Երեխաներն անհետանում են
Ժամանակի ընթացքում նրանց թիվն ավելի ու ավելի է նվազում: Ինքներդ դատեք. 1999թ. Ադրբեջանի ամեն վեցերորդ ընտանիքում 4-ից ավել երեխա կար: 2009թ. արդեն՝ ամեն 12-րդ ընտանիքում:
Facebook-ով հարցում անցկացրինք «Ինչու՞ է Ադրբեջանն ընթանում դեպի ապագա, որտեղ երեխաներն այդքան քիչ են» թեմայով: Պատասխաններն այսպիսին էին:
1. Որովհետև պետությունն ընտանիքներին չի օգնում:
Երեխան ծնվեց, ընտանիքը ստանում է 90 մանաթ (մոտ 87$): Եվ վերջ: Ոչ մի նպաստ:
«Ես 4 երեխաների՝ զույգերի հայր եմ, ու շատ ուրախացել եմ, երբ նրանք ծնվել են: Երեք աղջիկ ու մի տղա ունեմ: Բայց բնակարանս ընդամենը 15 քառակուսի մետր է՝ մեկ սենյակ ու փոքր խոհանոց: Մեքենաների լվացման կետում եմ աշխատում, բայց դա մշտական աշխատանք չէ: Ամեն երեխայի համար 90 մանաթ եմ ստացել, ի՞նչ անեմ դա: Այդ փողը նույնիսկ երեխաների սննդի ու տակդիրների գումարը չէ»:
Ռաշադը տղային Իլհամ է անվանել՝ նախագահի պատվին: Իսկ աղջիկներին՝ Մեհրիբան, Լեյլա և Արզու՝ նախագահի կնոջ ու աղջիկների պատվին: Հույս ունի, որ այդ անունները երեխաների երջանկություն կբերեն:
2. Որովհետև սոցիալական արտոնություններ չկան:
Հարցման շատ մասնակիցներ միանգամից հիշեցին, որ խորհրդային տարիներին պետությունը բազմազավակ ընտանիքներին մեծ ու գեղեցիկ բնակարաններ էր տրամադրում (հիշեցնենք, որ խորհրդային տարիներին բնակարան գնել հնարավոր չէր, պետությունը տրամադրում էր այն, իսկ հերթերը տասնյակ տարիներ էին տևում — JAMnews): Բազմազավակ մայրերն արտոնյալ գրաֆիկ ու հավելյալ աշխատավարձ են ստացել:
3. Այդ պատճառով էլ կանայք խուսափում են կամ չեն ուզում շատ երեխա ունենալ
Գյունել Մևլուդը մեկ երեխայի մայր է ու հազիվ թե երկրորդին ունենա: «Այստեղ հարցն ընտանիքների նյութական վիճակը չէ: Չունևոր կինը մտածում է, որ նա ի վիճակի չէ երեխա դաստիարակել: Ինքնուրույն կինը չի ուզում կորցնել իր գեղեցկությունը, չէ՞ որ ծննդաբերությունից հետո կազմվածքը փչանում է»:
4. Որովհետև հայրերը չեն օգնում երեխաների դաստիարակության հարցում:
Շահլա Աբուսատար Յաման. «Կինը մեքենա չէ, նա պետք է իրեն էլ ժամանակ հատկացնի և ուշադրություն դարձնի: Իսկ մեզ մոտ երեխայի դաստիարակության հետ կապված բոլոր դժվարությունները մոր ուսերին են: Եթե տղամարդիկ պատրաստ լինեն կիսել այդ հոգսը, երևի կանայք սկսեն այլ կերպ մտածել»:
5. Որովհետև հասարակությունը քամահրանքով է վերաբերվում բազմազավակ ընտանիքներին:
Զանգիլանի շրջանի 85-ամյա Մինևեր Կազիմովան 6 երեխաների մայր է: Նա մինչ այժմ հպարտանում է «Հերոսուհի մայր» պետական կոչումով: Ասում է, որ հատուկ գրքույկ է ունեցել, բոլորը նախանձել են: «Իսկ այժմ շատերը նույնիսկ ամաչում են ասել, որ բազմազավակ ընտանիքից են: Նրանց միանգամից վերաբերվում են որպես «ցածր տեսակի», — ասում է նա:
Ի՞նչ անել
Խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆա. «Բազմազավակ ընտանիքների հանդեպ վերաբերմունքը փոխելը շատ կարևոր է մի երկրում, որը պատերազմական իրավիճակում է: Իհարկե, պետք է նպաստներն ավելացնել: Բայց նաև կարևոր է բազմազավակությունը պրոպագանդելը. այդ ժամանակ երիտասարդությունը կսկսի շատ երեխա ունենալուն դրական վերաբերվել»:
Ընտանիքի, կանանց ու երեխաների հարցերով պետական կոմիտեն հետևյալ խնդիրներն է առաջ քաշում.
1. Մինչև 18 տարեկան 10 և ավելի երեխաների մայրերի համար վերականգնել «Հերոսուհի մայր» կոչումը:
2. Բազմազավակ ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովել:
3. Բազմազավակ ընտանիքների երեխաներին տրամադրել բարձրագույն կրթության վարձավճարի արտոնություն:
4. Բազմազավակ ընտանիքներին անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տալ:
5. Հասարակական տրանսպորտն անվճար դարձնել նրանց համար:
6. Բազմազավակ ընտանիքներին առողջարաններում հանգստանալու ուղեգրեր տրամադրել:
7. Արտոնյալ հիփոթեքային վարկավորման համակարգ ստեղծել բազմազավակ ընտանիքների համար:
Իսկ թե բյուջեի ո՞ր հոդվածներից է պետք ֆինանսավորում տրամադրել այդ նպատակների համար, նախագծի հեղինակները չեն նշում: Հավանաբար, չեն ուզում միջամտել խորհրդարանին աշխատանքին, որի ուսումնասիրմանը նախագիծն արդեն ներկայացվել է: