարեկան 2 250 լարի [մոտ $700]։ Ոչ բոլորն ունեն այդ գումարը։ Պետությունը դրամաշնորհի միջոցով ֆինանսավորում է միայն առաջին 100 ուսանողներին։ Ցանկալի է, որ այդ ծրագիրն անվճար լինի», — ասում է նա։
Մառնեուլցի 34-ամյա Ջեյհուն Մուհամադալիին դժվար է «բռնեցնել»։ Նա անընդհատ իրադարձությունների էպիկենտրոնում է։ Լուսաբանում է նորությունները Վրաստանի ամենաթեժ և լարված կետերից։
Ջեյհունն առաջին սերնդի ներկայացուցիչն է, որն օգտվել է «1+4» ծրագրից։ Նա ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։
Ներկա պահին նա երկրի առաջատար հեռուստաընկերություններից մեկի թղթակիցն է և Վրաստանում ադրբեջանցի առաջին լրագրողներից մեկը, որը լուրերը լուսաբանում է վրացերենով, ինչպես նաև ուղիղ ռեպորտաժներ վարում։
«Նախկինում երիտասարդները մեկնում էին Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան սովորելու, հետո էլ չէին վերադառնում, և երկիրը կորցնում էր իր քաղաքացիներին։ Այստեղ մնացածները լեզվին չէին տիրապետում և ամբողջությամբ դուրս էին մնում հասարակությունից։ Այս ծրագրի շնորհիվ՝ երիտասարդությունը լեզու սովորեց, ակտիվացավ, մասնակցում է երկրի կյանքին», — ասում է Ջեյհունը։
Էթնիկից դեպի «քաղաքացիական ազգայնականություն»
«Քաղաքացիական ազգայնականության» գաղափարի քարոզչությունը, որն իրականացնում էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի (2004-2012) կառավարությունը, զգալի խթան դարձավ էթնիկ ադրբեջանցիների շրջանում քաղաքացիական ներգրավվածության ավելացման համար, ասում է Սոցիալական արդարության կենտրոնի գիտաշխատող Քյամրան Մամեդլին՝ վերլուծելով Վրաստանի ադրբեջանական համայնքում կատարվող փոփոխությունները։
«Եթե 1990-ականներին լսում էինք «Վրաստանը վրացիների համար է» կարգախոսն, ապա Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո արդիականացման և լիբերալիզմի նոր ալիքը խարխլեց էթնիկ ընկալումը․․․ Բազա ստեղծվեց, որ երիտասարդությունը ներգրավվի վրացական իրականություն։ Քաղաքացիական ակտիվիզմն այսօր ադրբեջանական համայնքում շատ ավելի ուժեղ է», — ասում է Մամեդլին։
«Քաղաքացիական ազգայնականության» գաղափարի առաջացումն ու ազգային փոքրամասնությունների համար իրավահավասար միջավայրի ստեղծումը կապում են 2003 թ-ի «վարդերի հեղափոխությանը» հետևած փոփոխությունների հետ։ Սակայն, որոշ փորձագետների կարծիքով՝ այդ գործընթացը մակերեսային էր։
««Ազգային շարժման» (2004-2012 թթ-ին իշխող կուսակցությունը) կառավարման տարիներին հայտարարություններ էին արվում քաղաքացիական իրավահավասարության մասին, իսկ տեղացիները մինչ օրս ասում են, որ իրենց մոտ ապագայի հույսն առաջացել է «վարդերի հեղափոխությունից» հետո։ Սակայն, դրանից բացի, այն ժամանակվա կառավարությունն իրական ինտեգրացիոն քաղաքականություն չէր իրականացնում։ Դա մակերեսային և պատրանքային գործընթաց էր, որն ավելի շատ միտված էր հույզեր և զգացմունքներ առաջացնելուն, քան խորը մտածված քաղաքականություն էր։ Օրինակ՝ Մառնեուլիի քաղաքապետն այն ժամանակ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ չէր», — ասում է Սոցիալական արդարության կենտրոնի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միկելաձեն։
Նրա խոսքով՝ «1+4» ծրագրից հետո երկրում արմատական բարեփոխումներ չեն անցկացվել։
«Չնայած նրան, որ որոշ ծրագրեր արդյունք են տվել, և այժմ մենք տեսնում ենք, որ երիտասարդներն ակտիվորեն փորձում են բարելավել իրավիճակը շրջանում, այդ երիտասարդների նկատմամբ պետական քաղաքականությունը բացարձակ փակ է։ Վերջին երկու-երեք տարին մենք ակտիվորեն բանակցում ենք կառավարության հետ խորհրդարանում և կառավարությունում համատեղ խորհրդակցության մեխանիզմի մշակման շուրջ, սակայն նման մեխանիզմ չի ստեղծվում, և նույնիսկ հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարարի աշխատակազմը նման խորհրդակցական հարթակ չունի»։
«Եվ սա՝ իրավահավասարության ոլորտում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Կոնֆլիկտներ են առաջանում կրոնական և էթնիկ հողի վրա, մենք տեսնում ենք ագրեսիվ շովինիստական շարժումներ և խմբավորումներ, իսկ սոցիալական ենթակառուցվածքը շրջանում տարիներ շարունակ չի զարգանում», — ասում է Միկելաձեն։
Քաղաքացիական հատվածի և համայնքային կենտրոնների դերը
Տարածարջանում կատարվող փոփոխությունների մասին խոսելիս բոլորը միաձայն նշում են հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը։
Շուքյուր Ալիևը, որը «1+4» ծրագրով ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, հիշում է, որ իր համադասարանցիներն ու ընդհանրապես ադրբեջանցի երեխաներն անգամ չեն իմացել, թե ինչ ֆակուլտետներ գոյություն ունեն բուհերում և ինչպես մասնագիտություն ընտրել․
«Գյուղերում ապրող ազգային փոքրամասնությունները տեղեկատվական վակուումում են, և եթե չլինեին հասարակական կազմակերպություններն, իրավիճակն էլ ավելի վատ կլիներ։ Նրանք մեզ տեղեկություններ են տրամադրում բոլոր թեմաներով։ Նրանց շնորհիվ՝ ես զարգացրել եմ հմտություններս, և ինձ երկար ժամանակ պահանջվեց՝ հասկանալու համար, թե ինչով եմ ուզում զբաղվել»։
Այսօր Շուքյուրն աշխատում է մի քանի միջազգային կազմակերպություններում։
«Հասարակական կազմակերպությունների դերը վճռորոշ էր քաղաքացիական ակտիվիզմի համար։ Ոչ պետական հատվածը եկավ բացարձակ տեղեկատվական վակուում և բնակչությանը բացատրեց, որ իշխանությանը կարելի է քննադատել։ Դա զգալի խթան եղավ շրջանում քննադատական մտածողության ձևավորման համար», — ասում է Քյամրան Մամեդլին։
Փոփոխությունները դանդաղ են տեղի ունենում, բայց դրանք նկատելի են, ասում է Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվիզմի կենտրոնի ղեկավար Ռաշան Զիադալիևը, որն ինքն է հենց ադրբեջանական համայնքից։
Նրա խոսքով՝ այն հարցում, որ Վրաստանում բնակվող ադրբեջանցիները պասիվ էին քաղաքացիական ակտիվության տեսակետից և ընտրություններում միշտ սատարում էին իշխող կուսակցությանը, մեղավոր էր նրանց չիրազեկվածությունը։
«10-20 տարի առաջ Քվեմո Քարթլի շրջանում տեղական մեդիա չկար, տեղացիներն էլ վրացերեն չգիտեին։ Այժմ այստեղ աշխատում է՝ հինգ-վեց ադրբեջանական մեդիակազմակերպություն, ինչը շատ դրական է ազդում բնակչության իրազեկվածության վրա։ Հետևաբար՝ մենք արդեն տեսնում ենք, որ էթնիկ ադրբեջանցիներն ավելի ակտիվ են արտահայտում իրենց կարծիքը երկրում կատարվող գործընթացների մասին, ինչպես նաև ակտիվորեն խոսում են շրջանում առկա խտրականությունից», — ասում է նա։
Որպես օրինակ կարող է ծառայել այն փաստը, որ շրջանի բնակչությունն ավելի հաճախ է բողոքում նրանից, ինչ իր դուրը չի գալիս։ Օրինակ՝ ակցիաներ են անցկացվում բարդ տնտեսական իրավիճակի կամ այն խնդրի դեմ, որն առաջացել է արոտավայրերի հարցում։ 2021 թ-ին Մառնեուլիի բնակչությունը բացահայտ սատարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը Վրաստան էր վերադարձել և կալանավորվել էր։
Տեղի երիտասարդության հավաքույթների հիմնական վայրը համայնքային կենտրոններն են։
Դրանք ստեղծվում են քաղաքներում և գյուղերում տարբեր հսարակական կազմակերպությունների կամ ակտիվիստների նախաձեռնությամբ։
Այստեղ է հավաքվում երիտասարդությունը, նրանք գրքեր են կարդում, տարբեր թեմաներ քննարկում, կիսվում փորձով և գիտելիքներով։
Հասարակական կենտրոնների ստեղծման պրակտիկան սկսվել է Մառնեուլի քաղաքից և աստիճանաբար տարածվել Քվեմո Քարթլիի տարբեր փոքր գյուղերում։
«Հասարակական կենտրոններն, իրենց հերթին, դրական հեղափոխություն են արել։ Մառնեուլին այս առումով ավելի զարգացած է, քան, օրինակ, Դմանիսին և Բոլնիսին։ Այդ պատճառով էլ մենք այժմ փորձում ենք նոր ուղղություններով աշխատել։ Օրինակ՝ վերջերս Դմանիսիում կորոնավիրուսի դեմ պատվաստման օգտին արշավ ենք սկսել, արդյունքում՝ պատվաստվել է շուրջ 300 մարդ», — ասում է Շուքյուր Ալիևը, որը համայնքային կենտրոններում ապատեղեկատվության վերաբերյալ թրեյնինգներ է անցկացնում երիտասարդության համար։
«Այս հարթակները հարմարվել են այլընտրանքային կրթության դերին, որը տարբերում է ինչպես պետական դպրոցներից, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կարճ, մեկ ժամով մակերեսային այցելություններից։ Սա դպրոցական և ոչ ֆորմալ կրթության սինթեզ է, որ շատ լավ արդյունքներ է տվել», — ասում է Քյամրան Մամեդլին։
Գլխավոր մարտահրավերներ
Սակայն համայնքում դեռ շատ են խնդիրները, որոնք այսօր ապագայի մարտահրավեր են սոցիալապես ակտիվ երիտասարդության համար։
«Սակայն վրացերենի իմացությունը բավարար չէ, — ասում է Ջեյհուն Մուհամադալին։ — Շատերը լեզու գիտեն, բայց չեն կարողանում ինչ-որ անջրպետ հաղթահարել։ Խտրական մոտեցումներ կան, և մենք չենք տեսնում, որ էթնիկ փոքրամասնությունները բարձր պաշտոններ զբաղեցնեն, այդ թվում՝ քաղաքականությունում»։
«Վրաստանի ադրբեջանական համայնքի կամ գոնե երիտասարդության համար ինտեգրման գործընթացն ավարտված է։ Նրանք արդեն ինտեգրված են, Վրաստանը նրանց հայրենիքն է։ Այժմ մենք ուրիշ խնդիր ունենք՝ հանրության կողմից ընդունումը։ Դա նախկինի պես խնդիր է», — ասում է Քյամրան Մամեդլին։
«Հասարակության կողմից պատ կա, որը քեզ ասում է, որ չես կարող աշխատանք ստանալ և հող ունենալու իրավունք ունենալ։ Որ իրավունք չունես քննադատելու քաղաքապետին, որովհետև մենք սովոր ենք, որ դու լռում ես և երբեք քո կարծիքը չենք հարցնում։ Եվ ընդհանրապես դու պետք է մեզ շնորհակալ լինես, որ ունես «1+4» ծրագիրը, որի համար պետք է վճարես։ Ադրբեջանական երիտասարդությունը պատրաստ է ինտեգրվել, սակայն արդյո՞ք դրան պատրաստ է վրացական հասարակությունը», — ասում է «Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միկելաձեն։
Նրա խոսքով՝ «էթնիկ փոքրամասնությունների զբաղվածության մակարդակը շատ ցածր է։ Նրանց զբաղվածության ոլորտը հիմնականում դպրոցներն են։ Բացի այդ, խորհրդարանում, գործադիր իշխանությունում և անգամ այն շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ ազգային փոքրամասնությունները մեծամասնություն են կազմում, նրանց ներկայացվածությունը շատ քիչ է»։
Նրա խոսքով՝ այս առումով պատկերը մտահոգիչ է։ Մառնեուլիի շրջանում, որի բնակչության 96,4 տոկոսն էթնիկ ադրբեջանցիներ են, քաղաքապետարանի աշխատակիցների միայն 36 տոկոսն է էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ։ Նրանց թիվը Դմանիսիում կազմում է 21,5 տոկոս, Բոլնիսիում՝ 14 տոկոս։
Խնդիրների մասին խոսելիս Քաղաքացիական ակտիվության կենտրոնի ղեկավար Ռաշան Զիադալիևը նշում է, որ հիմնական խնդիրներից մեկն էթնիկ ադրբեջանցիների ցածր ներգրավվածությունն է նախադպրոցական կրթության մեջ։
ՄԱԿ հիմնադրամի անցկացրած հարցման համաձայն՝ 2019 թ-ին Դմանիսի շրջանի նախադպրոցական հաստատություններում էթնիկ ադրբեջանցիների երեխաների մասնաբաժինը կազմել է ընդամենը 26 տոկոս՝ չնայած որ դրա բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ են։
«Ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրման հետ կապված դեռ շատ խնդիրներ կան, բայց ես դրական եմ տրամադրված, որովհետև մեծ առաջընթաց եմ տեսնում 15-տարի առաջվա իրավիճակի համեմատ», — ասում է Զիադալիևը։
«Մենք փորձ չունենք։ Մեր գործողությունների հերթականությունն ինքներս ենք որոշում։ Ես հաճախ եմ ասում ինձնից բարձր սերնդին, որ նրանք ոչին չեն արել, իրենց կարծիքը ոչ մի բանի մասին չեն արտահայտել։ Համոզված եմ՝ որ հաջորդ սերունդը մեր նկատմամբ նման բողոքներ չի ունենա, որովհետև մենք իրոք ինչ-որ բան անում ենք», — ասում է Այթաջ Խալիլին։
«Մեդիացանցի» աջակցությամբ