Երաշտ՝ ջրառատ երկրում․ ինչո՞ւ է Հայաստանը բախվել ջրի պակասի
Պատերազմում կրած պարտությունից, քաղաքական ճգնաժամից և ռեսուրսների ակնհայտ պակասից բացի Հայաստանը ևս մեկ խնդրի է բախվել․ կիսադատարկ ջրամբարներ, դաշտերի ոռոգման ջրի պակաս։ Ժամանակ առ ժամանակ գյուղի բնակիչները փակում են միջպետական ճանապարհները՝ կառավարության ուշադրությունն իրենց խնդրի վրա հրավիրելու համար։ Սակայն իշխանությունն, առանց այդ էլ, գիտի ջրի պակասի մասին։ Բայց խնդիրը լուծելն ու բերքը փրկելը ծայրահեղ բարդ կլինի։
Տեղումների քիչ քանակը, շոգ ամառն ու տարիներով կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ պետք է փոխել ոռոգման ողջ համակարգն ու տասնյակ նոր ջրամբարներ կառուցել։
- Բիզնես գաղափար, որը ծնվել է Հայաստանում պատերազմի ժամանակ
- Պահպանել բիզնեսը՝ զարգացնել տնտեսությունը․ արցախցի գործարարների պատմությունները
- «Պատրաստված է Հայաստանում»․ տեղի արտադրողների պայքարը սեփական շուկայում տեղ ունենալու համար
Ի՞նչ է կատարվում հայկական գյուղում
Չնայած նրան, որ Հայաստանն արդյունաբերական երկիր է համարվում, գյուղատնտեսությունը շարունակում է զգալի դեր խաղալ տնտեսությունում։ Բավական է ասել, որ գյուղատնտեսությանը բաժին է ընկնում Հայաստանի ՀՆԱ 11 տոկոսը։ Հենց այս ոլորտում են ներգրավված հարյուր հազարավոր մարդիկ։ Միաժամանակ, գյուղատնտեսությունը «նախորդ դարում է մնացել», և սա ընդունում են պատկան մարմինները։
Տեխնոլոգիաները ծայրահեղ դանդաղ են գյուղ հասնում, արհեստավարժ մասնագետների պակաս կա՝ չնայած երկրում Ագրարային համալսարանի առկայությանը։ Արդյունքում՝ մարդիկ շարունակում են հողը մշակել այնպես, ինչպես երկու տասնամյակ առաջ։ Զարմանալի չէ, որ երկիրը անվերադարձ լքող աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը կազմում են հենց գյուղի բնակիչները։
Սակայն որպեսզի հողը շարունակի սնել երկիրը, այն պետք է մշակվի։ Դրա համար գլխավոր նախապայմանը ջրի առկայությունն է։ Եվ ահա սկսել է զգացվել դրա մեծ պակասը։ Ջրամբարները միայն մեկ քառորդով են լցված։
Ախուրյանի ջրամբարը, որը ջրով է ապահովում Արմավիրի մարզի զգալի մասը, հունիսի տվյալներով, նախորդ տարվա 66 տոկոսի փոխարեն այս տարի լցվել է ընդամենը 27 տոկոսով։ Նույնատիպ պատկեր է երկրի մյուս բոլոր ջրամբարներում։
Ջրամատակարարման խաթարումները մարդկանց ստիպում են տարերային բողոքի ակցիաների դուրս գալ։ Շրջանների բնակիչները իրենց ձայնը լսելի դարձնելու նոր մեթոդ են գտել։ Մայրաքաղաք հասնելու փոխարեն՝ նրանք պարզապես փակում են մայրուղիներն ու պահանջում ոռոգման ջուր տրամադրել։ Տեղի իշխանությունը համաձայնում է պահանջին։ Սակայն իրավիճակը կրկնվում է շաբաթական պարբերականությամբ։
Անդրանիկ Շմավոնյանն ապրում է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում։ Համայնքի հողերի փոքր մասը սնվում է արտեզյան ջրերով, որոնք ցայտում են գետնի տակից։ Սակայն անգամ այդ ջուրը չի հերիքում բոլոր տարածքների ոռոգմանը։ Հողերի մնացած մասն անգամ տեսքով է տարբերվում։ Դեղնած խոտից երևում է, որ ոռոգման կարիք է զգացվում։ Արդյունքում՝ Անդրանիկը կովերի համար զգալիորեն ավելի քիչ խոտ է հնձել, քան պլանավորել էր։ Իրավիճակին հումորով է վերաբերվում․
«Ինձ մոտ ամեն ինչ կատարյալ է։ Առաջին խոտհարքին հավաքել եմ 90 հակ։ Այժմ 40 էլ չի հավաքվի»։
Անդրանիկը կարծում է, որ իր բախտը բերել է․ այս տարի նա հրաժարվել է լոլիկի, վարունգի և ձմերուկի ցանքից։ Այս տեսակները պահանջում են շաբաթական ոռոգում, և այդ մշակաբույսերը ցանած հարևաններն անլուծելի խնդիրների են բախվել։
Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում լուծել խնդիրը
Ոռոգման ջրի մատակարարման խաթարումները շարունակվելու են։ Այս մասին բացահայտ հայտարարում են նաև պատասխանատու պաշտոնյաները։
Երկրի ջրային կոմիտեն հույս ունի ռեսուրսների մի մասն Արարատյան դաշտ ուղղել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ նվազեցնի բերքի հնարավոր կորուստները։ Սակայն հիմնարար լուծումը պահանջում է նվազագույնը մի քանի տարի և տասնյակ միլիոնավոր դոլար։ Հայաստանին նոր ջրամբարներ են պետք։
Կառավարությունն արդեն հայտարարել է 16 մանր ու միջին ջրամբարների կառուցման մասին։ Մյուս տարի պլանավորվում է շահագործման հանձնել Վեդի գյուղի մերձակայքում մի ջրամբար։ Այն պետք է ջրով ապահովի Արարատի մարզի 24 համայնք։ Խոշոր օբյեկտի շինարարությունն ընթանում է արդեն մի քանի տարի։ Սակայն անգամ այս նախագիծը կլուծի մեծ խնդրի փոքր մասը։
Գործող ջրամբարներում ջրի պակասը պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով։ Ախուրյանի ջրամբարը Թուրքիայի հետ սահմանին է։ Ջրային կոմիտեի ղեկավարը նշում է, որ հարևան երկիրը սկսել է ավելի շատ ջուր օգտագործել, որը նախկինում լցվում էր ջրամբար։
«Խնդիրը նոր չի առաջացել։ Այն շարունակվում է 15 տարի։ Թուրքիայում տասնյակ նոր ջրամբարներ են կառուցվել։ Եվ դրանք սկսել են գետերից շատ ջուր տանել։ Արդյունքում՝ մենք առանց այդ արժեքավոր ռեսուրսի ենք մնացել։ Այժմ մենք մեր ջրամբարներն ենք կառուցելու։ Հիմնականում՝ մանր ու միջին»։
Ի՞նչը կփրկի իրավիճակը
Պարադոքսալ է, սակայն Հայաստանը տարածաշրջանի ամենահարուստ երկրներից մեկն է համարվում ջրային ռեսուրսների առումով։ Սևանա լիճը նույնպես օգտագործվում է ոռոգման համար։ Սակայն հնացած տեխնոլոգիաների և հողի մշակման մեթոդների պատճառով ջրամբարներից եկող ջրի զգալի մասը կորում է։
Ոռոգման կաթիլային համակարգը կարող էր ելք լինել իրավիճակից։ Հենց այս ուղղությամբ է զարգանալու ողջ ոլորտը։ Ծրագրի մասին արդեն հայտարարվել է։ Սակայն մեծ խնդիր կա։ Կաթիլային մեթոդը չափազանց թանկ է։
Վերջին տարիներին միայն խոշոր տնտեսություններն են կարողացել իրենց թույլ տալ կաթիլային ոռոգում։
Թվերը խոսուն են․ այդպիսի համակարգ այժմ ունի միայն մոտ 100 տնտեսություն, 120 հազարը շարունակում է հողը ոռոգել ավանդական եղանակով։
Սա չի նշանակում, որ կաթիլային համակարգը մշտապես անհասանելի է լինելու նրանց համար, ովքեր ընդամենը մի քանի հեկտար հող ունեն, վստահ են մասնագետները։ Այս գործում կարևոր դեր պետք է խաղա պետությունը։
Ինժեներ Գևորգ Վարդանյանը, որը երկար տարիներ զբաղվում է ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրմամբ, պետությանն առաջարկում է յուրաքանչյուր գյուղում ոչ մեծ ջրամբարներ կառուցել․
«Փոքր ջրամբարի տարողունակությունը մոտ 900 խորանարդ մետր է․ դա թույլ է տալիս մեկ-երկու գյուղի հողերի ոռոգում կազմակերպել։ Կարևոր է այդպիսի ջրամբարներ կառուցել բոլոր գյուղերում։ Եվ պոմպերի միջոցով այդ ջուրը հասցնել կոնկրետ հողամասեր»։
Նա կարծում է, որ ջրամբարների շինարարության և հստակ ֆերմերի հողին ջուր հասցնելու ծախսերը պետք է իր վրա վերցնի պետությունը։ Յուրաքանչյուր համայնքի համար դա մոտ 2-3 մլն դոլար կարժենա։ Բացի այդ, մեկ հեկտարի վրա հազար դոլար պետք է ծախսի հենց ֆերմերը՝ ոռոգման կաթիլային համակարգ տեղադրելու համար։
Եթե ֆերմերը վստահ լինի, որ այդպիսով խնդիրը կլուծվի, նա անպայման այդ փողը կծախսի, վստահ է Գևորգ Վարդանյանը։
Ջրի պակասի, հնացած ջրատարների խնդիրը գյուղացիների հիմնական գլխացավանքն է։ Ժամանակն է, որ պետությունը ոչ միայն ուշադրություն դարձնի գյուղատնտեսության ոլորտին, այլև հեղափոխական քայլեր անի և գյուղ ուղղի լուրջ ֆինանսական միջոցներ։ Այլապես՝ հայկական գյուղատնտեսությունը կարող է հետ ընկնել վերջնականապես և անվերադարձ։